ԱՎԱՆԴԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆՈՎ (ՄԱՍ 3). ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

...

Բաղադրություն

  • Անհիմն մեղադրանքի հնչեցում
  • Սեռական կողմնորոշման շահարկում
  • Փոքրամասնությունների իրավունքներին ուղղված հակաքարոզչություն

 

Անցած երկու տասնամյակում Հայաստանում ավանդույթ է ձևավորվել քաղաքական գործիչների սեռական կողմնորոշումը քննադատության թիրախ դարձնելը: Նշված ավանդույթի մեկնարկը կարելի է համարել դեռևս 2004թ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի հնչեցրած սպառնալիքը՝ «հայ քաղաքական էլիտայի գեյերի ցանկը» հրապարակելու վերաբերյալ: Այդ ժամանակ թեմային անդրադարձել էր, օրինակ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը (նույն թվի սեպտեմբերի 28-ի համարում)՝ «Բացահայտեք նաև բոսյակներին» վերտառությամբ հոդվածում: Այդուհետ, որոշակի պարբերականությամբ՝ սեռական կողմնորոշմանը վերաբերող թեման մերթ թեժանալով, մերթ թուլանալով՝ շարունակում է հրապարակային քննարկումների նյութ լինել՝ մինչև 2018թ. Հայաստանում իրականացված Թավշյա հեղափոխությունը: Դրանից հետո այն դառնում է քաղաքական պաշտոնյաներին քննադատելու առանցքային ու մշտական գործիքներից մեկը: Կարելի է ասել, որ անցած մեկ տարում սեռական կողմնորոշմանը վերաբերող թեման ներկայիս իշխանություններին ու պաշտոնյաներին ուղղված քննադատական թեմաների թոփ տասնյակում է, եթե ոչ՝ թոփ հնգյակում (տես՝ 1՝ 23:53-26:00, 2՝ 10:4-11:35, 3, 4, 5, 6): Ամենաթարմ օրինակը «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գ. Իսագուլյանի կողմից սույն թվականի հունիսի 24-ին և 25-ին հնչեցրած մեղադրանքներն են՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հասցեին: Հունիսի 24-ին Սահմանադրական դատարանի առջև ՎԵՏՕ քաղաքական շարժման կազմակերպած ցույցի ժամանակ տված հարցազրույցում նա հայտարարեց. «Վստահ եմ՝ ազգային անվտանգությունում կան նյութեր, թե ինքը (Վ. Գրիգորյանը -ՆՄ) ինչ կողմնորոշում ունի սեռական առումով, ինչը էսօրվա իշխանությունների համար շատ կարևոր փաստաթուղթ է, և նրան վաղը, մյուս օրը դրդելու են ցանկացած պահի: Էդ կոմպրոմատը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատ իր ձեռքին ունի և ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն արդեն Սահմանադրական դատարանի անդամ, դատարանի դատավոր լինելու իրավունք չունի, կորցրել է վաղուց այդ իրավունքը: Կարծում եմ, որ բոլորիս պարտքն է ամեն ինչ անել, որ գոնե դատական իշխանությունը մնա օրենքների և Սահմանադրության շրջանակներում» (տես 2:39-3:34): Հաջորդ օրը, մամուլի մի ասուլիսի ժամանակ նա կոչ արեց «դատական իշխանությունը չտալ այդ ապաշնորհներին, հատկապես՝ այդ գոմիկին» (տես 1:17-1:44): «Գոմիկ» պիտակումը վերոհիշյալ «հիմնավորումների» ոգով նա կրկնեց նաև երեկոյան՝ «Հայելու առաջ» հաղորդաշարին հյուրընկալվելիս (տես 18:32-18:53):

 

Դետեկտորը համարում է, որ քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների սեռական կողմնորոշումը թիրախավորելը շահարկման հնարք է, որի նպատակը տվյալ անձին և նրա հետևում կանգնած քաղաքական ուժին հանրության աչքում վարկաբեկելն է: Մյուս կողմից, շահարկման այդ հնարքը (այն իբրև մեղադրանք կամ զրպարտություն օգտագործելը) պարունակում է օրենքով արգելված խտրականության դրսևորում՝ անկախ որևէ անձի սեռական կողմնորոշումը ճիշտ կամ սխալ նույնականացնելու հանգամանքից:

 

Մեր հիմնավորումները

 Նախ՝ քաղաքական գործիչը կամ բարձրաստիճան պաշտոնյան, ինչպես առհասարակ ցանկացած ոլորտի գործիչ, պիտի քննադատության արժանանա իր պաշտոնում կամ կարգավիճակում իրականացրած գործունեության մեջ թույլ տված սխալների համար: Սակայն, դեռ խորհրդային տարիներից և հատկապես՝ հետխորհրդային շրջանում, հանրության կողմից քաղաքական գործիչներին գնահատելու առաջնային չափանիշներ են եղել ոչ թե արհեստավարժությունը և հանրային շահերին ծառայելը, այլ նրանց մասկուլինային որակները՝ հետերոսեքսուալությունը, անվախությունը, հնարամտությունը, ինքնասացիությունը և անհանդուրժողականությունը: Առնականությանը վերագրվող վերոհիշյալ հատկանիշները որոշակիորեն արտածված են ընտանիքի և ընտանիքում տղամարդու դերի հանրային պատկերացումներից և դրանց արտացոլումն են քաղաքականության մեջ: Համաձայն այդ պատկերացումների՝ նախընտրելի է անճար տղամարդու կամ ոչ բավարար հոգատար հոր համբավ ունենալը, նվազ եկամտաբեր աշխատանքով զբաղվելը, քան «գոմիկի» պիտակում ստանալը: Այդ պատճառով է, որ թեև քաղաքականության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ ձախողումներ, բայց ձախողված պաշտոնյաները հաճախ ավելի սուր քննադատության են արժանացել ոչ թե հանրային շահը իրենց շահին ստորադասելու կամ կազմակերպչական ոչ բավարար հմտությունների տիրապետելու համար, այլ հետերոսեքսուալ չլինելու, վախկոտություն (ղզիկություն` վարքագիծ, որ վերագրվում է կանանց) դրսևորելու, ոչ բավարար հնարամիտ ու ճարպիկ լինելու, կամ չափից դուրս հանդուրժողական ու խելոք լինելու համար: Եվ պատահական չէ, որ խելոք լինելը հայաստանյան հանրային ընկալումներում նույնականացվում է ոչ թե մտավոր կարողություններին, այլ վարքագծի դրսևորումներին և ունի բարոյական մեկնաբանություն: Դրա հոմանիշներն են համեստությունն ու հնազանդությունը, որոնք հանրային ընկալումներում անընդունելի կամ չխրախուսվող գծեր են մասկուլինային վարքագծի և ընդհակառակը, խրախուսելի՝ կանանց վարքագծի համար: Քաղաքական գործչի սեռական կողմնորոշման հարցը նույնպես դիտարկվում է բարոյական հարթությունում: Իր հերթին՝ բարոյականությունը մեր օրերում հաճախ մեկնաբանվում է համաձայն առաքելական քրիստոնեական աշխարհընկալումների: Ուստի՝ պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցու հովիվները հաճախ ակտիվորեն արձագանքում են քաղաքական գործիչների սեռական կողմնորոշումները թիրախավորելուն ուղղված շահարկման փորձերին, և եկեղեցին դա խրախուսող հաստատություններից մեկն է:

Երկրորդ՝ ինչպես պետական պաշտոններում, այնպես էլ մասնագետների ընտրությանն ու որակավորմանը վերաբերող ՀՀ օրենքներում չկա որևէ պահանջ՝ ընտրվող կամ նշանակվող անձի՝ այս կամ այն սեռական կողմնորոշմանը նույնականացնելու վերաբերյալ: Օրենքները և կանոնակարգերը նույնպես սահմանում են այնպիսի պահանջներ, որոնք վերաբերում են արհեստավարժությանն ու փորձառությանը, հանրային շահին ծառայելու պատրաստակամությանը, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացի լինելու ժամանակային սահմանափակումներին, թեկնածուների տարիքի նվազագույն և առավելագույն շեմերին:

 Երրորդ՝ սեռական կողմնորոշումն ինքնին երաշխիք չէ վատ կամ լավ պաշտոնյա, լավ կամ վատ մասնագետ լինելու համար: Համաձայն տարբեր հոգեբանների և սեքսոպաթոլոգների դիտարկումների՝ սեռական ոչ հետերոսեքսուալ կողմնորոշումների թվին պատկանող հակումները պաթոլոգիական երևույթներ չեն և կարող են պայմանավորված լինել ինչպես բնածին, այնպես էլ ընտանեկան միջավայրում երեխայի ձևավորմանն ուղեկցող որոշակի հաղորդակցային և կոգնիտիվ հանգամանքներով: Իսկ մասնագիտական որակներն ու   արհեստավարժությունը ձեռքբերովի հատկանիշներ են, որոնք ձևավորվում են գլխավորապես՝ այլ ինստիտուտներում գիտելիքներ և փորձառություն կուտակելու արդյունքում: Տարբեր երկրներում հաջողված քաղաքական գործիչներին վերաբերող օրինակները վկայում են, որ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձինք կարող են նույնքան նվիրված ծառայել հանրային շահին և հաջողակ ղեկավարներ լինել, որչափ, այսպես կոչված, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող պաշտոնյաները:

Չորրորդ՝ սեռական կողմնորոշումը վերաբերում է անձի ինտիմ կյանքին ու անձնական նախահակումներին, որոնք չեն կարող քննադատության ու նաև՝ քրեական հետապնդման թիրախ լինել այնպես, ինչպես որևէ պաշտոնյայի դավանաբանական կամ սպորտային նախահակումների պարագայում է:

Այդուհանդերձ, ինչպես տեսանք վերը հղված հրապարակումների օրինակով, Հայաստանում սեռական ոչ ավանդական կողմնորոշումն  այսօր էլ  օգտագործվում է իբրև միջոց՝ քաղաքական գործիչներին քննադատելու համար: Սա, ինչպես ասել ենք, իրականացվում է շահարկման նպատակով և տվյալ դեպքում՝ շահարկման օբյեկտը հայաստանյան հանրության մեծամասնությունն է, և նրա գիտակցության մեջ  արմատավորված՝ քաղաքական գործիչների վերաբերյալ ընտանեկան մասկուլինային ու ֆեմինինային որոշակի կարծրատիպերը: Ընդ որում՝ բազմաթիվ դեպքերում մենք ականատես ենք, որ տարբեր պաշտոնյաների սեռական կողմնորոշման նույնականացման փորձերը չեն համապատասխանում քննադատվող անձանց իրական սեռական կողմնորոշումներին և պարունակում են ակնհայտ կեղծիք: Ոչ քիչ դեպքերում, հայաստանյան քաղաքական գործիչները և պաշտոնյաները տրասնգենդեր, գեյ, լեսբուհի և նմանատիպ անվանումներով են պիտակվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու պատճառով: Եվ նույնիսկ ճշգրիտ նույնականացման պարագայում, անկարելի է զանց առնել այն մտահոգությունը, որ սեռական կողմնորոշման շահարկումը հետապնդում է քաղաքական գործիչներին և հատկապես՝  ներկայիս հեղափոխական իշխանություններին հասարակության աչքում վարկաբեկելու նպատակ: Այդ շահարկումների մյուս կարևոր թիրախը Հայաստանում սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող քաղաքացիներն են և նրանց իրավունքները: Ուշագրավ է, որ սեռական կողմնորոշումը շահարկողները հիմնականում նախկին քաղաքական համակարգը ներկայացնող և դրա վերադարձը երազող պաշտոնյաներ են (այդ թվում՝ ազգային անվտանգության գծով նախկին աշխատակիցներ), որոնք  իրենց ավանդական սեռական կողմնորոշումից զատ, այլ փաստարկ չունեն  հանրությանը շահեկանորեն ներկայանալու համար, հատկապես, պետական պաշտոններում դրսևորած՝ ղեկավարման կարողություններին և հանրային շահին ծառայելու հաջողված փորձին վերաբերող օրինակների առումով:

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

11-07-2019