«ՏԵՍԱԿԻ» ՇԱՀԱՐԿՄԱՆ՝ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

...

Բաղադրություն

  • «Տեսակ» բառի շահարկում
  • «Տեսակ» հասկացության կամայական ձևակերպում
  • Արցախի հայության շրջանում հակահայաստանյան տրամադրությունների հրահրման փորձ

 

   Հունիսի 25-ին Ռ. Քոչարյանի՝ 5TV-ին տված հարցազրույցը սոցիալական ցանցերում և հայաստանյան լրատվական կայքերում լայն քննարկումների և մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Մեկնաբանությունները հիմնականում վերաբերում էին մարտիմեկյան դատավարության և Արցախի խնդրի շուրջ բանակցությունների տարեգրությանն առնչվող քոչարյանական մանիպուլյացիաներին, Ռ. Քոչարյանի՝ ՀՀ-ում իշխանության տարիներին ունեցած ձեռքբերումների իսկությանը, Արցախի ներքին գործերին չխառնվելու կեղծ պնդումներին (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8): Հնչեց նաև կարծիք, որ Ռ. Քոչարյանը փորձում է պառակտել հայաստանյան հասարակությունը, քանի որ չի կարող միավորել այն, և որ դրանում կարելի է տեսնել արտաքին հետքեր (տես 5:10-5:53):

Դետեկտորի կարծիքով՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի հիմնական ուղերձն այլ էր, և այդ առումով, հատկապես կարևոր է ուշադրության առնել նրա պատասխաններում «տեսակ» հասկացության օգտագործմանը կամ շահարկմանը, ինչպես նաև՝ այդ հասկացության կամայական ձևակերպմանը:

 

Մեր հիմնավորումները

 «Տեսակ» հասկացությունը կամ բառը մոտ մեկ ժամ տևած հարցազրույցում Ռ. Քոչարյանի կողմից հիշատակվում է 19 անգամ: Հարցազրույցը սկսվում է «տեսակին» հղում անելով (3:10-3:38), որով, ըստ էության, բանախոսը ներկայացնում է Արցախի հարցում (տարածքների ազատագրման  և Արցախի խնդրի շուրջ բանակցություններում) իր ձեռքբերումները, ՀՀ նախագահ եղած շրջանում իր ունեցած տնտեսական նվաճումները… և ավարտվում է «տեսակի» մասին առավել ընդհանրական նկարագրի ներկայացմամբ և «տեսակին» սպառնացող վտանգների մասին զգուշացումներով (46:30-58:33): Ինչպես պարզ է դառնում բանախոսի՝ «տեսակին»  բնորոշ հատկանիշների ներկայացումից և դրանց ընդհանրացումից, տեսակի հիմնական ներկայացուցիչը ղարաբաղցին է կամ Արցախի ժողովուրդը, որի բնորոշ հատկանիշներն են հող չհանձնելու կամքը, խիզախությունը: Հենց այդ տեսակին է ինքն իրեն վերագրում Ռ. Քոչարյանը: Տեղայնացնելով և հոգեբանական բացառիկ հատկանիշներով օժտելով վերոհիշյալ «տեսակը»՝ Ռ. Քոչարյանը ձևակերպում է նաև «տեսակի»՝ իր հղացքային առանցքի հակառակ կողմում տեղայնացված սուբյեկտին՝ ոչ ղարաբաղցիներին կամ հայաստանցիներին և վերջիններիս բնորոշ հատկանիշները (հող հանձնողներ, վախկոտներ): Այնուհետև, իր՝ ղարաբաղյան տեսակի առավելություններն ընդգծելու նպատակով, Ռ. Քոչարյանը խոսում է հակոտնյա տեսակից (հայաստանցիներից) դրական տեսակին (ղարաբաղցիներին) սպառնացող վտանգի մասին («պետք է թույլ չտան Հայաստանին այդ տեսակը ջարդել, նվաստացնել, սենց փոքրացնել Ղարաբաղում» տես 58:18-58:33):

Կարծում ենք Ռ. Քոչարյանի՝ «տեսակի հղացքին» և դրա հիմքում իբրև բացառիկ ներկայացված բնութագրիչների՝ մտացածին և կեղծ լինելուն մանրամասն անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Հայաստանյան լրատվամիջոցներում, հատկապես վերջին օրերին, բազմաթիվ անդրադարձներ ու մեկնաբանություններ են արվել, որոնք վերաբերում են դրանց ճշմարտացիությանը (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8): Այդուհանդերձ, երկու-երեք դիտարկմամբ անդրադառնանք այն կեղծ փաստարկներին,  որոնք չեն հանդիպում վերոհիշյալ վերլուծություններում: Դրանցից մեկը վերաբերում է «խիզախությունը» գնահատելու արցախցու, տվյալ դեպքում՝ Ռ. Քոչարյանի հատկանիշի շահարկմանը: Այստեղ հիշեցման կարիք ունի Արցախյան գոյամարտում հայաստանցի կամավորների ծանրակշիռ մասնակցության փաստը: Նաև այն, որ այդ գոյամարտում հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն պատերազմի դաշտում տեղի ունեցած գործողությունների արդյունքում, այլև՝ համայն հայության նյութական և բարոյական աջակցության շնորհիվ: Ուստի, Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաջողությունները միայն արցախցիների և նույնիսկ՝ մեծամասամբ արցախցիների ջանքերի արդյունքը չեն: Նաև նշենք, որ Արցախյան գոյամարտում հայաստանցիների բազմակողմանի աջակցությունը մեկ անգամ ևս դրսևորվեց 2016թ.՝ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների՝ Արցախի ներկայիս իշխանություններից ազատվելու ցանկության մասին քոչարյանական մեղադրանքներին, ապա պիտի նշենք, որ Արցախի ներկա իշխանությունների նկատմամբ դժգոհությունը և նրանցից ազատվելու պահանջը զուտ Արցախի ժողովրդի ներքին ակնկալիքների ոլորտում է, ընդ որում՝ նաև իշխանություն չունեցող բարձրաստիճան զինվորականության մի մասի շահագրգռության ոլորտում: Ասել է թե, դժգոհությունը ոչ թե առհասարակ՝ խիզախ զինվորականության դեմ է, այլ դրա մի թևի, ի մասնավորի՝ այն թևի, որն այսօր ներկայացնում է Արցախի իշխանությունը: Հայաստանը, շահագրգռված լինելով Արցախում այդ հակասությունների լուծմամբ, փորձում է, այնուամենայնիվ, չեզոքություն պահպանել, ինչը սակայն դիտարկվում է իբրև դավադրություն՝ Արցախի նեկայիս ռազմաքաղաքական իշխանությունների նկատմամբ:

Անշուշտ, միամտություն կլինի կարծել, որ Ռ. Քոչարյանը անհաղորդ է «տեսակի» մասին իր մտացածին հղացքի հակասականությանը և դրա հիմքում ընկած արհեստական բնութագրիչներին: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հղացքը որոշակի նպատակների իրականացման՝ Ռ. Քոչարյանի վերջին ու միակ հույսն է, որի համար, նրա կարծիքով առկա են որոշակի նպաստավոր հանգամանքեր, որոնք ամեն գնով անհրաժեշտ է օգտագործել:

Վերջին մեկ տարում Մարտի 1-ի դատավարության շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռ. Քոչարյանը, չնայած Հայաստանում իր անձի օգտին ծավալած խոշորամասշտաբ քարոզչությանը (բողոքի ցույցեր, ելույթներ և երթեր, լրատվական կայքերի հրապարակումներ, սոցցանցերում տեղադրված գովազդներ, ֆեյք լրատվամիջոցների հաղորդումներ, և այլն), չի կարող այլևս ակնկալել հայաստանյան հանրության և նաև քաղաքական տարբեր ուժերի աջակցությունը: Հայաստանում, նաև ներքին քաղաքական գործընթացների առումով՝ հարաբերական կայունության ժամանակահատված է. ԱԺ ընտրությունները վերջերս են կայացել, որի արդյունքները վիճարկման ենթակա չեն: Կան սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցություններ, բայց իրական ժամկետներ դեռ չեն ուրվագծվում, հետևապես՝ անորոշ է, թե երբ տեղի կունենան հաջորդ ընտրությունները: Այսինքն՝ ՀՀ ներքին քաղաքական գործընթացները ներկայում և տեսանելի ապագայում հանրությանը և քաղաքական ուժերին շահարկելու առիթներ և սողանցքներ չեն ընձեռում:

Սակայն՝ հանրության ու քաղաքական ուժերի աջակցությունը ստանալու հնարավորությունն առկա է Արցախում: Այստեղ քաղաքական իշխանությունը գտնվում է դեռևս ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների օրոք ձևավորված քաղաքական ուժերի ձեռքում, որոնք նաև իրենց բացահայտ համակրանքն են ցույց տվել Ռ. Քոչարյանի հանդեպ՝ վերջինիս կալանքը իբրև խափանման միջոց փոխարինելու համար միջնորդություն ներկայացնելով: Մյուս կողմից՝ Արցախն այսօր ԱԺ հերթական ընտրությունների շեմին է, և որոշ քաղաքական ուժեր վաղաժամ քարոզարշավ են սկսել: Սա շահարկում իրականացնելու համար նպաստավոր միջավայր է, սակայն այդ միջավայրում Ռ. Քոչարյանին անհանգստացնող հանգամանքներ կան, որոնցից ամենակարևորը արցախյան իշխանության որակական փոփոխության հեռանկարն է: Այն, ըստ էության, Ռ. Քոչարյանի համար ենթադրում է իշխանություն ունեցող ռազմաքաղաքական էլիտայի կողմից՝ իրեն հնարավոր աջակցության բացառում: Ահա այդ գործընթացը թույլ չտալու համար է, որ Ռ. Քոչարյանը շրջանառության մեջ է դնում «տեսակի» մասին իր հղացքը, ըստ որի՝ բոլոր արցախցիներին միավորում է պատերազմին մասնակից լինելը, խիզախ լինելը, որի բյուրեղացումը հենց Արցախի ներկայիս քաղաքական իշխանությունն է: Այդ տարածական, հոգեբանական և կենսագրական հատկանիշներ վրա է նա կառուցում  իր  «տեսակի»  հղացքը, որի մեջ հարմարավետ տեղավորում է նաև իրեն: Դրա արդյունավետ շահարկման պարագայում, Ռ Քոչարյանը հույս է փայփայում առավելագույն թվով արցախցիների միավորել ընդհանուր սպառնալիքի կամ ընդհանուր թշնամու գաղափարի շուրջը, որը տվյալ դեպքում ոչ թե Ադրբեջանն է, այլ Հայաստանն ու հայաստանցիները:

Բայց որտեղի՞ց Ռ. Քոչարյանին այն վստահությունը, որ «տեսակի» իր հղացքը կարող է հաջողություն ապահովել: Ամենայն հավանականությամբ, վստահության խթաններից մեկը նախկինում ունեցած նման մի հաջողված փորձառության խորհուրդն է: Խոսքը ՀՀ-ում Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին հայրենակցական միությունների ստեղծման մասին է: 2003թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, ՀՀ-ում կտրուկ խրախուսվեց տարբեր հայրենակցական միությունների ստեղծումը: ՀՀ տարբեր մարզերում ստեղծվեցին մարզային հայրենակցական միություններ՝ Շիրակի, Նիգ-Ապարանի, Լոռու, Տավուշի և այլն: Դրանք 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենց աջակցությունը հայտնեցին Ռ. Քոչարյանին, և նաև այդ աջակցության շնորհիվ վերջինս երկրորդ անգամ ընտրվեց ՀՀ նախագահ: Նույն տարում՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ, այդ միությունների աջակցությունն ապահովեց Ռ. Քոչարյանի հենարանը հանդիսացող կուսակցությունների մուտքն ԱԺ: Այսինքն, Ռ. Քոչարյանը դիմեց տեղայնացման և տեղային հատկանիշների շահարկման նույն հնարքին, որը զգալի չափով նպաստեց նույն տարածքում ապրող տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող բնակիչներին՝ ընտրություն կատարել ոչ թե քաղաքական որոշակի գաղափարներ ունեցող թեկնածուների միջև, այլ՝ ենթաէթնիկ և տարածքային կազմակերպությունների աջակցությունը վայելող թեկնածուի, որը հենց ինքը՝ Ռ. Քոչարյանն էր: Ի դեպ, այդ առումով՝ հարցազրույցում հնչած հերթական կեղծ խոստովանություններից մեկն էլ այն էր, որ ինքը կողմ է իզմերին և դեմ՝ պոպուլիզմին (բառացի՝ «Եթե չկան իզմերը, ապա մնում է մեկ և ամենից վատ իզմը, որը կոչվում է պոպուլիզմ»): Այնինչ, տեղայնական և ենթաէթնիկ բնութագրերի սկզբունքով հայրենակցական միությունների ստեղծումը՝ ցանկացած տիպի գաղափարախոսություն մերժելու դրևորում էր: Այդ դրսևորւմներից էր նաև 1998թ.՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով ՀՀ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելը, որը նույնպես Ռ. Քոչարյանի համար պսակվեց հաջողությամբ:

 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

08-07-2019