ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ «ՀԵՏՄԱՀՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՄԱՍ 2-ՐԴ`ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ

...

Բաղադրություն

  • Պատմական փաստի՝ իբրև մետաֆոր օգտագործում
  • Կոլեկտիվ հիշողության շահարկում
  • Վախճանաբանական հեռանկարով սպառնում

Հրապարակային խոսքում պատմական դեմքերի հիշատակման հաճախականությամբ Նիկոլ Փաշինյանը Երրորդ հանրապետության պատմության ղեկավարների (ՀՀ նախագահների և վարչապետերի) մեջ հավակնում է լինել առաջատարը: Ընդամենը մեկ տարվա վարչապետության շրջանում Ն. Փաշինյանն առնվազն 5 անգամ հնչեցրել է հայոց պատմության մեջ հիշարժան համարվող 11 տարբեր քաղաքական և ռազմական գործիչների անուններ, որոնց թվում են  Արտաշես Առաջինը, Տիգրան  Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Պապ թագավորը, մարշալ Բաղրամյանը, Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Արամ Մանուկյանը, Մոնթեն (տես 1, 2, 3, 4, 5):  Այս շարքում, սակայն, Պապ թագավորն առանձնանում է նրանով, որ հիշատակվել է ոչ միայն անվանապես, այլև անդրադարձ է կատարվել նրա ներքին և արտաքին քաղաքական գործունեությանը: Պապ թագավորը վարչապետ Փաշինյանի կողմից առավել հաճախ հիշատակված պատմական կերպարն է (1, 2, 3) :

Դետեկտորը, հիմնվելով բովանդակային վերլուծության և տեքստաբանական ուսումնասիրությունների վրա, եզրահանգում է, որ վարչապետ Փաշինյանի կողմից Պապ թագավորի և նրա ժամանակի պատմական անցքերի հիշատակումը պարունակում է շահարկման որոշակի տարրեր՝

պատմական փաստի՝ իբրև մետաֆոր օգտագործում,

կոլեկտիվ հիշողության շահարկում,

վախճանաբանական հեռանկարով սպառնում:

 

Մեր հիմնավորումներն են

Պապ թագավորը վարչապետ Փաշինյանի հրապարակային խոսքում հայտնվում է ոչ թե արարողակարգային առիթով, ինչպիսին օրինակ՝ պատմական տարելիցի անցկացումն է (Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակ, Մարտունի քաղաքի 190 ամյակ), այլ որոշակի քաղաքական ծրագրերի ներկայացման համատեքստում, ինչի շնորհիվ պատմական դեմքը և նրա ժամանակի իրադարձությունները ծառայեցվում են այդ ծրագրերը  բացատրելու կամ մեկնաբանելու նպատակին (1, 2): Նման հիշատակումների մյուս առանձնահատկությունը, ի տարբերություն արարողակարգայինի, այն է, որ հրապարակվում են ոչ թե գրավոր կուռ տեքստի տրամաբանությամբ, այլ բանավոր տեքստին բնորոշ ոճաբանությամբ և հուզականությամբ: Այդպիսով, հիշատակվող անձինք և իրադարձությունները դուրս են բերվում իրենց պատմական վիճակից և վերածվում կենդանի իրականության մասնակիցների: Սա, ըստ էության, պատմության կամ պատմական փաստի փոխաբերացման (մետաֆորացման) փորձ է: Այդ փոխաբերացման կարևոր հատկանիշներից մեկը Պապի՝ թագավոր լինելն է, որն, ի տարբերություն նրան հիշատակող քաղաքական առաջնորդի, օժտված է  ավանդական (ժառանգական) լեգիտիմությամբ: Տարբեր են նաև Պապի ժամանակի և արդի քաղաքական վարչակարգերը (միապետություն-հանրապետություն), ինչպես նաև աշխարհաքաղաքական միջավայրերը, սոցիալական և իրավական հարաբերությունները: Քննարկվող պատմական մետաֆորի օգտագործման մեջ առանցքային դերակատարումը պատկանում է Պապի անվանը, որի միջոցով մեր իրականություն են ինտեգրվում նաև նրա ժամանակի մյուս իրողությունները: Այսինքն, «Պապ թագավոր» մետաֆորի օգնությամբ արդի քաղաքական խնդիրներն ինքնաբերաբար նույնականացվում են 1600 տարի առաջ գոյություն ունեցած խնդիրների հետ: Մյուս կողմից՝ այդ եղանակով մետաֆորն օգտագործող քաղաքական գործիչը (Ն. Փաշինյանը) նույնականացվում է Պապ թագավորի հետ:

    Պապ թագավորը հայ ժողովրդի կողմից ամենաճանաչված ու սիրված պատմական կերպարներից է: Դրանում մեծ դեր է խաղացել 1944թ. լույս տեսած և բազմաթիվ անգամներ վերահրատարակված «Պապ թագավոր» պատմավեպը (հեղինակ՝ Ս. Զորյան): Այս գիրքն առանց չափազանցության կարելի է դասել հայ ընթերցողների կողմից ամենից շատ ընթերցված  պատմավեպերի առաջին հնգյակումՎարդանանք», «Սամվել», «Գևորգ Մարզպետունի», «Մխիթար սպարապետ»): Պապի՝ հայ ժողովրդի պատմական կամ կոլեկտիվ հիշողության առանցքային դեմքերից մեկը դառնալու գործում որոշակի դերակատարություն են ունեցել նաև խորհրդային պատմագիտությունը և հանրակրթությունը, հատկապես՝ հետխորհրդային պատմության դասագրքերում նրա կերպարի դրական մեկնաբանությունները: Նշված հանգամանքները էական նշանակություն ունեն: Որպեսզի որևէ տեքստ (անվանում կամ իրադարձությունների նկարագրություն) օգտագործվի իբրև մետաֆոր և հաջողություն ունենա, այն պետք է իր տարրերով (բովանդակություն, սյուժե, կերպարներ) ծանոթ լինի այն լսարանին, որին հասցեագրվում է: Ավելին, այն պետք է առաջացնի որոշակի հուզական զգացումներ, որոնք ավելորդ կդարձնեն տարբեր իրավիճակների միջև գոյություն ունեցող տարբերությունների կարևորումը: Այդ առումով՝ Պապ թագավորի թե՛ գեղարվեստական, թե՛ ակադեմիական կերպարն ինքնին շատ դրամատիկ և հուզական է, նույնիսկ ողբերգական, այսպես է այն պատկերանում հայ հասարակության մեծամասնության պատմական հիշողության մեջ: Իբրև նույն հիշողության կրող՝ դրան լավատեղյակ է նաև Ն. Փաշինյանը: Ուստի, դիմելով իր լսարանի կոլեկտիվ հիշողությանը, նա ուղղակի կամ անուղղակի՝ ակնկալում է որոշակի հուզական վերաբերմունք:

     Հայ ժողովրդի կոլեկտիվ հիշողության մեջ ողբերգական է ոչ միայն Պապ թագավորի կերպարը, այլև այն պետության ճակատագիրը, որի առաջնորդն էր նա: Պապից հետո Հայաստանում թագավորել են ևս մի քանի արքաներ, և հայկական պետությունը այս կամ այն չափով՝ դեռ մոտ 50 տարի, շարունակել է գոյություն ունենալ (մինչև 428թ.): Սակայն Պապը համարվում է Արշակունյաց հարստության վերջին հզոր սուվերեն թագավորը, որի ողբերգական մահվանից հետո հայկական պետությունը սկսում է անկում ապրել, թուլանում է սուվերենությունը, երկիրը բաժանվում է երկու մասի և շուտով դադարում գոյություն ունենալ: Փաշինյանի կողմից Պապ թագավորի մետաֆորի օգտագործումը նաև կոլեկտիվ հիշողության մեջ այս գիտելիքի առկայությունն է ենթադրում: Պետականության ողբերգական ավարտի վրա հատուկ ուշադրություն հրավիրելով՝ իր հրապարակային խոսքում Փաշինյանը բացահայտ զգուշացնում է պետականության կորստի վտանգի մասին: Սա, ըստ էության, վախճանաբանական հեռանկարի սպառնալիք է՝ հետևյալ ուղերձով. եթե ներկայիս   քաղաքական ծրագիրը չհաջողվի, այլընտրանքը պետականության կորուստն է լինելու: Սրա մասին Փաշինյանը խոսում է գրեթե բաց տեքստով՝ անդրադառանալով հարկեր վճարելու, պետական գործերին եկեղեցու միջամտությունը թույլ չտալու, արտաքին քաղաքական ուժերի հետ հայաստանյան քաղաքական ուժերի կողմից դավադրական գործարքների չգնալու կարևորությանը (տես 0:45-3:00 և 4:13-6:27):

      Անշուշտ, քաղաքական գործիչները, հատկապես՝ իշխանական, որոշակի քաղաքական հաստատության (դիցուք՝ պետության) ու դրա ավանդույթների կրողներն են, ուրեմն նաև «խրախուսված» են իրենց քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու նպատակով պոպուլիզմի և շահարկման որոշակի հնարքների դիմել՝ ընտրողների աջակցությունը նվաճելու ակնկալիքով: Քաղաքագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ պոպուլիզմը և պատմության քաղաքական շահարկումները հատկապես աշխուժանում են անցումային և քաղաքական ռազմավարությունների փոխակերպումների ժամանակահատվածներում: Վարչապետ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը, ինչպես ճիշտ նկատել են որոշ հեղինակներ, քաղաքական փոխակերպումներ են իրականացնում, որոնց նկատմամբ, սակայն, արդի հայաստանյան հանրության մեծամասնությունը և նաև քաղաքական ուժերի մի մասը պատրաստակամ ու բարեհաճ չեն: Քաղաքական, տնտեսական և մշակութային հիմնավորումները, որ Փաշինյանն ու նրա թիմը ռացիոնալ փաստարկումների լեզվով ներկայացնում են հանրությանը՝ բավարար ընկալում չունեն: Ուստի՝ Փաշինյանը դիմում է իռացիոնալ լեզվին ու հնարքներին: Պատմական փաստի, կոլեկտիվ հիշողության և վախճանաբանության շահարկումների նպատակը կողմնակի կերպով ընտրողների աջակցությունն ապահովելն է և ընդդիմացող քաղաքական-տնտեսական ուժերին սաստելը:

 

Նիկոլ Մարգարյան

21.04.2019