ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • «Ազգայինի» դիսկուրսի շահարկում
  • Իրար հետ կապ չունեցող արժեքների ու իրողությունների նույնացում
  • Ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքական ուղղվածությամբ պայմանավորելը

Օրեր առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում, խոսելով ՀՀ միջազգային հնարավորությունների, մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ու Անդրկովկասի երկրների ինքնիշխանության հետ կապված մտահոգությունների մասին,  նշել էր. «Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը՝  շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»։

Մեկ օր անց, Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով  Բոլթոնի հայտարարությանը, ասել էր. «Մենք չունենք պատմության կաղապարներ, մենք ունենք ազգային արժեքներ, անթույլատրելի է դրանցից հրաժարվելը։ Եթե մենք մի փոքր վերծանենք տողատակերը, մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, պատմական ձեռքբերումները, Ղարաբաղյան հարցը ... Դրանք բոլորը պատմություն են։ Պատմությունից, անցյալից հրաժարվելը նշանակում է կասկածի տակ դնել ապագան։ Ինձ թվում է, յուրաքանչյուր ազգ պետք է ապրի իր պատմությունով, պետք է իր պատմությունից դասեր քաղի և կերտի իր ապագան»։

ԴԵՏԵԿՏՈՐԸ  արձանագրում է, որ Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Բոլթոնի նշած «պատմական կաղապարի» մասին, ինչը դժվար չէ կռահել, որ  Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական ուղղվածությունն է, ներկայացնում է այն որպես «ազգային արժեք»: Նա օգտագործում է այնպիսի մանիպուլյացիոն հնարքներ, ինչպիսիք են  «ազգային դիսկուրսի» շահարկումը և «իրար հետ կապ չունեցող արժեքների ու իրողությունների նույնացումը»։ Բացի այդ, ըստ էության փոփոխվող երևույթին՝ արտաքին քաղաքական ուղղվածությանը, նա տալիս է անփոփոխ, մնայուն, «ազգային» նշանակություն՝ նույնացելով «ազգային արժեքն» ու արտաքին քաղաքական ուղղվածությունը:

Բաղդասարյանն իր խոսքում արտաքին քաղաքական ուղղվածությունը ներկայացնում է որպես իրողություն, որից «անթույլատրելի է հրաժարվելը», որն «ազգային արժեք է», այսինքն՝ անփոփոխ է ու հավերժ։ Բաղդասարյանի կողմից  «ազգային արժեք» եզրույթի գործածումը կեղծ է հենց իր անփոփոխության տրամաբանության մեջ. խոսելով «ազգային արժեքներից»՝ Բաղդասարյանը նկատի ունի դրանց պատմականությունը, դրականությունը և անփոփոխությունը, քանի որ շեշտում է, որ «չի կարելի հրաժարվել անցյալից»։ Այս մոտեցումն իր բնույթով կեղծ է և մանիպուլյատիվ, որովհետև գոյություն չունի անփոփոխ արտաքին քաղաքական ուղղվածություն։ Բաղդասարյանը  նույնացնում է  «ազգային արժեքը» պատմության հետ և այդ տրամաբանության սահմաններում պնդում, որ պատմությունից հրաժարվելը նշանակում է «կասկածի տակ դնել ապագան»։ Այսինքն Հայաստանի ապագան նա պայմանավորում է անփոփոխ արտաքին քաղաքական ուղղվածության առկայությամբ։

 Վահրամ Բաղդասարյանը կամա թե ակամա թույլ է տալիս տրամաբանական սխալ, երբ պատմության ընթացքը, պատմական իրադարձությունները նույնացնում է «ազգային արժեքներ» հասկացության հետ՝ ակնարկելով, որ ազգային արժեքը և պատմությունը անփոփոխ են, միշտ նույնաձև, որ դրանք ապագան պայմանավորող իրողություններ են։ Բաղդասարյանը խոսում է ազգային արժեքներից, որոնց թվում են (իր պատկերացմամբ)՝ ավանդական ընտանիքը, տարածքները, պատմական ձեռքբերումները, ապա դրանք կապում է ոչ թե ներհայկական ու ներազգային իրողությունների հետ, այլ` արտաքին կողմնորոշման։

ԴԵՏԵԿՏՈՐԸ   նկատում է, որ շահարկվում է «ազգայինի դիսկուրսը», որը, ինչպես նախորդ հոդվածներում ենք ցույց տվել,  հասարակական խոսույթում գլխավորապես ընկալվում է որպես  դրական իմաստներով լիցքավորված կաղապար։ Այդ հնարքը բավականին գայթակղիչ գործիք է հանրային ցանկացած բանավեճում օգտագործվելու համար:  Ըստ այդմ, պատգամավորը փորձում է լեգիտիմացնել իրերի ներկայիս վիճակը ու «ազգային արժեք» հասկացության իմաստային ծանրության տակ լեգիտիմացնել  ձեռքբերովի, այսինքն, փոփոխական արժեք ունեցող արտաքին քաղաքական ուղղվածությունը։

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

09-11-2018