ՄԵԴԻԱ VS ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ. Գոռ Մադոյան

...

Բաղադրություն

  • Բինար հակադրությունների ստեղծում ու դրանց շահագործում
  • Միակողմանիություն
  • Իրար հետ կապ չունեցող խնդիրների նույնականացում
  • Անհիմն եւ անապացույց մեղադրանքների ներկայացումն

Վերջին  ամիսներին  ակտիվ  հանրային  բանավեճ  էր  ծավալվել  որոշ  լրատվամիջոցների  և  իշխանությունների  միջև՝ լայն արձագանք գտնելով  հանրության շրջանում: Այս  առումով  տիպական  էր  տպագիր  և  առցանց  որոշ լրատվամիջոցների  ներկայացուցիչների  նամակը՝  ուղղված  ՀՀ  վարչապետին  և  կառավարության  անդամներին։  Նրանք  մեղադրում  էին  ներկա  իշխանություններին, որ  վերջիններս  միտումնավոր  ու  ուղղորդված  աշխատանք  են  տանում  ընդդեմ  մամուլի, ինչի  արդյունքում  լրատվամիջոցները  կորցնում  են  լսարան,  զրկվում են գովազդային  միջոցներից  և  այդպիսով  ֆինանսական  վնասներ  են  կրում։  Նամակի հեղինակները մասնավորապես նշում  են.  «... Առավել  ևս,  որ  նման  հարձակումների  արդյունքում  լրջագույն  տեխնիկական  և  ֆինանսական  վնասներ  են  հասցվում  լրատվամիջոցների  կայքերին  և  սոցիալական  ցանցերում  նրանց  ներգրավվածության,  գովազդային  հոսքերի  վրա  (սոցիալական  ցանցերում  նրանց  էջերի  վարկանիշն  իջեցնելով,  փորձելով  արգելափակել  նրանց  ներկայացվածությունը,  և  այլն)»։  Նամակում կարմիր թելով անցնող հիմնական թեզերն են. 

«...Թավշյա  հեղափոխության  ընթացքում  և  մինչ  օրս  մտահոգիչ  է  սոցիալական  ցանցերում  հասարակության  տարբեր  խմբերի  կողմից  այլակարծության,  իշխանության  տարբեր  ներկայացուցիչների  գործունեության  քննադատության,  առհասարակ՝  ընդդիմախոսների  կարծիքի  դեմ  ծավալվող  անհանդուրժողականության  մթնոլորտը։  ...  Սիրո  և  համերաշխության  լոզունգներով  առաջնորդվող  հեղափոխությունը  և  հեղափոխության  առաջնորդները  չեն  կարող  նման  դրսևորումների  նկատմամբ  անտարբերություն  դրսևորել»։

  Մեկ  այլ  տեղ  նամակի  հեղինակները  նշում  են.  «...Տպավորություն  է  ստեղծվում,  որ  նոր  կառավարության  անդամները  մեթոդաբար  հետին  պլան  են  մղում  լրատվամիջոցներն  ու  ազատ  խոսքը՝  այն  փոխարինելով  «լայվերով»,  ֆեյսբուքյան  ստատուսներով  և  համացանցային  անվերահսկելի  տեղեկատվական  աղբով»։  Իսկ նամակի վերջում,  արդեն  բավականին  կտրուկ  ձևով,  կառավարությանը նախազգուշացնում  են.  «Նոր  կառավարության  ղեկավարին  և  անդամներին  կոչ  ենք  անում  նաև  զերծ  մնալ  ԶԼՄ-ների  մասին  անզգույշ,  երբեմն՝  անպատասխանատու  հայտարարություններից,  որոնք  կարող  են  անդրադառնալ  նրանց  հեղինակության  և  հետագա  գործունեության  վրա»։ 

Նամակի  բովանդակությունից  ու  մատնանշված  հարցադրումներից  պարզ  է  դառնում,  որ  նշված  ԶԼՄ  ներկայացուցիչները  նոր  պայմաններում  իշխանություն-մեդիա  հարաբերությունները  համարում  են  ճգնաժամի  մեջ  գտնվող  և  դրա    պատասխանատուն  են  համարում  հենց  իշխանություններին։

ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատում է, որ նամակի միջոցով հեղինակները խոսքի ազատության, իշխանության, լրատվամիջոց և հանրություն հաղորդակցման հարցերի շուրջ քննարկումը պարզունակեցնում են՝ այն հանգեցնելով բինար հակադրությունների ձևակերպման: Արդյունքում, իրողությունների բազմաշերտությունը ներկայացվում է որպես երկու հակոտնյա բեւեռների բախում։ Միմյանց են հակադրվում «թավշյա  հեղափոխության»  հանդուրժողականության  օրակարգը և «անհանդուրժողականության  մթնոլորտը», հեղափոխության համակիրները և լրագրողները, կառավարությունը և լրատվամիջոցները: Այսպիսով, քննարկումը կորցնում է իր ամբողջականությունը և հիմնավորվածությունը: Սա է պատճառը, որ ԴԵՏԵԿՏՈՐԸ  այսպիսի մոտեցումը դիտարկում է որպես ընթերցողին ապակողմնորոշող մանիպուլյացիոն բնույթ ունեցող «բինար  հակադրություն»։ 

  ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ գործ ունենք մանիպուլյացիոն բնույթ ունեցող գործելակերպի հետ, երբ  բողոքի  առարկան՝  իշխանություն-մեդիա  հարաբերությունը,  դիտարկվում  է  միակողմանիորեն՝  առանց  առանձնացնելու  և  մատնանշելու  հարաբերության  երկրորդ  կողմի՝  լրատվամիջոցի  դերակատարությունը եւ պատասխանատվությունը։  Այսինքն,  լրատվամիջոցը  չի  խոսում  իր՝  որպես  հաղորդակցության  սուբյեկտի  դերակատարության  և  անելիքների  մասին,  այլ  միայն  մատնաշնում  է  դիմացի  կողմին։  ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ գործ ունենք մի հնարքի հետ, երբ արծարծվող հարցը դիտարկվում է միակողմանիորեն միայն իշխանության պատասխանատվության դիրքերից, կամա թե ակամա անտեսելով,  որ,  նախևառաջ  հենց լրատվամիջոցներն  են  մեդիա  բովանդակություն  ստեղծողները։

ԴԵՏԵԿՏՈՐԸ վերլուծվող նամակում  արձանագրել է եւս մեկ մանիպուլյացիոն ազդեցություն ունեցող հայտարարություն. խոսքը «տեղեկատվական  աղբ»  կոչվածի  մատնանշման մասին է։ Այսպես, նամակի հեղինակները կիրառում են բացասականորեն լիցքավորված «տեղեկատվական աղբ» դիսկուրսիվ կաղապարը։ Այնուհետև, առանց որեւէ հիմնավորման «տեղեկատվական աղբը»  վերագրում են իշխանություններին՝ ասոցիատիվ կապեր ստեղծելով իշխանությունների և բացասական կաղապարի հետ։  Կարելի է եզրակացնել,  որ  նշված  լրատվամիջոցները  փորձում  են  իրենք  իրենց   ապահովագրել  «տեղեկատվական  աղբ»  արտադրելու  ու  շրջանառելու մեղադրանքներից։  Քանզի  տրամաբանության  սահմաններում,  երբ կողմերից մեկը դիմացինին քննադատում է որևէ գործողության համար,  տպավորություն է ստեղծում, որ ինքը ներգրավված չէ նմանատիպ գործողության մեջ։  Ասել  է  թե,  երբ  լրատվամիջոցները  խոսում  են կառավարության՝  իբր գոյություն ունեցող «տեղեկատվական  աղբից»,  նշանակում  է,  որ  իրենք իրենց  առնվազն  անմասն  են համարում  «տեղեկատվական  աղբ»  կոչվածից։  Այն  նաև  սեփական լրատվամիջոցները հետագայում ապահովագրելու յուրօրինակ  փորձ է.   եթե  մեդիա  դաշտում ընթերցողը տեսնի «տեղեկատվական  աղբ», համոզված լինի, որ դրա պատասխանատուն   իշխանություններն են։ 

ԴԵՏԵԿՏՈՐ-ը նաեւ նկատել է, որ նամակում  արծարծված  խնդիրները    ոչ  մի  ուղղակի  առնչություն չունեն  իրար  հետ, սակայն ներկայացվում են որպես փոխկապակցված եւ մեկ հասցեատեր ունեցող։  Որպես մեկ հասցեատեր ունեցող համարժեք եւ նույնանման հարցեր են ներկայացվում այնպիսի տարբեր խնդիրներ, ինչպիսիք են՝ իշխանությունների ասուլիսները,  հայտարարությունները, կապը լրատվականների հետ,  սոցցանցերի  ակտիվությունը,  օգտատերերի  անհանդուրժողականությունը,  ֆինանսական  խնդիրները,  թերթերի  վաճառքը  և  գովազդը։  Կապելով  իրար  հետ  առնչություն  չունեցող  խնդիրներ  և  բոլոր պրոբլեմների համար մեղավոր հռչակելով  իշխանություններին` նամակի հեղինակները կանխամտածված, կամ առանց դիտավորության, ընթերցողների շրջանում տպավորություն են ստեղծում, որ  իշխանություններն ամենազոր են, բայց, միևնույն ժամանակ, տապալում են բոլոր կարևոր խնդիրների լուծումները։ Այսպիսով, նաեւ ասոցիատիվ զուգահեռներ են տարվում ներկա իշխանությունների և նախկինների միջև, քանի որ հայտնի է, որ նախկինները վերահսկում էին մեդիա դաշտը ըստ իրենց հայեցողության։

ԴԵՏԵԿՏՈՐԸ  եզրակացնում  է,  որ  նամակի  հեղինակների հայտարարություններում առկա են մանիպուլյացիոն բնույթ ունեցող մի շարք կետեր, որոնցից են, օրինակ՝  «բինար  հակադրությունը»,  «իրար հետ կապ չունեցող խնդիրների նույնականացումը», որոնք ապակողմնորոշում են ընթերցողին եւ չեն նպաստում խնդրո վերաբերյալ առողջ բանավեճի ծավալմանը:

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

12.09.18