ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ VS ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ. ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ «ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ»

...

Բաղադրություն

  • Կեղծ հակադրությունների ստեղծում ու շահագործում
  • Բացասական կոննոտացիա ունեցող բառի շահարկում
  • «Գենդեր» եզրույթի սխալ մեկնաբանում

 

 

Դեռևս հուլիսի սկզբին լրագրող Լյուսի Քոչարյանը մեկնարկեց «Բռնության ձայն» շարքը, որտեղ ներկայացվում են բռնության ենթարկված անձանց (երեխաներ, կանայք, տղամարդիկ) պատմություններ: Հրապարակումները բուռն քննարկումների առիթ դարձան: Ոմանք բռնության ենթարկված անձանց պատմությունների հրապարակումը դիտարկեցին որպես կանխամտածված քայլ՝ ուղղված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվորպայի խորհրդի կոնվենցիայի ընդունման համար հիմքերի նախապատրաստմանը, եւ շատերի ուշադրությունը կենտրոնացավ հենց կոնվենցիայի վրա: Վերոնշյալ քննարկումներում Դետեկտորը արձանագրել է մի շարք մանիպուլյատիվ թեզեր, որոնք կներկայացնենք ստորև:

 

 

Մեր հիմնավորումները

 

Նախևառաջ նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել  է 2011 թվականին՝ Ստամբուլում: Կոնվենցիայի նպատակը կանանց՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումն է, խտրականության վերացումը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ԵԽ 47 անդամ-երկրներից 34-ը։ 2018-ի հունվարի 18-ին, ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ստորագրել էր այն Ստրասբուրգում։ Ներկայիս Ազգային ժողովի օրակարգում դեռևս այն վավերացնելու հարցը ներառված չէ:

 

Այժմ ներկայացնենք մանիպուլյատիվ դիտարկումները, որ արվել են կոնվենցիայի բովանդակության վերաբերյալ:
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված կոնվենցիայի մասին քննարկումներում  ազգային կոչվող ավանդույթները, սովորույթներն ու արժեքները հաճախ դիտարկվել են որպես ցանկացած միջազգային պայմանագրի նկատմամբ գերակայություն ունեցող  դրույթներ:

 

 

Դիտարկենք մի քանի մեջբերում.

 

«...այնտեղ կան զուգընկերներ հասկացությունը, ընտանեկան միավոր հասկացությունը, այսինքն զուգընկերներ կարող են լինել նաև միասեռականներ, որոնք կարող են ունենալ ընտանիք կամ ձևակերպվեն որպես ընտանիք, մյուս խնդիրը, որը կարող է լինել իրավական տեսակետից՝ տեխնիկական, երեխաների որդեգրման խնդիրն է, այսինքն նմանատիպ ընտանիք կոչեցյալ միավորներին հնարավորություն տրվի երեխաներին որդեգրել...այնտեղ ոնց որ թե կա պարտադրանք, որ կրթական ծրագրերում ներգրավվեն այ էս նոր ձևաչափով ընտանիք, զուգընկեր կամ կին/տղամարդ հասկացությունները...»,- Ազգային օրակարգ կուսակցության հիմնադիր-անդամ Արա Հակոբյան (2:35-3:24):

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն  5-րդ ալիքին տրված հարցազրույցի ժամանակ մեջբերեց իր ֆեյսբուքյան գրառման մեջ արված դիտարկումը՝ կոնվենցիայում «գենդերային ինքնության» մեկնաբանման հետ կապված: Զոհրաբյանը մեկնաբանությունից եզրակացրել էր, որ կոնվենցիայի ընդունման դեպքում տղամարդը կարող է որպես մայր ներկայանալ: Այնուհետև, պատասխանելով Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե կարող է արդյոք մայր ներկայացող տղամարդը երեխա որդեգրել, Զոհրաբյանը պատասխանեց, որ այս կոնվենցիայի ընդունման դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է (5:00-6:00,): 

 

Վերոնշյալ երկու դեպքում էլ խոսվում է հայկական ավանդական ընտանիքի կառուցվածքի փոփոխության վտանգի մասին, սակայն չի ներկայացվում որեւէ մեջբերում բուն կոնվենցիայից կամ նրա բացատրական զեկույցից, որը կհիմնավորեր այն թեզը, թե իբր կոնվենցիայով պարտադրվում է օրինականացնել նույնասեռականների հարաբերությունները կամ երեխա որդեգրելու հնարավորություն տալ նրանց:

 

Ազգային արժեքների և/կամ ավանդական ընտանիքի դեմ վտանգների էմոցիոնալ շահարկումները առկա են նաև Էդուարդ Շարմազանովի, Արման Աբովյանի, Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններում:

 

Վերոնշյալ գործիչները խոսում են ավանդականությունից, ընտանիք հասկացությանը դրական երանգ հաղորդելու նպատակով այն կիրառում են «ավանդական» բառի հետ մեկտեղ, սակայն չեն ներկայացնում, թե ինչ համակեցության պայմաններ է ենթադրել և ենթադրում այդ ավանդական կոչվող ընտանիքը: Ինչպես Դետեկտորըը ներկայացրել էր իր նախորդ հրապարակումներից մեկում, 19-րդ դարում հայկական ավանդական ընտանիք կազմվել է առանց ապագա ամուսինների՝  միմյանց ճանաչելու, ոչ սեռահասուն տարիքում, ամուսինների՝ միմյանց հետ չհաղորդակցվելու, ամուսնությունը որպես ընտանիքների տնտեսական կարիքների ապահովման միջոց դիտարկելու պայմաններում, և այլն: Հետևաբար, խոսել ընտանիքի մասին՝ վերջինիս պարտադիր պայմանը դիտարկելով այդ նույն ավանդականը և տղամարդ/կին դերերի կարծրատիպային տարանջատումը, ոչ մի որակական փոփոխություն չի հաղորդում մարդու իրավունքների և ազատությունների պահպանման գործընթացին:

 

 

Ուշագրավ է այն, որ կոնվենցիայի վերաբերյալ էմոցիոնալ թեզերը օգտագործվում են կեղծ հիմքերի վրա:

Այսպես. կոնվենցիայի բացատրական մասում ԼԳԲՏՔ+ անձանց չխտրականացնելու և բռնության չենթարկելու մասին խոսվում է հոդված 4-ի 53-րդ, հոդված 12-ի 87-րդ և հոդված 6-ի 313-րդ մասերում: Այս պարբերություններից և ոչ մեկում չի խոսվում ԼԳԲՏՔ+ մարդկանց ընտանիք կազմելու կամ երեխա որդեգրելու հնարավորության մասին: Երեք հոդվածների բոլոր երեք մասերում էլ ասվում է կանանց, երեխաների և  տղամարդկանց խտրականության, նրանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա ըստ կոնվենցիայի, դրանք պետք է լինեն ոչ կարծրատիպային՝ տղամարդու և կնոջ դերային բաժանման առումով, իսկ ԼԳԲՏՔ+ անձանց մասով այստեղ ոչինչ ներառված չէ:

 

Հարկ ենք համարում հիշեցնել, որ հայաստանյան որոշ շրջանակներում  «գենդեր» հասկացության շուրջ բացասական տրամադրվածությունը ձեւավորվել է դեռեւս 2013 թվականից, երբ ԱԺ-ն ընդունեց «Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Օրենքի և հատկապես «գենդեր» եզրույթի օգտագործման դեմ ակցիաներ կազմակերպվեցին, որոնց ժամանակ եզրույթը կեղծ կերպով մեկնաբանվում էր որպես ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների բնութագրական անվանում, իսկ օրենքը ներկայացվում էր որպես այլասերվածության քարոզ

 
   Կոնվենցիայի քննարկման ընթացքում ևս, բազմաթիվ շահարկողներ օգտագործում են «գենդեր» և «գենդերային ինքնություն» եզրութները,  մեկնաբանում դրանք որպես խնդրահարույց, վտանգավոր ու հակասահմանադրական՝ շահարկելով այս հասկացությունների շուրջ հասարակության՝ դեռևս 2013 թվականից  ունեցած   հավաքական հիշողությունը:

 

Մասնավորապես՝ Արա Զոհրաբյանը գրում է. «...կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա...»:

 

 Զոհրաբյանի մեջբերումը թերի է, այն պետք է լիներ. «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ որպեսզի արմատախիլ արվեն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»:

 

Միաժամանակ, Զոհրաբյանը առաջարկել է վերոնշյալը հասկանալու համար նայել 4-րդ հոդվածի 53-րդ կետում «գենդերային ինքնություն» եզրույթի բացատրությունը, որը սակայն, լույս չի սփռում իր թերի մեջբերման վրա: 53-րդ կետը թվարկում է խտրականության և բռնության ենթարկվելու տարաբնույթ պատճառներ, ինչպես նաև այն անձանց, ովքեր ենթարկվում են բռնության՝ այդ պատճառներից ելնելով

Զոհրաբյանը «սեռ», «գենդեր» ու «գենդերային ինքնություն» բառախաղի միջոցով փորձում է կոնվենցիան պտտել միայն ԼԳԲՏՔ+ մարդկանց շուրջ:

 

Շահարկման առիթ դարձավ նաև կոնվենցիայի ստորագրման վայրը և այլընտրանքային անվանումը՝ Ստամբուլյան կոնվենցիա

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հրապարակումներից մեկը սկսել էր այսպես. «Բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում) ստորագրվել է բռնությունները կանխարգելող կոնվենցիան: Այդ պատճառով այն կոչվում է ստամբուլյան կոնվենցիա: Սա խորհրդանշական է, հատկապես Հայաստանի համար»:

 

Կոնվենցիայի նկատմամբ բացասական նախատրամադրվածություն ստեղծելու նպատակով հիշատակվում է Թուրքիայի՝ ցեղասպան պետություն լինելը, այն ժխտելն ու ստորագրման վայրի՝ Հայաստանի համար խորհրդանշական լինելը: Այս անդրադարձն ու ցեղասպանության շահարկումը կոչված են հուզականության մեծ չափաբաժին հաղորդել հայ ընթերցողին:

 

Արա Զոհրաբյանն անտեսում է այն փաստը, որ կոնվենցիան ստեղծելու նախաձեռնությունը Թուրքիայի իշխանություններինը կամ թուրք հասարակության որևէ այլ շերտինը չէր:

 

Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվեց նաև ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել է «…իմ տեսակետը ես արդեն հայտնել եմ, որ այդ կոնվենցիան չի անցնելու և պայքարելու եմ դրա դեմ…»:

 

Ամփոփելով՝ նշենք, որ  նմանատիպ խիստ մշակութային ազգայնականության տիրույթում գտնվող խոսույթները չեն նպաստում հասարակությունում ժողովրդավարական մշակույթի զարգացմանը, ատելության խոսքի ու մթնոլորտի վերացմանը: Ավանդականի ու ազգայինի կոչերը կշարունակեն մանիպուլյատիվ և հակաժողովրդավարական բնույթ կրել, քանի դեռ նմանատիպ կոչեր հնչեցնողները հայելային պարզությամբ չներկայացնեն, թե ինչ բարոյահոգեբանական արժեքներ են հասկացվում դրանց հիմքում և արդյոք դրանք բխում են մարդու իրավունքներից ու ազատություններից:

 

 

Հեղինակ՝ Արփի Ավետիսյան

23-07-2019