ՍԵՎ PR-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա
  • Բինար հակադրությունների ստեղծում ու դրանց շահագործում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ

 

 

Շատ փորձագետների կողմից որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ դիտարկված՝ Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցավ բավականին սուր քաղաքական մեղադրանքների պայմաններում։

ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ առանձապես հատկանշական էին և ԶԼՄ-երում ամենաշատը քննարկվողներից էին «Իմ քայլը» դաշինքին ուղղված՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեղադրանքները: «Իմ քայլը» մեղադրվում էր նախկին իշխանությունների հետ կապ ունենալու, նախկին իշխանությունների գործելաոճը շարունակելու, նրանց գովազդով զբաղվելու ու նրանց քաղաքական դերակատար դարձնելու մեջ։

Այսպես, Նաիրա Զոհրաբյանը, հանրահավաքներից մեկում խոսելով իրենց հասցեին հնչող մեղադրանքների մասին, նշել էր.  «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են»։ «Դուխ չունեցաք Քոչարյանին կալանքի տակ պահեք», «գնաճ ա, երկիրը արտաքին մարտահրավերների առաջ ա, Ռուսաստան, Եվրոպա, բայց մարդկանց Էյֆորիայի տակ են պահում, ...երկիրը հասցրել են ատելության էն աստիճանի, որտեղ խղճի, մտքի, խոսքի ազատությունը վտանգված ա»։ «Հայկը վախենում է առանց Նիկոլի գալ իմ հետ բանավեճի,... անջրպետ ու քաղաքացիական պատերազմ եք հրահրում, սերժականները և ռոբականները դուք եք, … Սերժն ու Ռոբը Նիկոլենց մեջքին են կանգնած, … սա խոսքի և գործի ընտրություն է»։ Կամ, մեկ այլ տեղ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի ժամանակ ասել էր.  «Ռոբերտ Քոչարյանը իրա տունը իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք, խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ, ոչ մի կապ չունի, չի էլ ունենանալու, ժողովուրդն ա որոշողը, եթե ժողովուրդը չընդունի, Քոչարյանը քաղաքականություն չի մտնի, ... ազգը չի կարելի կիսել, ազգը չի կարելի թշնամացնել»։

ԴԵՏԵԿՏՈՐԸ  Զոհրաբյանի խոսքերում նկատել է մանիպուլյատիվ մի շարք տարրեր, որոնցից են մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացումը, անհարկի զուգահեռների անցկացումը  նախկին իշխանությունների հետ ՝ «Իմ քայլի» թեկնածուների նկատմամբ ընտրողների մոտ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով։   

Զուգահեռներ տանելով նախկին իշխանությունների բացասական կերպարի հետ՝ նշվում է, որ իշխանությունները «դուխ չունեցան Քոչարյանին կալանքի տակ պահելու: Փաստացի, Զոհրաբյանը իշխանություններին մեղադրում է հակաօրինականության, իշխանության չարաշահման, իրավական համակարգի տապալման, քաղաքական շարժառիթներով իրենց ընդդիմախոսներին կալանավորելու համար. այսինքն` այնպիսի հանցանքների , որոնց կատարման մեջ  մեղադրվում էին նախկին իշխանությունները։ Նույնիսկ նշվում է, որ նախկին ու ներկա իշխանությունները նույնական են. «սերժականները և ռոբականները դուք եք, … Սերժն ու Ռոբը Նիկոլենց մեջքին են կանգնած»։  Ըստ Զոհրաբյանի, քանի որ դատարանը Ռ. Քոչարյանին չպահեց կալանքի տակ, նշանակում է՝ իրենց շարժառիթներից ելնելով՝ իշխանություններն են կալանավորել նրան՝ իրենց ենթարկելով դատական համակարգը։ Նույն տրամաբանությամբ,  հավասարության նշան է դրվում նախկին ու ներկա իշխանությունների միջև՝ մեկի բացասական կերպարի միջոցով փորձ անելով սևացնել մյուսին: 

ԴԵՏԵԿՏՈՐԸ  գտնում է, որ այստեղ կիրառվել է «պնդումների կառուցում խեղաթյուրված կամ անհիմն փաստերի հիման վրա»  հնարքը, քանի որ անհիմն կերպով «Քոչարյանի փիառը» վերագրվում է Փաշինյանին կամ,  ընդհանուր առմամբ, իշխանություններին: Իրականում, քանի որ «Մարտի 1-ի» գործով Ռ. Քոչարյանի հանդեպ ընթացիկ դատավարությունը քաղաքական լայն հնչեղության ունի հասարակության շրջանում, ապա՝ տրամաբանորեն այն  ուշադրության կենտրոնում է, և դա, ակամայից, Քոչարյանի համար դառնում է ինֆորմացիոն դաշտում ամրապնդվելու միջոց՝ «վատ գովազդը նույնպես գովազդ է» սկզբունքից ելնելով։ Եվ միանգամայն ակնհայտ է, որ իշխանություններին «Քոչարյանի PR» անելու մեջ մեղադրելը, մեղմ ասած, անհիմն է:

Տեղի է ունենում նաև կեղծ զուգահեռների անցկացում՝ «ներկա իշխանությունները չեն տարբերվում նախկիններից» կեղծ տրամաբանությամբ։ Օրինակ, երբ իշխանությունները մեղադրվում են Ռ. Քոչարյանի «փիառը անելու մեջ» կամ երբ ասվում է, որ «Սերժն ու Ռոբը Նիկոլենց մեջքին են կանգնած», «Ռոբերտ Քոչարյանը իրա տունը իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք, խառնեցիք»։

 Վերոհիշյալ՝ մարտի 1-ի գործի տրամաբանության սահմաններում անհիմն կերպով «բինար հակադրություններ» են ստեղծվում նաև ժողովրդի և իշխանությունների միջև։ Վերը նշված խոսքում ասվում էր, որ «ժողովուրդն ա որոշողը, եթե ժողովուրդը չընդունի, Քոչարյանը քաղաքականություն չի մտնի, ... ազգը չի կարելի կիսել, ազգը չի կարելի թշնամացնել»։ Այսինքն, ակնարկվում է, որ Ռ. Քոչարյանի հանդեպ հատուկ քննչական ծառայության գործողություններն ազգը կիսող և թշնամացնող, անհիմն, անօրինական (բզբզեցիք, բերեցիք) գործողություններ են ու տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների և ժողովրդի շահերը տարբեր են, որ իշխանություններն ազգի շահերին հակառակ են գործում, և որ  ՀՔԾ-ի գործողությունները հանգեցնում են ազգի պառակտմանը։

ԴԵՏԵԿՏՈՐԸ  նկատում է, որ կիրառվում է նաև «բինար հակադրության» հնարքը,  երբ  առանց որևէ  հիմնավորման ակնարկվում է, որ ժողովրդի մի մասը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են, մյուս մասը՝ ներկայիս իշխանությունների, և արդյունքում՝ արհեստականորեն տպավորություն է ստեղծվում, որ հանրությունը պառակտված է, և որ թշնամանք ու հակադրանք կա ժողովրդի տարբեր հատվածների միջև։ 

 Ի դեպ, Ծառուկյանի այն թեզին, որ իշխանություններն են արհեստականորեն հրապարակ բերել Քոչարյանին, անուղղակիորեն հակադարձում է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն իր այս  հայտարարHYPERLINK "https://mediamax.am/am/news/interviews/30128/"ությամբHYPERLINK "https://mediamax.am/am/news/interviews/30128/. «Ես չեմ կարողանում անտարբել մնալ տեղի ունեցողի նկատմամբ: Տեսնում եմ, որ քանդվում են երկրի ինստիտուցիոնալ հիմքերը: Դրանց կարևորության մասին շատ են խոսում, բայց հակառակն են անում»։

ԴԵՏԵԿՏՈՐԸ   եզրակացնում  է,  որ  տվյալ  հայտարարություններում առկա էին մանիպուլյացիոն բնույթ ունեցող մի շարք հնարքներ, որոնցից են՝  «բինար հակադրությունը»,  «մեկ փաստի կամ հանգամաքի ուռճացումը»,  «իրար հետ կապ չունեցող խնդիրների նույնականացումը», որոնք նպատակ ունեին ազդել ընտրողների վրա, որպեսզի բացասական վերաբերմունք ձևավորվեր Փաշինյանի թիմի, «Իմ Քայլը» դաշինքի նկատմամբ:

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

09-10-2018