ՔՆՆԱՐԿՈՒՄ-ԶՐՈՒՅՑԻ ԻՄԻՏԱՑԻԱ

...

Բաղադրություն

  • Պիտակավորում
  • «Դույլով ջուր վաճառելու» հնարքի կիրառում
  • Միակողմանի մեկնաբանություններ
  • Քննարկում-զրույցի իմիտացիա
  • Հեղինակությունների վկայակոչում

27.08.2020թ-ին տնտեսագետների հետ ՀՀ 2-րդ նախագահ Ռ Քոչարյանի հարցազրույցը ոչ միանշանակ մեկնաբանությունների արժանացավ տարբեր փորձագետների կողմից։ Ոմանք դրանում տեսան 19082020թ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հարցազրույցի արձագանքը, ուրիշներն այն դիտարկեցին որպես Քոչարյանի՝ իր գոյությունը հիշեցնելու մասին ջանք, երրորդները համարեցին, որ Քոչարյանը հերթական փորձն է անում քաղաքական թիմ հավաքելու և քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվելու համար, որի իրականացման շանսերը, սակայն բավականին աղոտ են։ Նման թեթև կամ անտարբեր գնահատականների պատճառը հավանաբար Ռ Քոչարյանի հարցազրույցի բովանդակային մասն էր, որտեղ նա խոսում էր իր նախագահության օրոք ունեցած տնտեսական հաջողություններից, որոնց մասին բազմիցս հպարտացել է իր նախորդ հարցազրույցներում։ Այդ հարցազրույցները սովորաբար կառուցվում էին Բարդուղիմեոսյան գիշերը կազմակերպած Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիին վերագրվող՝ «եթե ուզում ես դույլով ջուր վաճառել` հրդեհ բորբոքիր» մանիպուլյատիվ հնարքի միջոցով։ Ըստ այնմ՝ եթե ցանկանում ես տնտեսության փրկչի պահանջարկ ձևավորել, համոզիր հանրությանը, որ երկրի տնտեսությունը վատթար վիճակում է կամ երկրում տնտեսական ճգնաժամ է։ Հատկապես նախավերջին հարցազրույցներում (1, 2) Ռ Քոչարյանի մանիպուլյատիվ այդ հնարքն ակնառու էր։ Սակայն վերջին՝ 27.08.2020թին տեղի ունեցած հարցազրույցի նորույթն այն էր, որ այս անգամ «հրդեհ» բորբոքողը ոչ թե Քոչարյանն ինքն էր կամ նրա շարքային աջակիցները, այլ նրա նախաձեռնությամբ հարցազրույցի հրավիրված տնտեսագետ-վերլուծաբանները։ Վերջիններիս խնդիրն էր, դատելով նրանց պահվածքից, ոչ միայն «հրդեհ» բորբոքել, այլև օգնել լսարանին կողմնորոշվելու թե ով է ամենաիդեալական «հրշեջը», որը կարող է հանգցնել «հրդեհը»։

27.08.2020թին կայացած հարցազրույցի սյուժեն համապատասխանեցված էր վերոհիշյալ նպատակին։ Տնտեսագետ-վերլուծաբանները հարցազրույցի ընթացքում գուժում էին ՀՀ տնտեսական լանդշաֆթի տարբեր հատվածներում ծագած «հրդեհների» (կոռուպցիայի դեմ ձախողված պայքար, սոցիալական աջակցության անարդյունավետ ծրագրեր, Ամուլսարի խնդիր, ավտոմեքենաների ներկրում, ժողովրդագրական հիմնախնդիր և այլն) մասին, անհանգստություն հայտնում թե ինչպես դրանք հանգցնել, իսկ Ռ Քոչարյանը, վկայակոչելով «հրշեջի» իր փորձառությունը, առաջարկում էր դրանք մարելու իր ցուցումները (ինստրուկցիա)։ Այս մանիպուլյացիան իդեալական խաղարկելու համար անհրաժեշտ էր մեղավոր կողմի կամ այլ կերպ՝ վատ «հրշեջի» կերպարի առկայություն, որը կմեղադրվեր ծագած «հրդեհները» հանգցնելու անկարողության մեջ, ինչի հետևանքում «հրդեհներն» ավելի են թեժացել, տարածվել երկրով մեկ՝ սպառնալով ծխածածկույթի տակ առնել նորանոր տարածքներ։ Բնականաբար այդ վատ «հրշեջը» ներկա իշխանություններն են, որոնց Ռ Քոչարյանը պիտակման հնարք կիրառելով[1] անվանում է «բոլոր ոլորտների ակադեմիկոսներ» (00:36։50)։ Ի տարբերություն «ակադեմիկոս» իշխանությունների, Ռ Քոչարյանն ինքն իրեն ներկայացնում է որպես փորձառություն ունեցող «հրշեջ», որը կարող է լինել իդեալական առաջնորդ, որովհետև բացի համապատասխան փորձառությունից, ունի ժամանակակից կազմակերպչական-տնտեսագիտական գիտելիքներ։ Վերջինիս մեջ լսարանին համոզելու համար նա յուրացրել էր մի շարք հասկացություններ, որոնք նախկինում բացակայում էին տնտեսության մասին իր խոսույթում։ Ինչպես օրինակ՝ «լիդեր», «կազմակերպվածություն», «տնտեսական հոգեբանություն», «վարքագծային տնտեսություն»։ Հարցազրույցի ընթացքում պարզվեց նաև, որ որոշ հասկացությունների պարագայում Ռ Քոչարյանը ծանոթացել է դրանց բովանդակությանը։ Օրինակ մի դրվագում նա տնտեսագետներին բացատրում է թե ինչ է լիդերը, ինչպիսի կարողություններ պիտի նա ունենա (00:37։17

Հիմնվելով հարցազրույցի հենց սկզբում Ռ. Քոչարյանի կողմից հնչեցված այն բնորոշման վրա, որ տեղի ունենալիքը «քննարկում-զրույց» է, ենթադրվում էր, որ դրա ընթացքում քննարկման մասնակիցները պետք է հնչեցնեին ոչ միայն տնտեսության ոլորտում առկա խնդիրները, այլև առաջարկեին դրանց լուծման վերաբերյալ իրենց տեսակետները և այլընտրանքային լուծումները։ Սակայն, մեծ հաշվով, այդ ամենը չտեսանք։ Իրականում տեսանք «քննարկում–զրույցի» իմիտացիան, այսինքն բեմականացումը։

Նախ, բացառությամբ 2-3 դրվագներում (00։35։41-00։36։32; 00։44։45 – 00։45։25) սեփական տեսակետները արտահայտելուց, մնացած ժամանակը հրավիրված փորձագետները հիմնականում հարցեր ու բողոքներ էին հնչեցնում (00։52։15)։ Ընդորում որոշ հարցեր նույնպես դժգոհություն էին հիշեցնում։ Օրինակ՝ Պոլիտէկոնոմիա կենտրոնի վերլուծաբան Արա Գալոյանն հարց ուղղեց այն մասին, թե ինչու չեն կարողանում որոշումներ կայացնել մեր իշխանությունները (1։00։35)։ Մեկ այլ դրվագում (1։00։01) նա դժգոհություն հայտնեց, որ չկա որևէ հարթակ, որտեղ կքննարկվեն տնտեսական խնդիրները, առաջնահերթությունները։ Իսկ Ռ Քոչարյանը հիմնականում հանդես եկավ պատասխանողի և իր նախկին փորձառության հիման վրա լուծումներ առաջարկողի դերում։  Այսինքն «քննարկում-զրույց» կոչվածը ըստ էության հարցազրույց էր, սակայն հարցազրույցի կանոնների խախտմամբ, քանի որ հարց տվողները կանխակալություն էին ցուցաբերում։ Այդ առումով նաև հատկանշական է, որ հրավիրված տնտեսագետ-վերլուծաբաններից ոչ մեկը որևէ առարկություն չներկայացրեց Քոչարյանի կողմից հնչեցվող պատասխաններին։ Ընդհակառակը՝ վերբալ և ոչ վերբալ ուղերձներով նրանք պարբերաբար հաստատում էին երկրորդ նախագահի պատասխանները։։

 Հարցազրույցի ընթացքում ներկայացվեց ՌՔոչարյանի՝ որպես «հրշեջի» բացառապես դրական փորձառությունը կամ դրա դրական մեկնաբանությունները (օրինակ պարսկական գազամուղի կառուցման անարդյունավետ գործարքի մասին 00։28։20-00։29։20)։ Այսինքն կիրառվեց «միակողմանի մեկնաբանության» հնարքը։ Չհնչեցվեցին նրա նախագահության օրոք բորբոքված «հրդեհների» մասին հարցադրումներ։ Ամուլսարի խնդրի լուծումից խոսելիս վկայակոչվեց Սոթքի արդյունահանման գործարքը, բայց շրջանցվեց Քաջարանի՝ աղմուկ հանած գործարքը։ Առհասարակ անդրադարձ չեղավ Ռ Քոչարյանի նախագահության օրոք իրականացված՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի տնտեսական և քաղաքական հետևանքներին, Երևանի կանաչ և ժամանցային գոտիների ոչնչացման փորձառությանը և դրա էկոլոգիական ու սոցիալական հետևանքներին և բազմաթիվ այլ անարդյունավետ գործունեություններին։ Առանձին դրվագներում կեղծ էին «հրդեհների» մասին գույժերը։ Օրինակ տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը հարցնում է «էսպիսի մոտեցում կա կառավարության մոտ՝ մեկից վերցնենք տանք մյուսին, իրենք դրանով ենթադրում են, որ սոցիալական կամ տնտեսական խնդիրները կլուծեն։ ․․Ինչի՞ դա կբերի» (00։05։53-00։06։40): Իրականում հայտնի է, որ նման նպատակադրում ո՛չ հայտարարվել է, ո՛չ էլ փաստաթղթավորվել։ Իշխանությունն ընդամենը հայտարարել է պետական բյուջեից գողացված և յուրացված միջոցները բյուջե վերադարձնելու մասին, ինչը նույն բանը չէ, ինչ՝ մեկից վերցնել ուրիշին տալը։

Ռ Քոչարյանը նույնպես շեղվեց հարցազրույցի հենց սկզբում իր խոստացած լիդերի կերպարային գծից։ Տնտեսագետ-վերլուծաբաններին նա հրավիրել էր, որովհետև իր խոսքով՝ նրանք ավելի լավ են տեղեկացված տնտեսությունից, որպեսզի ազատ ոճի քննարկում ունենան,  ինչը ենթադրում էր տարբեր տեսակետների հնչեցում, որոնց հիման վրա վերջում նա եզրակացություններ կանի։ Դույզ է, երկու դրվագում նա խոստովանեց, որ լավ ծանոթ չէ խնդրին, լավ չի ուսումնասիրել, բայց ընդհանուր առմամբ չպահպանեց սկզբունքը։ Նա ավելի շատ լսեց, ոչ թե կարծիքներ, այլ հարցադրումներ և դժգոհություններ։ Կարծիք հայտնողի դերում, ինչպես արդեն նշել ենք, հիմնականում ինքը՝ Ռ Քոչարյանն էր։

Տնտեսագետ-վերլուծաբանների հետ զրույց-քննարկում նախաձեռնելուվ, ըստ էության, Ռ Քոչարյանը ցանկանում էր համոզել հանրությանը, որ իր տնտեսական գիտելիքները բարձր են գնահատվում փորձագետ-տնտեսագետների շրջանում: Այսինքն Ռ Քոչարյանը դիմել էր ապրանքի գովազդման համար՝ հեղինակությունների (հայտնի աստղեր, փորձագետներ) վկայակոչելու մանիպուլյատիվ հնարքին, ինչը նորամուծություն է նրա շահարկումների պահուստում։

 

Նիկոլ Մարգարյան

18.09.2020

 



[1] Պիտակման մանիպուլյատիվ հնարքների մասին տես Է․ Վարդանյանի հոդվածում։