ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԲԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Իրավական քննարկման խեղաթյուրում
  • Կեղծ իրավական համազորություն

 

 

 

Հուլիսի 15-ին «Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ»:

Այս հրապարակումից հետո արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում կատարում է «Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին» վերտառությամբ գրառում,  որում անդրադառնում է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությանը՝ որպես իրավական դիրքորոշում:

Հետագայում մի շարք իրավագետներ ու քաղաքական գործիչներ, անդրադառնում են սույն արձանագրությանը՝ որպես «Վենետիկի հանձնաժողովի կարծիքի» [1, 2], «Վենետիկի հանձնաժողովի եզրակացության» [1, 2], «Վենետիկի հանձնաժողովի ամփոփիչ իրավական դիրքորոշման»:

Այնուհետև, մեդիատիրույթում որոշ իրավագետների [1, 2] կողմից անդրադարձ է կատարվել սույն հարցերին և հստակեցվել է, որ խնդրո առարկա արձանագրությունը կարծիք չէ և այդպիսին չի կարող համարվել: Սակայն, նշված իրավագետները չեն անդրադարձել խնդրի մանիպուլյատիվ բնույթին, ինչպես նաև՝ համապարփակ փաստարկներ չեն բերել, թե ինչպես և ինչի հիման վրա են միմյանցից տարբերվում հանձնաժողովի կարծիքն ու արձանագրությունը: Սույն հոդվածը կոչված է առնվազն մասամբ լրացնել այդ բացը:

ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ ներքին սահմանափակ շրջանառության համար պլենար նստաշրջանի զեկույցը (արձանագրությունը) որպես արտաքին ներգործության փաստաթուղթ (իրավական դիրքորոշում, կարծիք, եզրակացություն) ներկայացնելը խեղաթյուրում է իրավական քննարկումը՝ կեղծ համազորություն հաղորդելով տարբեր իրավական արժեք ունեցող փաստաթղթերի:

 

Իրականությունը

 

1. Վենետիկի հանձնաժողովը վերը նշված նստաշրջանի արդյունքում չի ընդունել որևէ իրավական դիրքորոշում՝ կարծիքի տեսքով:

2. Վենետիկի հանձնաժողովի՝ վերը նշված նստաշրջանի զեկույցը ներքին շրջանառության փաստաթուղթ է, որում ճշգրտվում են անդամների դիրքորոշումները՝ այս կամ այն հարցով: Տվյալ փաստաթուղթը իրավական հետևանքներ չի առաջացնում, չունի արտաքին ներգործություն:

3. Վենետիկի հանձնաժողովի՝ վերը նշված նստաշրջանի զեկույցում ներառված կարծիքը՝ «ՍԴ անդամ | դատավոր տարանջատման «բառախաղ» լինելու» վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի կարծիքն է, որն արտացոլված է պլենար նստաշրջանի ամփոփ զեկույցում (արձանագրությունում):

 

 

Մեր հիմնավորումները

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված թիվ (2002) 3 բանաձեւով սահմանված՝ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարության  իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովը) Ստատուտը նախատեսում է երկու հիմնական իրավական գործիք, որի միջոցով Վենետիկի հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը՝ կարծիքներ, հետազոտություններ (հոդված 3 1-ին և 2-րդ պարագրաֆներ):

2018թ. հոկտեմբերի 22-ին 116-րդ պլենար նստաշրջանի ժամանակ նոր խմբագրությամբ ընդունված Ընթացակարգային կանոնների (Rules of Procedure) 9-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆով սահմանվում է. «Կարծիքները, որոնք ընդունվում են Հանձնաժողովի կողմից պետք է լինեն հրապարակային»:  Հանձնաժողովի  կողմից հրապարակված այլ Փաստաթղթերը ևս պետք է լինեն հրապարակային, քանի դեռ Նախագահի կողմից չեն դասակարգված՝ որպես «սահմանափակ շրջանառության» կամ «գաղտնի»: Այլ փաստաթղթերի մեջ է մտնում նստաշրջանի արձանագրությունը (զեկույցը):

Նույն Ընթացակարգային կանոնների 4-րդ հոդվածի 1-ին պարագրաֆի համաձայն՝ Հանձնաժողովն իր նիստերը անցկացնում է պլենար նստաշրջանների միջոցով, որոնք գումարվում են տարեկան 4 անգամ: Համաձայն Ընթացակարգային կանոնների 16-րդ հոդվածի՝ պլենար նստաշրջանի արձանագրությունը (զեկույցը) (draft session report) ընդունվում է շրջանառության մեջ դրվելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե այդ ընթացքում չի լինում որևէ առարկություն: Ընթացակարգային կանոնների 13-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ կարող է պահանջել, որ իր կարծիքը ներառվի նստաշրջանի զեկույցի մեջ:

Ընթացակարգային այս և այլ կանոնների տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք պնդել, որ ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա զեկույցում ներառված «ՍԴ անդամ-դատավոր տարանջատման «բառախաղ» լինելու» վերաբերյալ կարծիքը՝ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ-անդամ Վարդան Պողոսյանի կարծիքն է: Սրա անուղղակի ապացույցն է նաև զեկույցում տեղ գտած ՍԴ անդամ/դատավոր հարցի վերաբերյալ ներկայացված փաստարկի ոճական առանձնահատկությունը: Մասնավորապես, ՍԴ անդամ/դատավոր տարանջատումը որպես «բառախաղ» բնորոշելը՝ մինչև սույն զեկույցի հրապարակումը լայն տարածում ուներ հայաստանյան որոշ իրավագետների շրջանակներում [1, 2, 3] :

Պետք է նշել, որ զեկույցը ներքին շրջանառության փաստաթուղթ է (հասցեատերերը քննարման մասնակիցներն են), այն չի կարող նույնականցվել «Հանձնաժողովի կարծիքի» հետ, որն արտաքին ներգործություն ունեցող փաստաթուղթ է (հասցեատերը պետությունն է) և ունի կազմման հատուկ կարգ: Այդուհանդերձ, գիտակցաբար կամ ոչ բավականաչափ իրավազեկության հետևանքով, հանրային քննարկման մեջ տարբեր խմբեր (այդ թվում՝ իրավագետներ, քաղաքական գործիչներ) փորձ արեցին ներկայացնել սույն զեկույցը որպես Վենետիկի հանձնաժողովի կարծիք՝ վեթթինգի, Սահմանադրական դատարանի անդամ/դատավոր տարանջատման հարցերով: Սրանով՝ վերջիններս գիտակցաբար կամ չգիտակցելով կեղծ համազորություն հաղորդեցին իրավական ռեժիմով և հետևանքներով տարբեր երկու փաստաթղթերին, ինչը ոչ միայն անընդունելի էր իրավաբանական-մասնագիտական դիտանկյունից, այլ նաև անթույլատրելի՝ խնդրո առարկա հարցի հանրային քննարկման էթիկայի տեսանկյունից, քանի որ աղճատում էր վեթթինգի, Սահմանադրական դատարանի անդամ/դատավոր հարցի շուրջ հանրային քննարկումը և դեստրուկտիվ ազդեցություն ունենում հետագա քննարկումների վրա:

Հանրային քննարկման ընթացքում փաստարկման էթիկան քննարկման մասնակիցներից պահանջում է, որպեսզի ներկայացվեն ստույգ փաստարկներ, այսինքն՝ փաստարկի հետ կապված քննարկման մասնակիցը նախապես կատարի ճշգրտումներ, հետազոտություններ, ունենա բավականաչափ հիմքեր՝ պնդելու իր փաստարկի ճշմարտացիությունը[1]: Հակառակ դեպքում՝ ոչ ստույգ փաստարկների ներկայացմամբ հանրային քննարկումը կորցնում է իր արդյունավետությունը, իսկ ոչ ստույգ փաստարկներ ներկայացնողը հանրային ընկալման մեջ կորցնում է իր սոցիալական կարգավիճակից բխող հեղինակությունը, «լուսանցքայնացնում» (ազդեցությունից զրկում) իր փաստարկները և իր հանրային խոսքը:

 

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

30-07-2019 

 



[1] Alexy, R. Theorie der juristischen Argumentation. Frankfurt am Main: Suhrkamp. 2012, S. 87.