«ԱԶԳԱՅԻՆԻ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ. Գոռ Մադոյան

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահագործում հանրային վարք կամ դիրքորոշում ձևավորելու նպատակով
  • «Ազգայինի» դիսկուրսի շահարկում
  • «Բարոյահենության» դիսկուրսի շահարկում
  • Բազմաելքության մերժում
  • Բինար հակադրությունների ստեղծում ու դրանց շահագործում

 

            Արդեն ամիսներ շարունակ ներհայաստանյան կյանքի հանրային դիսկուրսում շարունակվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության միջև հանրային բանավեճը՝ կապված կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի հետ։ Թավշյա հեղափոխությունից հետո այս պահանջով հանդես էր եկել «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը` նոր իրականության պայմաններում պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։ Դեռ պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն, և ինչ հետևանք կունենա եկեղեցու ու նախաձեռնության միջև հանրային բանավեճը, բայց հատկանշական է, որ այս խնդիրը լայն արձագանք է ստացել  հանրության շրջանում։

Պատմական առանձնահատկություններից ելնելով՝ հայաստանյան հասարակության մեջ գոյություն ունի «ազգայինի» շրջանառվող դիսկուրս՝ լիցքավորված առավելապես դրական իմաստներով: Սրա  արդյունքում  «ազգային» կոչված կաղապարը՝ որպես առավելապես դրական իմաստներով լիցքավորված կաղապար, բավականին գայթակղիչ գործիք է հանրային ցանկացած բանավեճում օգտագործվելու առումով։ Լինելով հեգեմոն դիսկուրս և ունենալով դրական նշանային ծանրաբեռնվածություն՝«ազգայինը», ըստ էության, դուրս է ցանկացած բանավեճից, խնդրականացումից և մեծամասնության կողմից նույն (դրական) կերպ է ընկալվում։ Իսկ այն դիսկուրսները և գաղափարախոսությունները, որոնք ահռելի ազդեցություն ունեն հասարակության վրա, շահավետ գործիք են շահարկման ու մանիպուլյացիայի միջոցով հանրային վարք ձևավորելու համար։ Գործիքի էությունն այն է, որ արհեստականորեն բինար հակադրություն է ստեղծվում դրական «ազգայինի» և բացասական «ապազգայինի» միջև, այսպիսով մերժելով բազմաելքությունը ու ստեղծելով խաբկանք, թե ընտրության այս երկու տարբերակներից զատ այլ տարբերակներ չկան։

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ ՀԱՍԵ - «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության բանավեճի երկու կողմերն էլ շռայլորեն կիրառում են «ազգայինի» լեզուն։ Խոսելով ազգի անունից, երկու կողմերն էլ  իրենց ներկայացնում են որպես  ազգի խնդիրներով մտահոգ կողմեր,  «ազգի ներկայացուցիչներ» և հակառակ կողմին մեղադրում են ազգային կյանքը խաթարելու, ազգային արժեքներից հետ կանգնելու մեջ։

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը և ՀԱՍԵ-ն նույնականացնում են ազգը հոգևոր հանրույթի հետ և մերժում ազգի արդի ընկալումը։ Արդիության ժամանակներից սկսած՝ ազգը ընկալվում է որպես ազատ մարդկանց կամային միություն՝ հիմնված հանրային պայմանագրի վրա։ Այն զերծ է  ցանկացած տեսակի մեխանիկական,  միագիծ չափումներից: Ինչպես ՀԱՍԵն, այնպես էլ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը, ազգը փաստացի չդիտարկելով որպես բոլորի (կաթոլիկ, բողոքական, ուղղափառ, այլադավան և աթեիստ հայերի) հանրագումար, անկախ կրոնական կամ այլ պատկանելությունից, երկրորդ պլան են մղում ազգայինի քաղաքական չափումը՝ ի հակադրություն ազգայինի կրոնական չափման։ Այս միտումը իր էության մեջ հակադեմոկրատական է, ակամայից նաև հակապետական. ստացվում է, որ ազգի պետական-քաղաքական ընկալումը ստորադասվում է կրոնականին։ Արդյունքում ազգը գնահատվում է ոչ թե որպես ազատ կամքի վրա հիմնված քաղաքական ամբողջություն, այլ որպես կրոնական հիմքով հանրույթ՝ հիմնված առավելապես մեխանիկական միասնության վրա։

Այսպես օրինակ վերոնշյալ նախաձեռնության առաջին հայտարարություններից մեկում ասվում է. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումը, հայ ժողովրդի միասնական ոգու դրսևորմամբ լուսավոր նոր էջ պիտի բացի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում: Հայ եկեղեցին հայ ազգի հոգևոր և ազգային հարստությունն է: Շարժումը հավատում է, որ ժողովրդի ձայնն անհնար է անտեսել»։

 Մեկ այլ տեղ, համակարգող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը, պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե նրանք (նախաձեռնությունը) պատրա՞ստ են ներել կաթողիկոսին, խոսում է ազգի բարոյական լինելու մասին՝ նշելով. «...Նախ, մենք չպետք է ներենք, այլ՝ ազգը։ Մեր շարժման նպատակն այն է, որ ազգի և Կաթողիկոսի միջև անջրպետ կա։ Եթե ինքը զղջա, ազգն էլ ների, մենք ո՞վ ենք այդ պարագայում»։  Մեկ այլ հարցազրույցում Կ. Պետրոսյանը կրկին խոսում է ազգի՝ որպես գերագույն դատավորի և բարոյահենության կրողի մասին, երբ նշում է, որ. «...կաթողիկոսը հասել է այդ դիրքին իշխանության բռնաճնշումների և կաշառքների միջոցով, և ամբողջ հայ ազգը ֆիքսել է դա»։

ՀԱՍԵ-ն իր հերթին իր պաշտոնական հաղորդագրություններից մեկի մեջ նշում է. «...Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետերի և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները՝ հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում»։ Կամ մեկ այլ տեղ, երբ եպիսկոպոսներից մեկը կրկին իր խոսքում  ազգը փաստացի նույնականացնում է ՀԱՍԵ-ի հետևորդներին և հավելում, որ եկեղեցին է նաև սփյուռքի պահպանության երաշխավորը. «… պետությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որովհետև եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տկար լինի, նշանակում է անմիջապես պետությունը կտկարանա, նշանակում էսփյուռքը մահկանացուն կկնքի առանց եկեղեցու»։

Մեջբերման մեջ եպիսկոպոսներից մեկը, խոսելով պետության կողմից եկեղեցու պաշտպանության մասին, ըստ էության, նույնացնում է եկեղեցին և պետությունը, եկեղեցին և սփյուռքը, այսպիսով եկեղեցին ներկայացնելով որպես պետության և սփյուռքի պահպանման անառարկելի գրավական։ Այս տրամաբանությամբ եկեղեցու թուլացումը ուղիղ համեմատական է պետության և սփյուռքի թուլացմանը։

ԴԵՏԵԿՏՈՐԸ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները և ՀԱՍԵ-ի ներկայացուցիչները երկուստեք շրջանառում և կիրառում են հայկական իրականության մաս հանդիսացող «ազգային» դիսկուրսը հետեւյալ մանիպուլյատիվ հնարքի միջոցով. «նույնականացման» գործիք է ստեղծվում,  նույնականացվում և հավասարեցվում են անհամարժեք ինստիտուտներ և կատեգորիաներ, ինչպիսիք են ազգը, պետությունը, եկեղեցին և սփյուռքը։ Վերը նշված օրինակներում թե՛ ազգն է նույնականացվում եկեղեցու հետեւորդներին, երբ ասվում է, որ «ազգը կարող է ներել կաթողիկոսին» և թե՛ նախաձեռնությունն է նույնակացվում այն անհրաժեշտ կամուրջին, որը կմիավորի բևեռացված ու իրարամերժ կողմերին։ Մյուս կողմի փաստարկներում էլ եկեղեցին է նույնականացվում պետությանը և սփյուռքին, երբ շեշտվում է, որ. «եկեղեցու տկարության պատճառով սփյուռքն իր մահկանացուն կկնքի, իսկ պետությունը կտկարանա»։

Մեկ այլ կարևոր հանգամանք է նաև հիշատակված նախաձեռնության կողմից բարոյահենության խնդրի ընդգծումը։ Ազգին որպես ներողի և, ըստ այդմ, բարոյականություն իրացնողի ներկայացմամբ՝ խնդիրը տարվում է  բարոյականության և հուզականության դաշտ։

Եկեղեցին իր հաղորդագրություններից մեկում նույնպես կիրառում է բարոյականության ընդգծման և դրա միջոցով հակադրության ստեղծման գործիքը՝ նշելով. «...Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով։Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները»։ Խոսելով եկեղեցու սրբությունների հանդեպ ոտնձգության  և վարկաբեկիչ հայտարարությունների մասին, հարցականի տակ է դրվում դիմացի կողմի բարոյական կերպարը՝ այդպիսով ընդգծելով բարոյահենության խնդիրը և հուզականության դաշտ տանելով բանավեճը։ Մեկ այլ տեղ նշվում է, որ առկա խնդիրը կողմերի միջև «փողոցային արտահայտություններով», «կոյուղաջրով», «կեղտոտ արտահայտություններով» չի լուծվի։

ԴԵՏԵԿՏՈՐԸ նախաձեռնության և եկեղեցու զուգահեռ հայտարարությունների մեջ հայտնաբերել է «բազմաելքության մերժում» մանիպուլյացիոն հնարքը, այն է՝ խնդիրը ներկայացնել որպես մեկ լուծում ունեցող` այն լուծումը, որն առաջարկվում է ժողովրդի շահով մտահոգ կողմի անունից։ Այստեղ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները դիրքավորվում են որպես ազգի «փրկիչներ» մեսիականության ջատագովներ, որոնք կոչված են «մաքրելու», «փրկելու» Հայ առաքելական եկեղեցին և հավատացյալ ժողովրդին: Իսկ եկեղեցին հայտարարում է, որ խնդիրն ունի ներեկեղեցական բնույթ և պետք է կարգավորվի միայն ու միայն ներեկեղեցական ընթացակարգերով՝ կրկին մերժելով բազմաելքությունը:

ԴԵՏԵԿՏՈՐԸ երկու կողմերի հայտարարություններում հայտնաբերել է նաեւ հանրային վարք և դիրքորոշում ձևավորելու  նպատակով էմոցիաների շահարկման մանիպուլյացիոն հնարքը: Երկու կողմերի թե՛ բառապաշարը, թե՛ շեշտադրումները կոչված են հուզականություն հաղորդել բանավեճին՝ էլ ավելի իռացիոնալացնելով խնդիրը։ Այս ամենն անշուշտ արվում է անհրաժեշտ հանրային վարք ձևավորելու նպատակով: Վերոհիշյալը էլ ավելի է թեժանում, երբ նախաձեռնությունը հանրությանը հիշեցնում է ցեղասպանությունը և ցեղասպանության զոհերին, իսկ Գարեգին Բ-ին կապում «դահիճի» կերպարի հետ։ Այսպես օրինակ, նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջից  հայտարարություն էր տարածել, որ «Գարեգին Բ-ն օգնության է կանչել Էրդողանի ստրուկ Աթեշօղլուին, որը հուլիսի 15-ին մասնակցել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. պատարագին։ ... Աթեշօղլուն չի ընդունում հայոց ցեղասպանության փաստը, մերժում է ճանաչել Հայ եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասումը...»։ Հանգուցելով կաթողիկոսի կերպարը ցեղասպանության խնդրի հետ, հատկապես, «զոհերի սրբադասումը մերժող» հոգևորականի ու նրա հավանական «տիրոջ»՝ թուրքական պետության առաջնորդի հետ՝ նախաձեռնությունը կրկնակի «արդյունավետ» զգայական ֆոն է ստեղծում՝ հագեցնելով այն ազգային վախերով:

Այսպիսով, եթե ամբողջացնենք վերը նշվածը և համադրենք գաղափարա-քարոզչական պատումներն ու մանիպուլյացիոն գործիքակազմը, կտեսնենք, որ բանավեճի երկու կողմերն էլ իրենց համար ցանկալի հանրային վարք ձեւավորելու նպատակով լայնորեն օգտագործում են ազդեցիկ, մեծամասնության կողմից միանշանակ ընդունվող «ազգայինի» դիսկուրսը՝ համադրելով այն արհեստական բինար հակադրություններով։ Ստեղծելով հակադրություններ՝ երկու կողմերն էլ, ըստ էության, մերժում են բազմաելքությունը և իրենց կողմնակիցներին կանգնեցնում՝ «ազգային-ապազգային» բևեռային ընտրության առաջ:

 

 Հեղինակ՝ Գոռ Մադոյան

 

 01-09-2018