ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԿԱՄ «ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

...

Բաղադրություն

  • Օբյեկտիվ փաստերի նենգափոխում
  • Համատեքստի արհեստական վերահարմարեցում
  • Դավադրապաշտության շահարկում
  • Շահարկման շահարկում

 

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում կրկին շրջանառվեցին Նոամ Հոմսկու և Ժոզեֆ Օվերթոնի՝ շահարկման տեխնոլոգիաներին վերաբերող նյութերը: Առիթը ապրիլի 5-ին Ազգային Ժողովում տրանսգենդերի ներկայացուցչի ելույթն էր և դրան հետևած բողոքի ցույցը: Նկատենք, որ հատկապես «Օվերթոնի պատուհանի» վարկածը (իրականում սա վարկած է, այն էլ՝ կասկածելի ծագումով) սովորաբար շրջանառության մեջ է դրվում հենց սեռական փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ, և համացանցում հանդիպող հայալեզու նյութերը գերազանցապես վերաբերում են այդ թեմային (տես` օրինակ 1, 2, 3, 4, 5, 6 ):

    Դետեկտորի կարծիքով այդ համընկումը պատահական չէ և հետապնդում է որոշակի քարոզչական նպատակներ, ինչի համար էլ կիրառվում են շահարկման որոշակի հնարքներ. օբյեկտիվ փաստերի նենգափոխում, կոնտեքստի արհեստական վերահարմարեցում, դավադրապաշտության շահարկում,  ինչպես նաև՝ շահարկման շահարկում:

Իսկ հիմա՝ հերթականությամբ:

Ֆեյսբուքում և համացանցում շրջանառվող հայալեզու տարբերակներում Օվերթոնի պատուհանը ներկայացվում է իբրև որոշակի թշնամական ուժերի կողմից հասարակությանը շահարկելու քաղաքական տեխնոլոգիա, որի օգնությամբ հնարավոր է ցանկացած գաղափար վերևից   փաթաթել հասարակության վզին՝ նրան ուղղորդելու կամ ոչնչացնելու նպատակով: Համաձայն նույն տարբերակների՝ վերջնանպատակին հասնելու համար թիրախավորված հասարակությանը անհրաժեշտ է անցկացնել 5 նախապատրաստական փուլերի միջով.  անհնարինից- ծայրահեղականի, ծայրահեղականից-հնարավորի, հնարավորից-ռացիոնալի, ռացիոնալից-պոպուլիստականի և պոպուլիստականից-քաղաքականի: Թվարկված 5 փուլի ալգորիթմը ներկայացվում է հասարակության մեջ  նույնասեռականության և մարդակերության նկատմամբ հանդուրժողականություն ձևավորելուն վերաբերող բացասական օրինակներով:

  Ուշագրավն այն է, որ Ժոզեֆ Օվերթոնը, ում վերագրվում է այդ տեխնոլոգիան, որևէ հետազոտություն կամ հրապարակում չունի, որը հնարավորություն ընձեռեր առաջին աղբյուրից ծանոթանալ Պատուհանի կիրառական նպատակներին ու վերոհիշյալ 5 փուլի մեխանիզմին: Ամերիկյան Mackinac քաղաքական հետազոտությունների կենտրոնի (որի նախագահն էր Ժ. Օվերթոնը) կայքում կարելի է գտնել նրա հեղինակությամբ բազմաթիվ հրապարակումներ, սակայն որևէ ուսումնասիրություն կամ ակնարկ Պատուհանի վերաբերյալ՝ բացակայում է: Ամերիկյան քաղաքական շրջանակները Պատուհանի մասին  տեղեկացել են Ժ. Օվերթոնի մահվանից (2003թ.) տարիներ անց՝ նրա գործընկեր, այժմ նույն Կենտրոնի նախագահ Ժոզեֆ Լեհմանից: 2010թ. Լեհմանը հրապարակեց մի նյութ՝ «Օվերթոնի պատուհանը. պատրաստված է Միչիգանում» վերտառությամբ, որտեղ պատմում է, թե ինչպես է Ժ. Օվերթոնն իր հետ բերանացի կիսվել  «հնարավորությունների պատուհանի» մասին իր գաղափարով: Ընդ որում, Ժ. Լեհմանի հրապարակման մեջ վերոհիշյալ 5 փուլի մասին որևէ հիշատակում չկա:

   Հասարակությանը 5  փուլով մեծ մանիպուլյացիային նախապատրաստելու մասին որևէ հիշատակում չկա նաև ամերիկացի լրագրող և վիպագիր Գլին Բեքի «Օվերթոնի պատուհանը» գրքում, որի շնորհիվ Ժ. Օվերթոնը հայտնի դարձավ ոչ միայն քաղաքական, այլև համաշխարհային հանրության լայն շրջանակներին: «Օվերթոնի պատուհանը» գիրքը 2010թ եղել է բեսթսելեր և ամիսներ շարունակ պահպանել է իր դիրքերը գրքի շուկայում: Գիրքը գրված է ֆանտաստիկ թրիլերի ժանրով, որում հեղինակը այլափոխել է Օվերթոնի պատուհանի լեհմանյան պատումը և այն ներկայացրել իբրև դավադրապաշտական ու դրսից պարտադրվող՝ ինչպես պահանջում են ժանրի կանոնները:  

   5 փուլի բաժանումը, սակայն, հայտնվում է շատ ավելի աննկատ մի հրապարակման մեջ, որի հեղինակը Նոր կտակարանային միության (ՆԿՄ) անդամ Ջո Քարտերն է: Իր  առաջարկած նախապատրաստական 5 փուլի նկարագրության ընթացքում Քարտեր օգտագործում է նաև միասեռականների ամուսնության օրինակը: ՆԿՄ-ն ունի արմատական կալվինիստական թեքում: Նրա առաքելությունը  ներկա և հաջորդ սերունդներին նոր կտակարանային սկզբունքները սովորեցնելն ու պահպանելը, ինչպես նաև՝ մշակութային փոփոխություններ իրականացնելն է: Ջո Քարտերը Նոր կտակարանային միության էլ.կայքի խմբագիրն է և իր այդ հրապարակումը զետեղել է համանուն կայքում՝ 2013թ. մայիսին: Նկատենք նաև, որ Քարտերի հրապարակման մեջ մարդակերների (կանիբալների) վերաբերյալ որևէ օրինակ չկա:

   Մարդակերների մասին օրինակը Քարտերի կողմից բերված՝ միասեռականներին վերաբերող օրինակին և 5 փուլի նկարագրությանը զուգահեռ 2014թ հունվարին առաջին անգամ հանդիպում ենք ռուսալեզու մի աղբյուրում՝ բլոգեր Եվգենի Գորժալցանի «Ոչնչացման տեխնոլոգիան» հրապարակման մեջ: Ռուսալեզու աղբյուրներում օվերթոնյան պատուհանին վերաբերող նույնանման բազմաթիվ մեկնաբանությունները հիմնականում կրկնօրինակում են Ե. Գորժալցանի հրապարակումը:

Ե. Գորժալցանի հրապարակման մեջ ներկայացված 5 փուլերն ու  մարդակերներին և միասեռականներին վերաբերող օրինակներն, ըստ էության, համընկնում են նաև մեր հետազոտության ամենասկզբում հղված հայալեզու տարբերակին, ինչը ենթադրել է տալիս, որ վերջինս կրկնօրինակված է նույն աղբյուրից և նույն՝ միասեռականների իրավունքների քարոզչությանը հակազդելու նպատակով: Նկատենք, որ օվերթոնյան պատուհանի վերաբերյալ հայալեզու  առաջին հրապարակումները ևս համացանցում հայտնվում են 2014թ. և առաջիններից մեկը Կոստանտին Տեր-Նակալյանի՝ «Ինչպես անգամ ամենաառողջ ու ամենակուռ արժեհամակարգի հերն անիծել, կամ «Օվերտոնի պատուհանի» մասին» հոդվածն է՝  հրապարակված 2014թ. մայիսին:

     Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այսպես կոչված՝ իսկական Օվերթոնի պատուհանը՝ կառուցվածքային և մեթոդական առումով: Ավելի ճիշտ՝ ի՞նչ է այն ըստ Ժ. Լեհմանի, քանի որ, ինչպես նշել էինք, Ժ. Օվերթոնն անձամբ այդ պատուհանի մասին որևէ հրապարակում կամ գրառում չի թողել: Ըստ Լեհմանի՝ Ժ. Օվերթոնը, խոսելով ԱՄՆ ներքին կուսակցական օրակարգերի մասին, առաջարկում էր  առաջնորդվել ոչ թե վերևից հասարակության մեջ գաղափարներ ներդնելու ավանդական մոտեցմամբ և իհետևանս՝ ձախողվել ընտրություններում, այլ ուշադրություն դարձնել հասարակության մեջ գոյություն ունեցող պատկերացումներին ու պահանջներին, որոնք գտնվում են քաղաքական գործիչների ձևավորած պատուհաններից անդին: Դրա համար պահանջվում է պատուհանը տեղակայել ոչ թե կուսակցական բևեռների ծրագրային հատվածներում, այլ կենտրոնում, կամ՝ ուղղակի լայնացնել պատուհանի շրջանակները, որպեսզի հասարակական պատկերացումները նույնպես և ավելի մեծ քանակով հայտնվեն այնտեղ: Ըստ Ժ. Լեհմանի՝ պատուհանը շարժվում է ոչ այն պատճառով, որ նոր քաղաքականություն իրականացվի կամ բացառվի հինը, ոչ այն ժամանակ, երբ փոխվում են քաղաքական գործիչների գաղափարները, այլ այն ժամանակ, երբ փոխվում են այն հասարակության պատկերացումները, ովքեր ընտրում են այդ գործիչներին:

    Այդուհանդերձ, Օվերթոնի պատուհանի լեհմանական տարբերակի քննադատությունները հուշում են, որ այստեղ ևս կան շահարկման տարրեր: Օրինակ, ռուս սոցիոլոգ Վ. Վախշտայնը համարում է, որ Պատուհանը տարբեր սոցիոլոգիական հղացքների (հիմնականում ֆրեյմ-վերլուծության՝ Սնոու-Բենֆորի և Ռայն-Շյոնի) առանձին կտորներից կազմված մի բան է, որը հարմարեցվել է գաղափարախոսությանը: Իսկ քաղաքական վերլուծաբան Լաուրա Մարշը գտնում է, որ Օվերթոնի պատուհանն արտահայտում է ամերիկյան քաղաքական երկու բևեռների (հանրապետական և դեմոկրատական) միջև պայքարն ու շահերի բախումը, այլ ոչ թե՝ ազգային պատկերացումները:

    Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ չնայած Օվերթոնյան պատուհանի բնօրինակի (Լեհմանի պատումի) գոյությանը, հայախոս լսարանին է հրամցվում այսպես կոչված՝ կալվինիստական-ռուսական մի տարբերակ, որտեղ, ի տարբերություն բնօրինակի, ներքին (ԱՄՆ-ում) քաղաքական խնդիրներ լուծելու վարկած-տեխնոլոգիան փոխարինվում է այլ երկրների դեմ ուղղված նենգամիտ տեխնոլոգիայով: Այս նոր՝ հիբրիդ տարբերակում, հայտնվում են գործակալ կերպարներ (միասեռականներ և մարդակերներ), որոնք օգտագործվում են 5 ծուղակ փուլերի միջոցով այդ ապոկալիպտիկ առաքելությունն ավարտին հասցնելու համար: Եվ այդ ամենը շաղախվում է Գլին Բեքի ֆանտաստիկ թրիլերային ոգով և ժանրային լուծումներով. հայտնվում է հնարամիտ փրկարար հերոսը (հոդվածի կամ նյութի հեղինակը), որը բացահայտում է մեծ դավադրությունը և միայնակ կռվի է դուրս գալիս ոսոխի դեմ: Ներքին քաղաքական-կուսակցական խնդիրներ լուծելուն միտված տեխնոլոգիայից միջազգային դավադրապաշտական տեխնոլոգիա սարքելը, կարծում ենք, պատահական չէ: Այն թույլ է տալիս վարկաբեկել տեղական իշխանություններին՝ նրան ուղղակի կամ անուղղակի մեղադրելով զգոնության պակասի մեջ: Դավադրապաշտության շահարկումը տվյալ դեպքում նաև զորեղ գործիք է՝ Հայաստանում առկա որոշակի իրավունքների և օրինական ազատությունների իրականացմանը  խոչընդոտելու համար: Դավադրապաշտությունը նաև նպատակ ունի հասարակության աչքում վարկաբեկել այն խմբերին, որոնք այսօր պայքարում են իրենց իրավունքների և ազատությունների համար:

 

Նիկոլ Մարգարյան

21.04.2019