«ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԹԵԶԸ

...

Բաղադրություն

  • Անհիմն ընդհանրացում
  • Անալոգիայի (համանմանության) սխալ կիրառություն

 

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, բնականաբար,   ձևավորվել են հանրային մեծ սպասումներ: Զանգվածային գիտակցության մեջ այդ ակնկալիքների «հիմա և այստեղ» իրականացման հետ է ասոցացվում հեղափոխության արդարացվածությունը և շարունակականությունը: Սակայն, գոյություն ունի դասական ճշմարտություն. որքան մեծ են սոցիալական կյանքում համապարփակ փոփոխությունների սպասումները, այնքան մեծ են դրանց ուշացման կամ չիրականացման հետ պայմանավորված հիասթափությունները: Հետևաբար, հետհեղափոխական Հայաստանում շատ արագ շրջանառվեց «հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել» թեզը, որը կիրառվեց սոցիալական կյանքի հնարավոր բոլոր ոլորտների նկատմամբ և ամենատարբեր մարդկանց կողմից: Այս պնդումը  կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության,  քանի որ այն ավելի շատ՝ չարդարացված կամ մանիպուլյատիվ բնույթ ունի, քան կոչված է ստույգ իրավիճակ կամ գործընթաց նկարագրելու:

Ինչպես նշեցինք, «հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել» թեզն օգտագործվել է ամենատարբեր մարդկանց կողմից՝  սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող կամ չունեցող գործընթացները նկարագրելու համար: Վառ օրինակներ են՝ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումները, պաշտոնաթող անձանց գնահատականները, տարբեր ոլորտների փորձագետների դիտարկումները, և այլն (Օրինակ 1, 2, 3, 4): Զավեշտալի է, որ նշված թեզը կիրառվել է իշխանափոխության և առհասարակ՝ քաղաքականության հետ անմիջական և ուղղակի կապ չունեցող  այնպիսի ոլորտի նկատմամբ, ինչպիսին ֆուտբոլն է: Դա վկայում է, որ քննարկվող թեզը զանգվածային գիտակցության մեջ կորցրել է իր տրամաբանական բովանդակությունը և  ձեռք  բերել սիմվոլիկ-գաղափարական նշանակություն, ինչը թույլ է տալիս այն շռայլորեն կիրառել, քանի որ ընդունված է կարծել, որ այս դեպքում «լսողը հասկանում է, թե ասողն ինչ նկատի ունի»: Բայց որքան տարածված է որևէ թեզ (ինչի մասին վկայում են այն պարունակող գրառումների և հոդվածների պարզ որոնման արդյունքները), այնքան այն անորոշ է, դրա բովանդակությունը լղոզված է, վերացական, չի արտահայտում կոնկրետ և ստուգելի իրականություն, ինչը լայն հնարավորություն է տալիս այդ թեզը կիրառել մանիպուլյատիվ նպատակներով՝ ուղղորդելով զանգվածային գիտակցությունը և դրանում արմատավորել իրականության թյուր պատկեր:

 

Մեր հիմնավորումները

«Հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել» թեզը ներկայացնում է ընդհանուր դատողություն, մինչդեռ նշված և մյուս բոլոր դեպքերում հիմնվում է մասնավոր դիտարկման կամ փորձի վրա: Դա նշանակում է, որ գործ ունենք անհիմն ընդհանրացման հետ, երբ մի ոլորտում արձանագրված որևէ փաստ կամ գործընթաց անհիմն վերագրվում է մյուս ոլորտներին ևս: Պարզ է, որ դա արվում է կա՛մ միտումնավոր, կա՛մ առանց գիտակցելու: Մինչդեռ, նույնիսկ առանձին վերցրած որևէ ոլորտում արձանագրված մեկ կամ մի քանի փաստերը դեռևս բավարար չեն այդ ոլորտը համարժեք կերպով բնութագրելու և գնահատելու համար, հատկապես, եթե փաստացի տեղի ունեցած այդ փոփոխությունները չունեն համակարգային ազդեցություն և ուղղված չեն ոլորտի առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը: Օրինակ, եթե հանցագործության կամ ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պայմաններում՝ որպես դրական փոփոխություն ներկայացվի հասարակական անվտանգության ապահովման ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձերի բարձրացումը:

Ակնհայտ է, որ «ոչինչ չի փոխվել» թեզն ինքնին չի արտացոլում սոցիալական իրականությունը, որովհետև դրանում միշտ ինչ-որ բան փոխվում է: Խնդիրն այն է,  որ տվյալ ոլորտում փոփոխությունների առկայության կամ բացակայության մասին կարելի է դատել՝ հիմնվելով առավելապես (բայց ոչ միայն) պատասխանատու մարմինների կողմից հռչակված կամ խոստացված փոփոխությունների առկայության կամ բացակայության վրա: Քանի որ ենթադրվում է, որ իշխանության կամ պատասխանատու մարմինների կողմից նաև նշվում են դրական փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանները և ռեսուրսները, ապա վերջիններիս առկայության (ապահովման) դեպքում հռչակված արդյունքների բացակայությունը կարելի է դիտարկել որպես դրական փոփոխությունների բացակայություն:

Հաջորդ հիմնավորումն այն է, որ «հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել» թեզն առաջանում է նաև անալոգիայի (համանմանության) կիրառության հետևանքով, մինչդեռ հայտնի է, որ վերջինս պատկանում է ճշմարտանման մեթոդների շարքին (տե՛ս Բրուտյան Գ., Տրամաբանության դասընթաց, էջ 149-150): Դրանց յուրահատկությունն այն է, որ կիրառելիս պետք է նկատի ունենալ՝ որևէ անհրաժեշտություն կամ երաշխիք չկա, որ եզրակացությունը կլինի ճշմարիտ: Այս դեպքում, հետհեղափոխական Հայաստանի հանրային կյանքի որևէ ոլորտում շոշափելի փոփոխությունների բացակայության փաստը, համանմանության մեթոդի կիրառմամբ, տարածվում է երկրորդ ոլորտի վրա, հատկապես, եթե դրանց միջև կան այլ ընդհանրություններ, օրինակ, եթե այդ ոլորտները մտնում են նույն գերատեսչության մեջ (միավորված նախարարություն): Նման դեպքերում գործում է հետևյալ սխեման. «Այստեղ փոփոխություն չկա, հետևաբար՝ չի կարող լինել նաև դրա հետ կապված, դրան նման կամ հարակից ոլորտում»: Երևանի քաղաքապետարանի աշխատանքի հանրային ընկալման օրինակով կարելի է կազմել մանիպուլյատիվ բնույթի դատողությունների հետևյալ շարքը.

Տրանսպորտի հարցում ինչ-որ բան փոխվե՞ց: Ոչ:
Աղբահանության հարցում՝ չփոխվեց:
Կ
արմիր գծերի հարցում՝ չփոխվեց:
 Ինչպե՞ս կարող էր փոխվել տրանսպորտի հարցում:

Եվս մեկ հիմնավորում վերաբերում է նրան, որ քննարկվող թեզը հաճախ օգտագործվում է հետևյալ բովանդակությամբ. «Հեղափոխությունից հետո արդեն բավական ժամանակ է անցել, սակայն ոչինչ չի փոխվել»: Ակնհայտ է, որ այս դեպքում մանիպուլյատիվ ազդեցության հիմնական ծանրաբեռնվածությունը կրում է «արդեն բավական ժամանակ է անցել» արտահայտությունը, որը շրջանցում է սոցիալական փոփոխությունների և դրանց համար անհրաժեշտ ժամանակի մասին պատկերացումը և զանգվածային գիտակցության մեջ վերացնում առաջնային և երկրորդային, հետաձգելի և անհետաձգելի, անհրաժեշտ և նպատակահարմար, հնարավոր և անհնար  փոփոխությունների մասին պատկերացումները:

 Եվ վերջապես, մանիպուլյացիա է պարունակում նաև «հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել» թեզը հիմնավորելու համար՝ մարդկանց կենցաղային կամ անձնական կյանքին դիմելը, որովհետև մարդկանց կենցաղը և առօրյան այն վերջին բնագավառներն են, որոնցում ընդհանուր-սոցիալական փոփոխություններն ունենալու են իրենց արտահայտությունը: Հետհեղափոխական փոփոխությունները, սկիզբ առնելով իշխանության և կառավարման բարձր մակարդակներում, բավականին երկար ժամանակ անց են արտահայտվում կենցաղային մակարդակում և առօրյա կյանքում: Դրանցում փոփոխությունների և հատկապես՝ բարեփոխումների գլխավոր չափանիշը բարեկեցության աճն է, որը շատերը նույնացնում են անհատական և ընտանեկան եկամտի աճի հետ կամ հանգեցնում դրան: Մինչդեռ, օրինակ՝ մարդու իրավունքների ապահովման կամ կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները կարող են որևէ արտահայտություն չունենալ մարդու եկամուտների վրա, կամ ունենալ տարիներ անց, իսկ իրավապահ համակարգում արմատական և ծավալուն բարեփոխումների մասին մարդ կարող է ամբողջ կյանքի ընթացքում սեփական փորձով դատելու հնարավորություն չունենա, եթե հանգամանքների բերումով չբախվի իրավապահ համակարգի հետ:  Եվ, իմանալով երկրի ու հասարակության կյանքն իրենց անձնական փորձով չափելու՝ մարդկանց հակումը, քննարկվող թեզն այդ հիմնավորմամբ կիրառողներն օգտագործում են մանիպուլյատիվ հնարք՝ վերջնարդյունքի բացակայությունը ներկայացնելով որպես առհասարակ՝ որևէ արդյունքի բացակայություն:

Այպիսով, կարելի է եզրակացնել, որ մերօրյա մեդիա-տիրույթում տարածված՝ «Հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել» թեզը չունի ռացիոնալ հիմնավորում, մինչդեռ դրա կիրառումը պարունակում է մանիպուլյատիվ ռիսկեր:

 

Հեղինակ՝ Մովսես Դեմիրճյան

23-07-2019