ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • «Ադրբեջանցիների ջրաղաց» հնարք
  • Քաղաքական հարցի ապաքաղաքականացում

 

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանով մեկնարկեց քաղաքական տարին։ ԱԺ-ում հնչած աղմկահարույց ելույթներից, հատկապես, հիշարժան  էր ԲՀԿ-ական Արման Աբովյանի բուռն արձագանքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։ Բանավեճի առարկան ՀՀ արտաքին քաղաքականության նախորդ ձախողումների և դեսպանների քաղաքական նշանակումների վերաբերյալ Բաբաջանյանի գնահատականներն էին։ Ի մասնավորի, ելույթում անդրադարձ է արվում նաև Անդրանիկ Մանուկյանի՝ Ուկրաինայում որպես Հայաստանի դեսպանի նշանակմանն ու գործունեությանը։ Այս թեման շարունակաբար քննարկվում ու շրջանառվում էր մամուլում ու սոցիալական ցանցերում։ Լրատվական կայքերից մեկը, նույնիսկ, տեղեկություն տարածեց, որ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը զրպարտության համար դատի է տվել Արման Բաբաջանյանին։    

ԴԵՏԵԿՏՈՐԸ  նկատել է, որ Արման Աբովյանը վերոնշյալ իր ելույթում կիրառել է տարբեր մանիպուլյատիվ հնարքներ, որոնցից են՝ էմոցիայի շահարկումը, հանրային հարցը որպես մասնավոր (ապաքաղաքական) հարց ներկայացնելը և մի հնարք, որը պայմանական կարելի է կոչել «ադրբեջանցիների ջրաղաց»։ Արման Աբովյանը իր ողջ ելույթը նվիրել է միայն Անդրանիկ Մանուկյանին ու նրա պաշտպանությանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը ոչ մի գնահատական չի տվել Ա. Բաբաջանյանի հնչեցրած քննադատության բովանդակությանը՝ նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ու դեսպանների նշանակման հարցերի վերաբերյալ։ Ա.Աբովյանի եւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի կողմից անտեսվել է հարցի հանրային ու քաղաքական բովանդակությունը և բանավեճի առարկան մեկնաբանվել և ներկայացվել է որպես մասնավոր, «անձնական» բնույթի հարց։ 

 

Մեր հիմնավորումները

 

Արման Բաբաջանյանը իր ելույթում խոսել է նախկին իշխանությունների կողմից Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողելու մասին և, որպես օրինակ, անդրադարձել է Անդրանիկ Մանուկյանին՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանին: Նրա ելույթի հիմնական ուղերձը՝ նախկինում վարվող արտաքին քաղաքականության գնահատականն էր ու դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան շտկելու հնարավոր ուղիները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  քարտուղար Արման Աբովյանն արձագանքել է այդ ելույթին՝ նշելով հետեւյալը. «Ես  երեք տարի աշխատել եմ Անդրանիկ Մանուկյանի խորհրդական: Եվ ես ունեմ մի քանի հարց: Այն թեզերը, որ դուք հնչեցրել եք, հիմնականում «ներ են գցվել» հայկական ինֆորմացիոն դաշտ ադրբեջանական կողմից: Ի՞նչն է ձեզ ստիպում, առհասարակ, այստեղ՝ այս ամբիոնից, նեոադրբեջանական թեզերի առաջ բրդել: Եվս մեկ անգամ կրկնում եմ, այստեղ բոլոր արտահայտությունները, որոնք եղան Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես բացահայտ սուտ էին և, ասեմ ավելին, հիմնականում  իրենք արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, ես ճիշտն ասած չհասկացա, մենք թույլ չենք տա, ես՝ հանձինս, թույլ չեմ տա, որ այն մարդկանց մասին, ովքեր իրենց  կյանքը զոհաբերել են մեր երկրի, մեր ժողովրդի համար սուտ ապատեղեկատվություն հնչի: Պարոն Բաբաջանյան, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը գնում, որ վատացել էին հարաբերությունները, խնդրում եմ՝ ի՞նչ օրինակ քվեարկությունների մասին ա խոսքը գնում տարբեր հարթակներում, ի՞նչն ա ստիպում զրպարտել, այ, պետք է է՛դ հարցը մի հատ հասկանանք: Ի՞նչն ա ձեզ ստիպում շարունակական զրպարտությունով զբաղվել»։

Արման Աբովյանն իր ելույթում դիմել է «էմոցիայի շահարկում» հնարքին, երբ որպես պատասխան Արման Բաբաջանյանի քաղաքական հայտարարությանը՝ տվել է  հետեւյալ ձեւակերպումները. «...մենք թույլ չենք տա, ես՝ հանձինս, թույլ չեմ տա, որ այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել  են մեր երկրի, մեր ժողովրդի համար սուտ ապատեղեկատվություն  հնչի:  (...)Աշխատելով 3 տարի խորհրդական, ես տեսել եմ, որ մարդը ամեն օր  իր կյանքը դնում է: (...) Երբ իր կյանքը վտանգելով, ուղղակի,  իր կյանքը վտանգելով` Անդրանիկ Մանուկյանը պաշտպանում էր հայ ազգի և Հայաստանի Հանրապետության շահերը»։ Արման Աբովյանը մեկ այլ հատվածում խոսել է նաև դեսպանի, իբր, բացառիկության մասին` պնդելով, որ վերջինս «փրկել է» հայ համայնքը կործանումից։

Նման զգացմունքային ու պաթոսային բառապաշարը ցույց է տալիս, որ ելույթ ունեցողը խոսքն ուղղում է լսարանի էմոցիաներին ու ակնկալում՝ դրական էմոցիոնալ արձագանք ստանալ։ Այս ելույթում անտեսվել է դեսպանի աշխատանքի քաղաքական կողմը. չի խոսվել Հայ-Ուկրաինական հարաբերությունների՝ դրական կամ բացասական միտումների մասին, անդրադարձ չի արվել դրանց փոփոխվելու՝ վատթարանալու հարցին: Փոխարենը՝օգտագործվել են էմոցիոնալ մեծ ծանրաբեռնվածություն ունեցող այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են՝ «կյանքը վտանգել», «կյանքը դնել» կամ «կյանքը զոհաբերել», որոնք հարցը տեղափոխում են այլ՝ էմոցիոնալ, անձնային դաշտ:  

Իր խոսքի մեկ այլ հատվածում Ա.Աբովյանը բավականին տարածված պոպուլիստական հնարքի է դիմել, երբ նշել է, որ Ա. Բաբաջանյանի հայտարարությունում կան թեզեր, որոնք  «ներ են գցվել հայկական ինֆորմացիոն դաշտ ադրբեջանական կողմից: Ի՞նչն է ձեզ ստիպում, առհասարակ, այստեղ՝ այս ամբիոնից, նեոադրբեջանական թեզերի առաջ բրդել։ (…)Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»։
 
Այս հնարքը պայմանականորեն կարելի է անվանել «ադրբեջանցիների ջրաղաց» կամ՝ «թուրքը տեսնում է և ուրախանում»։  Հնարքը լայն տարածում ուներ նախկին իշխանությունների ժամանակ, երբ անցանկալի քննադատությունը որակվում և պիտակավորվում էր՝ որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնել»։ Այս հնարքի տրամաբանությունը հետեւյալն է՝ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող քննադատությունները ձեռնտու են թշնամուն, քանի որ դրանք ամրապնդում են հակառակորդի դիրքերը ինֆորմացիոն պատերազմում, ուստի,  հայրենասիրական մղումներից ելնելով, պետք չէ բարձրաձայնել դրանց մասին: Հարկ է նաև նշել, որ «ադրբեջանցիների ջրաղաց» հնարքը կիրառողները ամենևին էլ չեն խուսափում ներկայիս իշխանություններին քննադատելուց, ինչն այդ թեզի մանիպուլյատիվության հիմնական ապացույցն է:

Ա.Աբովյանի կողմից կիրառված մյուս հնարքը՝ «հանրային կարեւորություն ունեցող հարցը՝ որպես մասնավոր հարց ներկայացնելն է»։ Այս հնարքի էությունը հետևյալն է. հանրային հարցը իջեցվում է մասնավորի մակարդակի, դրա մասին խոսելը ներկայացվում է որպես անձնական հաշիվների մաքրում կամ անձնական կարծիք ու պիտակավորվում՝ որպես ոչ քաղաքական։ Այս հնարքի կիրառման նպատակն է՝ դուրս մղել հանրային նշանակություն ունեցող հարցը հանրային քաղաքական օրակարգից: Վերոնշյալ հարցում այս հնարքը կիրառել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ հայտնի միջադեպից մի քանի օր անց հայտարարել էր. «...Դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը որակում տա։ԲՀԿ քարտուղար  Արման Աբովյանն  արդեն կարծիք հայտնել է, դա նրա անձնական կարծիքն է, որի հիմքում Անդրանիկ Մանուկյանի հետ 3 տարվա աշխատանքային փորձն է»։ Գ. Ծառուկյանը՝ հայտարարելով, որ Բաբաջանյան-Աբովյան բանավեճը քաղաքական հարց չէ, ու Ա. Աբովյանի կողմից հնչեցված քննադատությունը նրա անձնական կարծիքն է, կամա թե ակամա խուսափում է Բաբաջանյանի հնչեցված գնահատականների վերաբերյալ իր կարծիքը կամ դիրքորոշումը ներկայացնելուց։

 

Այսպիսով, ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ ԲՀԿ-ն՝ դիմելով տարբեր մանիպուլյացիոն հնարքների, խուսափել է նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ որևէ քաղաքական գնահատական հնչեցնելուց։

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան