«ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԸ

...

Ингредиенты

  • Կեղծ երկընտրանքի (հակասության) ստեղծում
  • Կեղծ զուգահեռների անցկացում
  • Անհիմն քննադատություն
  • Ներքին կայունության և արտաքին անվտանգության թեմաների շահարկում
  • Պնդումների կառուցում անհիմն փաստարկների հիման վրա
  • Տագնապի զգացողության ստեղծում

Սեպտեմբերի 12-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը սահմանամերձ շրջանների մասին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն, ելույթի բուն էությունը վարչապետի՝ հանրահավաքներին մասնակցությունն ու ելույթները քննադատելն էր՝ անվտանգության և ներքաղաքական «անկայունության» պատրվակներով, ինչպես նաև, նրան հակասական խորհուրդներ տալը (մասնավորապես բարձրաձայնվեցին պետականաշինությամբ զբաղվելու և արձակուրդ վերցնելու հորդորները): Վերլուծելով Մարգարիտ Եսայանի այս ելույթը` ԴԵՏԵԿՏՈՐԸ նրա պնդումներում մանիպուլյացիոն մի շարք տարրեր է բացահայտել, օրինակ՝ կեղծ երկընտրանքի ստեղծում, կեղծ զուգահեռների անցկացում, ներքին կայունության և արտաքին անվտանգության թեմաների շահարկում, որոնց վերլուծությունը ներկայացնում ենք ստորև:

 

Մեր հիմնավորումները

Պատգամավորն իր ելույթը սկսում և ավարտում է՝ առանց հիմքերի հակադրելով վարչապետի պաշտոնն ու պարտականությունները և հանրահավաքներին մասնակցելու պրակտիկան (ինչը նա «միտինգային քաղաքականություն» է որակում): Նա մասնավորապես հայտարարում է. «Դուք դարձել եք այլևս Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց կարծում եմ տպավորությամբ, Ձեր սերը հանրահավաքների մասնակցելու նկատմամբ չի մարել: ... Չե՞ք կարծում, որ մի քիչ շատ եք գնում հանրահավաքներին, Դուք պիտի պետականաշինությամբ զբաղվեք, պետական քաղաքականությամբ, Դուք պիտի աշխատեցնեք կառավարությունը»: Ելույթի վերջում նա կրկնում է իր հորդորը. «Զբաղվեք պետականաշինությամբ, պետական գործունեությամբ, ոչ թե միտինգային քաղաքականությամբ»: ԴԵՏԵԿՏՈՐՆ այս խոսքերում տեսնում է կեղծ երկընտրանքի (հակասության) ստեղծում մանիպուլյացիոն հնարքը (որի պարագայում երկու իրար չհակասող երևույթ իրարամերժ են ներկայացվում), քանի որ պետական գործունեությունը ոչ մի կերպ չի կարող հակասության մեջ լինել հանրահավաքներ հրավիրելու կամ հանրահավաքներին մասնակցելու հետ: Ընդհակառակը, հանրահավաքները կարող են դիտարկվել որպես քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների միջև անմիջական կապի ապահովման արդյունավետ մեխանիզմներից մեկը:

Այնուհետև, բանախոսը մասնավորեցնում է իր քննադատությունը՝ անդրադառնալով նախընտրական հանրահավաքներին վարչապետի մասնակցությանը և Հայկ Մարությանի թեկնածությունը սատարելուն: Իրավական տեսանկյունից որևէ քննադատություն չիրականացնելով, բանախոսն առաջ է քաշում այն ենթադրությունը, որ ՀՀԿ ղեկավարների նույն քայլերը քննադատության կարժանանային Նիկոլ Փաշինյանի կողմից: Եսայանը նշում է. «Ես ուղղակի պատկերացնում եմ, որ նախորդ իշխանությունների դեպքում եթե իշխող քաղաքական ուժի նախագահը, ղեկավարը գնար հանրահավաքի և գովազդեր Երևանի քաղաքապետի իր թեկնածուին, ես պատկերացնում եմ էստեղ Ձեր ելույթները»: Թեև վարչապետի՝ ընտրարշավին մասնակցելը օրինական է, եթե օրենքով սահմանված պայմանները պահպանվում են, նա, այնուամենայնիվ, վարչապետին հորդորում է արձակուրդ վերցնել՝ քարոզարշավին մասնակցելու նպատակով:

Այս պարագայում, զուգահեռներ անցկացնելով նախկին և նոր իշխանությունների գործելաոճի միջև, Մ. Եսայանը փաստացի վերջիններիս  մեղադրում է երկակի ստանդարտների կիրարկման մեջ: Բացի այդ, վարչապետի և նախկին իշխանությունների միջև զուգահեռների անցկացումը, կարծես թե, նախկին իշխանությունների քայլերն արդարացնելու նպատակ է հետապնդում. ունկնդրի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե վարչապետն իրավունք ունի մասնակցել քարոզարշավին, ապա ՀՀԿ-ին ներկայացվող նախկին քննադատությունները անհիմն են՝ իրավական  և քաղաքական տեսանկյունից:

Իրականում, ՀՀԿ ներկայացուցիչների նախընտրական քայլերը բազմիցս քննադատվում էին վարչական ռեսուրսը չարաշահելու պատճառով, և դրա  համար բավարար հիմքեր կային. հիշենք, օրինակ, նախկին վարչապետ Կ. Կարապետյանի և այլ պաշտոնյաների՝ աշխատանքային ժամերի ընթացքում նախընտրական քարոզարշավին մասնակցելը և այլ չարաշահումներ (ՀՀԿ կողմից վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ էր նաև այն, որ որոշ հիմնարկների աշխատակիցներ երբեմն պարտադրվում էին այս կամ այն քաղաքական միջոցառմանը մասնակցել՝ աշխատանքից ազատվելու սպառնալիքով. այդ մասին են վկայում հեղինակի կողմից անցկացված բազում սոցիոլոգիական հարցազրույցները): Քանի որ չկա ոչ մի ապացույց, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները օրենքի սահմաններից դուրս են, և որ նա չարաշահում է վարչական ռեսուրսները, սխալ է նրա և ՀՀԿ ներկայացուցիչների նախընտրական քայլերի միջև զուգահեռների անցկացումը: ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ Եսայանի վերոնշալ հայտարարություններն ունեն մանիպուլյատիվ բնույթ, քանի որ դրանք ստեղծում են կեղծ զուգահեռներ նախկին և ներկայիս իշխանությունների միջև:

Բանախոսն իր ելույթում նաև ցույց է տալիս, թե իբր՝  մտահոգված է վարչապետի վարկանիշով. «Կարծում եմ՝ պիտի վերանայեք, որովհետև դուք դեռ ունեք Ձեզ հավատացող հասարակության ինչ-որ հատված»: Իրականում, Եսայանը ոչ թե մտահոգված է վարչապետի վարկանիշով, այլ  առանց որևէ հիմանավորման ակնարկում է, որ Փաշինյանը վարկանիշի անկում ունի, և որ ընդամենը հասարակության ինչ-որ հատվածն է նրան վստահում, այլ ոչ թե բնակչության մեծամասնությունը: Նա նաև հասկացնել է տալիս, որ եթե վարչապետը շարունակի նույն կերպ գործել, ապա նա դա էլ կկորցնի: Բնականաբար, Եսայանի ելույթի այս հատվածը նույնպես ունի մանիպուլյատիվ բնույթ, քանի որ կառուցված է  հիմնավորում չունեցող դատողությունների վրա և կանխամտածված, կամ ակամայից` ինֆորմացիոն հարձակում է Փաշինյանի ուղղությամբ:

Բացի դրանից, վարչապետի ելույթները քննադատելու նպատակով շահարկվում է անվտանգության թեման` երկու առումով: Առաջին հերթին առաջ է քաշվում այն անհիմն թեզը, թե, իբրև, նրա «որոշ ելույթներ հանրահավաքներում ապակայունացնում են ներքաղաքական իրավիճակը...», մինչդեռ, ներքաղաքական իրավիճակի անկայունության  հավաստի հիմնավորումներ չեն բերվում: Իրականում, վարչապետի այն ելույթները, որոնք ներքաղաքական իրավիճակի համար «ապակայունացնող» են որակվում, հիմնականում վերաբերում են նախկին իշխանությունների չարաշահումների դեմ օրինական պայքարին:

Այնուհետև շահարկվում է նաև արտաքին անվտանգության թեման, երբ հայտարարվում է հետևյալը. «այն պահին երբ որ Դուք հանրահավաքում բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսը և Վազաշենը գնդակոծվում էր, գնդակոծվում էր բառիս ուղղակի իմաստով»: Ինչպես Մ. Եսայանն ինքն է ընդունում. «իհարկե, առաջ էլ էդպիսի բաներ լինում էին, միշտ էլ եղել են», սակայն, իրավիճակը  ավելի վտանգավոր ներկայացնելու և վարչապետին քննադատելու նպատակով, նա վկայակոչում է քիչ առաջ իր կողմից առաջ քաշված այն անհիմն փաստարկը, թե Հայաստանը վարչապետի ելույթների պատճառով հայտնվել է խոցելի վիճակում. «իհարկե առաջ էլ էդպիսի բաներ լինում էին ... բայց կարծում եմ կայուն ներքաղաքական իրավիճակում գտնվող պետության համար դրանք այնքան վտանգավոր չեն, որքան անկայուն ներքաղաքական իրավիճակում գտնվող պետությունների համար»: ԴԵՏԵԿՏՈՐՆ այս հայտարարության մեջ տեսնում է պնդումների կառուցում՝ անհիմն փաստարկների հիման վրա և տագնապի զգացողության շահագործում:

Ամփոփելով նշենք, որ ներքին «անկայունության» թեման վերջերս հաճախ է շահարկվում նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից՝ առանց  որևէ  հիմնավորման: Սակայն ըստ հետազոտողների, նույնիսկ որևէ անհիմն թեմայի մասին մեդիայում հաճախակի բարձրաձայնումը կարող է հանգեցնել այդ թեմայի շուրջ օրակարգի ձեւավորմանը: Տվյալ պարագայում, ներքին «անկայունության» մասին մեդիայում հաճախակի խոսելը, թեկուզ առանց ողջամիտ հիմնավորումների, կարող է նպաստել քաղաքացիների լայն շրջանում  տագնապի զգացողության աճին, ինչը և անկայունության թեման շահարկողների նպատակը կարող է լինել: 

 

Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան

27-09-2018