ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՎ «ՏՈԳՈՐՎԱԾՆԵՐԸ»

...

Բաղադրություն

  • Բանակի և նրա հրամկազմի վարկաբեկման անհիմն մեղադրանք
  • Բանակի մարտական ոգու անկման մասին անհիմն պնդումներ

 

 

ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ՝ ՀՀ լրատվամիջոցներում կրկին հայտնվեցին բանակին վարկաբեկելու, բանակի մարտունակությունը և մարտական ոգին վտանգելու մասին մտահոգությունները: 2019թ. հունիսի 5-ին Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն հաղորդաշարին» հյուրընկալված Դ. Շահնազարյանը՝ լրագրողի այն հարցին, թե վերոհիշյալ հանձնաժողովի «ստեղծման թիրախը կրկին Արցա՞խն է», պատասխանեց. «Հիմնական թիրախը բանակն է և զինված ուժերը, որովհետև ինքը (Ն. Փաշինյանը-Ն.Մ.) իր գործողություներով թուլացնում է բանակը, թուլացնում է այդ բանակի ոգին» (տես՝ 12:10-12:40): Մեկ օր անց՝ հունիսի 6-ին, «Հայելու առաջ» հաղորդաշարում հյուրընկալվելիս Է. Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը, եթե դժգոհ է Ապրիլյան պատերազմի ելքից… եթե կա խնդիր, ես դեմ չեմ, որ ուսումնասիրվի: Ես դեմ եմ, որ խնդիրները կոծկվեն: Բայց ես դեմ եմ, երբ որ մանիպուլացնում է, սարքում են մահակ, որևէ մեկին բռնելու կամ թուլացնելու գործում: Թուրքիան և Ադրբեջանը մի ամսվա ընթացքում երկրորդ համատեղ զորավարժություններն են կազմակերպում, Էրդողանն ու Ալիևը Բաքվում հակահայկական հայտարարություն են անում, և ուղղակի մենք սպառնալիք ունենք: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարկաբեկում է արցախյան հերոսներին՝ ոտից գլուխ»: (տես 25:10-28:00)

Հաջորդ օրը՝ հունիսի 7-ին, նույն հաղորդաշարի տաղավարում քաղաքագետ Ա. Ենոքյանը նկատում է. «էս ամեն ինչի ֆոնի վրա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում գնում է ռազմական շինարարություն, Ադրբեջանում գնում է բանակաշինություն, իսկ Հայաստանում գնում է զինվորական ղեկավարության վարկաբեկում, Հայաստանում գնում է Արցախի իշխանությունների վարկաբեկում, որը որ իհարկե ազդում է բանակի ոգու վրա: Եվ այս ամենից հետո բնական է, ուրեմն կասկածներ են առաջանում, որ սա միգուցե չիմանալու արդյունք չէ, այլ դավաճանության արդյունք է»: (15:10-15:45)

Դետեկտորը համարում է, որ վերոբերյալ տեսակետներում առկա են շահարկման դրսևորումներ, որոնցում կիրառվում են բանակի ու դրա հրամկազմի վարկաբեկման և բանակի մարտունակության անկման մասին կեղծ նախազգուշացումներ, որոնց անտեսումը, իբև թե, բացասական ներգործություն կունենա պատերազմի պարագայում:

Մեր հիմնավորումները

Նախ պիտի նշենք, որ բանակի մարտական ոգուն վերաբերող մասնագիտական գրականության մեջ բանակի հրամկազմի վարկաբեկումը (թողնենք, որ մեր կողմից քննարկվող դեպքում նման բան չկա, ինչի մասին կխոսենք ստորեւ) չի դիտարկվում իբրև բանակի մարտական ոգու անկմանն ուղղված առաջնային սպառնալիք: Օրինակ՝ Վ. Արտամոնովը մի ընդհանրական հետազոտության մեջ բանակի մարտական ոգու մակարդակի վրա ազդող կարևոր պայմաններ է դիտարկում հայրենասիրությունը և հզոր հայրենիքի նկատմամբ հավատը, բանակի կազմակերպվածությունը, բանակի տեխնիկական վիճակը և հագեցվածությունը, ռազմատենչությունը, դիմադրողականությունը: Մյուս կողմից՝ վերոնշյալ անձինք չեն հստակեցնում, թե որ դեպքերը կարող են դիտարկվել՝ իբրև վարկաբեկում: Օրինակ, եթե բարձրաձայնվում են հրամանատարների անձնական կյանքին կամ նրանց թուլություններին (ընտանեկան դժբախտություն, թմրամոլություն, խաղամոլություն և այլն) վերաբերող հանգամանքները, որոնք իսկապես կարող են դիտարկվել իբրև սև քարոզչություն և ազդել բանակի մարտունակության վրա: Թե՞ հրամանատարի կարգավիճակում պարտականությունները չկատարելու համար օրենքով հետապնդման արժանանալը, ինչը չի հետապնդում միտումնավոր վարկաբեկման նպատակ և դրական առումով կարևոր և անհրաժեշտ է բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Եվ, ի վերջո, մարտական ոգու բարձր կամ ցածր մակարդակ ունենալը փորձարկվում և հաստատվում է պատերազմի ելքով՝ հաղթանակով կամ պարտությամբ:

2016թ Ապրիլյան պատերազմը, որը հայաստանյան հանրության և քաղաքական ուժերի մի զգալի հատվածի կողմից դիտարկվում է իբրև պարտվողական և ձախողված (և որի պատճառների քննության նպատակով ստեղծվել է վերոհիշյալ ԱԺ հանձնաժողովը), տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ պաշտոնական քարոզչությունը օրնիբուն գովաբանում էր հայկական բանակի բարձր մարտական ոգին ու պատրաստվածությունը, իսկ բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված քննադատությունները գրեթե զրկված էին հրապարակավ հնչելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, հայկական կողմը կարճ ժամանակամիջոցում աննախադեպ թվով զոհեր տվեց և ունեցավ տարածքային կորուստներ: Ինչպես հետագայում պարզվեց՝ պատճառը ոչ թե մարտական ոգու և հայ զինվորների հայրենասիրության ու անձնվերության պակասն էր, այլ տեխնիկական ոչ բավարար հագեցվածությունը և կազմակերպչական սխալները: Ընդ որում, խոսքն այնպիսի ռեսուրսների բացակայության մասին է, որոնց համար եղել են բավարար ֆինանսական միջոցներ և, ըստ ամենայնի, դրանք հատկացվել են համապատասխան զորամիավորումներին, սակայն չեն ծառայել իրենց նպատակին: Այլապես ինչո՞ւ պիտի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայն դժգոհություն հայտներ, որ «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում անորակ վառելիքի պատճառով»: Կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը ստիպված էր ուշադրություն հրավիրել առաջնագծում  զինվորներին զրահաբաճկոններով, գիշերային նշանառության սարքերով, կապի նոր միջոցներով և այլ պարագաներով չապահովելու վրա: Ուշագրավ է նաև ավելի ուշ արված՝ վարչապետ Ն. Փաշինյանի այն դիտարկումը, որ Ապրիլյան պատերազմին վերաբերող հարյուրավոր գաղտնի նյութերում բացակայում են հետախուզությանը վերաբերող տվյալները, ինչը վկայում է հետախուզություն չիրականացնելու մասին: Ի հավելումն մեջբերվածների՝ պատերազմի ժամանակ ռազմաճակատ մեկնած կամավորական խմբերի տարբեր ներկայացուցիչների բանավոր պատմությունները՝ հայ զինվորներին անհրաժեշտ հագուստի և սննդի  ցածր մակարդակի ապահովվածության և հիգիենիկ անբարենպաստ պայմանների մասին: 

Եվ չնայած այդ ամենին, Ապրիլյան պատերազմից 4 տարի անց, դեռ ոչ մի լուրջ փորձ չի ձեռնարկվել պարտության պատճառների պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի՞նչ նպատակով, պիտի հարցնենք: Որովհետև պատասխանատուները հրամկազմի՞ց են, որովհետև զգուշացե՞լ ենք նրանց վարկաբեկելուց, որպեսզի մարտական ոգին չգցենք, որպեսզի նոր պատերազմում չպարտվենք: Բայց չէ՞, որ նման զգուշության պատճառով արդեն մեկ անգամ պարտվել ենք: Վստահաբար՝ եթե մինչ Ապրիլյան պատերազմը երկրի քաղաքական ղեկավարությունը քաղաքական կամք ցուցաբերեր և բարձրաձայներ բանակում գոյություն ունեցող խնդիրները և պատժեր բարձրագույն հրամկազմի պատասխանատուներին, որոնց մասին հանրությունը լավատեղյակ էր, բայց արդարության հասնելու լծակներ չուներ, պատերազմում մեր ունեցած կորուստներն այսքան մեծաթիվ չէին լինի, իսկ հնարավոր է, որ ունենայինք հաղթական արդյունքներ:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ապրիլյան պատերազմում հակառակորդի առաջընթացը կասեցնելու և նոր զոհեր թույլ չտալու գործում կարևոր դերակատարություն ունեցավ համաժողովրդական համախմբումը և կամավորների բազմաթիվ խմբերի կազմավորումը, որոնք ռազմաճակատ մեկնեցին՝ կանգնելու ո՛չ թե բարձրագույն հրամկազմի, այլ հասարակ զինվորների կողքին՝ արհամարհելով գեներալներին ու բարձրագույն շտաբի ղեկավարների բացասական համբավն ու հեղինակությունը: Հետևապես՝ ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ նպատակով է հնչում բանակի հրամկազին չվարկաբեկելու և մարտական ոգին չգցելու մասին հանրապետական բանախոսների մտահոգությունը:

Հետադարձ հայացք գցելով անցած մեկ տարում  լրատվամիջոցներում ՀՀ բանակի բարձրագույն հրամկազմի նախկին ու գործող պաշտոնյաների վարկաբեկման դեմ հնչած կարծիքներին՝ կարելի է նկատել, որ դրանց հեղինակները մեծամասամբ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Խնդրի վերաբերյալ առաջին մտահոգությունները նրանք հնչեցրին դեռևս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման ժամանակ: Այդուհետ նման մտահոգություններ հայտնվեցին Յու. Խաչատուրովին պատասխանատվության կանչելու և Ռ. Քոչարյանի ձերբակալման առիթներով, ինչպես նաև, մի շարք բարձրագույն հրամանատարների պաշոտանանկության հետ կապված: Պիտի նշենք, որ Հանրապետական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է Հայաստանում, որը թե՛ Ապրիլյան պատերազմի ավարտին, թե՛ դրանից տարիներ անց շարունակում է միանշանակ պնդել, որ հայկական զորքերը մարտավարական և բարոյական հաղթանակ են տարել: Հետևաբար, բանակի հրամկազմի ցանկացած բացահայտ քննադատություն և դատական հետապնդման փորձ, առավել ևս, հատուկ Քննիչ հանձնաժողովի ստեղծման միջոցով՝ հնարավորություն է հանրապետականների իշխանության օրոք Ապրիլյան պատերազմում հայկական բանակի տարած հաղթանակի մասին առասպելը ի չիք դարձնելու և  Հանրապետական կուսակցությանը մեկ անգամ ևս վարկաբեկելու: Ահա, թե իրականում ում կամ ինչի վարկաբեկման համար են անհանգստանում հին և նոր հանրապետական բանախոսները: Մյուս կողմից, հանրապետական բանախոսները և Թավշյա հեղափոխությունը հեգնողները անհանգստացած են դեպի Արցախ հեղափոխական գործընթացների թափանցումով, որտեղ տակավին շարունակում են իրական քաղաքական իշխանություն վայելել Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական բանակի հրամկազմի մաս հանդիսացող գեներալները: Այս թեմային կանդրադառնաք մեկ այլ հոդվածում:

 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

19-06-2019