«ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՒՄ

...

Բաղադրություն

  • Մանիպուլյացիա հասկացության նենգափոխում
  • Մանիպուլյացիա հասկացության՝ որպես պիտակի օգտագործում
  • Հակափաստարկների բացակայության պատճառով մանիպուլյացիայի օգտագործում

Google որոնողական համակարգի հայալեզու տիրույթում մանիպուլյացիա բառը և դրա տարբերակները հիշատակվում են շուրջ 872.000 նյութերում (մանիպուլյացիա՝ 16.100, մանիպուլյատիվ՝ 8.400, մանիպուլյացիոն՝ 1760, շահարկում՝ 128.000, շահարկել՝ 637.000)։ Այդ նյութերի կամ տեքստերի կեսից ավելին քաղաքական բովանդակություն ունեն։ Իսկ դրանց շուրջ 80 տոկոսը հայտնվել են վերջին երկու տարիներին։ Համեմատության համար նշենք, որ կիրառման հաճախականությամբ նշված ցուցանիշը գերազանցում է որպես մանիպուլյացիայի հոմանիշ օգտագործվող՝ կեղծիք (կեղծիք, կեղծել՝ 662000), քարոզչություն (քարոզչություն, հակաքարոզչություն, քարոզել՝ 337500), ագիտացիա (11600), անհիմն (668000), ստահոդ (89000), պոպուլիզմ (պոպուլիզմ, պոպուլիստական, ամբոխահաճո, ամբոխահաճություն՝ 162250) հասկացությունների ցուցանիշներին։ Սակայն դիտարկված առավելությունից ուղղակիորեն չի բխում, որ «մանիպուլյացիա» կամ «շահարկում» հասկացությունը մյուս հասկացություններից առավել աներկբա և ճշգրիտ է նշանակում նշանակվող երևույթը։ Հաճախ կարելի է հանդիպել նշանակման ենթակա երևույթը նշանակելուց խուսափելու, այն նենգափոխելու դրսևորումների։ Դետեկտորի կարծիքով նման դրսևորումները վկայում են «մանիպուլյացիա» հասկացությունը շահարկելու մասին։

«Մանիպուլյացիա» հասկացության շահարկումը հատկապես հաճախ է հանդիպում այնպիսի քաղաքական ուղերձներում, որտեղ հակառակորդներին ներկայացվում է շահարկման մեղադրանք, բայց բուն շահարկումը չի նշվում և նկարագրվում։ Սա նույնն է թե՝ մեկի արարքը սխալ անվանենք, բայց չբացատրենք թե որն է սխալը։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Ներկայացնենք հայաստանյան քաղաքական գործիչների այդպիսի հայտարարություններից մի քանիսը

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը մանիպուլյացիա էր համարում ԲՀԿ-ն՝ Ռ Քոչարյանի անվան հետ կապելը, բայց չէր հիմնավորում, թե ինչումն է մանիպուլյացիան։

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը  հայտարարել է, որ. «Նրանք ովքեր շահարկում են մարտի 1-ը՝ ուրեմն նրանց էր ձեռնտու մարտի 1-ը», բայց չի մանրամասնել թե ինչի հիման վրա է ինքը պնդում, որ մարտի 1-ը շահարկում են։

ԱԺ փոխնախագահ Ա Սիմոնյանը ԱԺ նիստի ժամանակ խոսել է «դիմակը» շահարկելու մասին, բայց չի կոնկրետացրել թե ինչ մանիպուլյացիայի մասին է խոսքը և ինչու է  դա մանիպուլյացիա այլ ոչ թե մեկ այլ բան։

ԻՔ պատգամավոր Հ Հակոբյանը մեղադրել է ՀՀԿ փոխնախագահ Ա Աշոտյանին՝ ԱԱԾ նախկին տնօրեն ԳԿուտոյանի անունը շահարկելու մեջ, սակայն չի ներկայացրել շահարկման նկարագրությունը։

«Հայոց արծիվներ» միասնական կուսակցության նախագահ Խ Ասրյանը մանիպուլյացիայի մեղադրանք է հնչեցրել ներկա իշխանություններին առանց մանիպուլյացիայի մեխանիզմը նկարագրելու և կոչ է արել չեղարկել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը։

Նորաշեն համայնքի ավագանին Ն Փաշինյանին մեղադրել է «հասարակության նկատմամբ վարած մանիպուլյացիոն քաղաքականության» մեջ և պահանջել նրա հրաժարականը, առանց հիմնավորելու և նկարագրելու մանիպուլյացիայի բնույթը։

ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ա Աշոտյանը մեղադրել է վարչապետին մանիպուլյատիվ ու ստահոդ տեղեկություններով 4-րդ իշխանությանը թիրախավորելու մեջ, բայց կոնկրետ օրինակներ և մանիպուլյացիայի նկարագրություններ չի հնչեցրել։ Ընդհանրապես պետք է նկատել, որ նման հրապարակումները Աշոտյանի հրապարակային խոսքում հաճախակի են (1, 2, 3):

ՀՀ երրորդ նախագահ Ս Սարգսյանի թիմի անունից մանիպուլյացիայի մեղադրանք է հնչեցվել իշխանությունների հասցեին և որևէ օրինակ կամ նկարագրություն չի բերվել։

ՀՀԿ-ական Վ Բաբայանը խոսել է իշխանության ներկայացուցիչների մանիպուլյատիվ ելույթների մասին և նույնպես որևէ օրինակ կամ նկարագրություն չի ներկայացրել։

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահը ներկա իշխանություններին մեղադրել է պետության մանիպուլյատիվ թերարժևորման մեջ՝ առանց որևէ օրինակի կամ նկարագրության։

Մեկ այլ օրինակ է, երբ որպես հակափաստարկ մանիպուլյացիայից խոսողները իրենք են դիմում շահարկման՝ ասեկոսեները որպես փաստարկներ ներկայացնելով։ Օրինակ՝ ՆՓաշինյանի վիճակագրական տվյալները մանիպուլյատիվ համարող հոդվածագիրը ոչ միայն չի հիմնավորում իր ասածը, այլև հակառակ կասկածներ է հնչեցնում՝ ինչոր տնտեսագետների ու ծանոթների անունից, առանց նրանց անուն ազգանունները հիշատակելու։

Կարելի է առանձնացնել որոշակի ցուցիչներ, որոնք, եթե ոչ ուղղակիորեն և հաստատապես, ապա գոնե որպես լրացուցիչ գործիք կարող են ծառայել տարբեր տեքստերում մանիպուլյացիայի օգտագործման մանիպուլյատիվ բնույթը կասկածի տակ առնելու համար։ Օրինակ, բազմաթիվ տեքստերում «մանիպուլյացիա» բառը օգտագործվում է բացասական կոնոտացիա ունեցող այլ հասկացությունների՝ պոպուլիզմ (1, 2, 3) կեղծիք, ստահոդ, հիմնազուրկ և այլ արտաայտությունների (օրինակ՝ հիտլերյան ճվճվոցներ, երեսպաշտություն, էժան, անազնիվ ու անբարո) ուղեկցությամբ։ Ինչպես նաև, կարևոր ցուցիչ կարող է համարվել «մանիպուլյացիա» հասկացությունը հնչեցնողների կողմից այն չսահմանելը կամ դրա սեփական ընկալումը չներկայացնելը։ Մանիպուլյացիայի շահարկման փաստի արձանագրման համար կարևոր կարող է լինել նաև հակառակ կամ մեղադրվող կողմի փաստարկները և հիմնավորումները մեղադրողի կողմից չներկայացնելը։

Որևէ քաղաքական տեքստում կամ ուղերձում «մանիպուլյացիա» հասկացության շահարկման փաստի առկայության մեջ համոզվելու համար կարևոր է պարզել թե ինչ նպատակի է ծառայում մանիպուլյացիան։ Դրա համար անհրաժեշտ է նկատի ունենալ թե ում է իրականում հասցեագրված տվյալ քաղաքական ուղերձը։ Շատ դեպքերում թյուր տպավորություն է ստեղծվում թե ուղերձների հասցեատերերը սոսկ մանիպուլյացիայի մեջ միմյանց մեղադրող կողմերն են։ Այնինչ, հանրային և հրապարակային մեղադրանքներում կարևորը երրորդ կողմի՝ հանրության կարծիքը և դիրքորոշումն է։ Շահարկումները իրականում հասցեագրված են երրորդ կողմին։ Եվ երբ ինչ որ կողմ մյուսին մեղադրում է մանիպուլյացիայի մեջ ու չի նկարագրում թե ինչում է կայանում մանիպուլյացիան՝ նպատակ ունի երրորդ կողմի աչքում մեղադրվող կողմին վարկաբեկելու։ Տվյալ համատեքստում «մանիպուլյացիա» բառը ծառայում է իբրև վարկաբեկող պիտակ։ Սակայն սա չէ «մանիպուլյացիա» հասկացությունն օգտագործողի վերջնանպատակը։ Հասկացությունն օգտագործելով դրա հեղինակը փորձում է՝ 1չեզոքացնել կամ թուլացնել հանրության վրա իր հակառակորդի ազդեցությունը, 2կամ այդ ազդեցությունը փոխարինել իր ազդեցությամբ։

Անշուշտ, կարելի ենթադրել, որ «մանիպուլյացիա» հասկացության կիրառման հաճախականության աճը պայմանավորված է վերջին տարիներին քաղաքական տեքստերում շահարկման տարբեր հնարքների դիմելու հանգամանքի հաճախակիանալով։ Սակայն, սույն անդրադարձում մեր ներկայացրած օրինակներն ու դրանց շարժառիթները թույլ են տալիս փաստել, որ «մանիպուլյացիա» բառի և դրա տարբերակների կիրառման հաճախականության ավելացումը պայմանավորված է նաև «մանիպուլյացիա» հասկացությունը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով։

 

Նիկոլ Մարգարյան

14/12/2020