ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽԱՐԽԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԹԵԶԵՐԸ

...

Բաղադրություն

  • Պիտակավորում
  • Էմոցիայի շահարկում
  • Անհիմն պնդումներ
  • Պսեւդոգիտականություն

Նախորդ հոդվածում, կարեւոր համարելով գիտականության շղարշով պարուրված հակադեմոկրատական թեզերի բացահայտումը,  անդրադարձել էինք սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի որոշ թեզերի եւ ցույց տվել, որ որպես «ազգային ուժեր»  Ռ. Քոչարյանը իրականում նկատի ունի ծայրահեղ աջ, պոպուլիստական, ավտորիտարիզմի կողմնակից քաղաքական ուժերին, որոնց նա ներկայացնում է դրական լույսի ներքո, հակաժողովրդավարական պրոպագանդա է իրականացնում շահարկելով «ազգ», «ազգային» հասկացությունները:

Այս հոդվածում կանդրադառնանք, թե ինչպե՞ս է Քոչարյանը գիտական համընդհանուր չափանիշների շրջանակներում չընդունված մեկնաբանություններ տալիս գլոբալիզացիա, նեոգլոբալիզացիա ու նեոլիբերալիզմ հասկացություններին եւ վերլուծում ենք, թե ի՞նչ կոնտեքստում է դա արվում, ի՞նչ մանիպուլյատիվ հնարքների միջոցով ինչպիսի մեսիջներ է փոխանցում:

Քոչարյանը մասնավորապես նշել է՝ «ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվեց միաբևեռ աշխարհ ԱՄՆ-ի առաջնորդությամբ և այն ժամանակ տնտեսական գլոբալացումը ուղղակի կապվեց մեկ այլ, տեսության մեջ ասում են՝ նեոգլոբալիզացիաի հետ, որ գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաև գլոբալիզացվում են արժեքային համակարգը, գլոբալիզացվում է անխուսափելիորեն քաղաքակրթական և մշակութային տարբերությունները: Այսպես ասենք՝ աշխարհի հոլիվուդացում։ Ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա… Հիմա այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձևավորվել են գլոբալիզացման երկրորդ track-ից… Այս վեճերը՝ ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարևոր բաղադրիչն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից»:

Նախ ուշադրություն դարձնենք, այն հանգամանքին, որ ըստ Քոչարյանի, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացել է գլոբալիզացիայի նոր ուղղություն՝ նեոգլոբալիզացիա, որը կապել է տնտեսական գլոբալիզացիան մշակույթի ու արժեքների փոփոխությունների հետ։ Սրանից հետեւում է, որ մինչ այդ (ԽՍՀՄ փլուզումը) մշակութային մակարդակով գլոբալիզացիա չի եղել:

Սակայն հարկ է նշել, որ գիտական աշխարհում կա կոնսենսուս առն այն, որ գլոբալիզացիան եղել և մնում է տարբեր՝ հարաբերականորեն ինքնուրույն հարթություններով (տնտեսական, քաղաքական, մշակութային) միաժամանակ ընթացող գործընթաց (Scheuerman, 2018։ 7-11)։ Այսինքն՝ գլոբալիզացիան ԽՍՀՄ փլուզումից առաջ էլ է եղել մշակութային հարթությունում (ինչպես որ եղել է նաև տնտեսական ու քաղաքական հարթություններում)։

Իսկ Քոչարյանի հիշատակած նեոգլոբալիզացիան իրականում խոշոր կորպորացիաների չարաշահումները զսպել փորձող մի շարժում է։ Այն հազվադեպ հանդիպող հասկացություն է, որը շատ քիչ թվով հեղինակներ ու ակտիվիստներ են օգտագործում։ Նեոգլոբալիզացիան նախ և առաջ ասոցացվում է Համաշխարհային Սոցիալական Ֆորում՝ ՀՍՖ (World Social Forum) կոչվող մի միջոցառման հետ, որ առաջին անգամ տեղի է ունեցել 2001-ին Բրազիլիայում (Flew, 2020: 28) ։ Այդ ֆորումը հակադրվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ամեն տարի ընթացող Համաշխարհային Տնտեսական Ֆորումին՝ ՀՏՖ (World Economic Forum)։ Այդ պատճառով ՀՍՖ-ն համարվում է  ՀՏՖ-ի հակա-համաժողովը, քանի որ ՀՏՖ-ն որոշ շրջանակների կողմից ընկալվում է որպես խոշոր կապիտալի շահերը ներկայացնող միջոցառում։  Այսինքն Քոչարյանը լրիվ այլ իմաստ է հաղորդել նեոգլոբալիզացիա հասկացությանը:

Սակայն մեզ հետաքրքրող հիմնական հարցն այստեղ այն չէ, որ Քոչարյանը գիտության մեջ չընդունված մեկնաբանություններ է տալիս: Մեզ սա հիմնականում հետաքրքրում է այն առումով, որ նման մեկնաբանությունները օգտագործվում են հետեւյալ մանիպուլյատիվ թեզը առաջ քաշելու համար՝ ի դեմս նեոգլոբալիզացիան  Հայաստանի համար ունենք էքզիստենցիալ վտանգ, որն առավել վտանգավոր է դարձել թավշյա հեղափոխությունից հետո: Քոչարյանը փորձում է ներկայանալ որպես այդ իրողությունները գիտակցող եւ մտահոգ մեկը, որը կարող է չեզոքացնել այդ սպառնալիքները, ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնք, ըստ նրա հենց այդ նեոգլոբալիզացիայի ջատագովներն են: Այս պրոպագանդիստական հնարքի նպատակն է  աշխատեցնել մարդկանց ուղեղներում հետեւյալ արհեստական տրամաբանական կառուցվածքը՝ կա էքզիստենցիալ վտանգ, եթե իշխանությունները չեն խոսում նման վտանգի առկայության մասին, ուրեմն նրանք կամ ապիկար են, կամ այդպիսի վտանգավոր երեւույթի կողմնակիցներ են: Քոչարյանը թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությանը եւ, ընդհանրապես, թավշյա հեղափոխության ջատագովներին փաստացի ցանկանում է տեղավորել իր կողմից բացասական կոննոտացիա հաղորդած հասկացության՝ «նեոգլոբալիզացիա» գործընթացների շրջանակների մեջ: Այդ հնարքի առանձին մաս է կազմում նաեւ պիտակավորում հնարքը, որը կոնկրետ այստեղ դրսեւորվել է «սորոսիզացիա»  պիտակի միջոցով:

Նույն քարոզչական հնարքն է կիրառել Քոչարյանը, երբ խոսել է նեոլիբերալիզմի մասին: Ռուսական մի հեռուստաընկերության տված հարցազրույցում նա նեոլիբերալիզմ տերմինին, առանց որեւէ հիմնավորման, տվել է բոլորովին այլ՝ տնտեսության հետ կապ չունեցող բովանդակություն՝ քննադատական կոնտեքստում։ Պնդելով, թե Հայաստանում երիտասարդներին պարտադրվում են արժեքներ, որոնց միջից հանված է մեր ինքնության հիմքը կազմող ազգային բաղադրիչը, Քոչարյանը վերջում հավելել է. «ես չեմ ուզում, որ մենք տարրալուծվենք (растворились) այդ նեոլիբերալ գաղափարախոսական նիշայում, որ դառնանք ինչ-որ լղոզված (размазанный) ու անհասկանալի մեկը»։ Քոչարյանի ասելով՝ Արևմուտքը փորձում է խարխլել ռուսական ինքնությունը, բայց չի կարողանում, իսկ Հայաստանն ավելի խոցելի է այդ իմաստով։

Նախ նշենք, որ նեոլիբերալիզմը լայնորեն կիրառվում է տեսությունում ու մեդիայում։   Այն գաղափարախոսություն է, որի տեսական հիմնավորումները այսօր ասոցացվում են հատկապես տնտեսագետներ Ֆրիդրիխ Հայեկի ու Միլթոն Ֆրիդմանի մոտեցումների հետ։ Այդ մոտեցումները ազդեցիկ դարձան ԱՄՆ-ում ու Բրիտանիայում 1980-ականներին՝ Ռոնալդ Ռեյգանի ու Մարգարետ Թետչերի կառավարման տարիներին։ Այդ տնտեսական քաղաքականությունը ենթադրում է հանրային սեփականության սեփականաշնորհում, տնտեսությունում պետության դերի նվազեցում, մաքսատուրքերի նվազեցում ու ազատ շուկայական հարաբերությունները խիստ կարևորող այլ միջոցառումներ (Smith, 2019)։

ԱՄՆ-ից ու Բրիտանիայից բացի, նեոլիբերալիզմի շատ դրույթներ կիրառվեցին նաև ամբողջ աշխարհով մեկ։ Դա հիմք է տալիս շատերին պնդելու, որ նեոլիբերալ բնույթի տնտեսական քաղաքականությունը 1980-ականներից դարձել է տնտեսական հարթությունում գլոբալիզացիայի հիմնական ուղղությունը։ Նեոլիբերալիզմի ուղղությամբ ընթացող գլոբալիզացիայի քննադատություններից մեկն էլ  հենց նեոգլոբալիզացիան է, որը, ինչպես վերևում նշել էինք, ասոցացվում է Համաշխարհային Սոցիալական Ֆորումի հետ (Flew, 2020; El Namaki, 2017)։ Նեոգլոբալիզացիայի հիմքում, այսպիսով, ընկած է այն համոզմունքը, որ անհրաժեշտ է փոխել գլոբալիզացիայի նեոլիբերալ ուղղվածությունը, դարձնել գլոբալիզացիան ներքևից ընթացող, դեմոկրատական, արդար ու հակակորպորացիոն։ Նման փոփոխության հասնելու համար էլ փորձ է արվել(ում) ստեղծել գլոբալ քաղաքացիական հասարակություն, քանի որ (համարվում է, որ) առանձին երկրների քաղաքացիական հասարակությունների ու նույնիսկ՝ կառավարությունների ջանքերը բավարար չեն կարող լինել։ Գլոբալ քաղաքացիական հասարակություն ասվածի տակ այսօր հաճախ հասկանում են միջազգային հասարակական կազմակերպություններին։ Այդ կազմակերպություններն աջակցում են դեմոկրատական ու բնապահպանական շարժումներին ու, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ամբողջ աշխարհով մեկ։

Այսինքն՝ տեսության մեջ նեոգլոբալիզացիան եւ նեոլիբերալիզմը իրար հետ հակասության մեջ գտնվող երեւույթներ են, մինչդեռ Քոչարյանը ներկայացնում է դրանք, որպես իրար հետ համերաշխ, փոխլրացնող հասկացություններ:

Հետաքրքրական է, որ նեոլիբերալ մոտեցումներից շատերը (սեփականաշնորհում, մաքսատուրքերի նվազեցում և այլն) Քոչարյանը կիրառել է Հայաստանում իր նախագահության տարիներին։ Նա այդ նեոլիբերալ փոփոխությունները ներկայացրել է որպես ձեռքբերում։ Օրինակ՝ 2004-ի հունիսի 23-ին Ստրասբուրգում իր ունեցած ելույթում նա ասել է, որ Հայաստանում տեղի են ունեցել բարեփոխումներ, որոնք «հնարավորություն են տվել, որ շուկայական հարաբերությունները լիարժեք աշխատեն»: «Այսօր Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 85 տոկոսը արտադրվում է մասնավոր սեկտորի, այդ թվում` 36 տոկոսը փոքր եւ միջին բիզնեսի կողմից»,- ասել է Քոչարյանը։

Այսպիսով՝ Քոչարյանը զրկել է նեոլիբերալ հասկացությանը իր տնտեսական իմաստից ու դրան տվել ինքնությունների խարխլմանը կամ լղոզմանը նպատակամղված երեւույթի ինչ-որ իմաստ։ Քոչարյանը, հավանաբար հաշվի առնելով այն, որ նեոլիբերալիզմը քննադատվում է որոշակի գաղափարական դիրքերի կողմից եւ քաղաքական դիսկուրսում շատ հաճախ ունի բացասական կոննոտացիա, օգտագործում է այդ բառը, սակայն այլ իմաստով, նպատակ ունենալով ներկայացնել ներկայիս իշխանություններին եւ, ընդհանրապես, թավշյա հեղափոխության մասնակիցներին եւ աջակիցներին որպես նեոլիբերալ եւ Արեւմուտքի կողմից մեր ինքնությունը խարխլող քաղաքականության ջատագովների, իսկ սեփական անձին դիրքավորել որպես այդ վտանգով մտահոգված եւ դրա դեմ պայքարող մեկի:

 

Հրայր Մանուկյան

25-09-2020

 

Օգտագործված գրականություն

  1. Smith, N. (2019). Neoliberalism. Encyclopedia Britannica.  https://www.britannica.com/topic/neoliberalism .
  2. Flew, T. (2020). Globalization, neo-globalization and post-globalization: The challenge of populism and the return of the national. Global Media and Communication, 16(1), 19-39. 
  3. El Namaki, M. S. S. (2017). Neo-globalization: Premises, processes and the future. Scholedge International Journal of Business Policy & Governance, 4(7), 71-77.
  4. Scheuerman, W (2018) Globalization The Stanford Encyclopedia of Philosophy https://plato.stanford.edu/archives/win2018/entries/globalization