ԵՐԿՆԻՇ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Մեկ փաստի կամ հանգամանքի կարևորության ուռճացում
  • Պնդումների կառուցում խեղաթյուրված կամ համատեքստից կտրված փաստերի հիման վրա

 

Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր ղեկավարման տարիներին տնտեսությունն աճել է 5,  իսկ բյուջեն` 8 անգամ: Թեեւ մի շարք լրատվամիջոցներ եւ փորձագետներ արդեն քննադատել են այս հայտարարությունը, սակայն ԴԵՏԵԿՏՈՐԸ կարեւոր է համարում մի փոքր այլ դիրքերից եւս մեկ անգամ անդրադառնալ դրան:

ՀՀ երկրորդ նախագահի պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է որոշակի մանիպուլյացիոն տարրեր։ Հնչեցնելով թվային արժեքներ և խոսելով երկնիշ տնտեսական աճի մասին, բայց չշեշտելով դրա հիմքում ընկած որակական տարրերը, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ աճը պայմանավորված է եղել ոչ թե Քոչարյանի գործոնով, այլ օբյեկտիվ, ավելի կոնկրետ՝ նավթի գների գործոնով, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացում է ապրել Ռ. Քոչարյանի արդյունավետ կառավարման շնորհիվ: Փաստացի կոնտեքստից կտրված թվեր ներկայացնելու միջոցով Քոչարյանը փորձ է անում մեծ կշիռ տալ իրեն եւ ներկայանալ որպես լավ կառավարիչ:

 

 

Մեր հիմնավորումները

ՀՀ տնտեսական զարգացումը 2002-2008 թթ., իրոք, բնութագրվում է երկնիշ տնտեսական աճով, սակայն կարևոր է հասկանալ տվյալ աճի հիմնական խթանները: ՀՀ տնտեսական աճը 2002-2008 թթ. մի կողմից պայմանավորված էր նորակառույց բնակելի տների շինարարությամբ (2002-2008 թթ. շինարարության ոլորտում միջին աճը կազմել է 10.2%), մյուս կողմից՝ արտասահմանում բնակվող հայ աշխատավորների դրամական փոխանցումներով: Այսպես,  2002 թ. ՀՀ 12.9% տնտեսական աճի 4.8%-ը շինարարությունն էր ապահովում, 2003 թ. 13.6% տնտեսական աճի արդեն 5.6%­­-ն էր շինարարությունը, իսկ  2006 թ. 13.4% տնտեսական աճի 8.1%-ն էր ապահովում շինարարությունը, մինչդեռ, օրինակ, գյուղատնտեսության աճը 0.1% էր։ Սակայն, պետք է հասկանալ, թե ինչի հաշվին է այդքան աճ գրանցվել շինարարության ոլորտում: Բանն այն է, որ 2001 թվականին բարերար Քրք Քրքորյանի Լինսի հիմնադրամը շուրջ 220 մլն. դոլար նվիրատվություն է կատարել, որից 73 միլիոնն  ուղղվել է ճանապարհաշինարարությանը, 14 միլիոնը՝  Երևանի փողոցների բարեկարգման աշխատանքներին, իսկ 45 միլիոն դոլարը հատկացվել է երկրաշարժից ավերված բնակելի ֆոնդի վերականգմանը, ինչի շնորհիվ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք: Այսպիսով, իրականում շինարարական բումը Հայաստանում պայմանավորված է եղել Լինսի հիմնադրամի նվիրատվությամբ:             

Անցում կատարենք մասնավոր դրամական հոսքերի վերլուծությանը: Ինչպես երևում է գծապատկեր 1-ում, ՀՀ ուղարկվող մասնավոր դրամական փոխանցումները աճել են 2004 թվականից սկսած, երբ տարեկան աճը կազմում էր միջինում $ 400 մլն., իսկ 2008 թվականին Հայաստան ուղարկվեց ռեկորդային՝ $1.6 մլրդ. արժողությամբ տրասնֆերտներ:  Ինչպես երեւում է գծապատկեր 2-ում, եթե 2004 թվականին տրասնֆերտների ընդամենը 65%-ն էր ուղարկվում Ռուսաստանից, ապա գալիք տարիների ընթացքում այս ցուցանիշը գնալով բարձրանում է` հասնելով 84%՝ 2008 թվականին: Մասնավոր դրամական փոխանցումների կարևորությունը նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսական աճի ձևավորման գործում հասկանալու համար, համադրենք մի քանի ցուցանիշ: Այսպես, 2006 թվականին մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 960 մլն. դոլար, արտահանումը՝ 980 մլն. դոլար, ուղիղ ներդրումները՝ 407 մլն. դոլար, 2007 թ. մասնավոր դրամական փոխանցումների ծավալը արդեն առաջ է անցնում արտահանման (1.15 մլրդ. դոլար) և ներդրումների (582 մլն. դոլար) ծավալից` կազմելով 1.3 մլրդ. դոլար, իսկ 2008 թ. մասնավոր դրամական փոխանցումների ծավալը 60%ով գերազանցում է արտահանման և ներդրումների ծավալին` կազմելով 1.6 մլրդ. դոլար:

Դրամական փոխանցումները հիմնականում վերածվում էին սպառողական ծախսերի,  ինչը և դառնում էր ՀՆԱ աճի հիմնական խթան:

Ինչպես երևում է Գծապատկեր 3-ից, մասնավոր դրամական փոխանցումների, սպառողական ծախսերի և ՀՆԱ աճի տեմպերը համընթաց են: Այսպես, 2005 թվականին տրանսֆերտների աճի տեմպը 27.6% էր, սպառողական ծախսերինը՝ 24.7%, ՀՆԱ` 30.2%, 2007 թվականին դրամական փոխանցումների աճի տեմպը 23.9% էր, սպառողական ծախսերինը՝ 26.5%, ՀՆԱ` 27.8%, 2008 թվականին դրամական փոխանցումների անկումը կազմեց 31.2%, սպառողական ծախսերինը՝ 16.2%, ՀՆԱ` 25.8%: Մյուս կողմից, տրանսֆերտների անկմանը համընթաց անկում ապրեցին սպառողական ծախսերը,  նաև գրանցվեց ՀՆԱ աճի տեմպի անկում՝ 25.8%-ով: Տրանսֆերտների դինամիկան հասկանալու համար այն դիտարկենք նավթի գների դինամիկայի հետ համընթաց: Ինչպես երևում է գծապատկեր 4-ից և 5-ից, Ռուսաստանից ՀՀ ուղարկվող դրամական փոխանցումների տատանումները նույնական են նավթի գների տատանումներին:

 

Այսպիսով, նավթի գների բարձրացմանը համընթաց, Ռուսաստանում բնակվող հայ աշխատավորների եկամուտները բարձրանում են, վերջիններիս կողմից Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին ավելի մեծ գումարներ ուղարկվում, ինչը վերածվում է սպառողական ծախսերի և ապահովում վճարունակ պահանջարկը և տնտեսական աճը երկրում: 

Այսպիսով, կարելի է փաստել, որ ՀՀ տնտեսական աճը 2002-2007 թթ. հիմնականում չի եղել Ռ. Քոչարյանի արդյունավետ կառավարման արդյունք, այլ պայմանավորված է եղել, մի կողմից՝ ՌԴ նավթի գների դինամիկայով, մյուս կողմից՝ Լինսի ֆոնդի նվիրատվության միջոցով ապահովված շինարարական բումով: Ուստի, Քոչարյանի հայտարարությունը հիմնված է ուռճացված, համատեքստից կտրված փաստերի վրա եւ ունի ապակողմնորոշիչ, մանիպուլյատիվ բնույթ:

 

Հեղինակ՝ Հովսեփ Պատվականյան

09.09.2018