ՍՊԱՍՎՈՂ ԱՂԵՏԻ ԱՀԱԶԱՆԳԸ. ՓՐԿՉԱՅԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ

...

Բաղադրություն

  • Տարբերվող երևույթների նույնականացման մանիպուլյացիա
  • «Հներից» դիստանցավորվելու մանիպուլյացիա
  • Վախճանաբանական տրամադրությունների և նոր փրկչի սպասելիքներ ձևավորելու մանիպուլյացիա

 

Վերջին շրջանում մամուլում կարելի է հանդիպել հրապարակումների, որոնցում ահազանգ է հնչեցվում մոտալուտ աղետի մասին: Նման հոդվածներից մեկը հրապարակվեց «Այլընտրանքային նախաձեռնություններ» խմբի կողմից, որտեղ ներկայիս իշխանությունների տնտեսական, քաղաքական ու հասարակական ոլորտներին վերաբերող քաղաքականության շուրջ հնչեցվող քննադատական նկատառումներից շատերն  ընդունելի են, քանի որ ներկայացնում են ընթացիկ գործընթացների հետ կապված իրողությունների վերլուծական դիտանկյուններ: Սակայն դրանք վերնագրված են չափազանցված այն դատողության ներքո, ըստ որի՝ ներկա իշխանության վարած քաղաքականությունը բնութագրվում է որպես «դեպի աղետ տանող ճանապարհ»: Այս հոդվածն այդքան ուշադրություն չէր գրավի, եթե չհաջորդեր և չընկալվեր նախօրեին «168 ժամ» լրատվամիջոցին Միքայել Մինասյանի տված այն հարցազրույցի համատեքստում, որտեղ նա  հնչեցնում է Հայաստանին սպասվող «աղետի» ահազանգը:   

Հարցազրույցի հիմնական ասելիքը հետևյալն էր. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և, ընդհանրապես, ներկայիս իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, որ նրանք, չնայած եկել են իշխանության, սակայն խուսափում են մտնել պատասխանատվության տակ և դիրքավորվել են ընդդիմության ու իշխանության միջակայքում: Ըստ նրա, նույն բանն է անում նաև նախկին իշխանությունը, որը մնացել է կիսաճանապարհին և չի ուզում դառնալ ընդդիմություն: Այնուհետև շարունակում է. «Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»: Եվ հետո հանգում է այսպիսի եզրակացության. «Այս իշխանությունը հնի շարունակությունն է, և անցած մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի փոխել: Օդում կար հեղափոխության սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հպարտներին և ոչ այդքան, լավ ապրողներին և ոչ այդքան, շատ վատ ապրողներին և ոչ այդքան, սահմանի զինվորներին և բանակից փախածներին, բոլորին միավորում է աղետի սպասման այդ տագնապը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենն ավարտվելու է շատ վատ»: Իր հետագա խոսքում, ավելի խտացնելու համար աղետի վտանգի զգացողությունը, Մ.Մինասյանը կապում է այն Արցախի պատերազմի և սահմանի անվտանգության խաթարման հետ՝ փորձելով դիպչել հասարակության ամենից ցավոտ լարին՝ ինքնապահպանման բնազդին: Եթե համառոտ ու հիմնական գծերով ներկայացնենք Միքայել Մինասյանի «աղետի կոնցեպցիան», ապա գերակա միտքը հետևյալն է. հեղափոխություն իրականացրած ուժերը իրականում իշխանություն չեն, խուսափում են պատասխանատվություն վերցնելուց, հին իշխանության շարունակությունն են և շարունակելով հների գործը՝ երկիրը տանում են աղետի: Այս իրավիճակից մեզ կփրկեն ո՛չ հները և ո՛չ էլ թավշյա հեղափոխականները: Նոր ուժ է պետք, որ կգա և ժողովրդին կփրկի աղետից:  

Այստեղ նկատելի  են հնի ու նորի նույնացման, ոչ համարժեք երևույթների միջև տարբերությունը չեզոքացնելու՝  «ոչինչ չի փոխվել», «իշխանությունը չի ուզում վերցնել պատասխանատվություն» և այլ մանիպուլյատիվ պնդումներ: Դրանցից վերջին երկուսն արվում են պարզապես հայտարարության ձևով՝առանց փաստարկված հիմնավորումների։ Պարզապես, փորձ է արվում դա հիմնավորել հնի ու նորի նույնացման մանիպուլյացիայի հետ կապերի ստեղծման միջոցով։

            Հռետորաբանության մեջ փորձված մանիպուլյատիվ հնարքներից մեկը ոչ համարժեք և նույնիսկ հակասող երևույթները մեկ շարքի մեջ դասելու և այդ ձևով դրանք նույնականացնելու փորձն է: Այս հնարքը տեսնում ենք հարցազրույցում հներին ու նորերին իրար կողք, մի շարքի մեջ դնելու դրվագներում:

Խոսքի հավաստիության կարևոր գործոններից է կոնվենցիոնալության[i] ապահովման սկզբունքը։ Դրա անհրաժեշտ պայմաններից է այն, թե ով է ասում խոսքը: Եվ վերջինիս վարքագիծն ու գործողությունները պետք է ապահովեն իր խոսքի մեջ հնչեցվող գաղափարների հետ համարժեքության պայմանը, առավել ևս՝ չպետք է հակասեն դրան։ Եթե այդ պայմանը չի պահպանվում, ապա խախտվում է կոնվենցիոնալության սկզբունքը, և խոսքը դառնում է մանիպուլյատիվ։ Այսինքն նա, ով քննադատում է վատ կառավարումը և խոսում պետության կայացման խնդիրների մասին,  չպետք է իր գործողություններով կապված լինի կառավարման համակարգը վնասող կոռուպցիոն համակարգերի հետ և չպետք է վնասած լինի պետության կայացմանը։  Հատկանշական է, որ Միքայել Մինասյանի՝ վերջերս ակտիվորեն հրապարակվող քննադատական հոդվածներին տրվող հանրային արձագանքներում հնչեցվում է հենց այն կարծիքը, թե նա նման քննադատություն անելու համար համարժեք մարդ չէ, քանի որ ինքը հենց այդ քննադատության առարկան հանդիսացող երևույթները ստեղծող հին համակարգի հենասյուներից մեկն է եղել: Այսինքն, այստեղ նկատելի է կոնվենցիոնալության սկզբունքի խախտման ընդգծված մանիպուլյացիոն հնարք:

Այս առումով ակնառու է մեկ այլ մանիպուլյացիա ևս: Որպեսզի ապահովի վերը նշված կոնվենցիոնալության պակասը, Միքայել Մինասյանը փորձում է իրեն տարանջատել հներից՝ քննադատության միջոցով իրեն դիստանցավորելու տեխնիկայի միջոցով: Սա համահունչ է ժողովրդական այն դիտարկմանը, թե՝ «գողին բռնե՛ք» առաջինը գոչում է հենց գողացողը: Ի դեպ, սա նրա կողմից սիստեմատիկ կրկնվող մանիպուլյատիվ հնարք է, որը, կարելի է ենթադրել՝ արվում է հանրային կարծիքում սեփական վարկանիշը փոխելու և որպես «նոր» հայտնվելու համար: Հատկանշական է նաև, որ «նորերին» «հների» հետ նույնացնող և «նորերին» քննադատող Միքայել Մինասյանը երբևիցե «հների» քննադատությամբ հանդես չի եկել և իր իսկ գուժած աղետի մասին երբևիցե չի խոսել «հների» օրոք, ինչը մանիպուլյատիվ երանգներ է հաղորդում նրա կողմից՝ նախկին իշխանության քննադատությանն ու «ոչինչ չի փոխվել» արտահայտությանը։

Սակայն, ամենից մեծ մանիպուլյացիան վերաբերում է «աղետի» գույժին: Հետաքրքիր է, որ աղետի ահազանգը հնի ու նորի նույնականացման մանիպուլյատիվ հնարքի համատեքստում է հնչեցվում, խիստ զգացմունքայնացված է և փաստարկված չէ դատողական հիմնավորումներով։ Աղետը և աղետի սպասումը վախճանաբանական առասպելաբանության մեջ առանցքային իրադարձությունն է: Իսկ ինչու՞ է պետք աղետի ահագնացող վտանգի մտայնություն ձևավորել: Խնդիրն այն է, որ վախճանաբանական առասպելաբանության մեջ աղետից դուրս գալու ելքը փրկչի ի հայտ գալն է։ Հատկանշական է, որ ինչպես նշում են այս խնդրի հետազոտությամբ զբաղվող  մասնագետները, այս երևույթը խիստ արքետիպային բնույթ ունի և բնորոշ է ինչպես ավանդական հասարակությունների ծիսական մտածողությանը, այնպես էլ՝  ժամանակակից հասարակությունների քաղաքական պրակտիկաներին[ii]:

ՄՄինասյանի խոսքում աղետի մասին խոսակցությունը հենց այնպես չի հնչեցվում։ Դրա սրվածության ու զգացմունքային տոնայնության աստիճանը հենց վախճանաբանական գույժի տպավորություն է ստեղծում, որից դուրս գալ հնարավոր է միայն փրկչի գալստյան միջոցով։ Նիկոլը չարդարացրեց իրեն, եզրակացնում է Միքայել Մինասյանը, նա հներից մեկն է, ոչինչ չի փոխվել, նա փրկիչ չէ, անհրաժեշտ է նոր փրկիչ:  Նման պնդումը փրկչի գալստյան սպասումներ ձևավորելուն ուղղված մանիպուլյատիվ հերթական հնարք է, որը տարօրինակ կերպով փորձում է իրականացնել հենց հների ամենից նշանային դեմքերից մեկը:    

Վերջին շրջանում նրա՝ ակտիվորեն հրապարակվող հոդվածների  և հատկապես դրանք ամփոփող «Խրամատներից դուրս գալու ժամանակը» հրապարակման շուրջ հնչեցվում է այն կարծիքը, թե Միքայել Մինասյանը փորձում է ձևավորել նոր քաղաքական գործչի իմիջ, որը տեսնում է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական հիմնախնդիրները, հեղափոխական իշխանությունների թերություններն ու նրանց անընդունակությունը՝դրանք վերացնելու հարցում: Այս եղանակով նա փորձում է ձևավորել նոր քաղաքական գործչի հանրային պահանջ և այդ պահանջի համատեքստում՝ քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում: Այսպիսով,  ավելի բացատրելի է դառնում նրա կողմից՝ հնի ու նորի նույնականացման,  աղետի սպասման ու նոր փրկչի անհրաժեշտության շուրջ  մանիպուլյացիաների մոտիվացիան: 



[i] Austin J. 1999. How to do things with words. Oxford: Clarendon press, pp. 12-18.

[ii] Eliade M. 1998. Myth and Reality. Illinois: Waveland Press, pp. 54-75.

 

 

Հեղինակ՝ Աղասի Թադևոսյան

29-09-2019