Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալը բազմաբնույթ սպասելիքներ առաջացրեցին հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիների մոտ ի հայտ եկավ երկար տարիների՝ ոչ արդյունավետ և հակադեմոկրատական կառավարման հետևանքով առաջացած խնդիրները լուծելու հույս ու պահանջ: Այդ պահանջների ու ակնկալիքների շրջանակը գնալով ընդլայնվեց նաև հետևյալ 2 պատճառով.
1. Ընդդիմություն դարձած ուժերը, հատկապես ՀՀԿ-ն, հեղափոխության առաջին իսկ օրերից մի շարք խնդիրների լուծման պատասխանատվությունը փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի թիմին: Դեռևս ԱԺ-ում՝ վարչապետի ընտրության ժամանակ, ընդդիմախոսները Ն. Փաշինյանին այսպիսի հարցեր ուղղեցին.«Ե՞րբ Նաիրիտը կվերագործարկի», «Ինչպե՞ս պետք է լուծվի ցածր աշխատավարձերի և թոշակների խնդիրը», «Ի՞նչ կլինի Հայաստանի ժողովրդագրության հետ», և այլն: Այս կերպ, անտեսելով Նիկոլ Փաշինյանի՝ հստակ օրակարգով ժամանակավոր կառավարություն ձևավորելու նպատակը, ՀՀԿ-ն ինֆորմացիոն դաշտ նետեց բազմաբնույթ խնդիրների շրջանակ, որոնց լուծումն ակնկալում էր նորընտիր կառավարությունից:
Մյուս կողմից, լրատվական կայքերի, ֆեյսբուքյան էջերի և կեղծ օգտատերերի միջոցով՝ սպասվելիք բարեփոխումների մասին ապատեղեկատվություն սկսվեց շրջանառվել: Համացանցում հաճախ տարածվում էին կեղծ լուրեր՝ վարկերի տոկոսադրույքների նվազման, թոշակների բարձրացման, Երևանում նոր տրանսպորտային համակարգի անցման և այլ բարեփոխումների մասին: Փաստորեն, ստեղծվեց մի իրավիճակ, երբ իշխանություն չհանդիսացող տարբեր աղբյուրներ կառավարության անունից շարունակ խոստումներ էին տալիս հասարակությանը:
2. Հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները, տարբեր դրդապատճառներով մեծացրին քաղաքացիների՝ կառավարությունից ակնկալիքների շրջանակները: Օրինակ, Ն. Փաշինյանը հարցազրույցներից մեկում նշեց, որ վարչապետ դառնալուն պես, իր 2-րդ որոշումը կլինի պետական բյուջեն 30-40 տոկոսով ավելացնելը, թեև պարզ չէ, թե ինչպես է հնարավոր որոշումով բյուջե ավելացնել.
« (…) Երկրորդ որոշումը կլինի հետևյալի մասին. մենք մի այսպիսի գաղափար ունենք, որով հավակնում ենք Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2 տարվա ընթացքում առնվազն 30-40 տոկոսով ավելացնել, և ընդ որում, դրա արդյուքնում բացի բյուջետային եկամուտները, կավելանան նաև քաղաքացիների եկամուտները»:
Հանրային բարձր ակնկալիքներին և պահանջներին արձագանքելով՝ իշխանությունը սկսեց ցույց տալ, որ ինքը գրանցում է հաջողություններ, իսկ ընդդիմությունը՝ ապացուցել ճիշտ հակառակը: Վիճակագրությունը դարձավ այն հիմնական գործիքը, որի միջոցով իշխանությունը և ընդդիմությունը սկսեցին հիմնավորել իրենց պնդումները:
Առհասարակ, վիճակագրությունը մի կողմից իրականությունը ճանաչելու օբյեկտիվ գործիք է, մյուս կողմից՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու լայն հնարավորություն: Քաղաքական գործիչները հաճախակի են դիմում վիճակագրության միջոցով մանիպուլյացիայի, քանի որ թվերը խոսքը դարձնում են առավել արժանահավատ:
Որպեսզի վիճակագրությունը չդառնա մանիպուլյացիոն գործիք, դրա հետ աշխատելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հարցերի.
· ի՞նչ մեթոդներով են հաշվարկվել ցուցանիշները,
· ովքե՞ր են հաշվարկել դրանք,
· ի՞նչ նպատակով են հրապարակվել,
· արդյո՞ք ամբողջությամբ են հրապարակվել, թե՞ ոչ,
· ինչպե՞ս են դրանք մեկնաբանվում,
· ո՞վ է մեկնաբանում:
Ստորև Դետեկտորը ներկայացնում է, թե իշխանությունն ու ընդդիմությունը հանրային բարձր ակնկալիքներին ինչպիսի վիճակագրական մանիպուլյացիաներով են պատասխանում:
Կառավարության ձևավորումից հետո ուժերից յուրաքանչյուրը սկսեց ընտրողաբար ներկայացնել վիճակագրական տվյալները՝մեջբերելով միայն իրենց ձեռնտու ցուցանիշները: Այսպես, Լենա Նազարյանի և Արփինե Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած բանավեճից ստորև մեջբերվող հատվածը խորհրդանշական է այն առումով, որ պատկերավոր ներկայացնում է ընտրողական վիճակագրության մանիպուլյացիոն տեխնիկան, որով այսօր առաջնորդվում են քաղաքական սուբյեկտները.
Ա․Հ. - Վիճակագրական ծառայության վերջինթիվը տեսե՞լ եք:
Լ․Ն․- Տնտեսական աճի՞:
Ա․Հ․ - Ոչ, ոչ, ոչ... աղքատությա՛ն: Տեսե՞լ եք:
Բացի իրականության հատվածային ներկայացումից, ուժերը սկսեցին նաև՝
1) վիճակագրական ցուցանիշների մեկնաբանությունը թողնել տողատակում (նշել ցուցանիշը, սակայն չասել, թե ինչու է այդպես ստացվել, կամ թե ինչ է այդ թիվը նշանակում).
2) նույն ցուցանիշը մեկնաբանել տարբեր կերպ.
3) ստեղծել կեղծ պատճառահետևանքային կապեր:
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2019թ. հունվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջում նշել է.
«…2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։
Այսինքն, Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:
Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն, ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով »:
Ն. Փաշինյանը ներկայացրել է վիճակագրական ցուցանիշներ, սակայն գլխավոր եզրակացությունը թողել է տողատակում: Ըստ այդմ, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում սկսվել է հայրենադարձություն, իսկ ցուցանիշի համեմատությունը նախորդ տարվա հետ, հուշում է, որ Փաշինյանը հայրենադարձությունը կապում է հեղափոխության հետ: Թեև այստեղ վարչապետը թվերը չի կեղծել, այնուամենայնիվ, խուսափել է մեկնաբանությունից, չի տվել գլխավոր հարցի պատասխանը, թե ովքեր են այդ ժամանածները, որից արդեն իսկ պարզ կդառնար՝ ՀՀ քաղաքացինե՞ր, օտարերկրացինե՞ր, միգրանտնե՞ր, թե՞ տուրիստներ են ժամանել ՀՀ:
Ֆեյսբուքյան մեկ այլ ստատուսում Ն. Փաշինյանը նշում է. «Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր»: Այս դեպքում էլ Ն. Փաշինյանը շտապողականություն է ցուցաբերում և տարին ամփոփում է հոկտեմբեր ամսվա տվյալներով:
Մանիպուլյացիոն հաջորդ տեխնիկան, երբ քաղաքական ուժերը նույն ցուցանիշը մեկնաբանում են տարբեր կերպ, պատկերավոր երևում է ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի բանավեճերում: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները վիճակագրական ցուցանիշները ներկայացնում էին ստատիկ վիճակում, իսկ ՀՀԿ-ն՝ դիտարկում դրանք դինամիկայի մեջ՝ կարևորելով ցուցանիշների նվազման կամ աճի միտումը: Օրինակ, Վ. Սարգսյանը դիմելով՝ Ն. Փաշինայնին նշում է.« Էդ 6 տոկոսը, որ Դուք ասում եք, այստեղ ա (ցույց է տալիս գրաֆիկը): Դուք ընդունել եք երկիրը 11.7, 10.5 տոկոս աճով (տնտեսական ակտիվության), իսկ հիմա ունեք 6 տոկոս ու դրանով գլուխ եք գովում»:
Քաղաքական սուբյեկտները գիտակցաբար, թե առանց դիտավորության՝ վիճակագրական տվյալները մանիպուլացնում են նաև կեղծ պատճառահետևանքային կապեր ստեղծելով: Օրինակ, 2018 թվականին գրախանութներում գրքի վաճառքի ռեկորդ գրանցելու իրողությունը վարչապետըկապեց նոր՝ հետհեղափոխական Հայաստանի հետ: Ն. Փաշինյանը չանդրադարձավ այլ գործոնների, որոնք կարող էին ազդած լինել այդ ցուցանիշի վրա և չքննարկեց այն տարբերակը, որ գուցե գրավաճառության աճի միտումը սկսվել էր դեռևս «Հին Հայաստանում»: Իշխանական ուժի մոտ նկատվում է միտում՝ բոլոր դրական երևույթները կապել հետհեղափոխական Հայաստանի հետ՝ ըստ էության ժխտելով, որ «Հին Հայաստանում» ևս կարող էին դրական գործեր արվել: Չբացառելով հեղափոխության դրական ազդեցությունը մի շարքցուցանիշների վրա, անհրաժեշտ է նշել, որ եթե որևէ ոլորտում առաջընթացը գրանցվել է հեղափոխությունից հետո, դեռևս չի նշանակում, որ դա հեղափոխության արդյունք է:
Այսպիսով, Դետեկտորը արձանագրում է, որ վիճակագրական ցուցանիշները՝ որպես իրողությունները ճանաչելու վստահելի միջոց, այսօր ընտրողաբար,իսկ հաճախ նաև՝ ոչ ճիշտ են օգտագործվում քաղաքական ուժերի կողմից՝ իրենց նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու նպատակով:
Հեղինակ՝ Զարուհի Սիմոնյան
21-01-2019