ԲՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ. ՄԻՄԻԿՐԻԱՆ ՈՐՊԵՍ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔ

...

Բաղադրություն

  • Բռնության քարոզ
  • Հասկացությունների խեղաթյուրում

 

Վերջին ժամանակներս, հատկապես հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում, հաճախ կարելի է հանդիպել բողոքի ցույցեր, որոնց ժամանակ մարդկանց որոշ խմբեր, որ ներկայանում են որպես քաղաքացիական ակտիվիստներ, իսկ իրենց կատարած գործողությունը բնութագրում որպես քաղաքացիական ակցիա, բողոքի շարժում, բողոքի հանրահավաք, հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների դեմ՝ հիմնականում մեղադրելով վերջիններիս ազգային արժեքների հանդեպ ոտնձգության մեջ: «Պայքարողներն» առաջ են քաշում մի շարք պնդումներ, որոնցից ամենաշահարկվողը, թե ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը ինչպես է  վտանգում է մեր ազգային արժեքները: Մյուս առանցքային պնդումը հետևյալն է. կանանց իրավունքների պաշտպանությունը և, մասնավորապես, կանանց հանդեպ ընտանիքում կիրառվող բռնության դեմ պայքարը ուղղված է հայկական ավանդական ընտանեկան արժեքների քայքայմանը: Մեկ այլ պատում էլ ազգային արժեքների և ավանդական ընտանիքի հանդեպ ոտնձգություն է համարում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված կազմակերպությունների գործունեությունը:

Այսինքն, իրենց քաղաքացիական ակտիվիստներ ներկայացնող այս մարդկանց խմբերը պայքարում են մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խնդիրների դեմ՝ հատկապես բռնության ենթարկվող խմբերին բռնությունից պաշտպանող քաղաքացիական կազմակերպությունների դեմ գործողությունների կազմակերպմամբ ու դա բնութագրում՝ որպես քաղաքացիական ակցիա: Իսկ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցառումները նրանք պիտակավորում են որպես «այլասերվածության քարոզ», «գործակալություն», «ազգային արժեքների» ոտնահարում, «ավանդական հայկական ընտանիքի քայքայում» և այլն: Դրանցից առավել ծայրահեղականներն էլ սպառնում են «վառել, սպանել, բռնաբարել» այդ կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներին: Հատկանշական է, որ նրանցից շատերի գործողությունները հաճախ ուղեկցվում են  «արժեքների պղծման», «այլասերման» ու «օտարերկյա գործակալության»՝ նոր Հայաստանի իշխանություններին ուղղված մեղադրանքներով:

            Կարելի է փաստել, որ Հայաստանում ի հայտ են եկել քաղաքացիական ակտիվիզմի անունից հանդես եկող անձինք ու խմբավորումներ, որոնք աղերսներ չունեն մարդու իրավունքների և քաղաքացիական արժեքների պաշտպանության հետ: Ավելին, հաճախ հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող կազմակերպությունների դեմ գործունեությամբ: Դրանք աչքի են ընկնում բռնության, ատելության խոսքի և պրակտիկաների քարոզչությամբ, տարածում ազգայնական կոչեր, հանդես գալիս Հայաստանում շուրջ քսան տարի ընտրակեղծարարությամբ ու բռնաճնշումներով հաստատված ՀՀԿ-ական բռնատիրական համակարգի ու նրանց առաջնորդների պաշտպանությամբ և զբաղվում հեղափոխական երիտասարդության պիտակավորմամբ ու հակաքարոզչությամբ: Այդպիսիք են, օրինակ, Նարեկ Մալյանը և իր գլխավորած «Վետո» հասարակական-քաղաքական շարժումը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն, «Ադեկվադ» անունը կրող կազմավորումը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խմբավորումները և այլն: Նրանք հաճախ ներկայանում են որպես հանրահավաքային պայքար, բողոքի ակցիա անողներ, իրական քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվիստ: Հարց է առաջանում, որքանո՞վ է հիմնավոր բռնությունը արդարացնող և պաշտպանող խմբավորումների գործողությունները անվանել քաղաքացիական ակցիա կամ շարժում, իսկ դրա իրականացնողներին՝ քաղաքացիական ակտիվիստներ: Եվ ամենակարևորը՝ ինչու՞ են քաղաքացիական ակտիվիզմի հետ աղերս չունեցող այս խմբավորումներն ու միջոցառումները ներկայացվում այդ անվան տակ:

            Այս հարցին պատասխանելու համար, հենց սկզբից նկատենք, որ նրանք ոչ միայն քաղաքացիական չեն, այլև՝ հակառակը, իրենց գործողություններով հիմնականում ուղղված են քաղաքացիական բնույթ ունեցող երևույթների, արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական ակտիվիստների դեմ: Նրանց հռետորաբանությունը լի է խտրականության, ատելության ու բռնության բառապաշարով: Օրիանակ՝ Նարեկ Մալյանը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ արտասանած իր ճառում, բազմիցս օգտագործում է «այլասերվածներ, պիղծեր, կեղտոտներ» և այլ մակդիրներ՝ մարդու իրավունքներով և քաղաքացիական հասարակության զարգացմամբ զբաղվող կազմակերպությանը ու նրա հետ համագործակցող մարդկանց և կազմակերպություններին քննադատելու համար: Իսկ Ռ.Քոչարյանի դատավարության ժամանակ նրա, այսպես կոչված, աջակիցների ակցիայի առաջնորդներից մեկը՝ TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը,  ջրի շշով հարվածեց ու ֆիզիկական վնասվածք պատճառեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և հանրության լայն շրջանակներում հայտնի Վարդգես Գասպարիին:

Քաղաքացիական շարժումների ու ակտիվիզիմի խնդրի շուրջ կան տարբեր մոտեցումներ: Սակայն,  դրանց բոլորի համար կան մի քանի ընդհանուր դրույթներ, համաձայն որոնց, քաղաքացիական ակտիվիզմը ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, այն չի կարող ուղղված լինել մի խմբի իրավունքների պաշտպանությանը՝ մեկ այլ խմբի իրավունքների ոտնահարման հաշվին, այն չպետք է հենված լինի այլ մարդկանց խմբերի հանդեպ բռնության կիրառման կամ դրա քարոզի վրա: Այն չի կարող ուղղված լինել բռնատիրական ռեժիմների և դրանց ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև, նացիոնալիստական, ռասիստական խմբավորումների և գաղափարաբանության քարոզչությանն ու պաշտպանությանը:

            Հասարակական և հումանիտար գիտություններում հայտնի են բնական գիտություններից փոխառված միմիկրիա[i] և հիբրիդ[ii] հասկացությունները: Հասարակական գիտություններում միմիկրիա եզրը, բնութագրում է մի իրավիճակ, երբ հասարակական որոշակի նկարագիր ունեցող դերակատարը և նրա իրականացրած գործողությունը ներկառուցվում է բոլորովին այլ նկարագիր ունեցողին ու պրակտիկային, ինչի արդյունքում, ներկառուցվողը ընկալվում է ոչ թե բինար հակադրության համատեքստում, այլ՝ որպես հիբրիդային: Այսինքն, միմիկրիան պարզ նմանակում չէ, որտեղ նմանակողը հայտնվում է ակնհայտ ծիծաղելի իրավիճակում և բացահայտում իր ոչ ադեկվատությունը իրավիճակին ու միջավայրին: Այն ներկառուցման գործողություն է, երբ ներկառուցվողը ազդում և ազդվում է այդ պրոցեսում: Որոշակիացնելով ասվածը՝ մեր օրինակի վրա նկատելի է դառնում, որ նախկին բռնատիրական համակարգի ներկայացուցիչները կամ նրանց համակիր շրջանակները միմիկրիայի միջոցով փորձում են ներկառուցվել քաղաքացիական ակտիվիստ ու քաղաքացիական ակցիա սոցիալական երևույթներին, դրանով իսկ փորձելով ներազդել դրանց բնույթի վրա, ձևավորելով քաղակտիվիստի և քաղաքացիական ակտիվիզմի հիբրիդային կերպարներ ու պրակտիկաներ: Իրականում, հասարակական գիտության կողմից հիբրիդները հիմնականում դիտարկվում են որպես դրական երևույթներ: Մանիպուլյացիան հենց այստեղ է. դրական երևույթի տակ փորձ է արվում քողարկել բացասական երևույթներ: «Հիբրիդային» քաղակտիվիզմի ձևավորման նմանատիպ փորձերում (երբ ներհյուսված են նախկին ավտորիտար ռեժիմի ներկայացուցչի կամ դրա համակրի ու քաղակտիվիստի հատկանիշները) մանիպուլյատիվ այս հնարքի միջոցով կարող են հասարակությանը գցել թյուրիմացության ու խաբկանքի մեջ:
Վերը նշած «ակտիվիստական» փորձերի հետևանքում կարող են ստեղծվել ավտորիտար ռեժիմի պաշտպան քաղակտիվիստի, նացիոնալիստ, սեքսիստ կամ ռասիստ քաղակտիվիստի, բռնատիրական համակարգի հայրենասեր պաշտպանի, ազգային արժեքների ջատագով ավտորիտար ռեժիմի պաշտպանի ու նմանատիպ այլ «հիբրիդներ», որոնցից հասարակությանը ներկայացվում և տեսանելի են դարձվում հիբրիդի թվացյալ դրական կողմերը և քողարկվում՝  բացասականը: Արդյունքում ձևավորվում են մանիպուլյատիվ այնպիսի գործիքներ, որոնք ոչ միայն միտված են «փչացնելու» քաղաքացիական ակտիվիզմի գաղափարը Հայաստանում, այլև՝ սպասարկելու նախկին բռնատիրական համակարգին և ծառայելու իրական քաղաքացիական արժեհամակարգ ունեցող և հեղափոխություն իրականացրած երիտասարդության դեմ «հիբրիդային» պայքար մղելու գործին:

 

Հեղինակ՝ Աղասի Թադևոսյան

 



[i] Deleuze G. and Guattari F. 2002. A Thousand Plateaus: Capitalism and Schizophrenia, p. 11.

[ii] Bhabha H. 1994. The Location of Culture, Routledge, London, 1994, p. 37.