ԲԱՆԱՎԵՃԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

...

Բաղադրություն

  • Երկակի ստանդարտներ
  • Օրինականության հաստատման և վրեժխնդրության նույնացում
  • Անհիմն դատողություններ

Արդեն կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները կարելի է համարել հայկական քաղաքական մշակույթի նոր էջ։ Այս դիտանկյունից, քաղաքական բանավեճերի նորացված ձևաչափը լավագույն ճանապարհներից մեկն էր` հասկանալու, տեսնելու և մեկնաբանելու քաղաքական ուժերին`ի դեմս իրենց ներկայացուցիչների։ Կարևոր հանգամանք է, որ կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի առաջին շարքերում ընդլայնվել է, և նրանք ակտիվորեն մասնակցում էին այդ ուժերի միջև տետ-ա-տետ բանավեճերին։ Այդ առումով, բավականին հետաքրքիր և հասարակության մեջ լայն արձագանք ստացած բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանի և Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող, նույնպես պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանի միջև։ 

ԴԵՏԵԿՏՈՐԸ Արփինե Հովհաննիսյանի հայտարարություններում արձանագրել է հետևյալ մանիպուլյացիոն հնարքները. «երկակի ստանդարտների կիրառում», «դատավարությունը որպես վրեժխնդրություն ներկայացում», «անհիմն դատողություններ»։  ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ Արփինե Հովհաննիսյանը, թեև օգտագործել է բանավեճին հարիր՝ հակադարձման, սիլլոգիզմի և այլ տեխնիկաներ, սակայն, անհարկի և փաստազուրկ զուգահեռներ է տարել ներկա և նախկին իշխանությունների միջև։ Փորձելով «սևացնել»  ներկա  իշխանություններին՝ նա  անհիմն մեղադրել է նրանց կոռուպցիայի, քաղաքական հաշվեհարդարների և իշխանության յուրացման մեջ: Նոր իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական մենաշնորհի վերացմանը, արդարադատության վերականգնմանն ուղղված քաղաքականությունը նա որակել է  կեղծ, հիմնազուրկ և ոչ փաստարկված՝ առանց  լուրջ հիմնավորումների պնդելով, որ «ներկա իշխանությունները նախկիններից էլ վատն են, քանի որ նախկինները ընդամենը «սխալներ» են կատարել, իսկ ներկաները և՛ սխալներ, և՛ հանցանքներ»։

 

Մեր հիմնավորումները

 Բանավեճի ընթացքում, արձագանքելով Հանրապետական կուսակցության անդամների հայտարարագրերի խնդրին,  անօրիանական հարստացման ու կոռուպցիայի վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին՝ Արփինե Հովհաննիսյանը, իր հերթին  մեղադրելով  Լենա Նազարյանին, նշել է, որ վերջինս պոպուլիզմով է զբաղվում, և որ այդ մեղադրանքները փաստարկված չեն։ Այսպես,  Լենա Նազարյանի հարցադրմանն ի պատասխան, նա պնդում է. «...Հարստության հետ կապված էդ բացասական էներգետիկան տալիս եք. ես կհամաձայնեմ ձեզ հետ, երբ դուք ինձ ասեք՝ ա՛յ այս դատական ակտով ապացուցված է, որ ա՛յ սա, ա՛յ սա անօրինական է եղել, ես ձեր սխալը չեմ կրկնի, ես ձեր պոպուլիզմին չեմ տրվի»։  Արփինե Հովհաննիսյանը փորձում է համոզել, որ Հայաստանում միշտ էլ եղել է կոռուպցիա, բայց այդ կոռուպցիան վերագրում է ո՛չ թե նախորդ իշխանություններին՝  որպես նրանց վարած քաղաքականության հետևանք, այլ մեղադրում է ներկաներին՝ նշելով. «...Բայց կոռուպցիոն երևույթների բացահայտումը պետք է վերաբերի բոլորին, բոլոր ժամանակահատվածներին, այդ թվում՝ և ձեր կառավարությանը։ Այսօրվա կոռուպցիայի դեմ պայքարում շատ քիչ բան կա իրականությունից և շատ բան՝ քաղաքականությունից, շատ բան կա վրիժառությունից և քիչ բան՝ օրինականությունից»։ Նման ձևակերպումներով, կոռուպցիոն դեպքերի բացահայտումների հետ կապված դատական գործընթացն առանց հիմնավորման վրիժառություն ներկայացնելն արդեն իսկ մանիպուլյացիա է։ Երկրորդ՝ պատրաստակամություն հայտնելով համաձայնել Լենա Նազարյանի կողմից ներկայացված մեղադրանքներին, եթե (տեսնի դատական ակտերը), Արփինե Հովհաննիսյանը, դեռևս ընթացքի մեջ գտնվող և առանց «դատական ակտերի»   քրեական գործը գնահատում է  «վրիժառություն»։  Այնուհետև, շեշտելով՝  «եթե չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ապա չկան փաստեր» միտքը, Արփինե Հովհաննիսյանը հակասում է ինքն իրեն՝ մեղադրելով ներկա իշխանություններին կոռուպցիայով զբաղվելու մեջ. «...Քաղաքական կոռուպցիա է, երբ, օրինակ, բացառապես քայլարշավի՝ քայլելու ունակություններով եք գործի տեղավորում։ Բա քաղաքական կոռուպցիա չի՞, երբ ձեր գործընկերների ընտանիքի տարբեր անդամներ բոլորը տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Ես չեմ պաշտպանելու ոչ մի կոռուպցիոների։ Կոռուպցիայի համար պետք է պատասխան տան բոլորը՝ դուք, մենք և նրանք, ում մասին դուք չեք խոսում»։  Ինչպես տեսնում ենք, Արփինե Հովհաննիսյանը ներկայիս իշխանություններին մեղադրում է նաև բարեկամներին ու հարազատներին պաշտոններ տրամադրելու մեջ։ Մի կողմ թողնենք այդպիսի պնդման անարդարացիությունն ու իրավականությունը և վերհիշենք, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թե՛ եղբայրը, և թե՛ փեսան պետական պաշտոններ էին զբաղեցնում, և այդ ժամանակ Արփինե Հովհաննիսյանը, զարմանալիորեն, քաղաքական կոռուպցիա չէր տեսնում այդ փաստերում։  Վերը նշված օրինակներում մենք գործ ունենք «երկակի ստանդարտներ» կոչվող հնարքի հետ: 

Մեկ այլ մանիպուլյատիվ հնարք է՝ բանավեճի ընթացքում ընդդիմախոսի հասցեին սեփական դատողություն չունենալու և ինքնուրույնության բացակայության, ուրիշներից ինֆորմացիա վերցնելու և աննուղակի ուղղորդվելու վերաբերյալ՝ ոչնչով չհիմնավորվող մեղադրանքներ հնչեցնելը։ Օրինակ. «...Ձեր խոսքում անճշտությունների և որոշ հարցերի  մասին, որոնք ձեզ տրամադրել են իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչները, բայց մինչև վերջ չեն բացել փակագծերը», մեկ ուրիշ տեղ.  «...Դուք ամեն ինչ սևացնում եք, դուք նույնիսկ չգիտեիք այս ցուցանիշը, որովհետև ձեզ ձեռք չի տալիս սա իմանալ, ձեզ չեն ասել, ձեզ տվել են ցուցանիշներ(2), որը ձեռնտու է, ձեզ ասել են՝ հարցեր տվեք, որը ձեռնտու է, բայց խնդիրն այն է, որ պետք է մինչև վերջ ազնիվ լինել», կամ՝այստեղ«...Ինձ ավելի մտահոգում է, որ ձեզ տվել են ինչ-որ թղթեր(3), որոնց համապատասխան դուք կառուցում եք ձեր ելույթները, էդտեղ խնդիրներ կան»։

Պետք է նշենք, որ թե՛ Արփինե Հովհաննիսյանը, և թե՛ Լենա Նազարյանը որոշակիորեն պատրաստված էին եկել բանավեճի . տարբեր նյութեր ու տվյալներ ունեին իրենց ձեռքի տակ։ Աակայն, նպատակ ունենալով սևացնել  ընդդիմախոսին, Արփինե Հովհաննիսյանը շարունակում էր առաջնորդվել երկակի ստանդարտներով՝ իր կողմից տարբեր, ոչ հեղինակային տվյալների և նյութերի օգտագործումը համարելով նորմալ երևույթ, իսկ Լենա Նազարյանի կողմից այդպիսիների օգտագործումը՝ այլոց պատվերը կատարելու և սեփական դատողություն չունենալու ապացույց։

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

 12-01-2019