ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ… ԿԱՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ -1

...

Բաղադրություն

  • Հայաստան-Արցախի հարաբերությունների կեղծ օրակարգ ձևավորելու փորձ
  • Քաղաքականության օրակարգի բովանդակության խեղաթյուրում
  • Մանիպուլիացիա արցախյան հաղթանակի հետ կապված

 

            Մայիսյան եռատոնին նախորդած ու հաջորդող զարգացումներն այս տարի հետաքրքիր ստացվեցին:  

            Սկիզբը դրվեց Արցախի գործող և նախկին նախագահներ Բ. Սահակյանի և Ա. Ղուկասյանի` ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղղված նամակ-ուղերձով.

            «...Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ (կալանքից ազատելու-Մ. Գ.) հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար»:

 

Ուղերձ-նամակի իրավական գնահատականը մի կողմ թողնենք և ընդգծենք, որ հիմնական թեզը համերաշխությունն ու միասնականությունն են, իսկ դրանց հասնելու ճանապարհը` կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանին միջոցառումներին մասնակցելու հնարավորություն տալը: Արցախի երկու նախագահները Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու մասով իրենց երաշխավորությունը մայիսի 16-ին պնդեցին նաև դատարան ներկայանալով:

           

Դետեկտորն արձանագրում է, որ անկախ հետագա զարգացումներից, երկու նախագահի ձևակերպման մեջ գործ ունենք համերաշխություն և միասնականություն  հասկացությունների շուրջ մանիպուլյացիաների հետ:

 

Հասկանանք՝ ինչու:

 

Առաջին. մայիսյան տոներին նախորդող շաբաթների ընթացքում ոչ մամուլում, ոչ հանրային դաշտում որևէ կերպ քննարկման առարկա չի եղել տոներին Ռ. Քոչարյանի մասնակցության հարցը, առավել ևս` միասնականության համատեքստում: Ռ. Քոչարյանը ևս մայիսյան տոներին մասնակցելու հրապարակային ցանկություն չի հայտնել: Այսինքն, երկրորդ նախագահի ներկայության հանրային պահանջ Հայաստանում և Արցախում գոյություն չուներ:

Նախորդ տարիներին նույնպես բոլոր ղեկավարների մասնակցությունը չի համարվել միասնականության ցուցիչ: Ընդհակառակը, մայիսյան տոների առավելությունը եղել է համազգային համերաշխության ու միասնականության շեշտադրումը:

Այսինքն, երկու նախագահի մանիպուլյատիվ ուղերձի նպատակը՝ «շեղող»  հասկացությունների օգնությամբ Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու խնդիր լուծելն է:

 

Ուղերձը, այսպիսով, իրավական կարգավորում պահանջող խնդիրը փորձում է տեղափոխել քաղաքական հարթություն, որտեղ մեծ է շահարկումների հնարավորությունը (արցախյան խնդիր, հաղթանակած նախագահ):

Թեկուզ ոչ բացահայտ, բայց նման շեշտադրումներ ուներ նաև Ս. Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը Մայիսի 9-ին. «...Շատ բան է ասվել Շուշիի մասին... միանշանակ պետք է ասել, որ օպերացիայի հրամանատարը Կոմանդոսն էր: Շատ կարևոր է, որ այդ օպերացիային մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր, զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին»:

Կրկնենք, որ նշված ու բազմաթիվ այլ անձանց դերակատարումը արցախյան ազատամարտում կասկածի տակ չի դրվում, սակայն խոսքն այս դեպքում իրավական գործընթացի բովանդակությունը քաղաքականի վերափոխելու իրողությանն է վերաբերում (հակված ենք ենթադրել, որ Ռ. Քոչարյանի անվան հիշատակումը հենց նման կերպ ամենևին պատահական չէ):

 

Հայտարարությունը որպես մանիպուլյատիվ դիտարկելու երկրորդ փաստարկը կապված է վերջին տարվա զարգացումների հետ:

Թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ աննախադեպ համերաշխության ու միասնականության պայմաններում, որն ուներ շատ կոնկրետ հասցեատեր` այն համակարգն ու ռեժիմը, որի հիմնական ճարտարապետներից մեկը հանրային ընկալումներում հենց Ռ. Քոչարյանն է: Հետևաբար, չի հասկացվում, թե ինչու է անհրաժեշտ միասնականություն երկու հակընդդեմ բևեռների համադրման միջոցով: Համակարգային կոռուպցիան, թալանված ու վատնված միջոցները, անարդյունավետ կառավարումը, մեծ հաշվով` համակարգային խորը ճգնաժամը նախորդ ռեժիմի այն ժառանգությունն են, որոնց հետ համադրվելն այլևս կործանարար է պետականության համար:  

 

Երրորդ դիտարկումը հայտարարության մանիպուլյատիվ լինելու ու «թաքնված բովանդակության» վերաբերյալ այն է, որ «աշխարհը և հակառակորդը» նույնպես չունեն միասնականության անընդհատ հավաստումների կարիք: Նրանք ընդունում են, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում բացառիկ իրավիճակ է: Սա շեշտադրեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր վերջին հարցազրույցներից մեկում. «Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից»:

Այսպիսով, նախագահների հերթական «հասցեատերը» նույնպես ուղերձի կարիք չունի:

 

Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ գործ ունենք խորքային իրողությունների հետ, որոնք կապվում են Արցախի դերի աճի հետ: 

Վերջին մեկ տարում Ն. Փաշինյանը փորձում է ձևավորել Արցախյան հիմնախնդրի կարգավորման այնպիսի քաղաքական օրակարգ, որի կարևորագույն բաղադրիչը Արցախի մասնակցությունն է բանակցային գործընթացին: Վարչապետը բազմիցս է հայտարարել է, որ Արցախի մասնակցությունն այլընտրանք չունի:[1]

Արտաքին աշխարհի ազդակները ամիսներ շարունակ հիմքեր էին տալիս ենթադրելու, որ սա անհեռանկար օրակարգ է, սակայն մայիսի 12-ին խնդրի շուրջ ուշագրավ հայտարարություն արեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ. Կազիմիրովը. «...սակայն կարծում եմ, որ բանակցությունների ձեւաչափը լիարժեք կհամարվեր Լեռնային Ղարաբաղի մասնակցության դեպքում: Ինչո՞ւ: Որովհետեւ հակամարտության էությունը հենց Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելն է, եւ դա առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության որոշելն արդեն 21-րդ դար չէ, այլ մոտավորապես 19-րդ դար է: Հետեւաբար անհրաժեշտ է, իհարկե, հենվել ԵԱՀԿ-ի փաստաթղթերի վրա»: Հայտարարությունը չափազանց կարևոր է, քանի որ փորձառու դիվանագետը, ըստ էության, հայտարարում է առանց Արցախի մասնակցության խնդիրը լուծելու անհնարինության մասին, հղում է ԵԱՀԿ փաստաթղթերը ու կոնկրետ օրինակներով ցույց տալիս, որ հակամարտության կարգավորման արդյունավետ փուլ եղել է այն ժամանակ, երբ Արցախը մասնակցել է բանակցություններին:[2]

Հերթական անգամ  խնդիրը հստակ ու որոշակի ձևակերպվեց Ն. Փաշինյանի մայիսի 12-ի ուղերձում` ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ. «...առարկայական բանակցություններ և արդյունք հնարավոր են միայն այն դեպքում, երբ Արցախը կներգրավվի այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է նրա կարգավիճակն ու ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները: Մենք վստահ ենք, որ եռակողմ համաձայնությունն այն իրական հիմքն է, որի հիման վրա հնարավոր է կառուցել երկարատև խաղաղություն և համագործակցություն»։

            Եվ վերջապես, այս ամենին հաջորդեց Բրյուսելում տեղի ունեցածը. «Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որևէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ընդ որում, ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակը, նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացի առաջնորդները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: Արդյունքում, ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ՝ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից»:  

            Սա ևս կարևոր ազդակ է Հայաստանի առաջարկած նոր քաղաքական օրակարգը եթե ոչ ընդունելու, ապա գոնե տեսնելու  առումով:

            Ակնհայտ է, որ փորձատու գործիչների քառյակը  տեսնում է այս փոփոխություններն ու թեև դեռ թույլ, բայց դրական ազդակները:

            Ուրեմն՝ ինչու՞ հիմա:

Առնվազն երկու պատճառով:

Կարելի էր, իհարկե, բավարարվել նշելով, որ մեկնարկում է ՀՀ պատմության կարևորագույն` «Մարտի 1-ի» գործով դատավարությունը և որ «նախկիններն» այս դատավարության հետ կապված լուրջ վախեր ունեն, քանի որ բացի իրավական գնահատականից, սա կարող է դառնալ քաղաքական, տնտեսական վերջնական   ոչնչացման ակտ: Ընդ որում, ոչ միայն Ռ. Քոչարյանի, այլ նաև ընկերների: Իսկ իրավական գործընթացի քաղաքականացումը սեփական քաղաքական կարգավիճակն ու տնտեսական կապիտալը ապահովագրելու փորձ է:

 

Դետեկտորը, արձանագրելով անձնական (խմբային) շահագրգռվածության ու դա թաքցնելու նպատակով մանիպուլյացիաների դիմելու փաստը, արձանագրում է նաև, որ նշված գործիչները, գիտակցելով Արցախի դերի կարևորումը, փորձում են դիրքավորվել որպես Արցախյան հաղթանակների պահապան ու երաշխավոր:

 

Մանիպուլյացիան այս փուլում կարևոր է դառնում, քանի որ Հայաստանի իշխանությունների «բաց խաղին» հին համակարգը հակադրելու ոչինչ չունի: Ն. Փաշինյանը և՛ Արցախի ներկայացուցիչների հետ, և՛ հանրային դիսկուրսում քննարկում է անհամեմատ ավելի շատ հարցեր, քան դա արվում էր նախկինում: Հիշենք, որ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը իրենց վերապահում էին Արցախի անունից հանդես գալու իրավունք՝ բանակցային գործընթացի արդյունքների մասին հաճախ տեղեկացնելով պոստ-ֆակտում:

 

Արցախի կարևորումը, այսպիսով, քաղաքական վերադասավորումների գործընթաց է սկսում նաև Արցախում: Սրան գումարվում է այն, որ եկող տարի Արցախում կայանալու են նախագահական ընտրություններ:  

Բ. Սահակյանը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու: Մինչև հեղափոխությունը հանրային դիսկուրսում գերակա էր թեզը, որ Արցախում նույնպես «ժառանգորդի» հարցը լուծվելու է այնպես, ինչպես դա արեց Ս. Սարգսյանը Հայաստանում: Հեղափոխությունը, սակայն, խառնեց խաղաքարտերը: Բ. Սահակյանը ստիպված եղավ պաշտոններից ազատել համակարգի որոշ հենասյուների՝ էապես թուլացնելով համակարգի նույնական վերարտադրության ներուժը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ համակարգը միանգամից հանձնվում է կամ վերափոխվում: Այն ընդամենը փորձում է նոր քաղաքական օրակարգին հակադրել սեփական քաղաքական օրակարգը, որի շուրջ համախմբվելով կկարողանա երկարաձգել քաղաքական գոյությունն ու արտոնյալ այն կարգավիճակը, որ ունեցել է տասնամյակներ շարունակ:

Բ. Սահակյանն ու Ա. Ղուկասյանը քաղաքական վերադասավորումների գործընթացի այս փուլում ամենահարմար ֆիգուրներն են, քանի որ մի կողմից ունեն բավարար ճանաչում, մյուս կողմից՝ ոչ այնպիսի բացասական ընկալում, ինչպես Ս. Սարգսյանը կամ Ռ. Քոչարյանը: Արցախյան խնդիրն ու արցախյան հաղթանակներն էլ  կարող են օգտագործվել նմանատիպ քաղաքական համախմբման համար՝ մանիպուլյացիաների ու զգայական շահարկումների միջոցով: Նման օրինակ տվեց Ռ. Քոչարյանի մայիսի 9-ի ուղերձը. «...Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում։ Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը»:

Արցախի «կարևորումն» է ենթադրաբար ընկած նաև Վ. Բալասանյանի` «վերելակային բանակցությունների» մասին չոր հայտարարության հիմքում: Վ. Բալասանյանը, ըստ էության, ռազմական թևի դեռևս միակ ներկայացուցիչն է, որը հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Այս զարգացումների ու վերադասավորումների ֆոնին հասկանալի է դառնում նաև Ն. Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկը. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

 

Այսպիսով, ստեղծվում է իրավիճակ, երբ նախկինների քաղաքական կենսունակության պահպանման միակ հնարավորությունը դառնում է «հայրենասիրությունը», ավելի շուտ` մանիպուլյացիաները՝ հայրենասիրության, համախմբվածության ու միասնականության գաղափարների շուրջ: Իսկ եթե կենսունակությունը պահպանել չստացվի, ապա Արցախյան ազտամարտին մասնակցությունը կարելի է դարձնել «ինդուլգենցիա», մեղքերի թողության հավաստագիր:

Բ. Սահակյանի ու Ա. Ղուկասյանի դիմումի հիմքում հենց  նման մանիպուլիացիա է և  Մարտի 1-ի դատավարությունը իրավական հարթությունից քաղաքական հարթություն տեղափոխելու փորձ է այն դեպքում, երբ Ռ. Քոչարյանին ներկայացված մեղադրանքներն իրավական հարթությունում են:

Այս մանիպուլյացիան ցույց է տալիս նաև, որ սպառելով իրական քաղաքական պայքարի ռեսուրսը, նախկինները փորձում են վերադիրքավորվել նոր` արցախյան օրակարգի շուրջ, այն օգտագործելով կոնկրետ իրավիճակից ելնելով:

Շարունակելի

 

Հեղինակ՝ Մխիթար Գաբրիելյան

26-05-2019