«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ» ՄԱՍԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԴԻՍԿՈՒՐՍԸ

...

Ингредиенты

  • Преувеличение важности одного факта или обстоятельства
  • Построение утверждений на основе искаженных или вырванных из контекста фактов
  • Ложная причинно-следственная связь
  • Խոսքի կառուցում, որը բացառում է սեփական դատողության վերաբերյալ երկրորդ, այլընտրանքային կարծիքի գոյությունը
  • Բազմազան խումբը՝ որպես միատարր ներկայացում
  • Չափազանցում, ընդհանրացում

 

Մինչ թավշյա հեղափոխությունը, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից Հայաստանը գնահատվում էր որպես ոչ ժողովրդավարական (ավտորիտար) պետություն: Օրինակ, հեղինակավոր Freedom House-ի կողմից Հայաստանը գնահատվում էր որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ՝ ժողովրդավարության և մամուլի ազատության բավական ցածր ցուցանիշներով: Հանրության լայն շրջանների մասնակցությամբ իրականացված թավշյա հեղափոխությունը, որն, ի դեպ, դրականորեն է ընդունվել միջազգային դեմոկրատական հանրության կողմից, նպատակ ունի քայքայել ավտորիտար իշխանության մեխանիզմները և իրական ժողովրդավարություն հաստատել երկրում: Սակայն Հայաստանի նախկին` ըստ վերոհիշյալ գնահատականների՝ կիսահամախմբված ավտորիտար ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ, վերջերս կարծիք են արտահայտել, որ ժողովրդավարությունը  Հայաստանում, իբր, անկում է ապրում:

Օրինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, արձագանքելով վարչապետի օգոստոսի 17-ի ելույթին, հայտարարել է. «ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում»: Անդրադառնալով խոսքի ազատության թեմային, նա շարունակել է. «...երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է»: Ստորև մեջբերենք նրա որոշ այլ փաստարկներ, որոնք այնուհետև վերլուծության կենթարկվեն.

 

          «Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների»:

          «Այլակարծությունը աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» և սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող ... գրառումների ...»:

Բացի դրանից, օգոստոսի 14-ին տապալված ասուլիսից հետո, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարել էր, որ «... տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»:

Այս հայտարարություններում ԴԵՏԵԿՏՈՐԸ բացահայտել է մանիպուլյատիվ մի շարք տարրեր, որոնց թվում են՝ մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացումը, պնդումների կառուցումը խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա և այլն: Վերջիններս օգտագործվում են փոխկապակցված ձևով՝ համապարփակ թեզեր հիմնավորելու համար, ինչպես օրինակ, «ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում»:

 

Մեր հիմնավորումները

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է. «տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու (...) հնարավորությունը»: Մինչդեռ, իրականում, ասուլիսը տապալվել էր քաղաքացիական բողոքի ակցիայի պատճառով, այլ ոչ թե իշխանության կամ պետական ուժային կառույցների միջամտության արդյունքում:

ԴԵՏԵԿՏՈՐՆ այս հայտարարության մեջ տեսնում է «պնդումների կառուցում խեղաթյուրված կամ անհիմն փաստերի հիման վրա»  հնարքը, քանի որ քաղաքացիական բողոքի մասնակիցների գործողությունները վերագրվում են Նիկոլ Փաշինյանին կամ,  ընդհանուր առմամբ` իշխանություններին:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ որպես իր մեդադրանքի հիմնավորում պնդում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները կատարում էին իշխանությունների պատվերը. «մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց  ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով  որևէ կասկած չի թողնում»:

 Այս պնդման մեջ ԴԵՏԵԿՏՈՐԸ տեսնում է երեք մանիպուլյացիոն հնարք` ա) կեղծ պատճառահետևանքային կապի ստեղծում, բ) խոսքի կառուցում, որը բացառում է սեփական դատողության վերաբերյալ երկրորդ, այլընտրանքային կարծիքի գոյությունը, գ) բազմազան խումբը որպես միատարր, մեկ միասնական քաղաքական խումբ ներկայացնելը:

Փաստացի, Քոչարյանի գրասնենյակը ա) ներկայացնում է հետևյալ կեղծ պատճառահետևանքային կապը. եթե բողոքողների շրջանում կան մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի մտերիմներն ու զինակիցներն են, ապա այստեղից պետք է հետևություն անել, որ բողոքը կեղծ է և պատվիրված է Փաշինյանի կողմից: Այս դատողությունը կեղծ է հենց  այն պատճառով, որ ինչ-որ մեկի զինակից կամ մտերիմ լինելը որևէ կերպ չի կարող բացառել այս կամ այն հարցի վերաբերյալ մարդու ինքնուրույն դիրքորոշում ունենալը,  բ) առանց որևէ հիմնավորման բացառում է քաղաքացիական ակտիվիստների կողմից սեփական դիրքորոշումն արտահայտելու և անկեղծ բողոք անցկացնելու հնարավորությունը,  գ) խեղաթյուրելով իրականությունը, այն է՝ անտեսելով բողոքի մասնակցիների բազմազան կառուցվածքը,  Քոչարյանի գրասենյակը տպավորություն է ստեղծում, թե  բողոքի ակցիայի մասնակիցները բացառապես Փաշինյանի մտերիմներն ու զինակիցներն էին:

Հավելենք նաև, որ տապալված ասուլիսից անմիջապես հետո, օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել (ընդհանուր առմամբ , նա տվել է մի շարք հարցազրույցներ՝ տարբեր լրատվամիջոցների) լայն հեռարձակում ունեցող Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը, որն ազատորեն հասանելի է համացանցում: Իշխանությունները որևէ ճնշում չեն գործադրել Երկիր Մեդիայի վրա և  չեն փորձել սահմանափակել կամ արգելափակել նրա հարցազրույցի տարածումը, ուստի, Քոչարյանի՝ ազատորեն խոսք արտահայտելու և տարածելու իրավունքը իշխանությունները որևէ կերպ չեն ոտնահարել:

Այնուհետև, ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից  օգոստոսի 17-ի ելույթի ժամանակ հնչեցրած խոսքերը, որոնք մասնավորապես՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից որակվել էին որպես խոսքի ազատության ոտնահարում և անհանդուրժողականություն այլակարծության նկատմամբ, դիտարկվում են համատեքստից դուրս, ինչը  հանրությանը ապակողմնորոշող պարզ մանիպուլյատիվ հնարք է:

Վարչապետի խոսքերն իրականում վերաբերում էին բացառապես քաղաքացիական պատերազմի սպառնալիքներ պարունակող հայտարարություններ հնչեցնողներին: Մեջբերենք Նիկոլ Փաշինյանի միտքն ամբողջությամբ. «Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսել են խոսել. Հայաստանում, ասում են, քաղաքացիական պատերազմ կարող է լինել: (...) Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրանով ազգային անվտանգության ծառայությունն ա զբաղվելու, լավ իմացեք: Ուրեմն, ես  խորհուրդ եմ տալիս բոլորին, խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են՝ «մեր խոսքի ազատությունը սահմանափակում են»: Դուք հլը պտի խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս զգուշացումով, որ եթե ապագայում քաղաքացիական պատերազմի սպառնալիքներ հնչեցվեն (ինչը կարող է ընկալվել որպես պատերազմի հրահրում կամ քարոզ, որը հակասահմանադրական է), ապա դա կարժանանա համապատասխան մարմինների ուշադրությանը: Հիշեցնենք, որ խոսքի ազատության իրավունքը սահմանափակումներ ունի: Մասնավորապես, ըստ ՀՀ Սահմանադրության 77-րդ Հոդվածի, «Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը (...) պատերազմ քարոզելու նպատակով»: Այսպիսով, սահմանադրությամբ արգելված գործողություն անելու նկատմամբ սանկցիա կիրառելու պատրաստակամություն հայտնելու մասին հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես «ճնշում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ»:

Ինչ վերաբերում է այլակարծության հանդեպ «անհանդուրժողականության» գոյության՝ նախկին իշխանավորների թեզին, ապա այս պարագայում նրանք մեղադրում են ոչ միայն ներկայիս իշխանություններին, այլ նաև՝ հանրության լայն զանգվածներին, հատկապես, ՀՀԿ-ն սոցցանցերում քննադատող օգտատերերին: Օրինակ, Հովհաննիսյանը գրում է. «նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր»:  Այստեղ ԴԵՏԵԿՏՈՐԸ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին , որ մերժելու կոչերը, բոյկոտի իրավունքը (այսինքն որևէ կազմակերպության ծառայություններից հրաժարվելը) քաղաքացիների ազատ խոսքի և մտքի դրսևորման արտահայտություններ են:

Բացի դրանից, ըստ Արփինե Հովհաննիսյանի, «այլակարծությունը աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող ... գրառումների ...»: Այս պարագայում մարդկանց ստվար զանգվածների համախոհությունը, միասնականությունը և այն, որ նրանք ազատորեն իրենց կարծիքն են արտահայտում, որակվում է որպես «այլակարծության վերացում»: Քանի որ այլակարծության վերացումը լինում է միայն այն պարագայում, երբ իշխանությունները տարատեսակ ճնշումներ բանեցնելու արդյունքում արմատախիլ են անում ազատ խոսքը, ապա այս հայտարարությունը կարող ենք դիտարկել որպես իշխանություններին ուղղված  մեղադրանք: ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատում է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչը ազատ խոսքի արտահայտման դրսևորումները դիտարկում է որպես խոսքի ազատությունը վերացնելուն ուղղված՝  իշխանությունների գործողություն, ինչը, առնվազն, սխալ պատճառահետևանքային կապի ստեղծում է:

Հովհաննիսյանի կողմից փորձ չի արվում մեկնաբանել, թե կոնկրետ ինչպիսի կարծիքներ կամ խոսքեր են քաղաքացիների լայն շերտերի կողմից քննադատության ենթարկվում և ինչու: Իրականում, կարող ենք հիմնավոր կերպով ենթադրել, որ հատկապես  ՀՀԿ-ի նկատմամբ քննադատական վերաբերմունքը, գուցե, և՛ զայրույթը, և՛ բացասական այլ զգացումներ, բազում օգտատերերի մոտ ձևավորվել են ՀՀԿ-ի՝ երկար տարիների գործունեությանն ի պատասխան (նրանց ազատ խոսքի պաշտպանությունը, իհարկե, չի նշանակում վիրավորանքների արդարացում):

 ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ Արփինե Հովհաննիսյանի տվյալ հայտարարության մեջ գործածվում է նաև չափազանցման ու ընդհանրացման քարոզչական հնարքը. մասնավորապես, գործածվում է «յուրաքանչյուր տարբերվող կարծիք պիտակավորվում է» եզրը, որը, բնականաբար, որևէ կերպ չի հիմնավորվում, բայց ընթերցողի վրա կարող է հռետորական ներգործություն ունենալ՝ տպավորություն ստեղծելով, որ երևույթը համատարած է և բացարձակ:

 

 Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան

16.09.2018