Ոչ վերբալ քաղաքական շահարկումներ. ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

...

Բաղադրություն

  • Ոչ վերբալ շահարկման միջոցներ

 

 

 

Ոչվերբալ կամ ոչ բառային շահարկման միջոցներ են համարվում հարախոսքային և արտախոսքային[i] այն ուղերձները, որոնք կոդավորվում և առաքվում են` զրուցակցի կամ լսարանի վարքը ուղղորդելու նպատակով: Ոչ վերբալ հարախոսքային միջոցները բառերի բանավոր արտաբերման ժամանակ առաքվող ուղերձներն են, որոնք ուղղակիորեն կապված են բառերի արտասանության հետ, ինչպես օրինակ՝ ձայնի տոնը, ձայնի բարձրությունը, հաստությունը, խոսքի տեմպը, բառերի արտաբերման ժամանակ օգտագործվող վանկատումներն ու տառատումները, խոսքի սկզբում և միջակայքերում օգտագործվող դադարները:
Ոչ վերբալ արտախոսքային միջոցներ են դիմախաղը, ակնդետությունը, ձեռքերի և մարմնի այլ շարժումները, մարմնի դիրքը, վեգետատիվ բնույթի ուղերձները /ծանր կամ թեթև շնչելը, մաշկի գունափոխությունը, հորանջելը, լեզվի և բերանի չորանալը ևն/, հաղորդակցության ժամանակ օգտագործվող միջանձնային տարածությունը, ինչպես նաև դրեսկոդը՝ հագուստը, զարդերը, սանրվածքը, շպարը, օծանելիքի հոտը … Որոշ հետազոտողներ արտախոսքային միջոցների շարքին  են դասում նաև այն տարածքը, որտեղ կազմակերպվում է հաղորդակցությունը: Թվարկված միջոցները համարվում են արտախոսքային, որովհետև դրանք կարող են հանդես գալ առանց խոսքի և բառերի: Բայց, անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են նաև ուղեկցել խոսքին:

 

Գառնիկ Իսագուլյանը հայաստանյան քաղաքական դաշտի այն գործիչներից է, որը մշտապես ինտենսիվ կապեր է պահպանում լրատվամիջոցների հետ, վերջին տարիներին ստեղծել ու ղեկավարում է համացանցային լրատվական կայք, որտեղ նաև վարում է հեղինակային իր հաղորդաշարը: Իսագուլյանի մարմնի լեզուն, ինչպես և լրատվամիջոցների նկատմամբ նրա վերաբերմունքը բավականին բաց է: Նա բավականին լավ տիրապետում է հատկապես ձեռքերի շարժումներին, դրանց կինետիկան բավականին բաց է, բազմազան և գործնական: Ինչը սակայն չի կարելի ասել դիմախաղի մասին: Դիմախաղը համեմատաբար փակ է, միօրինակ, հատկապես դեմքի վերին հատվածում, որն ընդգրկում է քիթը, աչքերը, հոնքերն ու ճակատը: Սովորական դիտողը դժվարությամբ կարող է նկատել Իսագուլյանի դիմախաղի և մարմնի կինետիկայի այդ տարբերությունները, որովհետև տևական հաղորդակցության և ուղերձների հղկման շնորհիվ Իսագուլյանին հաջողվել է ստանալ դիմախաղի և մարմնի շարժումների այնպիսի համակցություններ, որոնք դիտողին թվում են ներդաշնակ: Սակայն դրանց դեկոնստրուկցիան թույլ է տալիս բացահայտել շահարկման այն հնարքները, որոնք միտված են լսարանի և զրուցակիցների վարքագծի և տրամադրությունների վրա ազդելուն:

 

Դժգոհ դեմքի առավելությունները[ii]

  

Նկար 1

Նկար 2

Նկար 3

 Նկար 4

Նկար 5 

Նկար 6

Նկար 7

Նկար 8

 

Ովքեր հետևել են Գ. Իսագուլյանի հարցազրույցներին կամ ասուլիսներին, նկատած կլինեն, որ նա հազվադեպ է ժպտում: Նրա դեմքն ավելի հաճախ դժգոհություն է արտահայտում, նա միշտ բողոքում է ինչ-որ բանից (նկարներ 1-8): Ընդ որում, բողոքելու առիթը կարող է լինել մի բան, որը մեկ այլ հարցազրույցում կամ նույն հարցազրույցի մեկ այլ հատվածում նա ներկայացրել է իբրև պոզիտիվ կամ իր համար ընդունելի երևույթ: Նրանք, ովքեր առիթ են ունեցել հաղորդակցվել Իսագուլյանի հետ տեսախցիկներից անդին, նշում են, որ միջանձնային շփումներում  ավելի լավատես է, հաճախ ժպտում է ու խոսում  լավատեսական բաներից: Այսինքն, ստացվում է, որ բողոքելը և դժգոհ դեմք ընդունելը մարտավարություն է, որն Իսագուլյանը կիրառում է լրատվական լսարանի հետ հաղորդակցվելու ժամանակ: Հետևաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Դիտարկված է, որ հաղորդակցություն խթանելու տեսանկյունից առավել մեծ շանսեր ունի դժգոհ՝ քան ինքնագոհ կամ անտարբեր դիմախաղը: Որովհետև հետաքրքրություն է առաջանում պարզելու,  թե ինչու է ինչ-որ մեկը դժգոհ: Ընդ որում, Իսագուլյանի դժգոհություն արտահայտող դիմախաղը ավելի հաճախ ոչ թե պահանջկոտ-դժգոհի, այլ վիրավորված կամ անարդարացի վերաբերմունքի արժանացած դժգոհ մարդու դիմախաղ է, որը դժգոհության պատճառն իմանալու պարզ հետաքրքրությունից զատ, խրախուսում է նաև նրան մխիթարելու, աջակցելու որոշակի պատրաստակամություն: Բնականաբար, այդ երկու գործոնները առաջին հերթին ապահովում են ասելիքի նկատմամբ լսարանի ուշադրությունը, ինչը կարևոր պայման է ինչպես ասուլիսների և հարցազրույցների մեկնարկի ժամանակ, այնպես էլ դրանց ողջ ընթացքում:

 

Օգնություն պաղատող ձեռքեր

 

Նկար 9  

Նկար 10

Նկար 11 

Նկար 12

Նկար 13

Նկար 14

Նկար 15

Նկար 16

Գ. Իսագուլյանի՝ այսպես ասած՝ վիրավորված-դժգոհ մարդու դիմախաղը հաճախ ուղեկցվում է դեպի զրուցակիցը կամ լսարանն ուղղված՝ վեր պարզած երկու ձեռքերի կիսակտուց մատներով կամ կիսածալ ափերով դիրքը, որոնց կրունկները երբեմն հատվում են միմյանց՝ ամբողջական ափ կազմելով (նկարներ՝ 9-16): Ձեռքերի այդ դիրքը ավելի է շեշտում աջակցության կարիքի մեջ գտնվող մարդու կերպարը, որի ասածների հետ, եթե նույնիսկ համաձայն չես, ապա գոնե խուսափում ես նաև կոշտ կերպով մերժելուց կամ բացարձակ արհամարհելուց, որովհետև կարիքի մեջ գտնվողների նկատմամբ նման վերաբերմունքը գոնե մեր մշակույթում չի խրախուսվում: Ոչ պատահաբար Գ. Իսագուլյանն իր դիմախաղն ու ձեռքերի շարժումները հաճախ զուգորդում է խնդրական ձայնի երանգով և զրուցակիցներին ուղղված  մտերմիկ դիմելաձևերով, ինչպես օրինակ՝ <<Ագնեսա ջան>>, <<Անժելա ջան>>, <<Մարիամ ջան>>, <<Պետրոսյան ջան>> և այլն, հավելելով՝ <<ա՛յ, ձեր հոգուն մարտաղ>>, <<ցավդ տանեմ>> կարգի արտահայտություններով (օրինակ 38:05-38:13), որոնք է՛լ ավելի են նվազեցնում Իսագուլյանի փաստարկներին ու հիմնավորումներին հակադարձելու ցանկութունը: Եվ իսկապես, եթե ուշադիր լինեք նրա հետ անցկացվող հարցազրույցներին, ապա կարող եք նկատել, որ լրագրողները որոշակի դժվարություններ ունեն Իսագուլյանին հարցեր ուղղելու կամ հակաճառելու առումով:  Նրանք սովորաբար կա՛մ ներողամտաբար լսում են Իսագուլյանին, կա՛մ վերջինս թույլ չի տալիս իրեն հարցեր տալ՝ դեմքին վիրավորված, դժգոհ մարդու արտահայություն ուրվագծելով, օգնություն պաղատող ձեռքերն առաջ մեկնելով և <<ջանուղուրբանի> հռետորաբանությանը դիմելով: Այդ պատճառով է, որ հաճախ Իսագուլյանի հարցազրույցները  մենախոսությունների տպավորություն են թողնում, որոնց ժամանակ հանդիսատես են ոչ միայն տեսադիտողները, այլև հարցազրուցավար լրագրողները:

 

Թուղթ ու գրիչի <<առաքելությունը>>

 

Նկար 17 

Նկար 18 

Նկար 19

Նկար 20

Նկար 21 

Նկար 22

Նկար 23   

Նկար 24

Նկար 25 

Նկար 26 

Նկար 27 

Նկար 28

Շատերը նկատած կլինեն, որ հաճախ հարցազրույցների ժամանակ Գ. Իսագուլյանի խոսքի պարտադիր ուղեկիցներն են գրիչը և թուղթը (նկարներ 17-25): Համացանցում բացառիկ տեսանյութեր կարելի է գտնել, որոնցում Իսագուլյանը հաղորդակցվում է առանց այդ ռեկվիզիտների: Ինչու՞ են մեր կարծիքով դրանք ռեկվիզիտներ: Որովհետև դրանց օգնությամբ Իսագուլյանը հազվադեպ է հուշում պարունակող ինչ-որ նշումներ անում՝ իրեն ուղղված հարցերի ժամանակ: Առավել հազվադեպ է պատահում, որ նա այդ թղթերի վրա նախապես գրված ինչ-որ տեքստ ընթերցի: Այդուհանդերձ, Իսագուլյանը գրիչն ու թուղթն օգտագործում է ասելիքի որոշ հատվածներ նկարագրելու համար՝ ինչ-որ շրջանակներ է գծում, գծեր քաշում, տոկոսներ ու տարեթվեր նշում: Եվ այդ ամենն անում է խոսելուն զուգընթաց: Մնացած ժամանակ գրիչը կամ մի ձեռքի մատների արանքում է կամ պտտեցնում է երկու ձեռքերի մատների արանքում:

Ոչ վերբալ հաղորդակցություն ուսումնասիրողները գործնական զրույցի ընթացքում տարբեր պարագաների՝ գրիչի, մատիտի, ինչպես նաև ժամացույցի, ապարանջանի, մատանու, ականջողերի հետ ոչ բուն գործառութային շփումները (տաքեսիկան) մեկնաբանում են[iii] որպես որոշակի մանիպուլյատիվ նպատակ հետապնդող փորձեր, որոնք կարող են պատճառաբանվել ինչպես հարցերից խուսափելու միտումով, այնպես էլ՝ զրուցակիցների ու լսարանի ուշադրությունը խոսքի կամ մարմնի այլ մասերի ուղերձներից շեղելու միտումով: Մեր կարծիքով՝ Գ. Իսագուլյանի պարագայում առավել հավանական է հենց երկրորդ միտումը: Որովհետև այն բացառիկ դեպքերում, երբ հարցազրույցի անցկացման տաղավարում բացակայում է  սեղանը,  ուստի և՝ թուղթ ու գրիչը համակցությամբ կիրառելու հնարավորությունը, Գ. Իսագուլյանի մոտ ի հայտ են գալիս բառային ու ոչ բառային ուղերձների անհամաձայնություններ: Նա ձեռքը տանում ականջի հետևը, քորում է քիթը, ուղղում է ակնոցները, հաստատող արտահայտությունների ժամանակ բարձրացնում է ուսերը (տես նկարներ՝ 25-27): Փաստորեն, գրիչն ու թուղթը իրականում նեցուկ են այդ անհամապատասխանություններից խուսափելու համար: Ինչպես նաև,  գրիչի ու թղթի պարագայում (և ոչ թե ժամացույցի կամ մատանու և այլն), բանախոսը լսարանին ներկայանում է որպես գրագետ, ասելիքը հստակ պատկերացնող և սխեմատիկ կերպով մատուցող մեկը:

Գ. Իսագուլյանի կողմից կիրառվող ոչ վերբալ արտալեզվական շահարկումների մեջ բավական մեծ տեղ ունեն նաև այլ ուղերձներ, օրինակ՝ <<կանգառի>> կիրառումը. ձեռքի ափը ուղղահայաց դեպի զրուցակիցը մեկնելը և թափահարելը, ասելիքն ընդգծող ձեռքի վարընթաց իլյուստրացիաները և այլն,  որոնք, սակայն, կարող են ունենալ բազմանշանակ մեկնաբանություններ,  քանի որ ոչ վերբալ լեզուն կառավարվում է լիմբիկ՝ ոչ ռացիոնալ ուղեղային համակարգի կողմից, այն կապված է մեր անգիտակցականի հետ և պատասխանատու է մեր հույզերի համար: Այսինքն, մեր ժեստերը, դիմախաղը, ձայնի տոնի փոփոխությունը և այլն, կարող են լինել ո՛չ անպայման խաբելու, ենթակայացնելու մտադրության դրսևորումներ, այլ՝ վախի, ափսոսանքի, ուրախության, կամ՝ հաղորդակցության միջավայրին հարմարվելու   որոշակի դժվարությունների հաղթահարման արտահայտություններ: Մյուս կողմից՝ գիտակցության արտադրանք կամ վերամշակման արդյունք հանդիսացող ոչ վերբալ ուղերձների մի մասը (էմբլեմներ, իլյուստրացիաներ, ադապտորներ, և այլն) տևական արդյունավետ օգտագործման հետևանքում ավտոմատացվում են և հայտնվում ոչ ռացիոնալ ուղեղային համակարգի կառավարման տիրույթում ու սկսում են կիրառվել անգիտակացաբար կամ բնազդաբար: Այսինքն, ոչ բնականը կամ մշակութայինը խառնվում է բնականին, որի հետևանքն այն է, որ մենք չենք կարող միանշանակ մեկնաբանություններ տալ ոչ վերբալ լեզվի դրսևորումներին, այդ թվում՝ պնդել այս հոդվածում արված բոլոր մեկնաբանությունների ճշմարտացիությունը: Մենք կարող ենք հաստատել միայն, որ կան շահարկումներին բնորոշ ոչ վերբալ որոշակի դրսևորումներ, որոնք թույլ են տալիս կասկածել՝ դրանք իբրև շահարկում օգտագործելու հնարավորության մասին: Իսկ քաղաքական գործիչների և քաղաքական տեղեկատվության պարագայում նման կասկածներ ունենալը կարևոր է՝ հնարավոր բացասական ազդեցությունների չենթարկվելու և դրանցից խուսափելու համար:

 

 

 Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

05-09-2019

 

 



[i] Հայալեզու գրականության մեջ հիմնականում օգտագործվում են հարլեզվական և արտալեզվական եզրերը, ինչը մեր կածիքով սխալ է: Որովհետև ժեստերը, դիմախաղը և ոչ վերբալ հաղորդակցության մյուս միջոցները նույնպես լեզվական երևույթ են, մեկնաբանվում են լեզվի միջոցով, ունեն իրենց հատուկ կանոները: Խոսքը շատ ավելի լայն երևույթ է քան առանձին վերցրած բառերի լեզուն, որովհետև ներառում է ոչ միայն բառերը, այլև որոշակի հույզերը որոնք ուղեկցում են բանավոր արտաբերվող բառերին՝ որոշակի ոչ բառային նշանների միջոցով: Դրանց մի մասի ուղեկցությունը խոսքում գրեթե պարտադրիր է, մյուսներինը՝ ոչ: Առաջինները մենք կոչում ենք հարախոսքային ուղերձներ, երկրորդը՝ արտախոսքային: Ավելի ընդարձակ բացատրությունը՝ հոդվածի նախաբանում:

[iii] Տես նաև՝ New Handbook of Methods in Nonverbal Behavior Research, Edited by Jinni Harrigan, Robert Rosenthal, Klaus R. Scherer, Klaus Scherer Oxford Yuniversity Press, 2008, p.181.