ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ VS ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԿԵՂԾ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Կեղծ հակադրությունների ստեղծում ու շահագործում
  • Մասնավոր դեպքերի ներկայացում՝ որպես համընդհանուր պատկեր

 

Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր ակտիվիստի ելույթին հաջորդեցին բուռն արձագանքներ՝ սոցցանցերում, ցույց՝ ԱԺ դիմաց, հնչեցին բազմաթիվ սպառնալիքներ, փորձագետների տասնյակ քննարկումներ և այլն: Քաղաքական ուժերի միջև շարունակաբար փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցվում, տարբեր գնահատականներ տրվում՝ ինչպես խորհրդարանական խմբակցությունների, այնպես էլ  արտախորհրդարանական ուժերի և տարատեսակ նախաձեռնությունների կողմից։ Հատկապես ուլտրաազգայնական ուժերը, որոնք իրենց ներկայացնում էին  «ազգային-պահպանողականներ« և «ավանդական ընտանիքի ու արժեքների պաշտպաններ», առիթը բաց չէին թողնում՝ հասարակության մեջ բռնության, ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ տարածելու հարցում։

Հնչած տեսակետներից Դետեկտորի ուշադրությունը գրավել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի արձագանքը, որը տարբերվում էր իր խմբակցության այլ պատգամավորների դիրքորոշումից։ Նա, մասնավորապես, նշել էր. «Սա շատ զգայուն թեմա է, եթե մենք նայենք մարդու իրավունքների տեսանկյունից, ապա ոչ մեկս իրավունք չունենք ոտնահարելու իր իրավունքները։ Բայց քանի որ հայ ժողովրդի համար սա շատ զգայուն թեմա է, ապա պետք է հաշվի նստել բացարձակ մեծամասնության կարծիքի հետ և որևէ կերպ չփորձել այլոց իրավունքները ոտնահարել։ Երբ որ նայում ենք ազգայինի տեսանկյունից, որևէ համաշխարհային կառույց մեր շահերի հետ հաշվի չի նստում։ Մենք պարտավոր ենք հաշվի նստել, հարգել մեր շահերը և յուրաքանչյուր հայ մարդու էմոցիոնալ բռնկումներին տեր լինելստիպված ենք յուրաքանչյուրս ընդունել բացարձակ մեծամասնության(դիրքորոշումը) …պաշտպանում եմ նաև այն մարդկանց  իրավունքները, ովքեր էմոցիոնալ դաշտում բախումներ են ունենում ... Եթե ավելի ուշադիր լինենք, իրենք էլ պրովոկացիոն քայլերով ամեն անգամ չեն փորձի ցնցումներ առաջացնել երկրում։ Յուրաքանչյուրս լուռ իրացնում ենք մեր իրավուքները, և իրենց էլ է տրված այդ հնարավորությունը ... Տրամաբանական է որ պետք է լինի զայրույթ, բողոքի ակցիաներ, որովհետև մեր ժողովրդի համար զգայուն թեմա է։ Իրենք էլ պետք է հասկանան՝ իրենց քայլը անեն։ Մենք դեմ ենք, որ որևէ ցնցումներ ամեն անգամ առաջանան երկրում։ Պետք է զգոնությունը չկորցնելով՝ երկիրը ցնցումներից զերծ պահենք»։   

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ տվյալ հայտարարության մեջ արձանագրել է մանիպուլյացիոն  հետևյալ հնարքները. «Էմոցիայի շահարկում», «Կեղծ հակադրությունների ստեղծում», «Մասնավոր դեպքերի՝ որպես համընդհանուր պատկեր ներկայացում»։

 

Մեր հիմնավորումները

Սոֆյա Հովսեփյանն իր խոսքում քանիցս օգտագործելով էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ունեցող բառեր և արտահայտություններէմոցիոնալ բռնկումներ», «ցնցումներ առաջացնել երկրում», «երկիրը ցնցումներից զերծ պահել»)` փորձում է մարդու իրավունքների խնդիրը տանել զգայականության և իռացիոնալ քննարկումների դաշտ։ Օգտագործելով «Էմոցիայի շահարկում» հնարքը, Սոֆյա Հովսեփյանը հղում է անում ոչ թե օրենքներին և իրավունքներին, այլ՝ զգացմունքներին և ապրումներին: Մարդու իրավունքներին առնչվող հարցը իռացիոնալացնելով և անլուծելի դարձնելով՝ իրավական օրակարգից տեղափոխում է զգայական և էմոցիոնալ դաշտ։

«Կեղծ հակադրությունների ստեղծում» հնարքի միջոցով Սոֆյա Հովսեփյանը արժեզրկում է մարդու իրավունքների ողջ հայեցակարգը: Խոսելով հասարակության տարբեր խմբերի՝ իբրև թե հակադրվող իրավունքների  մասին, նա, մասնավորապես,  նշում է. «Եթե մարդու իրավունքներ ենք պաշտպանում, այս մարդը նույնպես ունի իր իրավունքները, և արդյոք, այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն չեն կարողանում հաշվի նստել այս իրականության հետ, ապա իրենց իրավունքները ինչպե՞ս պետք է լինի»։ Նա նաև նշում է. «Եթե առաձնացնում ենք ԼԳԲՏ համայնք ապա խտրականություն ենք անում, այսօր այնքան են խոսում իրենց իրավունքներից, որ մնացածի իրավունքն են ոտնահարում։ Ես ինքս իմ իրավունքները չեմ քննարկում, ուստի իրենք էլ պետք է չքննարկեն»։ Սոֆյա Հովսեփյանը վերոնշյալ հնարքի միջոցով ցանկանում է ապացուցել, որ առանձին խմբերի իրավունքների մասին բարձրաձայնելը խախտում է այլոց, ենթադրաբար՝ ժողովրդի մեծամասնության իրավունքները: Մինչդեռ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ. ինչը նշանակում է, որ առանձին վերցրած՝ որևէ մարդու, կամ մարդկանց  կոնկրետ խմբի իրավունքները  հազիվ թե հակադրության մեջ լինեն այլոց իրավունքների հետ: Այլ բան է, իհարկե, եթե որևէ մեկի կամ թեկուզ ժողովրդի մեծամասնության գործողությունների արդյունքում ոտնահարվեն որոշ մարդկանց իրավունքները: Սակայն, սեփական իրավունքների մասին բարձրաձայնումը չի կարող դիտակվել որպես այդպիսի գործողություն: Հակառակ դեպքում՝ կիմաստազրկվի մարդու իրավունքների ողջ հայեցակարգը:

Կեղծ հակադրությունների ստեղծման հնարքի մեկ այլ օրինակ է համաշխարհայինի և ազգայինի հակադրությունը։ Մարդու իրավունքներին առնչվող՝ ՀՀ Սահմանադրությունից բխող ներհայաստանյան օրակարգը ներկայացվում է որպես օտարածին՝ «դրսից մեր վզին փաթաթվող»: Այսպես՝ Սոֆյա Հովսեփյանը նշում է.  «Ես վստահ եմ որ համաշխարհային տեսանկյունից նայելով՝ իհարկե, պետք էր հրավիրել, բայց երբ որ նայում ենք ազգայինի տեսանկյունից, որևէ համաշխարհային կառույց մեր շահերի հետ հաշվի չի նստում»: Սոֆյա Հովսեփյանն անուղղակի ակնարկում է, որ մենք պետք է պայքարենք այդ «համաշխարհային, արհեստածին» օրակարգի դեմ՝ անտեսելով, որ մարդու իրավունքները մեր ազգային քաղաքական համակարգի հիմքն են:

«Մասնավոր դեպքերը որպես համընդհանուր պատկեր ներկայացնելու»  մանիպուլյացիոն հնարքով Սոֆյա Հովսեփյանը մի խումբ մարդկանց բողոքի ակցիան ԱԺ դիմաց՝ ընդհանրացնում և ներկայացնում է որպես ամբողջ հասարակության միասնական դիրքորոշում։ Ի դեպ՝ ակցիան գլխավորում էր մի հոգևորական, որը հետագայում փիլոնազուրկ արվեց:

 Ակնհայտ մանիպուլյատիվ է այն  պնդումը, որ «պետք է հաշվի նստել բացարձակ մեծամասնության կարծիքի հետ» որը, ըստ Սոֆյա Հովսեփյանի, համահունչ է ակցիայի մասնակցիների գաղափարներին։ Առանց գիտական հետազոտություն իրականացնելու, մենք չենք կարող իմանալ, թե որն է այս հարցում ժողովրդի մեծամասնության տեսակետը: Մի քանի ագրեսիվ ցուցարարի տեսակետը կարող է լինել ոչ թե ժողովրդի մեծամասնության, այլ՝ փոքրամասնության դիրքորոշումը: Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում 70% քվե ստացած քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ և մասնավորապես՝ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մշտապես հայտարարել են, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրը մեր ներքին օրակարգն է,  և մենք հանձնառու ենք՝ այդ իրավունքների վերականգնման ու պահպանման հարցում: Այս հիմքի վրա կարող ենք առաջ քաշել հիփոթեզ, որ ժողովրդի մեծամասնությունը, ընտրելով Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, «ընտրել» է ոչ թե Սոֆյա Հովսեփյանի, այլ «Իմ քայլի» առաջնորդի ներկայացրած դիրքորոշումը: Ի դեպ, Սոֆյա Հովսեփյանը, լինելով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը, փաստացի հակադրվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ մարդու իրավունքների հայեցակարգին, եթե նույնիսկ  մեծամասնությունը կիսեր այդ մոտեցումը, միևնույն է՝ դա կլիներ սահմանադրականության սկզբունքի ոտնահարում:

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան