ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՈՐՈՇ «ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

...

Բաղադրություն

 

 

 

        Վերջին մի քանի ամսում և' արևմտյան, և' ռուսաստանյան վերլուծաբանների շրջանում արցախյան հակամարտության շուրջ զարգացումների հետաքրքիր միտումներ են արձանագրվում:

Տպավորություն է, որ փորձ է արվում առանձին հարցազրույցների ու ակնարկների միջոցով վերակենդանացնել ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու ու դրանք կյանքի կոչելու թեզը: Պայմանավորվածությունների առանցքը, ըստ վերլուծությունների, Արցախի շուրջ անվտանգության գոտին կազմող հինգ կամ յոթ շրջանների վերադարձն է, և դրանով բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելը: 

Իսկ որ ինչ-որ պայմանավորվածություն գոյություն  է ունեցել, ըստ էության, պնդեց Մ. Բրայզան, որի մանիպուլյատիվ հարցազրույցը վերլուծել ենք մեր նախորդ հոդվածում:[1] Մ. Բրայզայի հոդվածի հետ գրեթե միաժամանակ, նույն թեզը պնդեցին ու ավելի մանիպուլյատիվ մոտեցումներով փորձեցին հիմնավորել ռուսաստանյան քաղաքագիտական շրջանակները ներկայացնող վերլուծաբաններից երկուսը` Ա. Դուգինը և Ս. Մարկովը: Նրանք երկուսն էլ հայտնի վերլուծաբաններ են, որոնք գեներացնում են ռուսաստանյան «քաղաքագիտական» որոշ  շրջանակների մոտեցումներն ու ցանկությունները` կովկասյան տարածաշրջանի զարգացումների և կոնֆիգուրացիաների հետ կապված: Տարածված է տեսակետ, որ Ա. Դուգինը լուրջ ազդեցություն ունի նաև Կրեմլի գաղափարախոսական «main stream»-ի վրա:

Հարցազրույցները թույլ են տալիս տեսնել մանիպուլյացիաների միջոցով կառուցարկվող հետևյալ սխեման.

Ա. Կան պայմանավորվածություններ` հինգ կամ յոթ շրջանների վերադարձի վերաբերյալ, և դրանք պետք է հարգվեն` անկախ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից:

Բ. Ռուսաստանը չի ընդունում կամ պատրաստ չէ ընդունել արցախյան հակամարտության նոր քաղաքական օրակարգը, քանի որ այն վտանգներ է ստեղծում Ռուսաստանի ռազմավարական տեսլականի համար:

Գ. Այս երկու իրողությունը հաշվի առնելով` Ռուսաստանը պատրաստ է գնալ կոշտ լուծումների, ինչի վկայությունը Ա. Դուգինի և Ս. Մարկովի փաստացի սպառնալիքներն են Հայաստանի և Հայաստանի իշխանությունների հասցեին:

Այս երեք թեզերը ներկայացվում ու պաշտպանվում են ոչ միայն ռացիոնալ փաստարկների, այլև վտանգավոր մանիպուլյացիաների միջոցով:

 

Առաջինը եվրասիական շարժման գաղափարախոս ու ղեկավար, շատերի կարծիքով` ՌԴ նախագահ Վ. Պուտինի վրա լուրջ գաղափարական ազդեցություն ունեցող Ալեքսանդր Դուգինի հարցազրույցն է ադրբեջանական «Media.az» էլեկտրոնային կայքին` 2019թ. սեպտեմբերի 19-ին:[2] 

Հարցազրույցի և' վերնագիրը` «Ռուսաստանը Հայաստանին ուղղվելիք շատ հարցեր ունի», և' բովանդակությունը, ըստ էության, մեղադրանքների շարք են Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին` կապված առաջին հերթին հայ-ռուսական հարաբերությունների վերանայման փորձերի հետ:

Ա. Դուգինը տարբեր մանիպուլյացիաների միջոցով հայտարարում է, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը պատրաստ չէ ընդունել քաղաքական այն օրակարգը, որ առաջարկվում է Հայաստանի իշխանությունների կողմից, քանի որ դա հակասում է ՌԴ ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերին:

Մանիպուլյատիվ և մանիպուլյացիաների վրա հիմնված անթաքույց սպառնալիք պարունակող է հատկապես հարցազրույցի  վերջին հատվածը:

Պատասխանելով՝ «...իսկ ինչպես կզարգանան հարաբերությունները (հայ-ռուսական –Մ. Գ.)» հարցին, Ա. Դուգինն ասում է բառացիորեն հետևյալը. «Բարդ է ասել:  Սակայն հարկավոր է հաշվի առնել այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, ետխորհրդային տարածքում: Ռուսաստանում 2024 թվականից առաջ (երբ ավարտվում է ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումը) պետության ղեկավարից սպասում են, որ նա հիմնարար, ռազմավարական տեսք կտա իր կուրսին, այն կինստիտուցիոնալիզացնի: Այդ ժամանակ հնարավոր կլինի «շունչը տեղը բերել»: Առայժմ դա չկա, և Փաշինյանն ու այլ գործիչներ սկսում են «տատանել» իրավիճակը ետխորհրդային տարածքում: Ռուսաստանը դաշնակիցներից նոր խնդիրներ է ստանում: Եվ սա իրականում վտանգավոր խաղ է: Եթե նոր փուլում Պուտինի քաղաքականությունը չփոխվի, ապա իհարկե, նրանց, ովքեր դավաճանում են բարեկամներին ու գործընկերներին բարդ իրավիճակում՝ հատուցում է սպասում»:[3]

Դետեկտորն արձանագրում է, որ այս հատվածում Ա. Դուգինը դիմում է մանիպուլյացիայի՝ իրականության և զարգացումների բովանդակության միտումնավոր անտեսման ճանապարհով, նպատակ ունենալով ետխորհրդային հասարակությունները ներկայացնել որպես «անհնազանդ» (Ուկրաինա, Հայաստան, Վրաստան): Իսկ անհնազանդության դրսևորումը սեփական քաղաքական օրակարգ ձևավորելու համարձակությունն է: Սրանից բխում է հաջորդ վտանգավոր մանիպուլյացիան. Ռուսաստանի հետ  բարեկամական ու գործընկերային հարաբերությունները պետք է լինեն միայն հիերարխիկ, ենթակայական, իսկ այս մոդելից հրաժարումը պատժվելու է:

 

Վախի գործոնի վրա կառուցվող մանիպուլյացիան իրականում արտահայտում է ռուսաստանյան «քաղաքագիտական» որոշ շրջանակների մտածողության բովանդակությունը: Ինչպես և հարիր է մեծապետական/կայսերական մտածողություն կրող գաղափարախոսին, Ա. Դուգինը[4] բոլոր գործընթացների առանցքում դնում է Ռուսաստանը և ետխորհրդային տարածքի պետությունների հետ հարաբերությունները պատկերացնում որպես հիերարխիկ. մոտավորապես՝ «դուք կպատժվեք, եթե բարկացնեք ձեր պատրոնին» բանաձևի շրջանակում:

Մեծ հաշվով, սա այն հիմնական մոտեցումն է, որի վրա, ըստ Ա. Դուգինի պետք է կառուցել հարաբերությունները ետխորհրդային տարածքում:

Ե՛վ այս, և՛ Դուգինի նախորդ հարցազրույցների բովանդակությունից պարզ է դառնում, որ այս ամենն ուղղակի կապ ունի նաև արցախյան հիմնախնդրի հետ:

Շուրջ մեկ տարի առաջ տված հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ եթե Հայաստանում իշխանության փոփոխություն չլիներ, հինգ շրջանների հարցը (Ադրբեջանին վերադարձվելիք-Մ. Գ.) արդեն լուծված կլիներ:[5]  Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ բացահայտ մանիպուլյացիաների միջոցով Ա. Դուգինն արձանագրում ու հանրայնացնում է ռուսաստանյան քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների «զայրույթը»` հինգ շրջանները հանձնելու միջոցով արցախյան հակամարտությունում առաջընթաց չարձանագրելու կապակցությամբ, ինչը բերել է կամ կարող է բերել տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը:

Ա. Դուգինի հարցազրույցը կարելի էր դիտարկել որպես առանձին, պատահական հարցազրույց, եթե հինգ օր անց թեման շարունակություն չունենար:

Սեպտեմբերի 24-ին նույն «Media.az»-ին հարցազրույց տվեց մեկ այլ հայտնի փորձագետ` Սերգեյ Մարկովը, որը եղել է Պետական Դումայի պատգամավոր, իսկ ներկայում` «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ»-ի գլխավոր տնօրենն է և Վ. Պուտինի վստահված անձը: Մարկովը 2017թ.-ից նաև «Ռուս-թուրքական հասարակական ֆորումի» գլխավոր քարտուղարն է:[6]

Հարցազրույցի վերնագիրն արդեն իսկ մանիպուլյատիվ է. «Փաշինյանը պատրաստ է կոմպրոմիսի, սակայն վախենում է»:[7]

 

Այս մանիպուլյացիան կառուցված է շատ պարզ հնարքի վրա. վստահ խոսել այն բանի մասին, ինչի մասին չգիտես` տպավորություն ստեղծելու և դիմացինին համոզելու համար:

 Դուգինի պես Մարկով ևս զարգացնում է այն մանիպուլյատիվ թեզը, որ կա պայմանավորվածություն կոմպրոմիսի` տվյալ դեպքում շրջանները վերադարձնելու մասով: Վերլուծաբանն անտեսում է, որ Ն. Փաշինյանն իր  հրապարակային ելույթներում երբևէ չի խոսել միակողմանի կոմպրոմիսի, առավել ևս՝ կոմպրոմիսի հետ կապված վախերի մասին:

Հարցազրույցի հետագա հատվածներում մանիպուլյացիաները դառնում են ավելի վտանգավոր` հակամարտության բովանդակության խեղաթյուրման և ակնհայտ  փաստերի կամայական մեկնաբանության միջոցով. «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները բաժանվում են երկու մասի, ինչի մասին հաճախ մոռանում են կամ չգիտեն: Առաջինը մասն անմիջականորեն Լեռնային Ղարաբաղն է: Երկրորդը` Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների տարածքը: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի հարցում այժմ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ գնալ կոմպրոմիսի Ադրբեջանի հետ, ապա ԼՂ շուրջ տարածքների հարցում վարչապետը ներքուստ և նույնիսկ քաղաքականապես պատրաստ է: Սակայն նա վախենում է՝ սպասելով հարմար քաղաքական իրավիճակի»:

 Այս հատվածում գործ ունենք մանիպուլյացիաների ամբողջ շարքի հետ: Խոսքին ու փաստերին լրացուցիչ լրջություն հաղորդելու համար Ս. Մարկովը տպավորություն է  ստեղծում, որ ունի «առաջին ձեռքից տեղեկատվություն» բոլոր կողմերից ու առնվազն՝ մասնակիցն է անդրկուլիսային ինչ-որ բանակցությունների:

Մանիպուլյացիաների հիմնական նպատակը արցախյան խնդրի բովանդակության խեղաթյուրումն է: Բանակցությունը ներկայացնելով որպես երկու սեպարատ գործընթաց՝ ռուս «քաղաքագետը» կամա թե ակամա պաշտպանում է «օկուպացված տարածքների մասին» ադրբեջանական թեզը՝ միտումնավոր մոռացության մատնելով փաստը, որ անվտանգության գոտին ստեղծվել է Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար և կարող է վերանալ միայն այն դեպքում, երբ կապահովվեն նույն ֆիզիկական անվտանգության բավարար երաշխիքներ:

Արևմտյան ու ռուսական մամուլում որպես ամենաշատ մեջբերվող ռուս «քաղաքագետներից» մեկը, Ս. Մարկովը վստահաբար գիտի, որ ժամանակակից աշխարհում նման երաշխիքը մեկն է. ինքնորոշման իրավունքի իրացումը և ճանաչումը՝ ինչի բազմաթիվ նախադեպերն արդեն ունենք: Արցախի դեպքում ինքնորոշման իրավունքը չընդունելու հիմնավորումներից մեկը կարող է լինել այն, որ այստեղ ավելի մեծ է շահագրգռված երկրների և կազմակերպությունների թիվը ու հիմնախնդրի լուծումը կարող է կովկասյան տարածաշրջանում ձևավորել հավասարակշռության  որակապես նոր մոդել, ինչը, կրկնում ենք՝ հակասության մեջ է հիերարխիկ, ենթակայական հարաբերությունների այն մոդելի հետ, որի քարոզիչն են ռուսաստանյան որոշ քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչները:  

            Շարունակելով՝ Ս. Մարկովը խոսում է  արդեն իր համար ընդունելի կազանյան պլանի մասին.           «...կա կազանյան «բանաձև», որում հստակ սահմանված են բոլոր պայմանները: Հայաստանը վերադարձնում է յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ի պատասխան՝ Բաքուն ապաշրջափակում է հաղորդակցության ուղիները, ձևավորվում է ապառազմականացված գոտի, ըստ որում, պահպանվում են միջանցքները Հայաստանի և Ղարաբաղի միջև»:[8]  Այս մասին ավելի վաղ ասել է նաև Ա. Դուգինը. «Այո, հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է»:[9]

            Կազանյան պլանի մասին Դուգինի և Մարկովի դատողությունները, ըստ էության, հակամարտության և բանակցային գործընթացի բովանդակության  խեղաթյուրումներ են: Երկուսի խոսքից էլ տպավորություն է, որ «կազանյան պլանը» սեպարատ բանակցությունների արդյունքում ընդունված սկզբունք է:

Հայաստանը հայտարարել է, որ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի և համանախագահների գործունեության համատեքստում, հետևաբար, կազանյան պլանն այս դեպքում  շեղում է գործընթացի կարգավորման ընդունված սկզբունքներից և  Ռուսաստանի կողմից սեփական կոնոնները պարտադրելու փորձ է:  

Ավարտելով  «հրետանային նախապատրաստությունը»՝ Ս. Մարկովն անցնում է արդեն բաց հարձակման. «Սակայն կրկնեմ. Փաշինյանը վախենում է այն բանից, որ ռադիկալ խմբավորումներն իրեն կմեղադրեն դավաճանության մեջ: Իսկ հետո ինչ-որ զինյալներ Լիբանանից կամ Սիրիայից ուղղակի կպայթեցնեն կամ կգնդակահարեն նրան: Այդ պատճառով էլ վարչապետը փորձում է առավելագույնս պայմանավորել Ղարաբաղի հայկական համայնքի հետ, ցույց տալ, որ ինքը դավաճան չէ: Այստեղից էլ նրա հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է»:[10]

           

            Դետեկտորն արձանագրում է, որ մանիպուլյացիաներն ու փաստերի կամայական մեկնաբանությունն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես պարոն Ս. Մարկովը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը:

            Այս մոտեցումը, ցավոք, արցախյան խնդիրը երեք տասնամյակ անց՝ ելման կետին վերադարձնելու փորձ է: Վերստեղծվում է այն իրավիճակը, երբ խորհրդային ղեկավարությունը, մասնավորապես՝ Մ. Գորբաչովը, հայտարարում էր  Ղարաբաղյան շարժման անջատողական բնույթի մասին, որ նախաձեռնվել էր մի խումբ ծայրահեղականների կողմից:

            Մանիպուլյացիայի դիմելով՝ ռուս «քաղաքագետը» չի ընդունում /չի ուզում ընդունել, որ Արցախի` ինքնորոշման բացարձակ ու անքակտելի իրավունքն այն չբանակցվող գաղափարն է, որի շուրջ բոլոր ժամանակներում եղել է և կլինի հանրային համերաշխություն՝ հայաստանյան միջավայրում:          

Հաջորդ մանիպուլյացիան դարձյալ ռուս «քաղաքագետի» կայսերական մտածողության համատեքստում է և կարող է դիտվել որպես ոչ միայն ուղղակի սպառնալիք, այլ նաև մեղադրանք. «իսկ հետո ինչ-որ զինյալներ Լիբանանից կամ Սիրիայից ուղղակի կպայթեցնեն կամ կգնդակահարեն նրան»: Այս մեղադրանք-մանիպուլյացիան կարելի է դիտարկել նաև որպես ռուսական «քաղաքագիտական» միջավայրի մի հատվածի (որը տվյալ դեպքում ներկայացնում է պարոն Մարկովը) մտածողության  կայուն բանաձևերից մեկը:

Անընդունելի, մեծ հաշվով՝ հակագիտական ու ցինիկ մանիպուլյացիա է  «Ղարաբաղի հայկական համայնք» արտահայտության գործածումը: Այն Ս. Մարկովի արտահայտությունները վերջնականապես դարձնում է միակողմանի-մանիպուլյատիվ, որոնց հիմնական նպատակը Հայաստանին ներկայացվող մեղադրանքների շարքը հնարավորինս ընդլայնելն է:      

            Հարցազրույցի վերջին հատվածն արդեն փակում է Հայաստանին ներկայացվող մեղադրանքների շարքն ու ներկայացնում «համբերատար, զիջող ու բարի» Ադրբեջանի կերպարը. «...Բաքվին կարելի է հասկանալ: Ինչքան կարելի է սպասել, մինչև Հայաստանում իրավիճակը կայունանա: Տեսականորեն հայկական կողմը պատրաստ է, իսկ պրակտիկորեն` ոչ: Ադրբեջանը մեծ ռազմավարական համբերատարություն է ցուցաբերում, և Մոսկվայում դա գնահատում են»:

             Սա դարձյալ փաստերի խեղաթյուրման վրա կառուցված մանիպուլյացիա-սպառնալիք է: Այն, ինչ անկախ Հայաստանի համար կայունացում է կամ,  համենայնդեպս կայունացման գործընթացի սկիզբ, քանի որ փորձ է արվում ապամոնտաժել նախկին կոռուպցիոն սխեմաները, երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից, փոխադարձ հարգանքի հիմքի վրա կառուցել նաև միջպետական հարաբերությունները, պարոնայք Մարկովն ու Դուգինը ընկալում ու ներկայացնում են որպես անկայունություն:

            Ամփոփելով՝ ևս մեկ անգամ շեշտենք. ռուսաստանյան «քաղաքագիտական» որոշ շրջանակների ներկայացուցիչների ընկալմամբ՝ տարածաշրջանային կայունություն կարող է համարվել «կառավարելի կայունությունը»` Ռուսաստանի վերահսկողության ներքո:

 

             Մնացյալ բոլոր դեպքերը համարվում են անհնազանդություն, դավաճանություն և  դաշնակցային հարաբերությունների խարխլմանն ուղղված փորձ:

           

 

Մխիթար Գաբրիելյան

03-10-2019

 

 

 

 



[3] Ռուսերենից թարգմանությունը մերն է:

[4]Նախկինում էլ Ա. Դուգինն աչքի է ընկել աղմկահարույց, ծայրահեղ-ազգայնական հայտարարություններով: 2008թ. օգոստոսյան կամ ռուս-վրացական պատերազմի օրերին, օրինակ, նա առաջարկում էր գրավել Թբիլիսին և Վրաստանում ռուսամետ ռեժիմ հաստատել: Ավելի ուշ, 2014թ. նրա սկանդալային հայտարարություններն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին պատճառ դարձան, որ ստորագրահավաք սկսվի՝ նրան Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանից հեռացնելու նպատակով: Ի վերջո Դուգինը համալսարանից հեռացավ, սակայն հեռացման հիմքում ֆորմալ պատճառաբանություններ էին: https://ru.wikipedia.org/wiki/Дугин,_Александр_Гельевич: