ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

...

Բաղադրություն

  • Մանիպուլյացիա` իրականության և փաստերի կամայական մեկնաբանության միջոցով

 

          

Վերջին օրերի նշանային իրադարձություններից որոշները կապվում են Արցախի, նրա ընկալման, հայկական երկու պետությունների հարաբերությունների բնույթի ու բովանդակության հետ. Ն. Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի և Արցախի հարաբերություններում առկա որոշ խնդիրների մասին[1], արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանի հայտարարությունն այն մասին, որ «...անհամաձայնությունները խորքային չեն»,[2]  Վ. Բալասանյանի կոշտ ու անհասկանալի, իրականում՝ ցայտնոտային հայտարարությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելության ու Հայաստանում իշխանության բնույթի մասին[3] ու վարչապետի մամլո խոսնակ Վ. Կարապետյանի նույնքան կոշտ արձագանքը:[4]  

 

Այս շարքում երկու իրադարձություն, ուղղակի ու անուղղակի կապ ունենալով Արցախի հետ, վերաբերում է նաև Ռ. Քոչարյանին: Առաջինը վերջինիս ծննդյան 65-ամյակի շնորհավորական ուղերձներն են, երկրորդը` շնորհավորանքը Արցախի անկախության 28-ամյա տարեդարձի կապակցությամբ:

            Թվարկված  յուրաքանչյուր դրվագ արժանի է առանձին վելուծության այն պատճառով, որ թույլ կտա Արցախն ու արցախյան հակամարտությունը դիտարկել որպես համակարգ: Իսկ որպես համակարգ դիտարկելը, իր հերթին, հնարավորություն կտա տեսնել ուրվագծվող հիմնական բևեռներն ու հասկանալ այն լարվածությունը, որ առկա է համակարգային փոփոխությունների հանդեպ արտահայտված վախ ունեցող գործիչների մոտ:

           

Ռ. Քոչարյանի ուղերձը, ըստ էության, վերջին խմբի ուղերձն է:

Այս խմբի  ներկայացուցիչները հասկանում են, որ Արցախն այն վերջին հանգրվանն է, որ քաղաքական ու սոցիալական որոշակի կապիտալ պահպանելու և  այդպիսով՝ նաև հայաստանյան զարգացումների վրա ազդեցություն ունենալու թեկուզ փոքր հույսեր ներշնչում է:

Արցախը` որպես սեփական քաղաքական ամբիցիաների բաստիոն  կորցնելու հետևանքով լարվածության պատճառները տարբեր են: Կարծում ենք, հիմնականն այն է, որ հայաստանյան ներկա իշխանություններն առնվազն անկեղծ են Արցախի քաղաքական ղեկավարության հետ հարաբերություններում, ինչն էապես նվազեցնում է ինտրիգների, դավադրությունների, անուղղակի, ստվերային միջամտությունների ու ճնշումների սովոր գործիչների հնարավորությունները:

Առաջարկվող  «բաց խաղում», երբ մեծանում է քաղաքական դեբատների, բաց ու փաստարկված քաղաքական պայքարի միջոցով իշխանություն ձևավորելու հավանականությունը, գործիչների այս խումբը գրեթե անելիք չունի: Իսկ հրապարակային պայքար այս խումբը չի ցանկանում, որովհետև կարող են հայտնվել «պատահական, միամիտ, օդում կախված հարցեր» Արցախում այն տարիներին տեղի ունեցած տարբեր իրադարձությունների, ունեցվածքի, բիզնեսների, մեքենաների ու այլ հարստության մասին: Ի վերջո, Արցախը փոքր պետություն  է, ու այնտեղ գրեթե բոլորը միմյանց ճանաչում են:  

 

Հետևաբար, ուղերձն ու դրա հիմքում դրվող մանիպուլյացիաները գոնե այս փուլում «ճիշտ դիրքավորվելու հնարավորություն են»:

            Անդրադառնանք ուղերձին[5], քանի որ այն պարունակում է  ոչ միայն փորձառու քաղաքական գործչի բավականին նուրբ մանիպուլյացիաներ (այդ արվեստին Ռ. Քոչարյանը լավագույնս տիրապետում է), այլև հստակ ցույց է տալիս իշխանության մասին պատկերացումները, որոնք, ինչպես կտեսնենք, չեն փոխվել վերջին շուրջ երեսուն տարվա ընթացքում:

 

            «...Սիրելի հայրենակիցներ. Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին»:[6]

           

Առաջին մանիպուլյացիան վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների բացասական արտացոլմանը Արցախում:

Սա իրականության չփաստարկված, չհիմնավորված մեկնաբանություն է, քանի որ ա) բացասական արտացոլումը, որի մասին խոսում է Ռ. Քոչարյանը չափված չէ որևէ հետազոտությամբ, հարցմամբ, բ)  Արցախը  որպես ամբողջական միավոր ներկայացնելը առնվազն տարակուսելի է: Մեծ հաշվով, բացի Վ. Բալասանյանից, որևէ այլ քաղաքական գործիչ չի խոսել բացասական արտացոլման մասին:

Համահայկական խաղերը, դրան նախորդած` Ն. Փաշինյանի ելույթը առնվազն ցույց են տալիս, որ հանրային ընկալումների մակարդակում լարվածություն չկա, ավելին, կա հարաբերությունների որոշակի ներդաշնակեցում, քանի որ «ոչ միայն հող չի հանձնվել», այլ «հող հանձնող» իշխանությունը ձևավորում է նոր քաղաքական օրակարգ` «Արցախը Հայաստան է և վերջ»: Նշանային է նաև, որ այդ արտահայտության հեղինակը` Լ. Ազգալդյանը, ընդամենն այսօր է արժանանում Արցախի հերոսի կոչման,  այն դեպքում, երբ Ռ. Քոչարյանը, որպես Արցախի առաջին նախագահ, այդ հնարավորությունն ուներ:

 Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Ռ. Քոչարյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, դիմում է մանիպուլյացիայի՝ ընտրություններից առաջ  արհեստական լարվածություն ստեղծելու ու «չավարտված պատերազմի պայմաններում» իր համար ընդունելի թեկնածուների վարկանիշը փոքր-ինչ բարձրացնելու նպատակով: Կարծում ենք՝ այս համատեքստում ամենևին պատահական չեն Վ. Բալասանյանի կոշտ հայտարարությունները, որոնց միջոցով վերջինս փորձում է դիրքավորվել որպես առավել «ազգային» ընտրազանգվածի շահերի ներկայացուցիչ:

 

Երկրորդ մանիպուլյացիան. «...սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին»:[7]  Սա, ըստ էության, հասարակական միջավայրում սոցիալական վախ ձևավորելուն ուղղված հնարք է՝ ցույց տալու համար, որ իբր, ընտրությունները կարող են պառակտել կամ պետք է պառակտեն: Ռ. Քոչարյանը, կարծում ենք, փայլուն գիտի, որ քաղաքակիրթ ընտրական պայքարն իրականում չի կարող պառակտել, որովհետև քաղաքացիական հասարակության, իրական ժողովրդավարության, ամուր, պաշտպանված, կոռուպցիայից զերծ Արցախի գոյության հիմնական երաշխավորը հենց ընտրական պայքարն է, այն ընտրական պայքարը, որը «կեղծ-պայքարով» փոխարինելու մեջ ՀՀ իշխանությունները վարպետացան արդեն 1990-ականներից: Հետևաբար, այս մանիպուլյացիան ևս նպատակ ունի ընդամենը նվազեցնել բաց քաղաքականության դերն ու դաշտ բացել ինտրիգների ու կուլիսային պայմանավորվածությունների համար:

 

Ուղերձի հաջորդ հատվածը նույնքան մանիպուլյատիվ է, որքան առաջինը:

«Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:»[8]

Առաջին ու թերևս ամենավտանգավոր մանիպուլյացիան հետևյալ հատվածն է. «ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին»: Սա մանիպուլյացիա է իրողությունների խեղաթյուրման և հակադրման միջոցով: Հայաստանցի-արցախցի տարանջատումը, որ օրակարգում էր նաև Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին, ազգային միասնությանը սպառնացող թերևս լրջագույն վտանգն էր, հետևաբար, նույնքան վտանգավոր է այն հերթական անգամ շեշտադրելը, որովհետև իրականում արցախյան հաղթանակը համազգային հաղթանակ է: Կարելի է ենթադրել, որ այս արտահայտությամբ Ռ. Քոչարյանը նպատակ ունի ցույց տալ, որ «հայաստանցիներից... վտանգ կարող է լինել միասնականությանն ու համազգային ոգուն», այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի զավակները ծառայում են Արցախում:  Ավելորդ չէր լինի,  եթե սա հայտարարելով՝ Ռ. Քոչարյանը նաև ներկայացներ, թե որտեղ են ժամանակին ծառայել իր և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների զավակները:   

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի պատիվ իրեն, նույնիսկ հարաբերությունների որոշակի լարվածության պայմաններում չի տրվում այս շահարկումներին, կարողանում է լուծել հիմնական խնդիրները. համահայկական խաղերը, համահայկական կարևորության այլ միջոցառումները ասվածի վկայությունն են, հետևաբար, Ռ. Քոչարյանի ուղերձի այս հատվածը որևէ կարևոր շեշտադրում չի պարունակում:

Խորքային առումով այն, ընդհակառակը, իշխանության մասին Ռ. Քոչարյանի պատկերացումների բյուրեղացված ձևակերպումն է. ուղերձի հեղինակը չի դիմում արցախցիներին, չի դիմում Արցախի Հանրապետության քաղաքացիներին, նույնիսկ չի դիմում ժողովրդավարական Արցախի քաղաքական ղեկավարությանը, որը կարողացել է լուրջ ջանքերի գնով նվազագույնի հասցնել գեներալիտետի՝ գոնե հրապարակային քաղաքական ներկայությունը, այլ դիմում է ժողովրդավար երկրի  ռազմաքաղաքական ղեկավարությանը, առաջադրելով խնդիրներ, որ քաղաքական ղեկավարության խնդիրներն են:  Սա, մեր կարծիքով, նույնպես բավականին վտանգավոր մանիպուլյացիա է`  քաղաքական իշխանության բովանդակության արհեստական փոփոխություն և ռազմական էլիտային քաղաքական դաշտ բերելու առաջարկություն:

Այն միաժամանակ արտահայտում է իշխանության մասին Ռ. Քոչարյանի  պատկերացումները, որոնք նա հստակ շարադրել է դեռևս հեռավոր 1991թ-ին, երբ Ա. Մկրտչյանը ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ:

Ինքնաբացարկի, սեփական թեկնածությունը հանելու մասին խոսքում Ռ. Քոչարյանը նշեց բառացիորեն հետևյալը. «Ես հանում եմ իմ թեկնածությունը, սակայն մեկ անգամ ևս կրկնում եմ, որ առանց ուժեղ իշխանության այստեղ ոչինչ չի ստացվի, իսկ դուք ուժեղ իշխանություն այսօր չեք ընտրում»:[9]

 Ամփոփելով (բաց թողնելով ուղերձի վերջին հատվածը, որն առանձին վերլուծության կարիք ունի), նշենք, որ Ռ. Քոչարյանի ուղերձը իրականության և ուժեղ իշխանության վերաբերյալ նրա պատկերացումների մանիպուլյատիվ շարադրանքն է:

Ռ. Քոչարյանի նախագահության տարիները, կարծում ենք, լավագույնս են ապացուցել, թե իրականում որքան վտանգավոր են այդ պատկերացումները հասարակական բնականոն ու առողջ զարգացումների տեսանկյունից:

 

 

Հեղինակ՝ Մխիթար Գաբրիելյան

17-09-2019