ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Պիտակավորում
  • Էմոցիայի շահարկում
  • Աջ ծայրահեղական պոպուլիզմ
  • Անհիմն պնդումներ

 

Օգոստոսի 8-ին Ազատություն ռադիոկայանը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ  պատրաստող  «Ազատություն» ռադիոկայանի  լրագրողների աշխատանքը՝ սպառնալով  նրանց ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել»  և այլն։  Դեպքի առիթով Վլադիմիր Գասպարյանը բացառիկ   հարցազրույց տվեց PARA TV-ին՝ դեպքը որպես պրովոկացիա մեկնաբանելով։  Մասնավորապես նա նշեց, որ լրագրողները փորձել են առանց թույլտվության  նկարահանում իրականացնել  իր առանձնատան տարածքում, որն էլ ստիպել է նրան դիմել պատասխան գործողությունների։ Նշենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Միջադեպի իրավական կողմը թողնելով  իրավապահ մարմինների քննությանը՝ Դետեկտորը  ուսումնասիրել է Վլադիմիր Գասպարյանի ինչպես վերոնշյալ, այնպես էլ մեկ այլ հարցազրույցը և առանձնացրել նրանցում հնչած խնդրահարույց հայտարարությունները և կիրառված մանիպուլյացիոն հնարքները։

       Էմոցիայի շահարկում  և  բուն խնդրից ուշադրության շեղում

«Էմոցիայի շահարկում» հնարքը կիրառելիս` պրոպագանդիստներն իրենց պնդումները փաստարկելու, տրամաբանորեն հիմնավորելու փոխարեն փորձում են ստեղծել իրենց համար նպաստավոր էմոցիոնալ ֆոն, առաջացնել էմպաթիա եթե ոչ սեփական անձի, ապա, առնվազն, սեփական կոնկրետ խոսքերի նկատմամբ եւ, այդպիսով, համոզել լսարանին ընդունել պնդումները։  Վլադիմիր Գասպարյանը հարցազրույցի ընթացքում  բազմիցս  դիմում է այս հնարքին։

 Հարցազրույցի սկզբում, երբ լրագրողը հարցնում է, թե ինչ է տեղի ունեցել, Վ Գասպարյանը պատասխանում է, որ ինքը տեսել է, որ իր գլխի վրա՝ տասը մետր բարձրության վրա, դրոն է, որը կատարում է նկարահանում։ Այսինքն, ի սկզբանե, Վ Գասպարյանը, տեսնելով թռչող սարքը, հասկացել է, որ իր տան տարածքում նկարահանում է իրականացվում։ Հարցազրույցի ընթացքում նաև նշում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ այդ տարածքում դրոն է թռչում, պարզապես այս անգամ այն լճի տարածքը հատել էր: Փաստորեն, Վ Գասպարյանը անցյալում ևս բախվել է նմանատիպ  իրավիճակների,  և ինքն իմացել է, որ իր Սևանի առանձնատունը գտնվում է մեդիայի, քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք նաև, որ 2018 թվականին Հետքը մեկ այլ հրապարակում էր արել Վ Գասպարյանի ընտանիքի հետ կապվող, Փափազյան փողոցի վրա գտնվող առանձնատան վերաբերյալ, որից հետո քրեական գործ էր հարուցվել։ Դետեկտորը նկատել է, որ չնայած վերոնշյալ հանգամանքներին, Վ Գասպարյանը հարցազրույցի ընթացքում փորձեց  շրջանցել կոնֆլիկտի բուն առարկան, ի դեպ սա նաև մեկ այլ մանիպուլյացիոն հնարք է, և այն ամբողջությամբ տեղափոխեց էմոցիաների դաշտ։ Մասնավորապես նա նշում է, որ սկզբից մտածել է ահաբեկչության մասին։ Այնուհետև  շարունակում է, որ տարիներ առաջ ԱԱԾ-ն բացահայտել է խմբավորման, որը ցանկացել է իրեն սպանել, և, դրոնը տեսնելիս, դրա մասին ևս մտածել է։ Մյուս կողմից Վ Գասպարյանը հաճախ հղում է անում իր ընտանիքին, նշելով, որ միջադեպը հարձակում էր իր ընտանիքի դեմ և ինքը պարտավոր էր/է պաշտպանել այն «Ես չեմ պատրաստվում հանդուրժել, որ ներ են խուժում ընտանիք, էսօր էսպես արեցին, վաղը քո ընտանիք են ներխուժելու» կամ «․․․․Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետև պետք  է հասկանան, որ եթե ներխուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ»։ Միջադեպը էմոցիաների դաշտ տեղափոխելով Վ Գասպարյանը փորձում է համոզել, որ իր արձագանքը համաչափ է եղել և հետևանք է եղել սուր էմոցիոնալ ապրումների, իսկ մյուս կողմից փորձ է արվում շեղել լսարանի ուշադրությունը քրեական գործերից, որոնցում ներգրավված է Վ Գասպարյանը։ 

       Չհիմնավորված պնդումների տարածում, պիտակավորում

Վ  Գասպարյանը հարցազրույցի ընթացքում նշում է «․․․երբ պետությանը վտանգ է սպառնում, գործ ունեն իմ տեսակի հետ, ես մեռնելուց չեմ վախենում, այլ ապրելուց եմ վախենում այս երևույթների մեջ, մենք այս երկիրը չենք կառուցել, որ արվամոլություն գովաբանեն։  ԼԳԲՏ, ԱԳԼՃԿ, ԿԳՍՄՆ-ները և նման տխմարամտությունները խառնում են մեր երկիրը»։ Ըստ էության Վ Գասպարյանը հայտարարում է, որ պետությունը կանգնած է գոյություն ունենալ-չունենալու վտանգի առաջ, սակայն իր մտահոգությունը հիմնավորելու համար լուրջ փաստարկներ առաջ քաշելու փոխարեն, թվարկում է  հապավումներ, որոնք իր թեզը ապացուցելու տեսանկյունից բովանդակային ոչ մի ծանրակշիռ  նշանակություն չունեն՝ ԼԳԲՏ համայնքը, ավտոգազալցման ճնշակայանը և Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը հայտնվում են նույն նախադասության մեջ իրար կողք կողքի։  Նախ, Գասպարյանը փաստացի կատարում է պնդումներ, որոնք որևէ կերպ չեն հիմնավորվում, մյուս կողմից, Վ Գասպարյանը կիրառում է պիտակավորման հնարքը, երբ, իմանալով, որ հասարակության որոշ հատվածի կողմից ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ կա բացասական վերաբերմունք, ԼԳԲՏ հապավումը դնում է նույն շարքում ԿԳՍՄ նախարարության հետ՝ փորձելով այդ բացասական վերաբերմունքը տարածել նախարարության և, ընդհանուր առմամբ, ներկայիս կառավարող ուժի վրա, իսկ ԱԳԼՃԿ հապավման օգտագործումը, իր հերթին, կոչված է տպավորություն ստեղծել, որ բովանդակային առումով կառավարող ուժը սնանկ է։ Ի վերջո, մտքի ավարտին Վ Գասպարյանը հասարակական որոշակի խմբի և պետական ինստիտուտին փակցնում է «տխմարամտություն» պիտակը, փորձելով ծայրահեղ բացասական էմոցիոնալ վերաբերմունք առաջացնել պետական ինստիտուտների նկատմամբ, իսկ մյուս կողմից, ամրապնդում է հասարակության որոշ հատվածի մոտ առկա խտրական վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ։

       Անհարկի հակադրությունների ստեղծում, պոպուլիզմ

Վ Գասպարյանը հարցազրույցի ընթացքում բազմիցս սպայական անձնակազմը, պետական ծառայողները հակադրվում են քաղաքական գործիչներին՝ «Մենք պետական գործիչներ ենք, մենք քաղաքական գործիչներ չենք, մենք սպա ենք»։ կամ  «․․կարևորը պետությունն է, թե քաղաքական կուսակցությունները իրար մեջ ինչ հարցեր կլուծեն, երբ պետությանը վտանգ է սպառնում, գործ ունեն իմ տեսակի հետ»։

Փաստորեն ստացվում է, որ Վ Գասպարյանը անհարկի հակադրություն է իրականացնում, որը դառնում է նրա ձեռքին մանիպուլյացիոն գործիք։ Մասնավորապես իր պնդման տողատակում այն գաղափարն է, որ քաղաքական գործիչը պակաս արժանիքներ ունի քան պետական ծառայողը: Ըստ էության Վ Գասպարյանը փորձում է ներկայացնել իրեն՝ որպես արժանիքներով լի ապաքաղաքական և պետական գործիչ։ Օրինակ 168.am-ի հետ հարցազրույցում նշում է «Ես հեռու եմ քաղաքականությունից, ես երբեք չեմ ուզեցել մտնել քաղաքականություն, իմ նմանին պետք չէ քաղաքականության մեջ ներքաշել, ես սպա եմ, ինձ մոտ աշխատելու են ուրիշ մեխանիզմներ»,  սակայն, միևնույն ժամանակ,  այս հայտարարություններին զուգահեռ,  Վ Գասպարյանը իր խոսքում օգտագործում է ծայրահեղ աջ պոպուլիստական քաղաքական ուժերին բնորոշ գաղափարներ, որոնց հատուկ են՝  երևույթների պարզեցումը և ծայրահեղացումը, դրանց պարզ բաժանումը երկու ծայրահեղ կողմերի՝ «լավ» կամ «վատ», «բարոյական» կամ «անբարոյական», ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքը փոքրամասնությունների, այլակարծության, պլյուրալիզմի նկատմամբ, դավադրապաշտությունը, սեփական անձը որպես ճշմարտության տիպար, փրկիչ ներկայացնելը։  Ստորև Վ Գասպարյանի հարցազրույցից Դետեկտորը առանձնացրել է աջ ծայրահեղական պոպուլիստական քաղաքական հայտարարությունների մի քանի օրինակներ

       «Խնդիրը իմ ձերբակալման մեջ չէ, դուրս է եկել այս ամենը իմ անձնական դաշտից, այս ամեն ինչը դարձել է համընդհանուր, համահայկական, ամեն տեղ վախ, ամեն տեղ սարսափ, ամեն տեղ պատմություններ, ամեն տեղ շանտաժ, զզվելի է դառել այդ ամեն ինչը, էլ եկեղեցի, էլ ընտանիք, էլ երեխաներ»,

        «Այդ նույն «Ազատությունն» էր, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս նույն ձևով էր քարոզում եւ ասպատակում ոստիկանությունը, երբ ես ոստիկանապետ էի, սա նույն «Ազատությունն» է, որ Հայոց Եղեռնը չի ընդունում, սա նույն «Ազատությունն» է, որ քարոզում է բոլոր այն երևույթները, որոնք հարիր չեն մեր ազգին»,

       «ԼԳԲՏ, ԱԳԼՃԿ, ԿԳՍՄՆ-ները և նման տխմարամտությունները խառնում են մեր երկիրը»:

Այսպիսով Դետեկտորը գտնում է, որ Վ Գասպարյանի հարցազրույցում առկա են մի շարք մանիպուլյատիվ պնդումներ, որոնք մի կողմից նպատակ ունեն ներկայացնելու Վ Գասպարյանին դրական էմոցիոնալ ֆոնի ներքո, իսկ մյուս կողմից՝ վերարտադրելու հասարակության մեջ առկա մի շարք միֆեր  և կարծրատիպեր։

Զառա Սիմոնյան

28-08-2020