ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՆԿՎԻԶԻՑԻԱ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Էմոցիայի շահարկում
  • Մասնավոր դեպքերի ներկայացում՝ որպես համընդհանուր պատկեր
  • Փաստերի և հասկացությունների նենգափոխում

 

Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան քաղաքացիական հասարակության փորձագիտական և քաղաքական հանրության շրջաններում քննարկումներ են իրականացվում «Անցումային արդարադատության» վերաբերյալ։ Տեսակետները բազմապիսի են, հաճախ՝ համեմված մանիպուլյատիվ ու խնդրից անտեղյակ հայտարարություններով։

Օրերս այդպիսի տեսակետներ են հնչել Ա1+ լրատվականի եթերում՝ «Քննարկում» հաղորդաշարի շրջանակներում:

 Բանախոսներից Աղասի Ենոքյանի խոսքում Դետեկտորը նկատել է մանիպուլյացիա պարունակող մի քանի հայտարարություններ՝ հիմնված «Էմոցիայի շահարկում»,  «Մասնավոր դեպքի՝ որպես համընդհանուր պատկեր ներկայացում» և «Փաստերի ու հասկացությունների նենգափոխում» հնարքների վրա: 

Աղասի Ենոքյանն անդրադառնալով «Անցումային արդարադատությանը», վեթինգին, դատաիրավական բարեփոխումներին, մասնավորապես, նշել է. «...Նախ ասեմ, որ պնդումը, թե հասարակությունում խորը անվստահություն կա դատական համակարգի հանդեպ, դա չափազանցություն է. միայն 1100 հոգին, որ դատարանի դռները փակել են, երևի միայն դրանք են։ Ավտորիտար համակարգը լինում է Սահմանադրության շնորհիվ, և ոչ թե անձերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ այլոց կողմից։ Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, որը աշխատացնում է Նիկոլ Փաշինյանը, հենց իր ժամանակ սկսեց աշխատել, սա իրականության մեջ ավելի ավտորիտար համակարգ է, քան նախկինում։ Նա հիմա պետք է սկսեր սահմանադրական փոփոխություններ, քանի որ ինքն էր քննադատում, և դա բոլորս գիտենք, որ այս Սահմանադրությունը, իրոք, լավը չի։ Ես կարծում եմ, որ վեթինգ անցկացնելը չի ստացվի. ովքե՞ր են այն բարոյական, բյուրեղ մարդիկ, ում որ հասարակությունը կտա վեթինգ անելու: Վեթինգը և լյուստրացիան կարծում եմ՝ նույն բանն է, ինչո՞ւ բոլորը վեթինգի չեն ենթարկվում, պետք է սկզբունք քաշվի, հասկանանք՝ ովքեր են հավատաքննիչները, ինկվիզիցիան ոնց է աշխատելու, այս հարցի պատասխանները մենք դեռ չունենք։ Ասել են՝ ով ինչ տվյալ ունի, եկեք «կլյաուզա» տվեք։  ...Մեր երկրում անցումային արդարադատություն չպետք է լինի, մենք ունենք օրենքներ, մենք ունենք դատական համակարգ, եթե մենք գտնում ենք, որ այդ օրենքները վատն են կամ չեն գործում, պետք է փոխվեն այդ օրենքները, եթե նոր իշխանություններն ասում են, որ հին օրենքները վատն են, բայց նոր ԱԺ-ն զբաղված է ամեն ինչով, բացի իր ֆունկցիայից՝ օրենք ընդունելուց։ Այսպիսի քաղաքական վիրաբուժությունը վտանգավոր է երկրի համար, ես դա համարում եմ արկածախնդրություն, ո՞վ ա ասում, որ պատասխան տալը՝ դատարանների դռները փակելն է»։  

            Մեր համոզմամբ՝ մանիպուլյացիա է  այն պնդումը, որ եթե դատարանների փակման վերաբերյալ  վարչապետի հայտարարած ակցիային մասնակցել է 1100 հոգի, ապա դա ապացույց է այն բանի, որ չկա խորը անվստահություն՝ դատական համակարգի նկատմամբ։ Այստեղ կիրառվում է «Մասնավոր դեպքը որպես համընդհանուր պատկերի ներկայացում» մանիպուլյատիվ հնարքը: Հարկ է նշել, որ թավշյա հեղափոխությունն ուղղված էր նախկին ռեժիմն ամբողջապես տապալելուն. տասնյակ հազարավոր մարդիկ դիմում էին քաղաքացիական անհնազանդության ակցիաների, որպեսզի ոչ միայն Սերժ Սարսգյանը հրաժարական տար, այլև ապամոնտաժվեր ողջ ավտորիտար քաղաքական ռեժիմը: Մարդիկ, այդպիսով, իրենց անվստահությունն էին արտահայտում Սարգսյանի ռեժիմի բոլոր բաղադրիչներին, այդ թվում՝ դատական իշխանությանը, որը կախված էր գործադիրից և  իշխանությունը ուզուրպացրած քչերի՝ օլիգարխիայի շահերն էր սպասարկում։ Հեղափոխությունից հետո դատական համակարգում կադրային, ինստիտուցիոնալ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, դատարանները շարունակում են չարդարացնել հանրային սպասելիքները՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ արդարադատություն իրականացնելու առումով, և չկա որևէ հիմք մտածելու, որ բնակչության մեծամասնությունը, որն այս կամ այն ձևով մասնակցել է թավշյա հեղափոխությանը, հիմա պետք է վստահի դատական համակարգին: Իսկ դատարանների շրջափակման ակցիան միանշանակ չընդունվեց հեղափոխական հանրության շրջանում, և շատերը կարող էին գիտակցված չմասնակցել դրան՝ ոչ այն պատճառով, որ վստահում են դատարաններին, այլ որ կարող էին, օրինակ, անարդյունավետ և ոչ նպատակային համարել նման ակցիան: Ուստի՝ ակցիայի մասնակիցների քանակի և դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակի միջև չի կարող լինել որևէ կորելյացիա:

Ա. Ենոքյանի երկրորդ պնդումն այն մասին է, որ մեր երկրում չպետք է «Անցումային արդարադատության» լինի: Կառավարող «Իմ քայլը» դաշինքը, որի առաջնորդն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական ընտրություններում ստացել էր 1մլն 261 հզ. ընտրողներից 884.864-ի քվեն: Այդ աննախադեպ վստահության  հիմքում ընկած էր նախորդ՝ ավտորիտար համակարգից անցում կատարելու խոստումը, որն իր մեջ ներառում էր նաև դատաիրավական համակարգի փոփոխություն՝ «Անցումային արդարադատության» մեխանիզմների և գործիքակազմերի կիրառմամբ։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նույնպես ներառված էին կետեր՝  «Անցումային արդարադատության» մեխանիզմների կիրառման անհրաժեշտության և առաջնահերթության վերաբերյալ, սա ևս ցուցիչ է այն բանի, որ հասարակությունը կողմ է այդ գործընթացին։  

Մեկ այլ մանիպուլյատիվ հնարք, որ կիրառվում է հեղինակի կողմից՝ «Էմոցիայի շահարկումն» է: Բնորոշելու համար սպասվելիք վեթինգի գործընթացը՝ Աղասի Ենոքյանն  օգտագործում  է բացասական լիցքավորմամբ բառեր՝ «հավատաքննիչներ», «ինկվիզիցիա», «արկածախնդրություն», «կլյաուզա տալ»: Եվ որպես սպասելի արդյունք՝ միանգամից, էմոցիոնալ մակարդակում անտեղյակ հեռուստադիտողի մոտ վեթինգը ասոցացվում է հիշյալ հասկացությունների հետ։ Հեղինակը նաև ավելացնում է, որ «Անցումային արդարադատությունն» ու վեթինգը «վտանգավոր են երկրի համար», որ  «մեր երկրում անցումային արդարադատություն չպետք է լինի, մենք ունենք օրենքներ, մենք ունենք դատական համակարգ», նաև  ավելացնում, որ եթե օրենքներ չկան, պետք է օրենքներ ընդունել, և դատական համակարգը կաշխատի։ Այստեղ գործ ունենք «Հասկացությունների և փաստերի նենգափոխում» մանիպուլյատիվ հնարքի հետ: Հարկ է նշել, որ թե՛ պաշտոնական հայտարարություններում, և թե՛ ԱԺ հանրային լսումներում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ տվյալ գործընթացը տեղի է ունենալու ՀՀ Սահմանադրության և ՀՀ կողմից ստանձնած՝ միջազգային իրավական պարտավորությունների ու կարգավորումների շրջանակներում։ Այսինքն, ընդունվելու են նոր օրենքներ կամ վերամշակվելու և լրացվելու են գործող օրենքները. դա հնարավորություն  կտա ներմուծել և գործնական կիրառության մեջ դնել «Անցումային արդարադատության» և,  մասնավորապես, վեթինգի գործընթացի մեխանիզմներն ու գործիքակազմը։ Նշանակում է՝  Աղասի Ենոքյանը չի պատկերացնում «Անցումային արդարադատության» և վեթինգի գործընթացն իր ամբողջության մեջ և իր խոսքում, նպատակաուղղված կամ անտեղյակությունից ելնելով՝ խեղաթյուրում է փաստերն ու հասկացությունները՝ դրանք ներկայացնելով բացասական լույսի ներքո։

            Ամփոփելով՝  Դետեկտորը փաստում է, որ Աղասի Ենոքյանը, ակնհայտ բացասական վերաբերմունք ունենալով «Անցումային արդարադատության», վեթինգի և դատաիրավական բարեփոխումների նկատմամբ, իր փաստարկներով  ու հասկացությունների խեղաթյուրմամբ  փորձում է թյուր կարծիք ձևավորել լսարանի մոտ՝  սպասվող գործընթացների և դրանք իրականացնողների նկատմամբ։

 

Հեղինակ՝ Գոռ Մադոյան

12-06-2019