ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԱՃՄԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ. Էդգար Վարդանյան

...

Ингредиенты

  • Երկխոսության ապախրախուսում
  • Իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ
  • Հակաժողովրդավարական վարք
  • Հասկացությունների խեղաթյուրում

Եկեղեցու եւ պետության սերտաճման պրոպագանդա

 

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ ուշադրություն է հրավիրում  այն փաստին, որ վերջին շրջանում ուժգնացել է  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եւ պետության միջեւ հարաբերությունների է՛լ ավելի սերտաճման անհրաժեշտության  քարոզը, որն իրականացվում է իշխող քաղաքական վերնախավի կողմից։ Դետեկտորը այս ամենում տեսնում է պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի ոտնահարման միտում։

2017թ-ի սեպտեմբերի 13-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերի վերաբերյալ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը, մեղադրել է նրան անգրագիտության մեջ եւ նշել, որ ամենալավ ներդրումը եկեղեցի կառուցելն է։ Նա նաեւ արտահայտել է հետեւյալ մտքերը «հայը եւ քրիստոնյան հոմանիշներ են», «պետք է դպրոցներում Հայ եկեղեցու պատմության ժամերը ավելացնեն, ավելին՝ բուհ-երում էլ», «մեր պետական եկեղեցին  Հայ Առաքելական Եկեղեցին է եւ մենք պետք է պրոպագանդենք դա[1]»։

Իսկ 2017թ-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին հայտարարել է «Եկեղեցին չի կարող անջատ լինել  ո՛չ պետությունից, ո՛չ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, եւ, ամենակարեւորը, յուրաքանչյուր հայի սրտի մեջ[2]»։ Ի դեպ, հետաքրքրական է, որ եկեղեցու արարողություններից մեկի՝ Ջրօրհնեքի այս տարվա խաչքավորը հենց Վիգեն Սարգսյանն էր։

Մեր հիմնավորումները

ԴԵՏԵԿՏՈՐԸ նշում է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները խղճի եւ կրոնի ազատությանը վերաբերող այնպիսի հայտարարություններ են արել, որոնք ապախրախուսում են թեմայի վերաբերյալ որեւէ բանավեճ եւ երկխոսություն։ Պաշտոնյաների հայտարարությունների ոճն ամբողջապես պարտադրող է։ Վերոնշյալ համատեքստում նրանց կողմից օգտագործված «պետք է» եւ «չի կարող» արտահայտությունները ցույց են տալիս պաշտոնյաների միանշանակ, քննադատություն չհանդուրժող վերաբերմունքը, այն է՝ պետության կողմից խրախուսելի է միայն ՀԱՍԵ-ի գոյությունը, եւ որ պետության համար «իսկական» հայը  ՀԱՍԵ-ի անդամ հայն է։ Իհարկե, իշխանությունների այս վերաբերմունքը դեռեւս չի նշանակում, որ պետությունը դեմ է այլ կրոնական կազմակերպությունների գոյությանը, սակայն, այս հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս այն ակնհայտ փաստը, որ վերջիններս խրախուսելի չեն իշխանությունների կողմից, եւ որ դրանց անդամները պետության կողմից այլ վերաբերմունքի են արժանանում։

Բարձրաստիճան պաշտոնյաները Հայ Առաքելական Եկեղեցուն նաեւ այնպիսի դերակատարություն եւ կարգավիճակ են վերագրում, որն ամրագրված չէ  ՀՀ Սահմանադրությամբ։ Վերջինում, օրինակ, չկա դրույթ, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետական եկեղեցի է, ինչպես պնդում է պարոն Շարմազանովը ( ՀՀ Սահմանադրությունում գրված է միայն, որ այն ազգային եկեղեցի է, եւ այս համատեքստում «ազգային» եւ «պետական» բառերը հոմանիշներ չեն)։ Սահմանադրությունում չի ասվում, որ պետությունը եւ եկեղեցին անբաժան են, ինչպես նշում է պարոն Սարգսյանը։ Հակառակը՝  ՀՀ Սահմանադրության հոդված 17-ում նշվում է ա) Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
բ) Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: ՀԱՍԵ-ն, բնականաբար, կրոնական կազմակերպություն է եւ մնացած բոլոր կրոնական կազմակերպությունների պես  պետք է անջատ լինի պետությունից։ Անշուշտ, որպես ազգային եկեղեցի այն ունի այլ կարգավիճակ, քան մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները եւ դա արտահայտված է ՀՀ Սահմանադրության հոդված 18-ում, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ, փաստորեն, պաշտոնյաները պետության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու դերի վերաբերյալ  ՀՀ Սահմանադրությանը  չհամապատասխանող հայտարարություններ են անում՝ մոլորության մեջ գցելով թեմային ոչ քաջատեղյակ քաղաքացիներին։ Բացի այդ, իշխանությունների այս վարքը հարված է հասցնում ժողովրդավարական պետության կարեւորագույն սկզբունքին՝  խղճի և կրոնական դավանանքի ազատությանը, խրախուսում է խտրական վերաբերմունքի ձեւավորումը աթեիստների կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդեպ։ Այս մոտեցումը հակասում է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի վերջերս արված հետեւյալ հայտարարությանը «Մենք մեզ համարում ենք եվրոպական արժեհամակարգի կրողներ[3]», ինչը հերթական անգամ հիմք է տալիս պնդելու, որ իշխող քաղաքական վերնախավը երկերեսանի  քաղաքականություն է վարում հատկապես ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում։

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան



[1] https://www.aysor.am/am/news/2017/09/13/%D5%87%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE/1309945

[2] https://news.am/arm/news/425532.html

 

[3]   http://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2018/01/24/President-Serzh-Sargsyan-responded-to-the-questions-raised-by-the-members-of-the-Parliament/