ԿԱՐԱԳԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀԻՄՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ. Հովսեփ Պատվականյան

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա

                ԿԱՐԱԳԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀԻՄՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Նախորդ տարվա սեպտեմբերից կարագի գինը պարբերաբար բարձրանում էր և 2480 դրամից հասավ 4500 դրամի, այսինքն՝ մոտ 80%-ով թանկացում է եղել։ Վերջինս ամբողջովին պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով»[1]։

 

ՏՄՊՊՀ նախագահի պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է որոշակի մանիպուլյացիոն տարրեր։ Մի կողմից, հնչեցնելով իրականությանը համապատասխանող հայտարարություն, թե կարագի համաշխարհային գների բարձրացումը ազդեցություն է ունենում տեղական գների վրա, բայց մյուս կողմից՝ չշեշտելով այն փաստը, որ Հայաստանում 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբեր  կարագի գինը բարձրացել է 81%-ով, մինչդեռ, աշխարհում համապատասխան թանկացումը նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 42%։ Փորձ է արվում գնի բարձրացումն ամբողջովին վերագրել միջազգային շուկայի միտումներին՝ կոծկելով կարագի տեղական շուկայի մրցակցության թերզարգացածվածությունը։

 

Մեր հիմնավորումները

Համաշխարհային պրակտիկայում, անցումային տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ սննդամթերքը սպառողական զամբյուղում առյուծի բաժին է կազմում, գնաճի վրա ազդող կարևորագույն գործոններից մեկը սննդամթերքի համաշխարհային գների փոփոխությունն է։  Օրինակ, Հայաստանում պարենային ապրանքները զբաղեցնում են սպառողական զամբյուղի ավելի քան 50%-ը, նման միտում նկատվում է նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում: Ուսամնասիրելով համապատասխան վիճակագրական տվյալները՝ կարելի է փաստել, որ վերջին տասնամյակում սննդամթերքի գների բարձրացումը կարևոր դեր է խաղացել Հայաստանում ընդհանուր գնաճային գործընթացների ձևավորման վրա: Հայաստանում սննդամթերքի համաշխարհային գների ազդեցությունը ներքին գների վրա կարող է իրականացվել 2 ալիքով: Նախ, այն կարող է իրականացվել մեծածախ ապրանքներից ուղղակի գնման կամ՝ միջազգային շուկաներում (սերմ, կեր, հումք ապրանքներ եւ այլն) գյուղատնտեսական արտադրության բաղադրիչ տարրերի ձեռքբերման միջոցով: Երկրորդիվ, երբ խոսքը վերաբերում է  տեղական արտադրության սննդամթերքին, կարելի է ակնկալել մեկ գնի օրենքի (ՄԳՕ) գործարկումը: Տեսականորեն, ազատ մրցակցության պայմաններում հայրենական արտադրողները ազատ կարող են որոշել, թե որտեղ վաճառեն իրենց ապրանքները՝ Հայաստանու՞մ, թե՞ արտասահմանում։ Այսպիսով, հայրենական արտադրողների գները և միջազգային շուկայական գները համախմբման սկզբունքով նույն հետագծի են հետևելու։ Այս համատեքստում փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է կարագի համաշխարհային գների տատանումը ազդում Հայաստանում կարագի շուկայական գնի վրա՝ հատկապես հաշվի առնելով կարագի կտրուկ թանկացումը նոյեմբեր ամսվա  ընթացքում։ Վերլուծելով վերջին տասնամյակում կարագի տեղական և համաշխարհային գների դինամիկան (տես Գծապատկեր 1) կարող ենք փաստել, որ համաշխարհային գների բարձրացումը ներազդում է ներքին գների ձևավորմանը ընդամենը որոշ չափով, այլ ոչ թե ամբողջովին։

Այսպես, 2013թ համաշխարհային գները նախորդ տարվա համեմատ բարձրացել են 22.8%-ով, մինչդեռ տեղական գները՝ 10.9%-ով, 2014 թ համաշխարհային գները ՝ 26.7%-ով, տեղական գները՝ 13.1%-ով, 2015թ համաշխարհային գները՝ 27.1%-ով, տեղական գները՝ 14.5%-ով, 2016թ համաշխարհային գները՝ 21.8%-ով, տեղական գները ՝ 17.2%-ով։ Ըստ այդմ, կարելի է փաստել, որ մինչ այսօր տեղական և համաշխարհային գների փոփոխությունները  համաչափ չեն եղել, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով մի շարք այլ գործոնների ազդեցությունը կարագի ներքին գնի ձևավորման գործընթացում։ Միևնույն պահին, դիտարկելով կարագի միջազգային շուկաներում վերջին ամիսների զարգացումը, պետք է փաստել, որ սույն թվականի դեկտեմբերին վերջինիս միջին գինը կազմել է 4850$/մետրիկ տոննա, մինչդեռ 2016թ սեպտեմբերին այն կազմում էր 3400$/մետրիկ տոննա[2]։ Այսպիսով, միջինում 11 ամսվա ընթացքում կարագի համաշխարհային գինը բարձրացել է 42%-ով։ Բայց, միևնույն պահին, Հայաստանում կարագի գինը նույն ամիսներին բարձրացել է 2480 դրամից 4500 դրամ, այսինքն, մոտ 81%-ով թանկացում է եղել։ Վերոհիշյալը հաշվի առնելով՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է միջազգային գների  42%-ոց բարձրացումը, ըստ Շաբոյանի, ամբողջովին բացատրում Հայաստանում տեղական գների 81%-ոց բարձրացումը։ Նման տարբերությունը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ Հայաստանում կարագի շուկան ներկայացված է ընդամենը 20[3] տնտեսվարողներով, և, ըստ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), շուկայում գործող 3 խոշոր տնտեսվարողի մոտ է կենտրոնացած կարագի շուկայի 84%: Վերջինս կարող է և պատճառ հանդիսանալ, որ համաշխարհային գների տատանումը՝ Հայաստանում արտացոլվում է շատ ավելի մեծ տատանման մեջ, քանի որ, մրցակցության բացակայության պարագայում, սահմանափակ թվով տնտեսավարողների համար այս ամենը լրացուցիչ եկամուտներ գրանցելու հնարավորություն է։

Այսպիսով, հերթական անգամ ականատես եք լինում հանրության սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացնող երեւույթը բացառապես միջազգային գործընթացներով բացատրելու՝ կառավարության անհիմն քաղաքականությանը։

 

Հեղինակ՝ Հովսեփ Պատվականյան