«ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Կեղծ պատճառահետևանքային կապ
  • Կանխակալություն և կողմնապահություն
  • Ոչ փաստարկված, ենթադրությունների վրա հիմնված մեղադրանքներ

 

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո մեկնեց Արցախի Հանրապետություն և այնտեղ հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Նա նաև հայտարարեց, որ ինքը միայնակ որոշումներ չի կայացնելու, և Արցախի ապագան ժողովուրդն ինքն է որոշելու:

Չնայած այս հրապարակումներին, ՀՀ տեղեկատվական դաշտում ակտիվորեն սկսեց շրջանառվել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել «հողերը հանձնելու» նպատակով:  Իր տեսակետը Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց հունվարի 30-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում. «Մենք ընդհանրապես չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»։

Հոկտեմբերի 22-ի Ն. Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը Ի. Ալիևի հետ մի շարք հարցեր էր առաջացրել հայաստանյան մեդիա միջավայրում: Մասնավորապես՝ շատերին հետաքրքրում էր, թե հանդիպման ընթացքում ինչի մասին են խոսել երկրների առաջնորդները: Եվ չնայած հարցն ինքնին լեգիտիմ է, այնուամենայնիվ, Դետեկտորը նկատել է, որ մի շարք քննարկումներում՝ հարցի բարձրացման ձևի և արվող հետևությունների մեջ առկա են որոշ մանիպուլյացիոն տարրեր։ Շատ դեպքերում քննարկման մասնակիցներն իրենց պնդումները կառուցել են կեղծ պատճառահետևանքային կապերի, անհիմն ենթադրությունների և էմոցիոնալ շահարկումների վրա։

Դետեկտորն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճը և վեր հանել հնչած մանիպուլյացիոն հայտարարությունները։

Այսպես, խոսելով Ն. Փաշինյանի և Ի. Ալիևի հանդիպման մասին` հաղորդավարուհի Ագնեսա Խամոյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները միշտ ունենում են միջնորդ, իսկ այս պարագայում հայտնի չէ, թե ով է միջնորդը: Այնուհետև հավելել է. «Վտանգավոր է, որ այս ամենն առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահողների է տեղի ունեցել»:  Այս միտքը շարունակել է Մարգարիտ Եսայանը և նշել.«Միայն այն փաստը, որ Ալիև- Փաշինյան ոչ պաշտոնական, հանկարծակի, հընթացս, իներցիոն, ինչպես Ձեր խմբակցությունում սիրում են ասել՝ 1.5 ժամանոց հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինայնին անմիջապես զանգահարում է Բոլթոնը Ամերիկայից և Բոլթոնը ասում է, որ ես շնորհավորել եմ 2-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ և հաջողոթյուն մաղթել: Նիկոլ Փաշինյանը նույն զրույցի մասին ասում է բոլորովին այլ բան. որ խոսել են տարածաշրջանային խնդիրներից, բայց Արցախից չեն խոսել. սա խոսում է այն մասին, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ և Ձեր ասած թափանցիկ վարչապետը շատ խորը թաքցնում է շատ կարևոր ինֆորմացիա»:

Դետեկտորը գտնում է, որ Մ. Եսայանը և Ա. Խամոյանը իրենց հիմնական եզրակացությունը կառուցել են անհիմն ենթադրությունների, տրամաբանական սխալների և կեղծ պատճառահետևանքային կապի վրա:Մասնավորապես, Ա. Խամոյանը նշել է, որ հայտնի չէ՝  ով է հանդիպման միջնորդը, իսկ այնուհետև՝ առանց որևէ հիմնավորման բացառել, որ միջնորդի դերում կարող էին լինել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահողները:  Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Գ. Կարասինը հետագայում հայտարարեց, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները։ Փաստորեն ստացվում է, որ հաղորդավարը, առանց որևէ հիմնավորման, մեղադրանքներ է հնչեցրել Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ՝ խախտելով նաև անկողմնակալության սկզբունքը։

Իսկ  Մ. Եսայանը պնդել է, թե Ն. Փաշինյանի և Բոլթոնի հրապարակումներում կա հակասություն: Մինչդեռ, հակասության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ մտքերը մեկը մյուսին բացասում են. օրինակ՝ եթե  Փաշինյանը հայտարարեր, որ խոսել են արցախյան հարցի կարգավորման մասին, իսկ Բոլթոնը նշեր, որ այդ թեմային չեն անդրադարձել, ապա նրանց հայտարությունները կլինեին հակասական: Տվյալ դեպքում՝  Փաշինյանը և Բոլթոնը կարևորել և հրապարակել են զրույցից տարբեր հատվածներ, ինչը բավարար չէ պնդելու, որ  «այստեղ ինչ-որ բան այն չէ», և  որ վարչապետը կարևոր ինֆորմացիա է թաքցնում: Այնուհետև, Մարգարիտ Եսայանը շարունակել է.«Դուք անընդհատ շեշտում եք այն փաստը, որ այսօր մեր սահմաններին չեն կրակում, քիչ են կրակում և զոհերը քիչ են: Իսկ Դուք ունե՞ք տեղեկություն, թե ինչ պայմանավորվածության դիմաց է այդպես, Դուք ունե՞ք տեղեկություն, թե ինչու բանակի ներսում այսօր շատ ավելի լարվածություն կա, քան կար առաջ, երբ սահմաններին կրակում էին, Դուք չունեք այդ տեղեկությունը, ես էլ չունեմ, բայց ես ունեմ ենթադրություններ, որոնք ինձ վախեցնում են. այդ պատճառով պետք չէ անընդհատ ասել, որ սահմաններին չեն կրակում՝ ուրեմն դա լավ է, ուրեմն դա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է և այլն: Այսօր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ահռելի լարվածություն է, և Հայաստանը լարվածության մեջտեղում կանգնած քար է, որը շատերին է խանգարում: Եվ այն, ինչ  մինչ այժմ Հայաստանի իշխանությունները չեն արել, Հայաստանի որևէ նախագահ չի գնացել պայմանավորվածությունների, որոշ կենտրոններ աշխարհաքաղաքական հույս ունեն, կամ նույնիսկ համոզված են, որ Նիկոլ Փաշինայնը անելու է, մեր մտահոգությունը հենց դրանից է գալիս»:

Ըստ էության, Մ. Եսայանն առանց հիմնավոր փաստերի, մեղադրանք է ներկայացրել, որ առաջնագծում այսօր ավելի լարված իրավիճակ է քան անցյալում և դա արել է հետևյալ կերպ. հարց է տվել՝ դրդելով զրուցակցին բացատրություններ տալ մի երևույթի մասին,որն ընդամենըս եփական անհիմն պնդումն է, այլ ոչ թե փաստ: Այնուհետև նա խոստովանել է, որ նման տեղեկություններ չունի, դրա փոխարեն ենթադրություններ ունի:

Բացի այդ, ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ուղղակի հայտարարել է, որ աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ ստիպում են Հայաստանին զիջումների գնալ, իսկ Ն. Փաշինյանը նրանց չի ընդդիմանում: Այս դեպքում ևս նրա պնդումները հիմնված են անհիմն ենթադրությունների վրա, և նախկին պատգամավորն իր տեսակետը հիմնավորող որևէ փաստ կամ փաստարկ այդպես էլ չի ներկայացրել։

Բանավեճի ընթացքում Մարգարիտ Եսայանը նաև նշել է, որ Ն. Փաշինյանն իշխանության է եկել տնտեսական խոստումներով, ոչ թե՝ Արցախի հարցը լուծելու օրակարգով, և պնդել է, որնա Արցախի հարցը պետք է մի կողմ դնի  ու  զբաղվի իր խոստումներով:

Դետեկտորը գտնում է, որ Մ. Եսայանն արհեստականորեն նվազեցնում է թավշյա հեղափոխության օրակարգը՝ սահմանափակելով այն տնտեսական խնդիրներով: Իսկ ընդհանրապես, Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի անունից ցանկացած շփում,  ֆորմալ կամ ոչ ֆորմալ ցանկացածբանակցություն՝ ուղղակիորեն մտնում է երկրի ղեկավարի պարտականությունների մեջ, այն պարզպատճառով, որ սերտորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նշանակում է՝  ՀՀ վարչապետն իրավունք չունի “մի կողմ դնել” Արցախի հարցը՝ ինչպես հորդորում է անել Մ. Եսայանը:

 

Հեղինակ՝ Զարուհի Սիմոնյան

03-02-2019