«ՄԻՆԱՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Կեղծ հակադրությունների ստեղծում ու շահագործում
  • Կամայական մեկնաբանում
  • Կեղծ օրակարգի ձևակերպում

 

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում հաճախ են լույս տեսնում նյութեր, որոնց հեղինակները վերլուծում և գնահատում են 2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժի ձեռագիրը, ձեռքբերումները, գործունեության համապատասխանությունը տրված խոստումներին ու հասարակության սպասումներին և հնարավոր ապագան: Նման նյութերի յուրահատուկ հանրագումար կարելի է համարել Աղասի Ենոքյանի «Հեղափոխությունների մրցավազք» հոդվածը, որը շատ նյութերի պես հագեցած է մանիպուլյատիվ հնարքներով և նպատակ ունի ոչ թե ռացիոնալ վերլուծության ենթարկել վերը նշված երևույթները Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլ մանիպուլյատիվ հնարքներով ուղղորդել զանգվածային գիտակցությունը դեպի այնպիսի քաղաքական իրականության ընկալում, որը պարզապես գոյություն չունի:

Մեր հիմնավորումները

Խոսելով «Սասնա Ծռերի» և Արման Բաբաջանյանի քաղաքական հավակնությունների մասին՝ Ա. Ենոքյանը եզրակացնում է. «Ակնհայտ է, որ աշունը թեժանում է, իշխանական սկանդալները պայթում են մեկը մյուսի ետևից, և անհրաժեշտ են նորանոր սկանդալ-բացատրություններ, որոնք կսքողեն նախորդ սկանդալները։ Ակնհայտ է նաև, որ իշխանական թևում սկսվում են լուրջ դժգոհություններ, իմքայլականները պահանջում են կամ ռեֆորմներ, կամ էլ կոռուպցիոն սխեմաներում իրենց մասնակցելու «կերատաշտի» իրավունքը, այլապես անիմաստ է դառնում այն, որ իրենք կոչվում են իշխանություն»։ Մի կողմ թողնելով այն, թե ինչ հիմքով և իմաստով է Ա. Ենոքյանն օգտագործում «սկանդալ» հասկացությունը, արձանագրենք, որ նրա ենթադրությունն առ այն, որ «իշխանական թևում սկսվում են լուրջ դժգոհություններ», չստուգվող տեղեկությունների շարքից է: Արձանագրենք նաև, որ արտահայտելով դրան հաջորդող միտքը՝ «.. իմքայլականները պահանջում են կամ ռեֆորմներ, կամ էլ կոռուպցիոն սխեմաներում իրենց մասնակցելու «կերատաշտի» իրավունքը, այլապես անիմաստ է դառնում այն, որ իրենք կոչվում են իշխանություն», Ա. Ենոքյանը գործող քաղաքական թիմին ուղղակի կամայական կերպով վերագրում է իշխանության նման ընկալում՝ չունենալով կամ չբերելով այդ քաղաքական թիմի անունից հնչած որևէ պաշտոնական հայտարարություն, կամ կառավարող ուժի որևէ գործողություն, որը կհաստատեր նրա միտքը:

 Ա. Ենոքյանը նաեւ նշում է. «Փաշինյանական նեոհեղափոխականները, համաձայն իրենց պողոսական տեսլականի, միշտ նայում են դեպի հետ, պահանջում են պատժել էլի՛ նախկինների, տենչում են նոր սեփականազրկումներ և նոր կառափնարաններ։ Մինասյանական հեղափոխականությունն ուղղված է դեպի առաջ, դեպի խրամատների վերացում, ռեֆորմներ և կյանքի բարելավում»։ Ա. Ենոքյանը, բաժանելով «հեղափոխություն» հասկացությունը և դուրս բերելով դրա երկու տարբերակ՝ «փաշինյանական և մինասյանական»՝ փորձում է ստեղծել տպավորություն, թե դրանք երկուսն էլ արդեն գոյություն ունեն, և հանրության խնդիրը միայն դրանց միջև ընտրություն կատարելն է: Այդ՝ իբր քաղաքական օրակարգում առկա ընտրության շուրջ, Ա. Ենոքյանը կառուցում է հերթական մանիպուլյացիան՝ դուրս բերելով եղած և չեղած հեղափոխությունների հատկությունները, ստեղծելով դրանց միջև կեղծ, գոյություն չունեցող հակադրություն. մեկը ուղղված է դեպի հետ, մյուսը՝ առաջ, մեկի նպատակն է պատժել նախկիններին, մյուսինը՝ ունենալ ռեֆորմներ: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ հակադրությունը կեղծ է, և իրականում, նախկիններին պատժելը չի բացառում ռեֆորմ իրականացնելը (դեռ ավելին՝ միգուցե ենթադրում է), իրավունքի շրջանակներում իրականացվող սեփականազրկումները չեն բացառում կյանքի բարելավումը, և այլն:

Մանիպուլյացիա է պարունակում նաև Ա. Ենոքյանի եզրակացությունը, որով նա փորձում է ձևակերպել հասարակական-քաղաքական կեղծ օրակարգ. «Այս երկու հեղափոխությունների հակադրումն իրական թեստ է մեր հասարակության համար. կփորձե՞նք հաղթահարել մեր միջի պողոսին և գնալ դեպի իրականության վերափոխում, թե՞ կբավարարվենք պատժելով, բամբասանքներով ու հպարտ կզգանք վրեժխնդիր մեծախոսությամբ։ Սա մեր ընտրությունն է ռացիոնալի՝ կյանքը բարելավող իրական փոփոխության, և էմոցիոնալի միջև՝ անվերջ աշխատող գիլյոտին պահանջելու և ակնկալելու, որ դրանից ինքնըստինքյան հարստանալու ենք»։ Փորձելով տեղավորել հայաստանյան քաղաքական գործընթացներն իրականում գոյություն չունեցող «երկու հեղափոխությունների» կեղծ օրակարգի մեջ՝ Ա.Ենոքյանը դիմում է հերթական մանիպուլյացիայի՝ դրանք անվանելով «ընտրություն ռացիոնալի և էմոցիոնալի» միջև և տալով դրանց կամայական բնութագրություն: Այդ բնութագրությունը կամայական է, որովհետև Ա.Ենոքյանն օգտվում է «ցանկալին իրականի տեղ ներկայացնելու» հայտնի հնարքից և առանց որևէ հիմք նշելու՝ 2018 թվականի հեղափոխությունը բնութագրում որպես էմոցիոնալ, դեպի հետ ուղղված ու  վրեժխնդրությամբ լի գործընթաց: Նույնքան մանիպուլյատիվ է մյուս՝ չեղած եւ չնախատեսվող հեղափոխությունն անվանել ռացիոնալ, կյանքը բարելավող և խրամատները վերացնող՝ չունենալով կամ ցույց չտալով դրա համար անհրաժեշտ և բավարար որևէ տեսական կամ գործնական հիմք:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ա. Ենոքյանի՝ «Հեղափոխությունների մրցավազք» վերլուծական հոդվածը պարունակում է զանգվածային գիտացկությունն ուղղորդելու նպատակով կիրառվող բազմաթիվ հնարքներ ու կամայական մեկնաբանություններ, որոնք ամբողջ նյութը դարձնում են կողմնակալ և ոչ օբյեկտիվ:

Հեղինակ՝ Մովսես Դեմիրճյան

07-10-2019