VETTING. ԱՆՀՐԱԺԵՇՏԻ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐԻ ՄԻՋԵՎ

...

Բաղադրություն

  • Անհիմն պնդում և ապատեղեկատվություն
  • Հասկացությունների նենգափոխում
  • Հասկացության ծավալի սահմանափակում

 

Վերջին շրջանում Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից է դատական համակարգի վեթինգը, որի մեկնարկը տվեց վարչապետ Ն.Փաշինյանը՝ հայտարարելով հետևյալը. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Վեթինգն, ըստ էության, Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվեց որպես հեղափոխությունից հետո դատական իշխանության նորացման օրակարգի առանցքային մաս՝ հիմնվելով Հայաստանում անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտության վրա: Հայաստանի հանրային օրակարգի և դատական համակարգի համար այս նոր երևույթը քննարկվեց և շարունակում է քննարկվել քաղաքական, փորձագիտական, իշխանական և այլ խմբերի կողմից: Մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցը, որը, հավակնելով լինել հնչած տեսակետների մեջ ամենահեղինակավորներից մեկը, միևնույն ժամանակ, պարունակում է այնպիսի ձևակերպումներ, բնութագրումներ և փաստարկներ, որոնք թույլ են տալիս ասել, որ նշված հարցազրույցն ունի հանրային կարծիքն ուղղորդելու և խնդրո առարկայի մասին թյուր պատկերացում ստեղծելու միտում:

 

Մեր հիմնավորումները

Հարցազրույցի սկզբում (տես՝ 03.15) Դ.Հարությունյանը նշում է, որ վեթինգը, որպես այդպիսին, չի վերաբերում միայն դատական իշխանությանը, այլ՝ պետական ծառայությանն առհասարակ, և այն հարցին, թե ինչու է մեր երկրում ընտրվել միայն դատական համակարգը, պատասխանում է, որ «դա որևէ հիմնավորում չունի և, առհասարակ, ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե մեր երկրի միակ խնդիրը դատարաններն են»: Այստեղ բանախոսը նախ  միտումնավոր լռում է այն մասին, որ ՀՀ վարչապետը վերը նշված ելույթում ներկայացրել էր դատական համակարգում վեթինգ իրականացնելու իր հիմնավորումները: « ... Նաև հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև, ինչպես ասեցի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է: Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցումԵվ ուրեմն, հարգելի գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Այլ կերպ ասած՝ Դ.Հարությունյանի պնդումը, որ դատական համակարգում վեթինգ իրականացնելը որևէ հիմնավորում չունի, չի համապատասխանում իրականությանը, այդ թեզն ավելի ընդունելի կլիներ՝ «ես համաձայն չեմ բերված հիմնավորումների հետ» ձևակերպման դեպքում:

Իսկ հարցազրույցի սկզբում հնչած միտքը՝ «ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե մեր երկրի միակ խնդիրը դատարաններն են», նպատակ ունի շեղել լսարանի ուշադրությունը հասարակական համակարգի բնականոն գործունեության և զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեցող՝ օրենքին համապատասխան գործող դատական համակարգի կարևորության ընկալումից: Դ.Հարությունյանի դատողությունները թույլ են տալիս նաև ենթադրել, որ նա ցանկանում է ստեղծել տպավորություն, իբր  իշխանություններն անտեսում են այն հանգամանքը, որ վեթինգը միայն դատական իշխանությանը չի վերաբերում: Մինչդեռ չի բացառվում, որ վեթինգը կիրառվի նաև գործադիր իշխանության նկատմամբ: Հետևաբար, քանի դեռ հայտարարված չէ, թե որ ոլորտներում և ինչ հերթականությամբ է իրականացվելու վեթինգ, հնարավոր չէ ասել, թե իշխանության տեսանկյունից որն է երկրի ամենակարևոր կամ միակ հիմնախնդիրը:

 

Շարունակելով՝ Դ.Հարությունյանը հարց է տալիս. «Միևնույն է, պետք է հասկանալ, իսկ ինչի՞ համար է արվում այդ վեթինգը: Արդյո՞ք վեթինգը այն լավագույն գործիքն է, որը բուժելու է երկրի, համակարգի այս կամ այն թերությունը» (տես 4:10-ից): Այստեղ գործ ունենք  հասկացության նենգափոխում մանիպուլյատիվ հնարքի հետ,  որի նպատակն է հանրային գիտակցության մեջ շփոթություն առաջացնել տվյալ դեպքում «անհրաժեշտ գործիք», «արդյունավետ գործիք», «փորձված գործիք» և «լավագույն գործիք» հասկացությունների միջև: Անկհայտ է, որ սոցիալական որևէ ոլորտում փոփոխություններ իրականացնելու համար ընտրված մեթոդը (գործիքը) կարող է լինել «անհրաժեշտ», բայց «ոչ լավագույն», կամ «ժամանակակից», բայց «ոչ արդյունավետ» և այլն: Ավելին՝ ՀՀ վարչապետի նշված ելույթում այս հարցին նույնպես անդրադարձ արվել էր. «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար»: Այսինքն, խոսքը վերաբերում էր վեթինգի՝ անհրաժեշտ, ոչ թե լավագույն գործիք լինելուն:

«Արդյո՞ք վեթինգը այն լավագույն գործիքն է, որը բուժելու է երկրի, համակարգի այս կամ այն թերությունը» հարցադրումը մանիպուլյատիվ է նաև նրանով, որ իրականում չկա վեթինգին ներկայացվող այդպիսի պահանջ, ըստ որի այն պետք է լինի հիմնախնդիրներ լուծելու լավագույն գործիք: Մանիպուլյացիոն այս սխեման գործում է հետևյալ կերպ. նախ իշխանության նախաձեռնությանը վերագրվում է դրան չպատկանող մի հատկություն, հետո նախաձեռնությունը քննադատվում է՝ այդ հատկությունը չունենալու պատճառով: Քննարկելով Հայաստանում վեթինգ իրականացնելու սոցիալական բավարար հիմքերի առկայության հարցը՝ Դ.Հարությունյանը վկայակոչում է այլ երկրների փորձը, որոնցում «պարզվել է կապը դատավորների և կազմակերպված հանցավորության միջև» (տես 13.32-ից): Տարածելով այս մոտեցումը հայաստանյան իրականության վրա՝ բանախոսը պնդում է, որ մենք չունենք նման տեղեկություններ կամ փաստեր, որոնք թույլ կտան մեղադրանք ներկայացնել որևէ դատավորի՝ հանցավոր խմբերի հետ կապ ունենալու համար, հետևաբար,  վեթինգ իրականցնելու հիմքեր չկան: Սա կրկին մանիպուլյատիվ հնարք է, որի դեպքում տեղի է ունենում հասկացության ծավալի սահմանափակում. եթե այլ երկներում վեթինգն իրականացվել է տվյալ հիմքով, դա չի նշանակում, որ դա վեթինգ կիրառելու միակ հիմքն է, կամ, որ հնարավոր չէ վեթինգ իրականացնել դրանից տարբերվող այլ հիմքերով` օրինակ, վեթինգը կիրառել անխտիր բոլոր դատավորների համար: Դեռ ավելին, բացառված չէ, որ հենց վեթինգի ընթացքում ի հայտ գան այնպիսի տեղեկություններ և փաստեր, որոնք հնարավորություն տան մեկ հիմքով սկսված վեթինգը շարունակել մեկ այլ հիմքով:

Հայտարարելով, որ վեթինգ իրականցնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ (տես 24:10-ից), Դ. Հարությունյանը միաժամանակ չի նշում, թե Սահմանադրության որ կետերը պետք է փոխվեն, ինչու հենց դրանք և ինչպես: Այս դեպքում «վեթինգի համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ» արտահայտությունը ստանում է դեկլարատիվ բնույթ և ոչ մի փաստարկով հիմնավորված չէ: Սա, թերևս, չի նշանակում, որ հիմնավորումներ առհասարակ չկան, բայց բանախոսը նման հիմնավորումներ չի բերում:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում վեթինգի իրականացման անհրաժեշտությանը, նպատակահարմարությանը և արդյունավետությանը, ինչպես նաև,  դրա քաղաքական և իրավական հիմքերին նվիրված հարցազրույցում Դ.Հարությունյանը չի խուսափել մանիպուլյատիվ հնարքների կիրառումից:

 

Հեղինակ՝ Մովսես Դեմիրճյան

24-06-2019