ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Փաստերի աղավաղում
  • Քննարկման ծայրահեղացում և ձևախեղում
  • Սուբյեկտիվ ընկալման որպես փաստ ներկայացում
  • Տարաբովանդակ հասկացույթների միախառնում

 

Սեպտեմբերի 16-ին Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը:

Սույն օրինագծի և դրա հիմքում դրված գաղափարների քննադատությամբ հանդես եկան մի շարք հանրային գործիչներ՝ հետևյալ պնդումներով. «Անթույլատրելի է 25 տարեկան անձին ԱԱԾ պետ նշանակելու հնարավորություն նախատեսելը» [1], «Անթույլատրելի է պատահական անձի ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ նշանակելու հնարավորություն նախատեսելը» [2], «Ուժային կառույցները սպասարկելու են քաղաքական ուժի շահեր» [3], «Նշանակվածները չեն կարողանալու համակարգը համախմբել և ղեկավարել» [4]:

ԴԵՏԵԿՏՈՐԸ սույն պնդումներում հայտնաբերել է քննարկումը ծայրահեղացնելու և ձևախեղելու, սուբյեկտիվ կարծրատիպային ընկալումը որպես օբյեկտիվ փաստ ներկայացնելու, տարաբովանդակ հասկացույթները միախառնելու, փաստերը աղավաղելու մանիպուլյացիոն հնարքները:

 

Հիմնավորումներ

 

25 տարին լրացած անձի նշանակման անհնարինության թեզը

 

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գ. Եղիազարյանը, որը պնդում է, թե  անթույլատրելի է 25 տարին լրացած անձի (այդ թվում՝ 25 տարեկանի) նշանակումը ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնում, «մոռանում» է, որ մինչ սույն օրենքների ընդունումը, Ազգային անվտանգության մարմիններում և Ոստիկանությունում ղեկավար կարող էր աշխատել 18 տարին լրացած ցանկացած գործունակ ՀՀ քաղաքացի: Չնայած այդ հանգամանքին, 1991 թվականից մինչև 2002/3 թվականները ազգային անվտանգության մարմինների ղեկավար (նախարար) կամ ներքին գործերի նախարար չի նշանակվել 18 տարեկան անձ: Պատճառն այն է, որ ռացիոնալությունը ենթադրում է, որ 18 տարեկան անձը, չնայած ֆորմալ սահմանափակումների բացակայությանը, չէր կարող նշանակվել այդ պաշտոններում, քանի որ, որպես կանոն, չունի բարձրագույն կրթություն, մասնագիտական գիտելիքներ, բավարար աշխատանքային փորձ, ինչպես նաև՝ հոգեբանական վիճակի բերումով չի կարող ղեկավարել աստիճանակարգության (հիերարխիկ կառուցվածքի) վրա հիմնված կառույց:

 Նույն տրամաբանությունը կիրառելի է նաև քննարկվող օրինագծով նախատեսված՝ 25 տարին լրացած անձի մասով: Եթե 25 տարեկան անձը չունի կրթություն, մասնագիտական գիտելիքներ, փորձ, ապա իրավական ռացիոնալությունը ենթադրում է, որ նա չի նշանակվի տվյալ պաշտոնում: Իսկ ենթադրվող չափանիշների բավարարման դեպքում նա կարող է հավակնել տվյալ պաշտոնին: Այսինքն, այդ դեպքում էականը ոչ թե իրավակարգավորումն է, այլ իրավական և քաղաքական բանականությունը և ողջամտությունը:

Այս տրամաբանությունն է ընկած ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի հիմքում, երբ 25 տարին լրացած անձին հնարավորություն է ընձեռվում ընտրվել ԱԺ պատգամավոր, դառնալ ԱԺ նախագահ, ինչպես նաև լինել կառավարության անդամ՝ վարչապետ, փոխվարչապետ, նախարար (այդ թվում՝ պաշտպանության նախարար): Մինչդեռ, Գուրգեն Եղիազարյանի դատողություններից բխում է, որ 25 տարեկան անձը, որը կարող է զբաղեցնել կարևորագույն և առանցքային՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնները, որոնք, ըստ Սահմանադրության՝ վարչապետին ենթակա մարմիններ են: Գ. Եղիազարյանը լավ գիտակցում է նման պնդման ոչ ողջամիտ լինելը, սակայն օրինագիծը ներկայացնում է որպես աննախադեպ մի երևույթ՝ նպատակ հետապնդելով քննարկումը ծայրահեղացնելով ու ձևախեղելով ազդել հանրության վրա՝ ցույց տալով, որ ներկայիս քաղաքական իշխանությունն ունի ողջամտության հետ կապված խնդիրներ և չի գիտակցում պետության ներքին անվտանգության կարևորությունը:

 

«Պատահական անձի» նշանակման թեզը

 

Արդարադատության նախկին փոխնախարար, ի.գ.թ. Ռ. Մելիքյանի պնդմամբ՝ նախագծով հնարավորություն է ստեղծվում «պատահական» անձանց նշանակել ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնում:

Օրինակ, «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով չկա որևէ սահմանափակում ՊԵԿ ղեկավար կազմի՝  նախագահի և տեղակալների նշանակման հարցում: Մինչդեռ, ընդդիմախոսը չի նշում, որ ՊԵԿ նախագահ և տեղակալ կարող են նշանակվել «պատահական անձինք» և պետք է փոփոխություններ կատարվեն նշյալ օրենքներում՝ կանխելու համար պատահական անձանց նշանակումը տվյալ պաշտոններում: Ի դեպ, ՊԵԿ գործառույթները, մասնավորապես՝ հարկահավաքության գործառույթը, նվազ կարևոր չէ Ոստիկանության կամ ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթներից: Տեղյակ լինելով սրա մասին՝ ընդդիմախոսը երբևէ նման հարց չի բարձրացրել:

Զարգացնելով Մելիքյանի դատողությունների տրամաբանական շղթան՝ կարելի է պնդել, որ անթույլատրելի է վարչապետի, փոխվարչապետի, նախարարների (հատկապես՝ արտաքին գործերի և պաշտպանության) ընտրության և նշանակման չափանիշների հարցում սահմանադրական գործող կարգավորումների տրամաբանությունը, քանի որ ամեն «պատահական մարդ» կարող է դառնալ վարչապետ, փոխվարչապետ, նախարար: Սակայն ակնհայտ է, որ նման դատողությունները ողջամիտ չեն, քանի որ «պատահական մարդ» եզրույթը բավականին բազմիմաստ և կարծրատիպային է:

Եթե հեղինակը «պատահական մարդ» եզրույթի ներքո նկատի ունի «համակարգից» դուրս անձանց, ապա նույն տրամաբանությամբ, սակայն այլ դիտակետից՝ «պատահական անձ» կարող են համարվել հենց «համակարգում» աշխատող անձիք: Քննարկման մեջ անկյունաքարայինն այն է, որ «համակարգից» դուրս լինել՝ չի նշանակում «համակարգի» մասին անհրաժեշտ գիտելիքների, «համակարգում» աշխատելու ինտելեկտուալ կարողությունների պակաս ունենալ, և հակառակը՝ «համակարգում» գտնվելը չի երաշխավորում անհրաժեշտ գիտելիքների ու  ինտելեկտուալ կարողությունների առկայությունը:

Նոր օրինագիծն ուղղված է օժտելու տվյալ մարմինների ղեկավարներին (փաստացի՝ կառավարիչ-մենեջերներին) քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվությամբ: Ուստի՝ «համակարգում» գտնվելու և «համակարգից» դուրս լինելու թեզի շրջանառումն արդյունավետ չէ նման քննարկման համատեքստում:

Ողջամտությունը ենթադրում է, որ «պատահական» անձի նշանակման կանխումը նման կարևոր պաշտոններում ոչ թե օրենքի կարգավորման հարց է, այլ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ մեխանիզմերի առկայության կամ բացակայության:

Ընդդիմախոսը չի կարող չգիտակցել այդ հանգամանքը, սակայն, սուբյեկտիվ ընկալումը որպես օբյեկտիվ փաստ ներկայացնելով՝ փորձում է ազդել հանրային, հիմնականում՝ ոչ մասնագիտական հանրույթի ընկալման վրա:

 

 

«Քաղաքական շահի» սպասարկման թեզը

 

2019թ. մարտ ամսին ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը նշում էր, որ քաղաքական ղեկավարման ներքո ուժային կառույցները սպասարկելու են կոնկրետ ուժերի «քաղաքական շահը», ինչն անընդունելի է:

Դեմոկրատական հանրույթներում իրավապահ կամ արդարադատության իրականացմանը նպաստող մարմինների ղեկավարների նշանակումն իրականցվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, անկախ այն հանգամանքից՝  տվյալ պաշտոնը քաղաքակա՞ն է, թե՞ հայեցողական: Տվյալ մարմինները և իրենց ղեկավարները ծառայում են օրենքով նախատեսված նպատակներին և հանրային շահին՝ քաղաքական իշխանության քաղաքականության (policies) շրջանակներում: Այսինքն, քաղաքական իշխանության՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտում ունեցած քաղաքականության շրջանակներում այս կամ այն անձը նշանակվում է պատասխանատու պաշտոնում կամ ազատվում է կոնկրետ պաշտոնից: Այս հանգամանքը ամենևին չի ենթադրում, որ տվյալ պաշտոնյան պետք է կատարի վարչապետի կամ իշխող կուսակցության՝ օրենքով չնախատեսված հրահանգները և կարգադրագրերը: Պնդման հեղինակը՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Ա. Վանեցյանը, գիտակցելով այս ամենը, միաժամանակ՝ խուսափելով տվյալ պաշտոնը կորցնելու հեռանկարից կամ տվյալ պաշտոնի համար անձանց ավելի լայն շրջանակի հետ մրցակցելուց, նման պնդում է կատարում՝ աղավաղելով «քաղաքական շահ» հասկացությունը և  նույնացնելով այն օրենքով արգելված նպատակների ու շահերի հետ:

 

«Համակարգը» համախմբելու և ղեկավարելու անընդունակության թեզը

 

Ա. Ղազինյանի պնդմամբ՝ «համակարգից» դուրս անձի նշանակման դեպքում վերջինս չի կարողանալու համախմբել և ղեկավարել «համակարգը»:

«Համակարգը» համախմբելու և ղեկավարելու կարողությունը կապված չէ համակարգում աշխատած լինելու հետ: Կառավարելն ու համախմբելը ենթադրում է  անձնային այլ հատկանիշների՝ հաղորդակցության, բանակցային ունակությունների, սկզբունքայնության, ինքնավստահության, արագ կողմնորոշվելու ունակության, կենսափորձի և այլ որակների համադրություն: «Համակարգում» աշխատածը հնարավոր է չկարողնա համախմբել և կառավարել «համակարգը» և հակառակը՝ համակարգում չաշխատածը չի բացառվում, որ կարողանա հաջողությամբ համախմբել և ղեկավարել այն:

Ա. Ղազինյանը ևս գիտակցում է սա. այդուհանդերձ, որպեսզի գործող իշխանության լուծումները ներկայացնի իբրև վերջիններիս կողմից «համակարգից» անիրազեկվածության և համակարգի վերաբերյալ «թաքնագիտական» գիտելիքներին չտիրապետելու հետևանք, շրջանառության մեջ է դնում այս պնդումը, որը պարունակում է փաստերի աղավաղում:

 


Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

27-09-2019