ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Հակասահմանադրական, հակաժողովրդավարական պնդումներ

 

Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս հարցազրույց էր տվել Tert.am լրատվականին։ Հարցազրույցում Վազգեն Մանուկյանը անդրադարձել էր հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, հեղափոխության պատճառներին, հետհեղափոխական փոփոխություններին, անցումային արդարադատությանը, դատաիրվական բարեփոխումներին և այլ հարցերի։

 Վերոնշյալ հարցազրույցում  Դետեկտորն  արձանագրել է Վազգեն Մանուկյանի կողմից կիրառվող մանիպուլյացիոն  որոշ   հնարքներ.  անհիմն պնդում և ապատեղեկատվություն,  էմոցիայի շահարկում, ինչպես նաեւ հակաժողովրդավարական պնդումներ։

 

Մեր հիմնավորումները

 «Անհիմն պնդում և ապատեղեկատվություն» հնարք է Վազգեն Մանուկյանի հետեւյալ միտքը. «...Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել: Այսինքն՝ ոչ մի ձևով արդարացված չէ: Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատության անցնենք, դա առաջինը մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա»։  

Պնդումը, որ «Հայաստանը ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար կամ ավտորիտար» չի համապատասխանում իրականությանը, քանի որ, օրինակ, դեռևս մինչև 2018թ. ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունը, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր «Անցումային շրջանում գտնվող երկրներ» ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը որակել էր որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին»:

Ըստ 2018թ.-ի 201 զեկույցի ժողովրդավարության ցուցանիշի՝ 2017թ.-ի համեմատ Հայաստանի ժողովրդավարության վարկանիշը նվազել էր`  5.39-ից մինչեւ 5.43: Հարկ է նշել, որ միջինացված ցուցանիշը ներառում էր այնպիսի չափանիշներ ինչպիսիք են՝ Ազգային ժողովրդավարական կառավարության, ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության, անկախ մեդիայի, ՏԻՄ-երի, դատական համակարգի և կորռուցիայի հանրային վարկանիշները։   Հիմնական պատճառը համակարգային կոռուպցիան էր, որն ամրապնդվել էր ՀՀԿ-ի` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության մեջ համախմբման արդյունքում: :  Նմանատիպ գնահատական էր տվել նաև «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Մասնավորապես,  համաձայն նշված կենտրոնի՝ «ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների նախատեսվող հանրաքվեի՝ միջազգային ստանդարտներին անհամապատասխանության վերաբերյալ» զեկույցի, 2015թ. սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով։ Զեկույցում նշվում էր, որ սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան շարունակել առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, ինչպես նաև ապահովել իր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մենաշնորհային իշխանությունը: Այսինքն, Վազգեն Մանուկյանը դիմում է ակնհայտ կեղծիքի և փաստերի խեղաթյուրման, երբ նշում է, որ ոչ մի տեղ արձանագրված չէ, թե  ՀՀ- ում ավտորիտարիզմ է եղել։

Պնդումը, թե դատաիրավական համակարգը կատարյալ չէ, բայց այս տարիների ընթացքում զարգացում է ապրել, պարզունակ մեղմասացություն է՝ հաշվի առնելով հասարակության բացարձակ մեծամասնության անվստահությունն այդ համակարգի նկատմամբ և միջազգային հեղինակավոր ինտիտուտների գնահատականները։ Օրինակ, Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) Հայաստանում 2019թ.-ի մայիս ամսին հանրային կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել` պարզելու  հանրային տրամադրությունները պետական ինստիտուտների, եկեղեցու, կառավարության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ Ըստ այդ հետազոտության՝ հարցվածների կողմից ամենացածր վստահության մակարդակ ուներ հենց դատաիրավական համակարգը՝ 36% դրական։ Հայտնի է նաև Եվրոպական Խորհրդի «ՍԵՊԵԺ» մարմնի  իրականացրած՝ 2016-17թթ  հետազոտությունը, որում ներկայացված է դատական համակարգի գործունեության և դատարաններից օգտվողների վերաբերմունքի գնահատումը. ընդ որում, բոլոր խնդրահարույց հարցերը դատարանից օգտվողների տեսանկյունից՝ այդ զեկույցում արտացոլված են։

Մեկ այլ մանիպուլյատիվ հնարք, որ կիրառվում է հեղինակի կողմից՝  էմոցիայի շահարկումն է։ Խոսելով դատաիրավական համակարգի փոփոխության և բանակի հասարակական ընկալման և հանրային վերահսկողության մասին՝ հեղինակը նշում է. «...Պետք է մեծ արագությամբ զարգացնել պետությունը, ոչ թե նստել իրար հետ նորից կռվել՝ անցյալը սև էր, սպիտակ էր... անունը դնել թավշյա... ավելի շուտ «շուշաթուղթ» է դա, թավշյա չէ: Պետք է քիչ խփել բանակին: Արդյո՞ք բանակներն աշխարհում շատ մաքուր կառույցներ են՝ ո՛չ, բայց ցանկացած պետություն աշխատում է բանակի մաքրությունը ապահովել, ոչ թե հայտարարություններով, ֆեյսբուքներով, այլ ներքին շատ մեխանիզմներ կան դրանց դեմ պայքարելու: Ես պաշտպանության նախարար եմ եղել. մտածում եք այդ ժամանակ բանակում միայն հերոսնե՞ր էին: Պարտադիր չէ, որ բանակի ներքին կյանքը քննարկվի հասարակությունում, հատկապես, որ մեր բանակը շատ լավն է: Բանակի նկատմամբ արտակարգ հարգանքն ու հեղինակությունը չի կարելի ձեռք տալ», «...Մեծ հարված կլինի պետաիրավական համակարգին, դատական համակարգին, որը կատարյալ չի, բայց այս տասնյակ տարիների ընթացքում անընդհատ զարգացում է ապրել և միանգամից հարված կստանա, և ես չեմ սպասում թե ինչ արդյունք կստանա, բացասականները տեսնում եմ, ոչ մի դրական արդյունք չեմ տեսնում»։

 Օգտագործելով բացասական էմոցիոնալ լիցքավորում ունեցող    արտահայտություններ՝ «մեծ հարված», «հարված կստանա», «խփել բանակին» և այլն, Վազգեն Մանուկյանը  փորձում է բացասական երանգավորում  հաղորդել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և թավշյա հեղափոխությանը 

Ամփոփելով՝  Դետեկտորը փաստում է, որ Վազգեն Մանուկյանը, «Անցումային արդարադատության», վեթինգի և դատաիրավական բարեփոխումների նկատմամբ անհիմն, մանիպուլյատիվ դատողություններով փորձում է ապակողմնորոշել իր լսարանին։ ։

 Հեղինակ՝ Գոռ Մադոյան

09-09-2019

Լուսանկարը՝ Alternativ.am