«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Անհիմն դատողություն
  • Մանիպուլյատիվ կանխատեսում

 

 

ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրել է, որ մի շարք հանրային և քաղաքական գործիչներ  հայտարարում են, թե արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվելիք Ազգային ժողովն ունենալու է «ժամանակավոր» բնույթ, քանի որ հանրությունը որոշ ժամանակ անց, դուրս գալով էյֆորիայից՝  պահանջելու է արտահերթ ընտրությունների անցկացում (նույնիսկ նշվում է ժամկետ՝ մոտ երկու տարի): Բացի վերոնշյալ պնդումից, հնչում են նաև տեսակետներ, որ  հին քաղաքական ուժերի՝ նոր իրավիճակին ադապտացվելուց, հեղափոխության արդյունքում ստեղծված նոր քաղաքական միավորների ամրապնդվելուց հետո, ճիշտ կլինի անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, որի վերաբերյալ լավ կլինի, որ քաղաքական ուժերը նախապես համաձայնության գան:  Այս  տեսակետը  չենք համարում խնդրահարույց և տվյալ  վերլուծության մեջ քննության ենք առնում միայն հոդվածի սկզբում արձանագրված պնդումը:

 Վերոնշյալ պնդման մեջ ԴԵՏԵԿՏՈՐԸ գտել է կեղծ պատճառահետևանքային կապի, անհիմն դատողության, ինչպես նաև «կեղծ կանխատեսման» («մարգարեության») մանիպուլյատիվ հնարքներ, երբ  առանց քաղաքական և իրավական հիմնավոր պատճառների, հանրային-քաղաքական կյանքի վերաբերյալ կանխատեսումներ են արվում՝ սեփական քաղաքական օրակարգը հանրային գիտակցության մեջ ամրագրելու նպատակով:

 

Մեր հիմնավորումները

 

Այսպես կոչված՝ հեղափոխական «էյֆորիայի» (Դետեկտորի հետևալ հոդվածում ի հայտ են բերվել այդ թեզի հետ կապված  մանիպուլյացիաները), իսկ իրականում՝ սեփական ուժերով ավտորիտար ռեժիմը տապալելու արդյունքում  հասարակության մեծամասնության ոգևորվածության հնարավոր անկումը չի կարող  տրամաբանական պատճառահետևանքային կապ ունենալ լեգիտիմ Ազգային ժողովի լիազորությունները  ժամկետից շուտ դադարեցնելու հետ: Եթե մարդկանց մոտ պակասելու է հաղթանակի արդյունքում ձերք բերված ոգևորվածությունը, հուզականությունը,  ամենևին չի նշանակում, որ նրանք պետք է պահանջեն արտահերթ ընտրություններ: Իհարկե, կարող է  ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ  մարդիկ  պահանջեն արտահերթ ընտրություններ՝ օրինակ, եթե խիստ դժգոհ լինեն կառավարության և/կամ օրենսդիր մարմնի աշխատանքներից: Սակայն այդ պահանջը ոչ թե  սեփական հաղթանակով պայմանավորված ոգևորվածությունն ու հուզականությունը պակասելու, այլ միայն համապատասխան մարմինների աշխատանքից  խիստ դժգոհ լինելու հետևանք կարող է լինել, և առնվազն անտրամաբանական է  հակառակը պնդել:

Ընդհանրապես, ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված իրավահեղինակություն (իմա՝ լեգիտիմություն) ունեցող ներկայացուցչական մարմինը (մեր դեպքում՝ Ազգային ժողովը) կարող է լինել «ժամանակավոր», եթե կան հետևյալ իրավական և քաղաքական հիմքերը.

                       Եթե ընտրություններին մասնակցած, ապա խորհրդարանում հայտնված քաղաքական կուսակցությունների (դաշինքների) միջև կա նախնական կամ հետագա համաձայնություն՝ ձևավորվելիք կամ արդեն ձևավորված Ազգային ժողովի «ժամանակավոր» լինելու մասին :

                       Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում մանդատների բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը կամ կուսակցությունների կոալիցիան ցանկություն ունի լուծարելու Ազգային ժողովը՝ տարբեր,  այդ թվում  նաև՝ 1-ին կետում նշված նկատառումից ելնելով:

                       Առկա է անհաղթահարելի ուժ, ինչն անհնարին է դարձնում ներկայացուցչական մարմնի բնականոն գործունեությունը, նրա կողմից հանրային-իշխանական գործառույթների և դրանցից  բխող լիազորությունների իրականացումը, որի մասին հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Նման անհաղթահարելի ուժ  կարող է համարվել, օրինակ,  հանրապետական մասշտաբի այնպիսի բնական կամ տեխնոգեն աղետը, որն անհնարին կդարձնի ընտրված ԱԺ-ի կողմից հանրային-իշխանական լիազորությունների կատարումը: Իրավական առումով՝ այդպիսի անհաղթահարելի ուժ կարելի է դիտարկել նաև խորհրդարանական կայուն մեծամանսության (54+ մանդատներ ունեցող ուժ կամ ուժերի կոալիցիա)  փլուզումը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասում:

Վերոնշալից պարզ է դառնում, որ հանրության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը և դրա հիման վրա ձևավորված ճշնումը կարող են հանգեցնել այդ կետերից որևէ մեկի իրագործմանը: Տեսականորեն հնարավոր է նաև, որ տեղի ունենա մեկ այլ հեղափոխություն կամ ստեղծվի հեղափոխական իրավիճակ, ինչը գեներացնի ԱԺ-ի՝ ժամկետից շուտ լուծարման հիմքերը,  սակայն, նախ՝ դա կանխատեսելու համար պետք է ունենալ ավելի բարդ մեթոդոլոգիական գործիքներ, քան առերևույթ օգտագործում են վերը նշված քննարկումը շահարկողները, և ապա՝ դրա համար պետք է լինեն  հիմնավոր պատճառներ, որպիսին չի կարող համարվել հեղափոխական ոգևորվածության մարումը: Կան բազմաթիվ պետությունների օրինակներ, որտեղ հետհեղափոխական հուզականության մթնոլորտում ձևավորված ներկայացուցչական մարմինները չեն դարձել «ժամանակավոր», այլ գործել են օրենսդրությամբ նախատեսված  ժամկետներում, օրինակ՝ Լեհաստան, Չեխիա, Վրաստան,  Ուկրաինա և այլն:

 

Սակայն ԴԵՏԵԿՏՈՐԸ  քննարկվող պնդման մեջ տեսնում է նաև որոշակի ենթատեքստ, ինչն իր բնույթով նույնիսկ ավելի մանիպուլյատիվ է: Էյֆորիայի վերացման արդյունքում ԱԺ-ն լուծարելու թեզն առաջ քաշողներն ակնարկում են, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են հետհեղափոխական արհեստական բարձր հուզականության մթնոլորտում, և  քաղաքացիներն իռացիոնալ կերպով ընտրելու են ոչ թե կուսակցությունների ծրագրերը և գաղափարները, այլ հեղափոխական ուժին և նրա առաջնորդին: Ուստի՝ ընտրություններից հետո, երբ կմարի նման հուզականությունը, քաղաքացիները «սթափվելով» էյֆորիայից, կմերժեն իրենց իսկ կատարած ընտրությունը, և արդյունքում՝ Կառավարությունը և ԱԺ-ն կամ իրենց կամքով, կամ էլ՝ ժողովրդի հուժկու ճնշման ներքո, կգնան ԱԺ-ն լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով:

Այսինքն, այս պնդման կողմնակիցները փորձում են ինֆորմացիոն դաշտ ներմուծել այն թեզը, որ իրականացված թավշյա հեղափոխությունը արհեստական, մանիպուլյատիվ երևույթ էր, և հանրությունը մասնակցել է այդ կեղծ գործընթացին իր կամքից անկախ՝ տրվելով հեղափոխության առաջնորդների մանիպուլյացիաներին: Ըստ նրանց, նման հիպնոսը, իմա՝ «էյֆորիան»,  չի կարող երկար տևել, և նշում են նույնիսկ դրա կենսունակության ժամկետը՝ երկու տարի, որը լրանալուց հետո, իբր, մարդիկ կհասկանան, թե ինչ է կատարվել իրենց հետ և արդեն բնական ձևով դուրս կգան փողոց՝  պահանջելով արտահերթ ընտրություններ: 

ԴԵՏԵԿՏՈՐԸ գտնում է, որ նման գաղափարները մանիպուլյատիվ են, և դրանց հետևորդները, ժխտելով  հեղափոխության առաջացման  խորքային պատճառները, որ կուտակվել էին Հայաստանում ՀՀԿ-ի կառավարման տարիներին, հայ հանրության մեծամասնությանը առանց որևէ հիմնավորման, որակում են  ոչ ռացիոնալ և հիպնոսի մեջ գտնվող:  Ուստի՝ պնդումը, որ ԱԺ-ն լուծարվելու է  էյֆորիայից կամ հիպնոսից դուրս եկած հանրության պահանջով ու ճնշման ներքո, հիմնված է կեղծ պատճառահետևանքային կապի եւ անհիմն դատողության վրա:

 

Հեղինակներ՝ Տիգրան Ղազարյան եւ Էդգար Վարդանյան

27-11-2018