Ոչ վերբալ քաղաքական շահարկումներ. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

...

Բաղադրություն

  • Ոչ վերբալ շահարկման միջոցներ

 Ոչ վերբալ կամ ոչ բառային շահարկման միջոցներ են համարվում հարախոսքային և արտախոսքային[i] այն ուղերձները, որոնք կոդավորվում և առաքվում են` զրուցակցի կամ լսարանի վարքը ուղղորդելու նպատակով: Ոչ վերբալ հարախոսքային միջոցները բառերի բանավոր արտաբերման ժամանակ առաքվող ուղերձներն են, որոնք ուղղակիորեն կապված են բառերի արտասանության հետ, ինչպես օրինակ՝ ձայնի տոնը, ձայնի բարձրությունը, հաստությունը, խոսքի տեմպը, բառերի արտաբերման ժամանակ օգտագործվող վանկատումներն ու տառատումները, խոսքի սկզբում և միջակայքերում օգտագործվող դադարները:
Ոչ վերբալ արտախոսքային միջոցներ են դիմախաղը, ակնդետությունը, ձեռքերի և մարմնի այլ շարժումները, մարմնի դիրքը, վեգետատիվ բնույթի ուղերձները /ծանր կամ թեթև շնչելը, մաշկի գունափոխությունը, հորանջելը, լեզվի և բերանի չորանալը ևն/, հաղորդակցության ժամանակ օգտագործվող միջանձնային տարածությունը, ինչպես նաև դրեսկոդը՝ հագուստը, զարդերը, սանրվածքը, շպարը, օծանելիքի հոտը … Որոշ հետազոտողներ արտախոսքային միջոցների շարքին  են դասում նաև այն տարածքը, որտեղ կազմակերպվում է հաղորդակցությունը: Թվարկված միջոցները համարվում են արտախոսքային, որովհետև դրանք կարող են հանդես գալ առանց խոսքի և բառերի: Բայց, անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են նաև ուղեկցել խոսքին:

 

Դավիթ Շահնազարյանը հայաստանյան քաղաքական կյանքում ամենաակտիվ գործիչներից մեկն է, որը հաճախ է հանդես  գալիս մամուլի ասուլիսներով, և կարելի է ասել՝ տարբեր լրատվամիջոցների համար նախընտրելի բանախոս-հյուրերի ցանկում է: Նման պահանջվածությունը պայմանավորված է ոչ միայն նրա որոշակի քաղաքական կենսագրությամբ և գործնական փորձառությամբ, այլև հաղորդակցվելու այն կարողություններով,  որ դրսևորում է իր ասուլիսների և հարցազրույցների ժամանակ: Բնականաբար, այդ կարողությունների մի մասը կազմում են ոչ վերբալ շահարկման այն հնարքները, որոնք Դ. Շահնազարյանը  կիրառում է իր ուղերձները լսարանին հասցնելու և վստահության ու բարեհաճության որոշակի մթնոլորտ ձևավորելու նպատակով:

 

Մոռացեք ձեռքերիս մասին[ii]

Նկար 1

 

Նկար 2

 

Նկար 3

 

Նկար 4

 

Նկար 5

 

Նկար 6

 

Նկար 7

 

Նկար 8

 

Նկար 9

 

Դավիթ Շահնազարյանի ոչ վերբալ վարքին բնորոշ դիրքերից մեկը մի ձեռքով մյուսը (ավելի հաճախ՝ աջով ձախը) բանտելն է (տես՝ նկարներ 1-7): Ձեռքերի նման դասավորությունը սովորաբար մեկնաբանվում է կա՜մ իբրև հաղորդակցության հանդեպ փակ լինելու հակվածություն, կա՜մ ինքնավստահության պակասի դրսևորում[iii]: Սակայն, նշված ազդակներն ավելի հաճախ ուղեկցվում են ձեռքի ափերով միմյանց ծածկելով կամ կրծքավանդակի մոտ արմունկների՝ խաչված դիրք ընդունելով: Այնինչ, Շահնազարյանի պարագայում առկա է ձեռքերից մեկով մյուսի դաստակը գրկելու սովորությունը: Նշված ոչ վերբալ վարքագծի (որն առավել հաճախ հանդիպում է կանգնած դիրքում) մեկ այլ բացատրություն կա, այն մեկնաբանվում է հաղորդակցվողի հոգեբանական լարվածությամբ և դա զսպելու կամ թաքցնելու ցանկությամբ: Ձեռքերի այդ դիրքի մեկնաբանման համար բերվում է նաև հետևյալ հաբիթուալ բացատրությունը.  երեխա ժամանակից մենք վարժված ենք, որ մեր ավագ ազգականները բռնեն մեր ձեռքը՝ որոշակի արհավիրքներից մեզ փրկելու և ապահովագրելու նպատակով[iv]: Մեր կարծիքով, լարվածությունը թուլացնելու հետ կապված վերոհիշյալ մեկնաբանությունը շատ ավելի հիմնավոր կարող էր լինել, եթե չլիներ Դ. Շահնազարյանի կողմից հիշյալ դիրքն այլ իրավիճակներում ևս կիրառելու սովորությունը:

Դավիթ Շահնազարյանը ձեռքի բանտումը կիրառում է նաև այն դեպքերում, երբ նստած չէ սեղանի մոտ և նույնիսկ՝ երբ նստելատեղը, որը նա զբաղեցնում է, ունի արմնկակալներ ու նա կարող է հանգիստ արձակել ձեռքերը, հենել արմնկակալներին կամ բռնել դրանք, ինչը, որոշակի առումով կբավարարեր ինքնատիրապետման  պահանջը, եթե այն իսկապես որոշիչ է: Նաև նկատենք, որ Դ. Շահնազարյանը ձեռքի բանտված դիրքը գրեթե երբեք չի օգտագործում ոտքի վրա հաղորդակցվելիս (տես՝ նկար 10): Սա կարևոր հանգամանք է, որովհետև դիտարկված է, որ նրանք, ովքեր նստած վիճակում հաճախ են կիրառում ձեռքերի այդ դիրքը, սովորաբար դա կրկնում են նաև կանգնած վիճակում (տես՝ նկարներ 8 և 9):

Կարևոր է հաշվի առնել, որ ի տարբերություն մի ձեռքի ափով մյուս ձեռքի դարձերեսը բռնելուն՝ դաստակը բանտելը թույլ է տալիս սահմանափակել ոչ միայն ձեռքի ափի և մատների, այլև՝ արմունկների և, մասնակիորեն, նաև ուսերի շարժումները: Դիմելով ձեռքերի և ուսերի նման, այսպես ասած՝ անշարժացման, Դ. Շահնազարյանը մարմնի իր այդ հատվածները լսարանի համար դարձնում է ուշադրության համար անկարևոր և ոչ դիտարժան: Այսինքն, այս դեպքում ձեռքի բանտված դիրքը ոչ թե պարզապես անհանգստությունը քողարկելու անգիտակցական իլյուստրացիա է, այլ շահարկման հնարք՝ որի նպատակը մարմնի վերոհիշյալ մասերից լսարանի ուշադրությունը շեղելն է:

 

Հետևեք գլխիս շարժումներին

Շեղելով լսարանի ուշադրությունը ձեռքերից և մարմնից՝ Դ. Շահնազարյանն, ըստ էության, առաջարկում է լսարանին կամ զրուցակցին՝ ուշադրությունը կենտրոնացնել  գլխի շարժումներին:  Ինչո՞ւ: Բազմաթիվ տեսանյութերի դիտումներից պարզել ենք, որ Դ. Շահնազարյանի գլխի շարժումները, ի տարբերություն ուսերի, արմունկների և ձեռքերի շարժումների՝ շատ ավելի համաձայնեցված են նրա ասելիքին: Այլ կերպ ասած՝ դրանք ավելի համապատասխան են արձագանքում վերբալ մակարդակում նրա կողմից հնչեցվող՝ ժխտում կամ հաստատում պարունակող արտահայտություններին: Իսկ Շահնազարյանն իր հարցազրույցներում և ասուլիսներում բավականին հաճախ է օգտվում այդ ոչ վերբալ ուղերձներից որպես օժանդակ միջոց՝ լսարանի մոտ իր ասածի նկատմամբ վստահություն ձևավորելու համար: Մեր դիտարկումները թույլ են տալիս նաև նկատել, որ երբ Դ. Շահնազարյանը արձակում է ձեռքերը, ապա նրա արմունկները և ուսերը հաճախ վերբալ մակարդակում ժխտում կամ հաստատում պարունակող ուղերձներին հակառակ ազդակներ են փոխանցում: Ամենայն հավանականությամբ, նա լավ գիտի դրա մասին, ինչպես նաև լավ գիտի իր՝ գլխի շարժումներն առավել հաջող կառավարելու կարողության մասին, ինչի համար էլ ամեն կերպ ջանում է սահմանափակել մարմնի մեխանիկան՝ գլխի մեխանիկան առավել նպատակահարմար օգտագործելու համար:  

Ուշադրություն դարձրեք դիմախաղիս

Նկար 10

 

Նկար 11

 

Նկար 12

 

Նկար 13

 

Նկար 14

 

Նկար 15

 

Նկար 16

 

Նկար 17

 

Նկար 18

 

Դ. Շահնազարյանը հրաշալի կառավարում է դիմախաղը, հատկապես՝ ճակատը, հոնքերը և աչքերը, ինչը կրկնակի խայծ է՝ լսարանի ուշադրությունը գլխի և դեմքի վրա պահելու համար: Դեմքի հենց այդ հատվածներն են, որ Շահնազարյանը հաճախ օգտագործում է՝ լսարանին կամ զրուցակցին իր մտահոգությունը փոխանցելու, վերջիններիս մոտ ապրումակցում առաջացնելու նպատակով: Հոնքերի՝  հատման մասում մի փոքր վեր բարձրացած և իրար մոտեցած դիրքը, ճակատի մասում առաջացած կնճիռները դեմքին հաղորդում են տխրության, ձախորդության մեջ հայտնված մարդու կերպավորում, որը լսարանի մոտ առաջացնում է աջակցելու, կարեկցելու ցանկություն (նկարներ 10-17)[v]: Ավելին, դեմքի նման արտահայտությունը, ինչպես ուսումնասիրված է, հաճախ զրուցակիցներին շեղում է բուն ասելիքից և ստիպում  կենտրոնանալ դիմախաղի օգնությամբ նկարագրվող հույզի վրա: Հենց այս հնարքն են հաճախ ծաղրածուները և մնջախաղորդները կիրառում դիմահարդարվելիս, որպեսզի հանդիսատեսին փոխանցեն իրենց տառապանքները կամ անհեթեթ վիճակները (նկար 18): Սակայն, ուշադրության առնելով Դ. Շահնազարյանի հոնքերի տխրությանն ուղեկցող քթի և բերանի հատվածի կինետիկան, կարելի է նկատել, որ դրանք նույնքան մտահոգություն  չեն արտահայտում  և  իրենց տրամադրությամբ՝ նույնիսկ հակասում են դեմքի վերին հատվածի ուղերձներին: Օրինակ, շուրթերը բերանի անկյուններում վար կախված լինելու և կենտրոնում լարված լինելու փոխարեն հորիզոնական դիրքում են կամ դեպի վեր են ձգվում: Այսինքն, տխրությունը կամ մտահոգությունը իրական չեն[vi]: Բայց հնարքը գործում է, որովհետև զրուցակիցները գլխավորապես հետևում են  միմյանց հոնքերի, աչքերի և ճակատի շարժումներին, որոնք, ինչպես ասացինք, Դ. Շահնազարյանի պարագայում առավել հաջող են կառավարվում:

 

Ես հաճախ ժպտում եմ

 

Նկար 19

 

 

Նկար 20

  

Նկար 21

 

Նկար 22

 

 Նկար 23

 

Նկար 24

 

Հարցազրույցների ժամանակ Շահնազարյանի ոչ վերբալ վարքագծում առավել հաճախ կիրառվող շահարկումներից մեկը ժպիտն է: Այն օգտագործվում է նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ նախորդող խոսքը վերաբերել է հանրային կարևորություն ունեցող խնդրի (տես օրինակ  7:26-7:30 րոպե): Ուշագրավ է նաև, որ Շահնազարյանը հաճախ ժպիտն  օգտագործում է ոչ միայն լրագրողների հարցը լսելիս, այլև իր խոսքն ավարտելիս: Որոշ դեպքերում սա մեկնաբանվում է իբրև սեփական ասելիքի կարևորությունը կամ լրջությունը կասկածի տակ դնելու անգիտակցական իլյուստրացիա, հատկապես՝ երբ խոսքը կարևոր թեմաների մասին է[vii]: Սակայն Շահնազարյանի դեպքում ժպիտը հիմնականում կոդավորված ուղերձ է՝ ուղղված լսարանին և զրուցակցին: Դրա նպատակը լսարանում բարեհաճության մթնոլորտի ձևավորումն է, ինչն իր հերթին չեզոքացնում է քննարկվող թեմայի հետ կապված վիճելի հարցադրումներն ու առարկությունները: Նման վարքը հուշում է, որ բանախոսը կարևորում է ոչ այնքան թեման, որի մասին խոսում է, որքան իր անձի նկատմամբ լսարանի վերաբերմունքը: Ավելացնենք, որ Շահնազարյանը նաև սովորություն ունի հաճախ կատակելու և զվարճախոսություններ հղելու, ինչը ևս   ուղղված է հաղորդակցման բարեհաճ և փոխվստահելի մթնոլորտի ձևավորմանը:

  Դ. Շահնազարյանը կիրառում է բազմաթիվ այլ ոչ վերբալ շահարկման միջոցներ, որոնք, սակայն, կա՜մ տիպական չեն ու առավել հաճախ չեն օգտագործվում, կա՜մ կարող են ունենալ բազմանշանակ մեկնաբանություններ,  քանի որ ոչ վերբալ լեզուն կառավարվում է լիմբիկ՝ ոչ ռացիոնալ ուղեղային համակարգի կողմից, այն կապված է մեր անգիտակցականի հետ և պատասխանատու է մեր հույզերի համար: Այսինքն, մեր ժեստերը, դիմախաղը, ձայնի տոնի փոփոխոթյունը և այլն, կարող են լինել ո՜չ անպայման խաբելու, ենթակայացնելու մտադրության դրսևորումներ, այլ՝ վախի, ափսոսանքի, ուրախության, կամ՝ հաղորդակցության միջավայրին հարմարվելու հետ կապված որոշակի դժվարությունների հաղթահարման արտահայտություններ: Մյուս կողմից՝ գիտակցության արտադրանք կամ վերամշակման արդյունք հանդիսացող ոչ վերբալ ուղերձների մի մասը (էմբլեմներ, իլյուստրացիաներ, ադապտորներ, և այլն) տևական արդյունավետ օգտագործման հետևանքում ավտոմատացվում են և հայտնվում ոչ ռացիոնալ ուղեղային համակարգի կառավարման տիրույթում ու սկսում են կիրառվել անգիտակացաբար կամ բնազդաբար: Այսինքն, ոչ բնականը կամ մշակութայինը խառնվում է բնականին, որի հետևանքն այն է, որ մենք չենք կարող միանշանակ մեկնաբանություններ տալ ոչ վերբալ լեզվի դրսևորումներին, այդ թվում՝ պնդել այս հոդվածում արված բոլոր մեկնաբանությունների ճշմարտացիությունը: Մենք կարող ենք հաստատել միայն, որ կան շահարկումներին բնորոշ ոչ վերբալ որոշակի դրսևորումներ, որոնք թույլ են տալիս կասկածել՝ դրանք իբրև շահարկում օգտագործելու հնարավորության մասին: Իսկ քաղաքական գործիչների և քաղաքական տեղեկատվության պարագայում նման կասկածներ ունենալը կարևոր է՝ հնարավոր բացասական ազդեցությունների չենթարկվելու և դրանցից խուսափելու համար:

 

 Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

24-08-2019

 



[i] Հայալեզու գրականության մեջ հիմնականում օգտագործվում են հարլեզվական և արտալեզվական եզրերը, ինչը մեր կածիքով սխալ է: Որովհետև ժեստերը, դիմախաղը և ոչ վերբալ հաղորդակցության մյուս միջոցները նույնպես լեզվական երևույթ են, մեկնաբանվում են լեզվի միջոցով, ունեն իրենց հատուկ կանոները: Խոսքը շատ ավելի լայն երևույթ է քան առանձին վերցրած բառերի լեզուն, որովհետև ներառում է ոչ միայն բառերը, այլև որոշակի հույզեր, որոնք ուղեկցում են բանավոր արտաբերվող բառերին՝ որոշակի ոչ բառային նշանների միջոցով: Դրանց մի մասի ուղեկցությունը խոսքում գրեթե պարտադրիր է, մյուսներինը՝ ոչ: Առաջինները մենք կոչում ենք հարախոսքային ուղերձներ, երկրորդը՝ արտախոսքային: Ավելի ընդարձակ բացատրությունը՝ հոդվածի նախաբանում:

[iii] Пиз А., Пиз Б. Язык телодвижений, М., 2007, с. 117-119

[iv] Նույն տեղում:

[v] Ուսումնասիրված է, որ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով տխուր աչքեր սիմուլյացնելը հատուկ է նաև շներին:

[vi] Экман П., Фризен У.  Узнай лжеца по выражению лица, “Питер”, 2010, с.165-167.

[vii] Փ. Էքմանը, Ու. Ֆրիզենը և Մ. Օ՛Սալիվանը ժպիտի այդ տեսակը համարում են խաբուսիկ: