ՀԻՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ

...

Բաղադրություն

  • Երևույթի ոչ ամբողջական մեկնաբանում
  • Պատճառահետևանքային կապի ոչ ճիշտ ներկայացում

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Moody's միջազգային վարկանշային գործակալության կողմից  Հայաստանի համար հրապարակված վարկանիշին՝ նշել է. «Մուդիզ վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայունից» դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»:

ԴԵՏԵԿՏՈՐԸ վերոնշյալ  հրապարակման մեջ հայտնաբերել է  մանիպուլյատիվ  տարրեր: Մասնավորապես, Moody's միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «B1 կայունից» փոխել է «B1 դրական» նախորդ տարի, իսկ վարչապետի կողմից այն ներկայացվում է որպես նոր փոփոխություն, ինչը կարող է ապակողմնորոշել հանրությանը:

 

Մեր հիմնավորումը

Նախ նշենք, որ միջազգային վարկանշային կազմակերպությունները, հաշվի առնելով երկրների կառուցվածքային հիմնախնդիրները, մակրոտնտեսական միջավայրը, հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական պարտքի բեռի փաստացի և կանխատեսվող մակարդակները և մի շարք այլ տնտեսական կատեգորիաներ,  իրականացնում են վարկանշավորում՝ փաստացի գնահատելով երկրների ռիսկայնության մակարդակը։  Եթե որևէ երկրի ռիսկայնությունն աճում է, ապա կազմակերպությունները վերանայում են նրա սուվերեն վարկանիշը  նվազման ուղղությամբ, և՝ հակառակը։  Ընդ որում, այս կազմակերպությունները միայն վարկանիշը չէ, որ գնահատում են, նրանք տալիս են նաև այդ վարկանիշի իրենց հեռանկարը՝ «բացասական», «կայուն» կամ «դրական»։ Մեր երկրի ռիսկայնությունը գնահատում են «Moody’s» և «Fitch» կազմակերպությունները:

Վարկանիշն իր բովանդակությամբ ունի 3 հիմնական մակարդակներ` A, B  և C, որոնք էլ, իրենց հերթին ունեն ենթամակարդակներ։ A վարկանիշին արժանանում են միջին և միջինից ցածր ռիսկայնություն ունեցող երկրները, B վարկանիշին՝ միջինից բարձր ռիսկայնություն և ոչ ներդրումային դիրք ունեցող երկրները, իսկ C վարկանիշին արժանանում են այն երկրները, որտեղ իրավիճակը բարձր ռիսկային է կամ առկա է դեֆոլտի վտանգ։ Յուրաքանչյուր տարվա մեջ երեք անգամ Moody's-ը հրապարակում է վարկանշավորման համակարգի անդամ երկրների վարկանշային տվյալները, ինչպես նաև դրանց հեռանկարներն ու կանխատեսումները: Հերթական թարմացումները գործակալությունը հրապարակել է ընթացիկ տարվա մարտի 29-ին:

Համաձայն գործակալության կողմից տարածված  հաղորդագրության, որը հրապարակվել է նաև Ֆինանսների նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում և լրատվական կայքերում, Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը «կայունից»  փոխել է «դրական»: Moody’s-ի վերլուծության համաձայն` կանխատեսման փոփոխությունը կապված է տնտեսական մի շարք արդյունքների հետ: Զեկույցում նշված է, որ կառավարության աջակցությունը բանկերին բարելավվել է, ինչն էլ արտացոլվում է  Հայաստանի բանկային համակարգի «դրական» կանխատեսման վրա:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ Moody's-ի կողմից ՀՀ վարկանիշը դրականից կայունին փոխելը վերաբերում է միայն բանկային համակարգի վարկանիշին, մինչդեռ, վարչապետ Փաշինյանն այդ փոփոխությունը վերագրել է նաև երկրի սուվերեն վարկանիշին:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի սուվերեն վարկանիշի կանխատեսումը կայունից դրականի փոխելուն, ապա ստորև ներկայացված գծապատկերից երևում է, որ դա տեղի է ունեցել դեռևս 2018 թ. մարտ ամսվա հրապարակման արդյունքներով և արտացոլված է հայտնի տեղեկատվավերլուծական պորտալներում:

 

Տարածված հաղորդագրությանը համաձայն, Moody's-ը դրական էր դարձրել Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը, ինչը վկայում է Հայաստանի տնտեսական զարգացումների դրական  գնահատվելու մասին : Դա հիմնված է եղել արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայել են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, Moody's-ը  2018-ին ակնկալում էր, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը:

 Իսկ վարչապետի պնդումը, թե վարկանիշի հեռանկարի բարելավումը վկայում է, որ մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ տնտեսական զարգացումները գնահատվում են դրական, պետք է նշենք, որ լիարժեք չէ: Մասնավորապես, համաձայն վարկանշավորող կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշների դասակարգման հրապարակումների՝ «B1» վարկանիշը համարվում է ոչ ներդրումային, նույնիսկ «խիստ սպեկուլյատիվ»։ Իհարկե, բանկային համակարգի համար «կայունից» «դրական» կանխատեսում ունենալը մեկ քայլ առաջ է Հայաստանի համար, սակայն դրանով  Moody's-ը դրական զարգացումներ է կանխատեսում միայն բանկային համակարգում, ինչը դեռևս բավարար չէ՝ դրական գնահատելու  երկրի համընդհանուր տնտեսական զարգացումները, հատկապես՝ երբ վերջին մեկ տարվա ընթացքում սուվերեն վարկանիշի շրջանակներում որևէ առաջընթաց չի արձանագրվել: Այլ բան, որ երկրի սուվերեն վարկանիշը թողնելով անփոփոխ՝ Moody's-ն առնվազն հետընթաց չի արձանագրել, սակայն այն փաստը, որ չնայած նախորդ տարվա դրական հեռանկարին, այս տարի սուվերեն վարկանիշի բարելավում չի արձանագրվել, վկայում է, որ առկա հիմքերը դեռևս բավարար չեն՝ տնտեսական կտրուկ առաջընթաց ապահովելու համար:

 

Ամփոփելով՝ ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է, որ վարչապետի հայտարարությունը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը։ ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը Moody's միջազգային վարկանշային գործակալությունը  «B1 կայունից»  փոխել է «B1 դրական» դեռևս նախորդ տարվա մարտ ամսին: Այս տարի փոխվել է միայն բանկային համակարգի կանխատեսումը, սակայն վարչապետի կողմից ներկայացվել է, որ սուվերեն վարկանիշը «կայունից» փոխվել է «դրական» այս տարի, ինչը չի համապատասխաում իրականությանը և կարող է ապակողմնորոշել հանրությանը:

 

Հեղինակ՝ Հայկ Բեջանյան