ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ․ Ո՞ՒՄ ԿԱՄ ԻՆՉԻ՞ ՆԿԱՏՄԱՄԲ

...

Բաղադրություն

  • «Ընդդիմություն» բառի միջոցով լեգիտիմանալու փորձ

 

2018-ի ժողովրդական շարժումը, որը կնքվեց «սիրո և համերաշխության հեղափոխություն» անվամբ, երկրի ղեկից հեռացրեց երկար տարիներ պետական լծակների չարաշահմամբ իշխանությունը պահող խմբին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության։ Նրանց փոխարինելու եկավ ժողովրդական կամքով ընտրված ղեկավարություն, որը շուտով ընտրողների ազատ կամարտահայտմամբ ձեռք բերեց խորհրդարանական մանդատների մեծամասնությունը և կազմեց կառավարություն, որի առնվազն լեգալությունը, և նույնիսկ լեգիտիմությունը կասկած չի հարուցում հանրության լայն շերտերում։

Այսպիսով, իրերի դրությունը ծայրահեղ պարզունակացնելու պարագայում կարելի է ասել, որ տեղի ունեցավ փոխատեղություն երկարամյա ընդդիմությունը գրավեց երկարամյա իշխանության տեղը։ Բայց այսպիսի ձևակերպումը, ինչպես նշեցինք, ծայրահեղ պարզունակացնում է եղելությունը՝ դրանով աղճատելով այն։ Ուստի, նոր բառապաշար է պահանջվում ոչ միայն իրականությունը բացատրելու, այլև պարզապես նկարագրելու համար, կամ, ինչպես կասեր բրազիլացի մանկավարժ և փիլիսոփա Պաուլո Ֆրեյրին, որպեսզի «անվանել աշխարհը»։

Պատահական չէ, որ անցած մեկ տարում քաղաքականապես ակտիվ մարդիկ, այդ թվում՝ մի շարք նորընծա պատգամավորներ և այլ պետական անձինք, հրաժարվում են նոր ղեկավարներին կոչել «իշխանություն», քանի որ այդ բառը վաղուց ձեռք է բերել բացասական կոնոտացիա և ասոցացվում է հասարակության լայն շերտերին իշխող ու հարստահարող նախորդ կառավարությունների հետ։ Նրանք պնդում են, որ նոր քաղաքական ղեկավարության մասին խոսելիս պետք է օգտագործել «կառավարություն» և «կառավարող ուժ» եզրույթները հենց թեկուզ միայն այն պատճառով, որ վերջապես իրականացվել է Սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Եթե գիտենք, որ պետության ղեկին «կառավարությունն» է և «կառավարող ուժը», ապա ո՞վ կամ ովքե՞ր են «ընդդիմությունը»։ Կարելի՞ է իշխանությունը ժողովրդին զիջած Հանրապետական կուսակցությանը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատները կոչել «ընդդիմություն», մի բառ, որ նախորդ տարիներին ձեռք է բերել քիչ թե շատ ժողովրդամետ իմաստ, որ ասոցացվում է արդարության համար պայքարի հետ, թեև ավանդական ժողովրդավարական երկրում այն կունենար չեզոք իմաստ։ Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո այս ուժերը փորձում էին ամեն կերպ ներկայանալ որպես «ընդդիմադիր»՝ ձգտելով այդ բառի միջոցով լեգիտիմանալ։ Մի՞թե տեղին է նույն կերպ կոչել նրանց և այդ նույն կուսակցության և շրջապատների դեմ երկար պայքարած և զրկանքների ենթարկված քաղաքացիական հասարակության և քաղաքական միավորներին, որոնք ջանք են գործադրում այսօր էլ մնալ կառավարող ուժի քննադատների դիրքերում։

Ես առաջարկում եմ մեր «աշխարհն անվանելու» համար դուրս գալ ավանդական «իշխանություն-ընդդիմություն» երկյակի մոգական շրջանից, հատկապես, որ այսօրվա հայաստանյան աշխարհը շատ ավելի բազմազան է, և ամեն ինչ կանխատեսելի ու կախորոշված չէ, ինչպես նախորդ ռեժիմների օրոք, որոնց Էրիխ Ֆրոմը «մեռելապաշտ» կկոչեր՝ կյանքին մեխանիկաբար մոտենալու և մարդկանց որպես իրերի վերաբերվելու համար «Հիշողություն՝ փորձառության փոխարեն, ունենալ՝ լինելու փոխարեն. ահա թե ինչն է հաշվի առնվում: Մեռելապաշտը կարող է հարաբերվել մեկին՝ ծաղիկ լինի թե մարդ, եթե տիրում է նրան; ուստի սպառնալիքն իր տիրապետությանը սպառնալիք է իր դեմ; եթե նա կորցնում է ունեցվածքը, կորցնում է կապն աշխարհի հետ Նա սիրում է հսկել, և հսկելու գործողությամբ նա սպանում է կյանքը…» (Է. Ֆրոմ, «Մարդու սիրտը», 1966)։

Արդյո՞ք կառավարող ուժին հակադրվելը բավական է «ընդդիմության դափնիներին» արժանանալու համար, ինչպես պնդում են ՀՀԿ ղեկավար անձինք (հատկապես՝ դեկտեմբերյան ընտրությունների շրջանում)։ Կամ արդյո՞ք կառավարության այս կամ այն գործողությանը բարձրաձայն սատարելը այսօր էլ է «պատվազրկում» մարդուն, ինչից երկյուղում են երկար տարիներ արմատական ընդդիմության դիրքերում հանդես եկած որոշ մարդիկ։

Ուրեմն, ինչպե՞ս տարբերակել քաղաքական կյանքի վրա ազդող կամ ազդել փորձող ուժերին, ի՞նչ սկզբունքից ելնելով դիրքավորվել սոցիալ-քաղաքական հարաբերություններում և ինչպե՞ս ձևակերպել մեր սեփական դիրքն այնտեղ։

Այս հարցերի բազմաթիվ պատասխաններ կարելի է գտնել, երբ դադարենք «իշխանություն-ընդդիմություն» երկյակի ակնոցով նայել աշխարհին։ Ես կառաջարկեի, որ սոցիալական ու քաղաքական դաշտի յուրաքանչյուր միավորի դիտարկեինք ա՛յլ ոսպնյակների միջոցով։ Հատկապես կարևոր է նրանց դատել ըստ գործողությունների և գործունեության։

Սոցիալ-քաղաքական աշխարհն անվանելու համար ինձ ավելի հոգեհարազատ է Ֆրեյրիի առաջ քաշած՝ աղանդավորի և արմատականի հակադրությունը։ Ըստ Ֆրեյրիի, այն ինչ սնվում է ֆանատիզմով, միֆականացնում իրականությունը, ուստիև՝ օտարում, դարձնում կեղծ,  և ըստ այդմ՝ անփոփոխելի, դա աղանդավորական մոտեցում է։ Հակառակ դրան՝ արմատականությունը սնուցվում է քննադատական ոգով և միշտ ստեղծագործ է, քննադատելով ազատագրում է, նվիրված կերպով ջանքեր է գործադրում իրականությունը վերափոխելու համար։ Արմատականը չի ընկնում սուբյեկտիվիզմի ծուղակը, այլ այն համադրում է օբյեկտիվիզմի հետ և դրանց դիալեկտիկական միասնության շնորհիվ գիտելիք է ստեղծում գործողությամբ և գործողություն՝ գիտելիքով։

Մինչ Ֆրոմի վերոհիշյալ մեջբերումը գերազանց կերպով ցույց է տալիս, թե ինչին արժե ընդդիմանալ, Ֆրեյրին նույնքան գերազանց կերպով տալիս է այն մարդու նկարագիրը, որը փորձում է ընդդիմանալ կյանքի և մարդու նկատմամբ համատարած հսկմանը

«Մարդու ազատագրմանը նվիրված արմատականը «որոշակիության շրջանի» կալանավոր չի դառնում, որտեղ իրականությունը նույնպես բանտարկված է: Հակառակը, ինչքան արմատական է անձը, այնքան ամբողջականորեն է մտնում իրականություն, որպեսզի ավելի լավ ճանաչելով ավելի լավ վերափոխի այն: Այս անհատը չի վախենում հակադրվել, լսել, աշխարհը տեսնել քողազերծ: Այս անձը չի վախենում հանդիպել մարդկանց կամ երկխոսություն ունենալ նրանց հետ: Այս մարդն իրեն չի համարում մարդկային պատմության սեփականատեր կամ էլ՝ հարստահարվողների ազատագրիչ, այլ պատմության մեջ նվիրվում է մարդկանց կողքին պայքարելուն»: (Պաուլո Ֆրեյրի, «Ճնշվածի մանկավարժություն», 1970)

Եթե քաղաքական և հանրային դաշտի միավորներին դիտարկենք վերոնշյալ ոսպնյակներով,  կտեսնենք, որ «արմատական» բառը լավագույնս է բնորոշում ազատության և արդարության համար ազնիվ պայքար տանող մարդկանց ու խմբերին՝ լինեն նրանք պայմանական ընդդիմության մեջ,  թե՝ իշխանության: Իսկ հսկման, լճացման, իրականության անփոփոխության ձգտումը մարդկանց ու խմբերին դարձնում է «աղանդավորականներ» և խոչընդոտում մարդու մարդկայնացմանն ու կյանքի վերափոխմանը։ Քաղաքացու դիմադրությունը «թայֆաբազությանը» այդ հակադրության խոսուն օրինակ է։ Այս ոսպնյակներն օգնում են բացատրել նորօրյա դիրքավորումները, գտնել սեփականը և ձևակերպել այն։

«Արմատական» բառից զգուշացող ընթերցողի համար՝ մեկ նկատառում։ Առնվազն այս տողերի հեղինակի ձևակերպմամբ, մինչ «ծայրահեղականին» բնորոշ է հորիզոնական ընթացք՝ առավելագույնս հեռանալ դեպի մակերևույթի ծայրը՝ որոշակիորեն փախչելով իրականությունից,  «արմատականին» բնորոշ է ձգտել դեպի երևույթի խորքը, հատակը՝ այնտեղից իրականությունը ճանաչելու և վերափոխելու համար։

Հեղինակ՝ Ծովինար Նազարյան

06-05-2019