«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՇԱՀԱՐԿՄԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Անհիմն մեղադրանքի հնչեցում
  • Խոսքի ազատության շահարկում
  • Ատելության խոսք
  • Դեմագոգիա

 

 

Հունիսի 6-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բռնության քարոզ հնչեցնող ուժերին «ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված հասցնելու» վերաբերյալ իրավապահ մարմիններին տված հանձնարարականը հանրության շրջանում լայն արձագանք ստացավ: Վարչապետի խոսքը որոշ քաղաքական խմբերի և հրապարակախոսների կողմից ներկայացվեց որպես ընդդիմադիր ուժերին ճնշելու փորձ (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11):

Վերջիններիս կողմից առաջ քաշված հիմնական թեզն այն էր, որ վարչապետի հայտարարությունն ուղղված էր ընդդիմությունը ճնշելուն: Օրինակ՝ ՌԱԿ կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.  «Այս առումով հատկապես մտահոգիչ են նոր-նոր ձևավորվող քաղաքական ընդդիմության նկատմամբ չթաքցված բռնաճնշումերը, որոնք արտահայտվում են ներկա իշխանությունների հանդեպ յուրաքանչյուր քննադատությանը ատելությամբ պատասխանելու ու ձերբակալելու հրամաններ իջեցնելու «մշակույթի» ձևավորմամբ»: Կուսակցության հայտարարության այս հատվածից ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի հայտարարության թիրախը կոնկրետ քաղաքական ուժ կամ ուժեր են: Այս կերպ՝ Փաշինյանի ելույթը քննադատողները փորձում են նրա հանձնարարականը ներկայացնել որպես ընդդիմախոսների նկատմամբ ճնշման փորձ:  

Խոսքի ազատության սահմանների հարցը միայն հայաստանյան խնդիր չէ, այլ վերաբերում է ժողովրդավարական բոլոր հասարակություններին: Փորձենք դիտարկել ժողովրդավարության և խոսքի ազատության փոխկապակացվածության փիլիսոփայական ակունքները: Այդ առումով, տեղին է հիշատակել հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի փիլիսոփայության բառարանի՝ խոսքի ազատության վերաբերյալ հոդվածը: Հոդվածից մեզ հայտնի է դառնում, որ ազատական ժողովրդավարության գաղափարաբանությունը հիմնականում հենվում է բրիտանացի փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլի գաղափարների վրա, որոնք նա շարադրել է իր հայտնի` «Ազատականության մասին» աշխատությունում (1859): Խոսելով ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում խոսքի ազատության անհրաժեշտության մասին` Միլն  առաջ է քաշում այսպես կոչված՝ «չվնասելու» կամ «ատելության խոսքի» սկզբունքները և նշում. «Միակ պատճառը, որով կարող է իր կամքին հակառակ ուժ կիրառվել քաղաքակիրթ հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ, դա այլոց վնասելը կանխելու նպատակն է»: Ակնհայտ է, որ խոսքի ազատությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունների անքակտելի բաղկացուցիչն է, սակայն այն ենթակա է որոշակի սահմանափակումների այն դեպքերում, երբ «ազատ խոսքը» վերածվում է «ատելության խոսքի»: Պատահական չէ, որ ազատ խոսքի և արտահայտվելու իրավունքն ամրագրված է մի շարք միջազգային համաձայնագրերով, որոնցից կարելի է առանձնացնել, օրինակ՝ «Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի» 10-րդ հոդվածը, որտեղ նույնպես նշված են «ազատ խոսքի» սահմանափակումների մասին: Ըստ այդ համաձայնագրի 10-րդ հոդվածի երկրորդ կետի՝  «…ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Այս առումով՝ բացառություն չէ նաև  ՀՀ Սահմանադրությունը, որի 42-րդ հոդվածը երաշխավորում է մարդու խոսքի ազատության կամ արտահայտման իրավունքը, սակայն նույն այդ հոդվածի երրորդ կետով նշվում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

             Այսինքն` խոսքի ազատությունը նույնպես ունի սահմաններ: Այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է պետական անվտանգությանն ուղղված սպառնալիքը, հանցագործությունների տարածումը, մարդու արժանապատվության ոտնահարումը  և այլն: Ինչ-որ  կետից՝ խոսքի ազատությունը կարող է վերածվել ատելության խոսքի, և այստեղ խնդիրն այդ սահմանը որոշելն է: Երբ որևէ անհատի կամ մարդկանց խմբի հրապարակային հայտարարություններում առկա են բռնության դիմելու ակնհայտ կոչեր, ապա  պետությունը, տվյալ դեպքում՝ ի դեմս վարչապետի և նրան ենթակա ուժային օղակների, պարզապես պարտավոր է գործել:

Իսկ ինչպե՞ս որոշել հրապարակային տեքստում առկա  բռնության քարոզ կամ ատելություն պարունակող խոսքը: Շատ պարզ: Եթե հրապարակային տեքստի բովանդակության մեջ առկա է մարդկանց տարբերակում ըստ իրենց որևէ պատկանելիության՝ քաղաքական, սեռային, ազգային, թե այլ, և միաժամանակ  այդ տարբերակվածների նկատմամբ հնչեցվում են  կոնկրետ բռնության դիմելու կոչեր, ապա ակնհայտորեն գործ ունենք ատելության խոսքի հետ: Օրինակ՝ որևէ քաղաքական կուսակցություն կամ առանձին անհատ, կարող են կարծել, որ ենթադրենք՝ ազատական հայացքներ ունեցող մարդիկ սպառնալիք են հասարակության համար: Նրանք, անշուշտ, իրավունք ունեն ազատորեն արտահայտել  իրենց կարծիքը հանրության լայն շրջանակներում: Տվյալ դեպքում պետությունը ոչ միայն չպետք է խոչընդոտի դրան, այլ հակառակը՝ ստեղծի հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի այլոք ևս չխոչընդոտեն որևէ մեկի՝ իր կարծիքն արտահայտելու ազատությունը: Սակայն, այն պահից սկսած, երբ նույն այդ կուսակցության կամ անհատի խոսքում ի հայտ են գալիս կոնկրետ մարդկանց նկատմամբ  բռնության գործողությունների դիմելու կոչեր, ինչպես օրինակ՝ «գլուխները քարով ցխել», «վառել», «գլուխը ցխել» և այլն, ապա պետք է հստակ գիտակցենք, որ գործ ունենք կոնկրետ ատելության խոսքի հետ:
Հետևություն. մարդն ազատ է արտահայտել իր կարծիքն այնքան ժամանակ, քանի դեռ այլ մարդկանց նկատմամբ բռնության դիմելու կոչեր չի հնչեցնում:
Փաշինյանի խոսքն այս դեպքում ուղղված է ոչ թե կոնկրետ մարդկանց՝ կոնկրետ գործողություններն ինքնանպատակ խոչընդոտելուն, այլ երևույթի՝ «ատելության խոսքը» խոչընդոտելուն, ինչը նրա սահմանադրական պարտականությունն է: Պատահական չէ, որ Փաշինյանն իր հայտնի ելույթում նշեց, որ «բացարձակապես կապ չունի, թե բռնության քարոզ իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, հանդես են գալիս որպես ընդդիմության համակիր: Բացարձակապես կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ պատասխան» (6:20-6:45):  Ուրեմն՝ Փաշինյանի խոսքը որպես քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշում ներկայացնելը կա՛մ անտեղյակության արդյունք է, կա՛մ դեմագոգիա, կա՛մ էլ՝ պարզագույն մանիպուլյացիա:

Անշուշտ, Փաշինյանի ելույթը մեդիայում առաջին հերթին քաղաքական երանգավորում ստացավ: Սա կարելի է համարել նրա թիմակիցների բացթողումը, քանի որ մեդիադաշտում նրանց պասիվությունը նպաստեց նրան, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ այդ ելույթը ներկայացնեն զուտ քաղաքական համատեքստում: Սակայն, այն առաջին հերթին պետք է դիտարկել հենց բարոյականության և իրավունքի հարթությունում, ինչից միտումնավոր կերպով կամ միամտորեն՝ խուսափում են Փաշինյանի որոշ  ընդդիմախոսներ:

 

Հեղինակ՝ Լևոն Բաբաջանյան

31-06-2019