Ի ԶՈՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ Ի ՏԱՊԱԼՈՒՄՆ ԵՊՀ-Ի

...

Բաղադրություն

  • Դեմագոգիա՝ իրարամերժ պատճառների ներկայացմամբ
  • Անուղղակի սպառնալիքի հնչեցում

 

 

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Այդ առթիվ ԵՊՀ գիտխորհրդի՝ 23.05.2019 թ նիստում  արած հայտարարության մեջ նա, մասնավորապես, ասաց. «Արամ Սիմոնյանը խեղճացող մարդ չի: Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ և իմ հոր զավակն եմ: Եվ ես երբեք խեղճացողը չեմ: Եվ չեմ խեղճանալու: Ես պայքարելու եմ: Պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, պայքարելու եմ համալսարանի վաղվա լավ օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լինի նորմալ, որ հայրենիքում, հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ազգային ամոթ կարող է լինել չնշել համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով, ես ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը կներկայացնեմ հոգաբարձուների խորհրդին: Եթե ես դա չանեմ, միևնույն է, էլի խախտումով, թե օրենքով՝ նիստը արվելու է: Ես արդեն տեղյակ եմ փոխելու են հոգաբարձուների ամբողջ կազմը, լինելու է այնպիսի կազմ, որով կարողանան այդ հաճույքը իրենք ստանան: Ես այդ հաճույքը թույլ չեմ տա, որ ինձ հոգաբարձուների խորհրդով ազատելու: Ես մարտունակ եմ և ոչ մի բանից չվախենալով, բայց, այնուամենայնիվ, համալսարանի շահը գերակա համարելով ինձ համար, ես վայր եմ դնում իմ լիազորությունները» (տես՝ 7:23 – 11:07 ):

Դետեկտորի կարծիքով՝ Ա. Սիմոնյանի հայտարարությունը պարունակում է դեմագոգիա և անուղղակի սպառնալիք:

 

Մեր մեկնաբանությունները

Ա. Սիմոնյանի հայտարարության մեջ նշվում են հրաժարականի ոչ թե մեկ, այլ երկու առանցքային պատճառներ: Դրանցից մեկն, ըստ նրա՝ համալսարանի գերակա շահն է, մյուսը՝ թույլ չտալ, որ հոգաբարձուների խորհրդի ենթադրյալ նոր կազմն իրեն հեռացնի և դրանից հաճույք ստանա: Նկատենք, որ իրականում հակասական ու միմյանց բացառող պատճառներ են, քանի որ  ունեն տարբեր շահառուներ առաջինի շահառուն ԵՊՀ-ն է (համալսարանի շահը), երկրորդինը՝ անձամբ ռեկտորը (նրա վտանգված ինքնասիրությունը): Եթե իսկապես գերակա համարվեր համալսարանի շահը, ապա կբացառվեին անհատական հավակնությունները, իսկ եթե, այնուամենայնիվ, անհատական շահն (ինքնասիրությունն) է առաջնային, ապա ԵՊՀ շահը չի կարող գերակա լինել: Հիշենք նաև ԿԳ նախարար Ա. Հարությունյանի հետ մասնավոր զրույցում Ա. Սիմոնյանի արտահայտած մտքերը, թե իրեն չեն հետաքրքրում ԵՊՀ 100 - ամյակի միջոցառումները, և ինքը չի մասնակցի դրանց, ու որ համալսարանն իրեն պետք է քրեական գործերից պաշտպանվելու համար։ Այս ամենից կարելի է  ենթադրել, որ գլխավոր պատճառն, այնուամենայնիվ,  ռեկտորի շահն է և նրա անհատական հավակնությունները (տես 6:15-7:03): Նշենք նաև, որ Ա. Սիմոնյանն  անցած մեկ տարվա ընթացքում տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքն ինչ-որ մեկի կամքով չի հեռանալու, որ ինքը դեռ ժամկետ ունի և մնալու է ռեկտորի պաշտոնում՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Կարելի էր համարել, որ վերոհիշյալ պատճառաբանությունների երկվությունը պաշտոնից ոչ ինքնակամ և վիրավորված հեռացողի պարզագույն դեմագոգիական մանիֆեստացիա է: Սակայն, Ա. Սիմոնյանն իր հրաժարականի տեքստում անուղղակի սպառնալիքներ է հնչեցնում չընկրկելու և պայքարը շարունակելու մասին, որոնք իրական հիմքեր ունեն, և արժանի են մեկնաբանության:

Նախ, ինչպես հայտարարում է Ա. Սիմոնյանը, ինքը շարունակելու է աշխատել ԵՊՀ-ում (տես՝ 9:37-9:55): Նա ղեկավարելու է ԵՊՀ հայագիտության ինստիտուտը որն, ըստ իր հայտարարության, ինքն է ստեղծել՝ հավանաբար այսպիսի մի հնարավոր իրավիճակ կանխատեսելով և հետագայում առանց  պաշտոն չմնալու մտահոգությամբ: Բացի դա, ըստ Ա. Սիմոնյանի, ինքը շարունակելու է դասախոսել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում: Այսինքն, ԵՊՀ նախկին ռեկտորը վստահ է  համալսարանում իր հետագա մանկավարժական գործունեության  հարցում՝ գոնե այն ծավալի զբաղվածությամբ, որն ունեցել է նախկինում:

 Ա. Սիմոնյանի կողմից հայագիտության ինստիտուտի ստեղծումն ու տնօրինումը, ինչպես նաև, հայ ժողովրդի պատմության ամբիոնի պրոֆեսոր լինելու հանգամանքը միակ հնարավորությունները չեն, որոնց մասին նա հոգացել է՝ իր ռեկտորության տարիներին: ԵՊՀ-ում այսօր գոյություն ունեցող վարչա-կառավարչական հաստիքակազմի գերակշիռ մասը ձևավորվել է նրա կողմից՝ պաշտոնավարման 13 տարվա ընթացքում: ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկանների ու փոխդեկանների, ամբիոնների վարիչների մեծամասնությունը ընտրվել կամ նշանակվել է Ա. Սիմոնյանի հորդորով կամ հավանությամբ՝ հաճախ նույնիսկ մրցակից թեկնածուների բացակայության պայմաններում: Անգամ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ԵՊՀ ամենաօդիոզ դեկաններից մեկը՝ Է. Մինասյանը, դեկանի պաշտոնում վերընտրվեց առանց մրցակցության: Պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնում նախորդ՝ երկրորդ անգամ տեղի ունեցած վերընտրության ժամանակ ևս, Է. Մինասյանը մրցակից չուներ: Նրանք, ովքեր աշխատել են ԵՊՀ-ում և ուղղակիորեն առնչվել  դեկանների ընտրության գործընթացներին, քաջատեղյակ են, որ այլ թեկնածուներ պարզապես չէին առաջարկվում, որովհետև  գիտեին, որ միևնույն է՝ հաղթելու է ռեկտորի կողմից  հովանավորվող թեկնածուն: Նշենք նաև, որ 2015թ. պաշտոնում վերընտրության ժամանակ նույնպես, Ա Սիմոնյանը մրցակից չուներ, որովհետև ԵՊՀ ողջ վարչակազմն իր վերահսկողության տակ էր, և անհնազանդության ցանկացած դրսևորում ու այլակարծություն արժանանում էր հետապնդման կամ լավագույն դեպքում՝ անտարբերության: Նույնիսկ ԵՊՀ ուսանողական կառույցների (ՈւԽ, ՈՒԳԽ) ղեկավարներն առաջադրվում կամ վերջնական հավանության էին արժանանում, հիմնականում, Ա. Սիմոնյանի կողմից: Հետհեղափոխական ժամանակահատվածում էլ՝ ՈՒԽ կառույցը և նրա նախագահը շարունակել են աջակցել Ա. Սիմոնյանին և նրա քաղաքականությունը: Այսինքն, մեծ հաշվով՝ Թավշյա հեղափոխությունից հետո այստեղ որևէ բան չի փոխվել:

Հետհեղափոխական շրջանում ԵՊՀ վարչական կազմում տեղի ունեցած մի քանի փոփոխությունները նույնպես իրականացվել են Ա. Սիմոնյանի կողմից և իր նախաձեռնությամբ: Մասնավորապես՝ փոխվել են երկու պրոռեկտոր և ԵՊՀ գիտքարտուղարը: Ընդ որում, այդ փոփոխություններում ևս՝ նախկին իներցիայով, դրսևորվել են Ա. Սիմոնյանի անձնական հավակնությունները: Օրինակ՝ պրոռեկտորի պաշտոնից Գեղամ Գրիգորյանի հեռացման համար Ա. Սիմոնյանն իբրև պատճառ  նշում է նրա կոնֆորմիստ լինելը (տես 4:25-5:15): Նոր պրոռեկտոր է նշանակվել նախկին գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, որին ժամանակին այդ պաշտոնին էր նշանակել նույն ինքը՝ Ա. Սիմոնյանը: Իսկ Մ. Սողոմոնյանի փոխարեն  նոր գիտքարտուղար է նշանակվել Լևոն Հովսեփյանը, որը ՀՀ նախորդ երկու  նախագահների աշխատակազմերում աշխատելու երկար տարիների փորձառություն ունի (2006-2011 թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, իսկ 2011-2017 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում):

Հետհեղափոխական շրջանում Ա. Սիմոնյանի կողմից իրականացված մյուս՝ թերևս  ամենաբնորոշ  փոփոխությունը ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումն է, որի նախագահ է նշանակվել իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Նրա գործունեության նպատակներից գլխավորը՝ Ա. Սիմոնյանի հորդորով մի շարք դեկաններից ու ամբիոնի վարիչներից ազատվելն էր: <<Հեռանալու վտանգի առջև հայտնված դեկանները և ամբիոնի վարիչները պնդել են, որ հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու, և Սիմոնյանի պաշտոնավարումը ևս մի քանի ամսով երկարաձգելու համար»: Հատկանշական է, որ  Ա Սիմոնյանի հրաժարականից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկը նույն Վահե Հովհաննիսյանն էր, որի թեկնածությունն առաջարկվեց և պաշտպանվեց բացառապես Ա. Սիմոնյանի թիմակիցների կողմից:

Վերստին պնդելով, որ այնուամենայնիվ, Ա. Սիմոնյանի՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարվելու պատճառը ոչ թե ԵՊՀ գերակա շահն է, այլ՝ իր անձնական հավակնությունները, կարծում ենք, որ նա համառորեն շարունակելու է պայքարել դրանք իրացնելու համար: Պայքարելու մասին նրա հայտարարությունները պարզապես օդում արված կրակոցներ չեն, եթե նկատի ունենանք, թե ինչպիսի կադրային ու ֆունկցիոնալ ռեսուրսներ է ստեղծել Ա. Սիմոնյանը անցած 13 տարիներին և հիշենք, թե ինչ միջոցներով ու համառությամբ վերջին մեկուկես տարում նա շարունակեց իր պայքարը՝ ռեկտորի պաշտոնում մնալու համար: Մյուս կողմից՝ անցած մեկ տարում մենք առիթ ենք ունեցել համոզվելու, որ Ա. Սիմոնյանը պատրաստ չէ ընդունել իր թույլ տված սխալները, առավել ևս՝ ուղղել դրանք: Այս համատեքստում, պայքարը շարունակելու մասին նրա հայտարարությունները կարող են դիտարկվել իբրև սպառնալիք՝ ԵՊՀ–ում նախատեսվող հետագա արմատական բարեփոխումների համար: Ուստի, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և հոգաբարձուների ներկա խորհրդի առաջնային խնդիրներից  պետք է լինի՝ կարևորագույն պաշտոններից Ա. Սիմոնյանի  նախկին համագործակիցներին ու հովանավորյալներին ազատելը, և նրա ստեղծած բարեփոխումների հանձնաժողովը լուծարելը: Այլապես, ԵՊՀ-ում էլ կարող ենք ունենալ խոչընդոտների և սաբոտաժների այնպիսի դրսևորումներ, ինչի ականատեսն էինք 2018թ մայիս-նոյեմբեր ամիսներին՝ ԱԺ հանրապետական մեծամասնության գործունեության հետևանքով: 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

14-06-2019