ԴԵՏԵԿՏՈՐՆ արձանագրում է, որ արդեն տևական ժամանակ՝ խորհրդարանական ընդդիմության հայտարարություններում շրջանառվում է մի տեսակետ, ըստ որի հանրությունը գտնվում է էյֆորիայի մեջ ու չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում։ Ոմանք էլ ավելի են ծայրահեղացնում և պնդում, որ հասարակության 99.9%-ը չի ուզում լսել ու հասկանալ, հետևապես՝ ներկա փուլում ներքաղաքական կյանքին վերաբերող հանրային խոսքը, բանավեճը, պնդումներն անիմաստ են։
ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատում է, որ վերոնշյալ տեսակետի կրողներն ու տվյալ մտայնությունը տարածողները, այս թեզը շրջանառելով, փորձում են արժեզրկել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Անվանելով հասարակության 99.9%-ին անհասկացող և ճշմարտությունները լսելուն անպատրաստ՝ նրանք նախադրյալներ են ստեղծում ապագա ընտրություններում իրենց համար՝ հնարավոր ոչ ցանկալի արդյունքների պատասխանատվությունը պրոսպեկտիվ կերպով բարդել հասարակության անհասկացողության վրա ու նման անհիմն կանխակալությամբ՝ փորձում բացասական, ապաքաղաքական մթնոլորտ ձևավորել մինչև ընտրությունները։
Մեր հիմնավորումները
Թավշյա հեղափոխությունից ի վեր տևական ժամանակ է, ինչ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, ընդդիմադիր և արտախորհրդարանական որոշ ուժեր շրջանառում են այն տեսակետը, թե ժողովուրդը չի հասկանում ինչ է անում ու գտնվում է էյֆորիայի մեջ։ Այս տեսակետի կրողներն անընդհատ խոսում են ժողովրդի մասին որպես իռացիոնալ զանգվածի, որը միատարր է, զուրկ մտածելու ու կշռադատելու ունակություններից, կտրված է իրականությունից ու չի հասկանում, թե ինչ է կատարվում իր ու շրջապատի հետ։
Վերջերս արդեն այս մտայնությունն սկսել է պրոյեկտվել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացի վրա։ Այս ամենի համատեքստում, հատկապես՝ ԱԺ կանոնակարգ օրենքի վերափոխման նախագծի ընդունումից ու դրան հաջորդած դեպքերից հետո, տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան նույնաբովանդակ հայտարարություններով ու կարծիքներով՝ շեշտադրելով վերոնշյալ հասարակական իռացիոնալությունն ու էյֆորիան։
Այսպես օրինակ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն այդ դեպքերի առնչությամբ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր. «...Համոզված ենք, որ իրավիճակը սրելու, պայմանավորվածությունները խախտելու և դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունը ընտրությունների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել, որ գործ ունենք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ»։ Այս նույն տրամաբանությամբ, նույնաբովանդակ հայտարարություն էր արել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով. «Որևէ դավադրություն չկար, ուզում էինք պաշտպանել պատգամավորներին, … ժողովուրդը ոչինչ չգիտեր, իրեն համոզել էին, որ վատն էր, հանրության հատված կա, որ չի ուզում լսել ու հասկանալ, ժողովրդի գրեթե 100%-ը չգիտեր ինչի մասին էր։ Այս փուլում անիմաստ է հանրային որևէ դիսկուրս, հանրությունը պատրաստ չէ»։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես, շարունակելով այս մտայնությունը, նշել էր. «… Ադոլֆ Հիտլերի մոտ էին ավելի ուժեղ էյֆորիաներով գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծամասնության այդ կարծիքը ճիշտ է։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Նոյը երբ տապանը սարքում էր, հասարակության 99.9 տոկոսը ծիծաղում էր, բայց տեսանք, չէ՞, ճիշտն ով էր»։
Նախևառաջ, հարկ է ընդգծել՝ երբ քաղաքական ուժերը, ի դեմս իրենց ներկայացուցիչների, պնդում են, որ հանրային դիսկուրսը բովանդակազուրկ է, հասարակությունը պատրաստ չէ լսել ճշմարտությունը, դրանով, ըստ էության, հրաժարվում են իրենց հիմնական գործառույթից։ Չէ՞ որ քաղաքական ուժերի հիմնական գործառույթն է ստանձնել հասարակության՝ իրենց հարող ընտրազանգվածի շահերի ու գաղափարների ներկայացման առաքելությունը պետական կառավարման ներկայացուցչական մարմիններում։ Մյուս կողմից, նրանց այդպիսի հայտարարություններն առնվազն ապաքաղաքականացնում են հենց իրենց ու իրենց կուսակցությունների քաղաքական դերակատարումը։ Ներկայացուցչական ժողովրդավարության պարագայում մենք գործ ունենք համակարգի հետ, երբ քաղաքական ուժերը կոչված են իրենց վստահության քվե տված քաղաքացիների խնդիրները ներկայացնել համապատասխան պետական ինստիտուտներում՝ պաշտպանելով նրանց շահերը։ Եվ այս տեսակետից առնվազն տարակուսելի է, որ քաղաքական ուժերն իրենց նմանատիպ հայտարարություններով հրաժարվում են իրենց այդ գործառույթից՝ նշելով, որ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ իրենք հրաժարվում են հանրային խոսքից՝ թեկուզ և առժամանակ (ի դեպ, սա ամենեւին չի նշանակում, որ նրանք իրականում հրաժարվում են հանրային խոսքից, ինչն ավելորդ անգամ ապացուցում է նման խոսքերի մանիպուլյատիվ լինելը): Այսպիսով, առնվազն խոսքերի մակարդակում հրաժարվելով իրենց քաղաքական գործառույթներից, ըստ էության, նրանք փորձում են ապաքաղաքականացնել քաղաքական գործընթացները և ձգտում են բացասական կանխատրամադրվածություն առաջացնել ԱԺ արտահերթ ընտրությունների ու ապագա խորհրդարանի հանդեպ։
Մյուս կողմից, երբ նրանք հայտարարում են, թե հասարակությունը խուլ է, ընդունակ չէ լսել ու հասկանալ, դրանով համահարթեցնում են հասարակության տարասեռ խմբերն ու խավերը՝ արհեստականորեն նույնացնելով բոլորին։ Այդպիսով, նրանք մանիպուլյատիվ հնարք են կիրառում, որպեսզի հետագայի իրենց ցածր տոկոսները կամ սեփական պարտության պատասխանատվությունը գցեն հասարակության վրա։ Բացի այդ, նրանք նաև բովանդակազուրկ են ներկայացնում ապագա խորհրդարանական ընտրությունները, քանի որ հիմնական շահառուն ու գործող անձը՝ հասարակությունը, ներկայացվում է որպես հասկանալու անընդունակ զանգված, իսկ ընտրությունները՝ որպես բովանդակազուրկ և իրականությունը չարտացոլող գործընթաց։ Բովանդակազուրկ, քանի որ ըստ այդ տրամաբանության, առանց քաղաքացիների իրական ու գիտակցված կամարտահայտության, ընտրությունները ձևական, ֆորմալ գործընթացի են վերածվում։
Ի մի բերելով՝ կարելի է հստակ արձանագրել, որ վերոնշյալ ուժերի նման հայտարարություններն իրենց մեջ պարունակում են քաղաքական գործընթացներն ապաքաղաքականացնելու, արտահերթ ընտրությունները բովանդակազուրկ դարձնելու և ամբողջ «մեղքը» հասարակության վրա բարդելու մանիպուլյատիվ խոսքային հնարքներ։
Հեղինակ՝ Գոռ Մադոյան
01-11-2018
Լուսանկարը՝ SputnikArmenia