ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ. «ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԿԵՂԾ ՆՄԱՆԱԿՈՒՄ

...

Բաղադրություն

  • Երկու ոչ համարժեք երևույթների նույնականացման փորձ
  • Բռնի և խաղաղ անհնազանդության ձևերի նույնականացման փորձ
  • Հասարակական կարևորության խնդրի ստորադասում «տուն պահելու» խնդրին

 

Թավշյա հեղափոխության թողած հետքերից մեկը, այսպես ասած՝ «փողոց փակելու» միջոցով բողոք արտահայտելու ակցիան է: Որպես փողոցային բողոքի ձև, այն Հայաստանում նորություն չէ և բնորոշ է եղել նաև քաղաքացիական պայքարի նախորդ փուլերին: Իսկ դրա ներկա դրսևորումներն, անշուշտ, կապված են հենց Թավշյա հեղափոխության ժամանակ ունեցած հաջողության հետ: Հետհեղափոխական շրջանում մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ այս կամ այն բնակավայրի բնակիչները դուրս են եկել փողոց և ինչ-որ պահանջով փակել այն: Վերջին և աղմուկ հանած այդպիսի դեպքերը երկուսն են:  Առաջինը վերաբերում է Իջևանում ապօրինի անտառահատումներ իրականացնողների կողմից միջպետական ճանապարհը փակելուն և ոստիկանության հետ ունեցած բախումներին, երկրորդը՝ Սևանա լճի շրջակայքում հանգստյան գոտիների, ռեստորանների և հյուրանոցների սեփականատերերի կողմից՝ Սևանի մայրուղին փակելուն: Իջևանում բողոքի մասնակիցներն իշխանությունից պահանջում էին չխոչընդոտել ապօրինի անտառահատումները, քանի որ դա միակ հնարավորությունն է ընտանիք կամ «տուն պահելու»: Իսկ Սևանի շրջապատի «օբյեկտների» (ժամանցային հաստատությունների) տերերը պահանջում էին կառավարությունից` հանդես գալ հայտարարությամբ, որով կհերքվեին այն լուրերը, թե Սևանի էկոլոգիական վիճակի վատթարացումը  կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ հանգստացողների առողջության վրա: Որպես պատճառաբանություն բերվում էր այն հիմնավորումը, թե Սևանի էկոլոգիական վիճակի շուրջ բարձրացված աղմուկի պատճաով հանգստացողների թվի նվազումը վնասել է իրենց գործին և թույլ չի տալիս «մի կտոր հացի փող վաստակել»: Երկու դեպքում էլ գործ ունենք հանրային նշանակության շահերը մասնավոր նեղ շահերին ստորադասելու մոտեցման հետ, երբ մարդկանց մի խումբ բողոքում է այն բանի համար, որ պետական իշխանությունը պաշտպանում է ոչ թե իրենց մասնավոր շահը, այլ՝ հանրայինը:

Առաջին դեպքում իրավիճակը ծայրաստիճան լարվեց և հանգեցրեց ոստիկանության հետ բախումների, ինչի հետևանքով  տասներկու ոստիկան մարմնական վնասվածներ ստացան, իսկ օրինախախտները ձերբակալվեցին: Երկրորդ դեպքում՝ գործը բախման չհասավ և ժամանակավոր լուծում ստացավ բանակցությունների միջոցով:

Հետաքրքիրն այն է, որ այս միջադեպերը սկսեցին համեմատվել Թավշյա հեղափոխության ընթացքում քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի ակցիաների ու փողոցներ փակելու գործողության հետ՝ առաջ քաշելով այսպիսի հարցադրում. արդյոք արդար է՝ մի դեպքում(Իջևանի) փողոց փակելը համարել դատապարտելի օրինախախտում, իսկ մյուս՝ (Թավշյա հեղափոխության) դեպքում նմանատիպ գործողությունը գնահատել որպես քաղաքացիական պայքար: «Առավոտ» թերթն իր խմբագրականում անդրադառնալով այս հիմնախնդրին՝ գրում է. «Որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցող մարդիկ վստահ են, որ մինչեւ 2018 թվականի մայիսը ոստիկանների պահանջները չէին կատարում, նրանց հետ բախվում էին, միջպետական ճանապահներ էին փակում հպարտ քաղաքացիները, ռեժիմի դեմ պայքարողները, եւ եթե նրանք բերման էին ենթարկվում կամ ազատազրկվում էին, ապա նրանց անհրաժեշտ էր քաղբանտարկյալ ճանաչել: Նույն ուղղության ներկայացուցիչները համոզված են, որ, օրինակ, Իջեւանում մարդիկ խախտում էին օրենքը, զանգվածային անկարգությունների էին դիմում, կատարում էին ՀՀԿ-ականների եւ «փայտի մաֆիոզիների» պատվերը, եւ իշխանությունը շատ էլ ճիշտ է վարվել, որ կոշտ միջոցներ է կիրառել նրանց դեմ: Բայց այդպես չի լինում. կամ երկու դեպքերում իշխանությունները ճիշտ էին, կամ երկու դեպքերում էլ՝ սխալ»:  
  Հարց է առաջանում՝ համեմատելի՞ են արդյոք այս երկու դեպքերը, և կարելի՞ է իրարից տարբեր այս երկու իրավիճակներում փողոց փակելու գործողությունը նույնականացնել: Այս հարցին պատասխանելու համար կառանձնացնենք երկու առանքային հատկանիշ, որոնք բնորոշում են այս կամ այն բողոքի ակցիան՝ որպես քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական:

  Առաջին կարևոր հատկանիշը՝ քաղաքացիական բողոքի ակցիայի  բռնի կամ ոչ բռնի բնույթն է: Թե՛ Թավշյա հեղափոխության ժամանակ, և թե՛ դրանից առաջ տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների (Մաշտոցի պուրակ, Երևանում տրասպորտի ուղեվարձերի թանկացման դեմ, «Էլեկտիկ Երևան» և այլ շարժումների) ընթացքում իրականացվել են քաղաքացիական անհնազանդության բացառապես ոչ բռնի գործողություններ:  Քաղաքացիական ակցիաների և Թավշյա հեղափոխության մասնակիցները ոստիկանների հանդեպ ֆիզիկական, բռնի ուժ երբևէ չեն կիրառել: Չնայած որ, ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ ուժի գործադրում եղել է բազմիցս,  ցուցարարներին բերման ենթարկելու  բազմաթիվ դեպքեր են եղել:
            Ի տարբերություն Թավշյա հեղափոխության և դրան նախորդած այլ քաղաքացիական նախաձեռնությունների՝ Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների հանդեպ
բռնի ուժի գործադրեցին, ինչի հետևանքում թվով տասներկու ոստիկան ֆիզիկական վնասվածներով տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ կարգազանցները ձերբակալվեցին:

Այսպիսով, «փողոց փակելու» բոլոր դեպքերը նույնականացնելը և դրանցում եղած առանցքային տարբերության (ցուցարարների կողմից բռնի ուժի գործադրման) անտեսումը տեղին չէ: Ավելին, դա ունի մանիպուլյատիվ բնույթ, քանի որ փորձ է արվում համեմատել երկու ոչ համարժեք երևույթ՝ նախապես դրանց միջև եղած առանցքային տարբերությունն անտեսելով կամ քողարկելով:

Երկրորդ կարևոր տարբերությունը բողոքի ակցիայի մասնակիցների կողմից փողոց փակելու գործողության հիմնավորումն  է: Թավշյա հեղափոխության ընթացքում «փողոց փակելու» նպատակը, որպես քաղաքացիական բողոքի գործողություն, հանրության ուշադրությունը հանրային կարևորության հիմնախնդրի վրա բևեռելն էր, դրա հասարակական կարևորության աստիճանը շեշտելն ու դրա շուրջ համակիրների բանակ  ձևավորելը: Այդ նպատակը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ական կլանի կողմից երկրում բռնատիրական իշխանության երկարատև հաստատման վտանգի կանխումն էր և դրա շուրջ հանրության համախմբումը: Լայն առումով, կար հասարակական կոնսենսուս՝ փողոց փակողների և փողոցում գտնվողների միջև և դա արտահայտվում էր բազմաթիվ ձևերով. ցուցարարներին միանալու, մեքենաների ազդանշաններ հնչեցնելու, երթերին մասնակցելու, և այլն: Հանրապետության գրեթե ողջ բնակչությունն իր համակրանքն էր արտահայտել պայքարի այդ ձևին և հանդուրժում էր հանրային տարածքներում իր տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, քանի որ գիտակցում էր, որ դա արվում է հանուն ընդհանուր շահի, այլ ո՛չ որևէ խմբի, որը փորձում է հարստահարել հանրայինը, իսկ Իջևանի դեպքում՝ վտանգել ողջ հանրապետության համար կարևոր բնապահպանական նշանակություն ունեցող անտառի գոյությունը:
Հստակ է, որ Թավշյա հեղափոխության ժամանակ փողոց փակելը՝ որպես հանրային բողոքի ձև, ուղղված էր հանրային շահի պաշտպանությանը՝ ընդդեմ նեղ խմբային և կլանային շահերի:
 Նույնը կարելի է ասել նաև Թավշյա հեղափոխությանը  նախորդած  քաղաքացիական ակցիաների մասին: Դրանք ուղղված էին, օրինակ, մասնավոր տրանսպորտային ընկերությունների, այսպես կոչված՝ «գծատերերի»  (մեծամասամբ՝  իշխանությունում գտնվող այս կամ այն կլանների ներկայացուցիչների) դեմ՝ ի պաշտպանություն քաղաքային բնակչության շահերի,  իշխանությանը  կոռուպցիոն կապերով սերտաճած  կլանների ներկայացուցիչների կողմից Մաշտոցի պուրակը հանրությունից խլելու և մասնավոր բիզնես-տարածքի վերածելու, հոսանքի գների բարձրացման դեմ և այլն:

Ակնհայտ է, որ Թավշյա հեղափոխությանը կամ դրան նախորդած քաղաքացիական նախաձեռնություններին բնորոշ բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են փողոցներ փակելով, ծառայել են հանրային շահի իրականացմանը և դրա դեմ մասնավորի կողմից իրականացվող ոտնձգությունների կանխարգելմանը, ինչի շնորհիվ էլ ընդունելի են համարվել հանրության լայն շրջանակների կողմից և արժանացել   հասարակական աջակցության: Հենց այդ պատճառով էլ Թավշյա հեղափոխության ժամանակ փողոցները փակելը չէր ընկալվում որպես հանրային շահի անունից իրականացվող մանիպուլյացիա:

Թե՛ Սևանի մայրուղին, և թե՛ Իջևանով անցնող հանրապետական նշանակության ճանապարհը փակելն իրականացվել է նեղ խմբային շահեր հետապնդող մարդկանց կողմից, որոնց  կազմակերպիչները ստորադասում են հանրապետական մասշտաբի հասարակական կարևորության բնապահպանական խնդիրն իրենց մասնավոր բիզնես շահերին կամ հանգեցնում այն իրենց ընտանեկան բարօրության խնդրին:

 Ընդհանրապես, քաղաքացիական շարժումներին նվիրված հետազոտություններում առանցքային է համարվում, որ դրանք արտացոլեն քաղաքացիական և հասարակական կարևորության խնդիրներ, հետապնդեն հանրության լայն շրջանակների կողմից աջակցվող նպատակներ և գործադրեն ոչ բռնի եղանակներ[i]:

Մեկ այլ կարևոր տարբերություն էլ այն է, որ ոստիկանությունը նախկինում հանդես է եկել այն իշխանության կողմից, որը պաշտպանել է մասնավոր-կլանային շահերը՝ ընդդեմ հանրության շահերի:  Իջևանի և Սևանի հայտնի դեպքերում «փողոց փակողների» դեմ ոստիկանության գործողություններում առաջին անգամ իրականացվում էր հանրային շահերի պաշտպանություն՝ ընդդեմ կլանային-մասնավորի: Իսկ ոստիկանությունը ներկայացնում էր հանրության քվեն ստացած լեգիտիմ իշխանություններին, այլ ոչ՝ տեղական «հարց լուծողների» աջակցությամբ և ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը բռնազավթածներին: Ավելին, ըստ առկա հավաստիացումների, այդ ամենի հետևում կանգնած են եղել հանցագործ կառույցների պարագլուխներ, որոնք, ըստ պտտվող խոսակցությունների, նախկին իշխանությունների հովանավորությունից  զրկված՝ «հարց լուծողների» խմբավորումներից են:
Անօրինական անտառահատումների արդարացման համար հաճախ որպես հիմնական արդարացուցիչ փաստարկ էր ներկայացվում այն, թե անտառը հատելու միջոցով մարդիկ «տուն են պահում»:

Նկատենք, որ սա հանրային ռեսուրսների հարստահարմամբ զբաղվող բոլոր օրինախախտների հիմնական արդարացումներից մեկն է եղել, սակայն հեղափոխությունից հետո առաջին անգամ այն դադարեց աշխատել: Նախկինում «տուն պահելու» փաստարկի վրա էր կառուցված ոչ միայն անտառագողերի, այլև՝ իշխանության ողջ տրամաբանությունը: «Տուն պահելով» է արդարացվել պետության ու հանրայինի թալանը՝ իշխանության ամենաբարձրից մինչև ամենաներքևի մակարդակներում: Այն եղել է պետությունը և հանրային ռեսուրսի թալանը արդարացնող միջոց: Իսկ ոստիկանությունը եղել է դրա  իրականացումն ապահովող մեխանիզմներից մեկը:

Ամփոփելով՝ շեշտենք, որ հետհեղափոխական շրջանում աղմուկ հանած  «փողոց փակելու» գործողությունները, նմանակելով Թավշյա հեղափոխության ժամանակ իրականացվող բողոքի ակցիաներին, հիմնականում ունեն մանիպուլյատիվ բնույթ՝ մի քանի հիմնական պատճառներով: Նախ, հանրային – խմբային հարաբերակցության մեջ խախտվում է քաղաքացիականության սկզբունքը՝  հասարակական շահը ստորադասելով  խմբային շահերին: Երկրորդ, խախտվում է Թավշյա հեղափոխության ընթացքում որդեգրված՝  խաղաղ, ոչ բռնի բողոքի սկզբունքը: Երրորդ, նմանակելով Թավշյա հեղափոխության ժամանակ իրականացվող քաղաքացիական ակցիաների ձևը՝ անտեսվում է դրանց բովանդակությունը: Արդյունքում՝ փորձ է արվում ստեղծել համարժեքության և նույնականության պատրանք՝ քաղաքացիական շարժումների և տեղական կլանային խմբավորումների կողմից կազմակերպված փողոցային գործողությունների միջև:



 

Հեղինակ՝ Աղասի Թադեւոսյան

09-08-2019

 



[i] Civil Resistance and Power Politics: The Experience of Non-violent Action from Gandhi to the Present. 2009. Eds. Roberts A, and T. Garton Ash. Oxford: Oxford University press.