ԱԶԳ-ԲԱՆԱԿ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ. Էդգար Վարդանյան

...

Բաղադրություն

  • Հասկացությունների խեղաթյուրում
  • Բազմակարծության ապախրախուսում
  • Ավտորիտար պետության մոդելի անուղղակի քարոզչություն
  • Պիտակավորում

ԱԶԳ-ԲԱՆԱԿ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ

 

2016թ. հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ իր ուղերձով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց ազզ-բանակ եզրույթը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում  էր. «Մենք նաև գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ[1]»:

 

2016թ. հոկտեմբերին 29-ին Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում արդեն, ըստ էության, ներկայացրեց ազգ-բանակ հղացքի հիմնադրույթները։ Նա, մասնավորապես, նշեց. «...ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է... Ազգ-բանակը դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն...  դա այն ռեժիսորն է, որի ֆիլմում սպայի և զինվորի կերպարն ամենադրականն է։ Ամենամեծ պարադոքսը կայանում է նրանում, որ մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր և նորովի տեսլականով, ինքնավստահ քայլերով մոտենանք այդ գաղափարի իրականացմանը[2]»:

 

2017թ. նոյեմբերի 14-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ազգ-բանակ հղացքի շրջանակներում առաջարկված՝  «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ տարկետման վերացմանն ըննդիմացողներին դիմեց հետեւյալ կերպ. «Այստեղ հարց է առջանում, թե ո՞ւմ ձեռք չի տալիս, որ մենք ունենաք ավելի կազմավորված եւ ավելի ուժեղ բանակ. ում ձեռք չի տալիս, նրանք, բնականաբար, պետք է լինեն հրահրողներ[3]»:

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ  ազգ-բանակ հղացքի շուրջ հայտարարություններում հայտնաբերել է պրոպագանդայի եւ պոպուլիզմի մի շարք  տարրեր։

 

Հասկացությունների խեղաթյուրում եւ բազմակարծության ապախրախուսում

 

            Փաստացի, իշխանությունները ցանկանում են համոզել, որ հայերը ազգ-բանակ դառնալու շնորհիվ են կարողացել հաղթել Արցախյան պատերազմում եւ ակնարկում են, որ այսօր եւ հետագայում ևս, հաղթելու միակ հնարավորությունը՝ իրենց կողմից առաջ քաշված՝  ազգ-բանակ հայեցակարագի ընդունումն է։

Սակայն, հարկ է նշել, որ այսօր շրջանառվող ազգ-բանակի հայեցակարգը՝ ներկայիս իշխանությունների կողմից առաջ քաշված գաղափար է եւ դրա հիման վրա մշակվող կոնկրետ քաղաքականություն(policy)։ Քաղաքականությունը, նախևառաջ, որոշում է և ընտրություն: Այն կարող է լինել հաջող կամ անհաջող, ինչ-որ մարդկանց համար ընդունելի, որոշների համար՝ ոչ եւ այլն։ Բանակի զարգացմանը նպաստող և  իշխանության մոտեցումներից տարբերվող բազմաթիվ այլ առաջարկներ կարող են գոյություն ունենալ: Եվ ասել. «Մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր» ոչ այլ ինչ է, քան՝ այլընտրանքային տեսակետի ձեւավորման ապախրախուսման փորձ։ Փաստորեն, իշխանությունների կողմից ընտրված քաղաքականությունը ներկայացվում է որպես անքննելի, բացարձակ ճշմարտություն, մի բան, որի ընդունման անհրաժեշտությունը կասկած անգամ չի կարող հարուցել, ուր մնաց՝ քննադատություն եւ դիմադրություն։ Իսկ Արցախյան պատերազմում հայկական ուժերի հաղթանակը չի կարող պայմանավորված լինել այսօր մշակվող ազգ-բանակ քաղաքականությամբ, այն պարզ պատճառով, որ այդ քաղաքականությունն այն ժամանակ գոյություն չի ունեցել։ Իհարկե, այդ տարիներին եղել է ազգային մոբիլիզացիա,  Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի ներկայացուցիչների միասնական աշխատանք։ Բայց այն, ինչ այսօր է առաջարկվում կոնկրետ հայեցակարգի, կոնկրետ քաղաքականության տեսքով՝ նման բան, բնականաբար, չի եղել։ Այսինքն, մենք գործ ունենք այնպիսի մանիպուլյատիվ հնարքի հետ, երբ իշխանությունների կողմից առաջ քաշվող նոր քաղաքականությունը ներկայացվում է որպես անցյալում հաղթած, արդյունավետ քաղաքականություն եւ փորձ է արվում համոզել հանրությանը, որ դա միակ ճիշտ քաղաքականությունն է։

 

Հարկ է նշել, որ ազգ-բանակը չի կարող հենց ազգը լինել, ինչպես պնդում է Վ. Սարգսյանը։ Բանակը ազգային, ասել է թե՝ պետական ինստիտուտներից մեկն է։ Այսինքն, այստեղ մենք հայտնաբերում ենք հետեւյալ մանիպուլյացիոն հնարքը. երբ կոնկրետ հասկացությանը՝ «ազգին», կցվել է այդ հասկացության մասը կազմող և կարեւորագույն ինստիտուտներից մեկը հանդիսացող՝ «բանակը», որպեսզի  ներկայացվող քաղաքականությունն ավելի ծանրակշիռ երևա հանրությանը։

 

Ավտորիտար պետության մոդելի անուղղակի քարոզչություն

 

ԴԵՏԵԿԵՏՈՐԸ նաեւ պնդում է, որ ազգ-բանակ հայեցակարգով անուղղակիորեն իրականացվում է ավտորիտար պետության մոդելի քարոզչություն, օրինակ, երբ հայտարարվում է. «Ազգ-բանակը դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն»։  Ժողովրդավարական հասարակությունը մեկ միասնություն չի կարող լինել, ժողովրդավարական հասարակությունը պլյուրալիստական է, այն բաղկացած է տարբեր կարծիքներ ունեցող մարդկանցից եւ խմբերից, որոնք մրցակցելով եւ համագործակցելով՝ կազմակերպում են իրենց համատեղ կյանքը:


Ընդվզողների պիտակավորում, անհիմն մեղադրանքի ներկայացում

 

Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակներում առաջ քաշված օրենքի դեմ բողոքողների հասցեին Վ. Բաղդասարյանի հետեւյալ խոսքերում՝ «Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւմ ձեռք չի տալիս, որ մենք ունենանք ավելի կազմավորված եւ ավելի ուժեղ բանակ. ում ձեռք չի տալիս, նրանք, բնականաբար, պետք է լինեն հրահրողներ» ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է «պիտակավորում» մանիպուլյացիոն հնարքը։ Փաստացի, իշխանությունների կողմից առաջ քաշված օրինագիծը քննադատելը եւ կազմակերպված բողոք արտահայտելը, հավասարեցվել է հակապետական գործունեություն իրականացնելուն, մինչդեռ, որեւէ հիմք չկա պնդելու, որ իշխանական օրինագծի դեմ բողոքողները չեն ցանկանում, որ Հայաստանը ունենա  ավելի կազմավորված եւ ավելի ուժեղ բանակ։ Օրինագծին դեմ արտահայտվողներն  էլ պիտակավորվել են բացասական կոննոտացիա ունեցող՝ «հրահրող» բառով։  Փաստացի, կիրառվել է «մենք»-ի՝ ճշմարիտ հայրենասերների (օրենքի կողմնակիցները) եւ «նրանք»-ի՝ հակազգայինների (օրենքին ընդդիմացողները) մանիպուլյատիվ հնարքը։

 

Եզրափակելով՝ նշենք, որ ազգ-բանակ հայեցակարգի պրոպագանդման սկզբնական փուլը ցույց է տալիս, որ վերջինս դարձել է իշխող քաղաքական վերնախավի համար սեփական դիրքերը ամրապնդելու, հանրության լայն շրջանում առկա՝ հայրենասիրական զգացողությունները շահարկելու եւ ավտորիտար քաղաքական մշակույթ խրախուսելու հիմնական գործիքներից մեկը, եթե ոչ՝ ամենահիմնականը։

 P.S. Ի դեպ, Ազգ-բանակ հայեցակարգն ամբողջական փաստաթղթի տեսքով գոյություն չունի:

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան

          Լուսանկարը՝ tomsarkgh.am



[1] Տես՝ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ http://www.president.am/hy/press-release/item/2016/01/27/President-Serzh-Sargsyan-Army-Day/

[2] Տես՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում http://www.mil.am/hy/news/4466

[3] Տես՝ Օրենքն «ընդունվելու Ա»՝ անկախ դասադուլ-հացադուլ կոմբինացիաներից http://www.armtimes.com/hy/article/125109