«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ ԵՎ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ

...

Բաղադրություն

  • «Պատմության» մասին հանրային (ոչ փորձագիտական) կարծրատիպերի շահարկում
  • Տրոյական ձիու հնարքի կիրառում («Պատմություն» հասկացության օգտագործմամբ պատմական գիտելիքին ուղղակիորեն չառնչվող գիտելիքների մատուցում և քարոզչության իրականացում):

 

Վերջին ամիսներին զանգվածային լրատվության և սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը հանրակրթական առարկայացանկից Հայ եկեղեցու պատմության (այսուհետ` ՀԵՊ) բացառումն է: Բնականաբար, այդ քննարկումներում ամենաարմատական ընդդիմախոսը Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ՀԱՍԵ) է, որի արձագանքներում հնչող փաստարկներից մեկը վերաբերում է աշակերտներին` իրենց եկեղեցու պատմությունը սովորելու հնարավորությունից զրկելուն (1, 2, 3, 4): Ուշագրավ է, սակայն, որ այդ փաստարկումը գրեթե նույնությամբ վերարտադրվում է խնդրի վերաբերյալ արտահայտվող տարբեր քաղաքացիների կարծիքներում (1, 2, 3, 4): Ուշագրավ է այն պատճառով, որ վերոհիշյալ փաստարկումը խարխուլ հիմքեր ունի, քանի որ ՀԵՊ դասագրքերի բովանդակային վերլուծությունը բացահայտում է ՀԵՊ-ի անվան մեջ ամրագրված` «պատմություն» հասկացության և դրա տակ ներկայացվող բովանդակության անհամապատասխանությունը (1, 2, 3, 4):

Անհամապատասխանությունը հաստատվում է բազմաթիվ օրինակներով և առաջին հերթին ամբողջական դասագրքերում և դրանցում ներկայացված թեմաների` պատմական գիտելիքի հետ ուղղակի կապի բացակայությամբ: Առարկայի համար նախատեսված դասագրքերի փորձագիտական (համահեղինակներ` Հ. Հովհաննիսյան, Ա. Դավթյան, Ս. Մկրտչյան) վերլուծությունը ցույց է տվել, որ
«փոխանցվող գիտելիքների շրջանակը ավելի լայն է, քան եկեղեցու պատմություն թեման» (էջ 23): Առարկան ներառող 7 դասագրքից (5-11-րդ դասարանների համար) միայն 3-ը (7-9-րդ դասարաններ) կարելի է համարել պատմությանը վերաբերող: Առաջին երկու տարվա դասագրքերում (5-և 6-րդ դասարաններ) ներկայացվում է Աստվածաշունչը, Հայ Առաքելական եկեղեցու կառուցվածքը, խորհուրդները և տոները: (էջ 29) Դասընթացի առաջին երկու տարվա դասագրքերում ավելի շատ ուսուցանվում  և բացատրվում է Աստվածաշունչը և աստվածաբանական իրողություններ, քան խոսվում է պատմության մասին: (Էջ 25): «10-րդ դասարանում դասավանդվող դասագրքի բովանդակությունը կազմող թեմաներն են. «Բարոյագիտություն», «Քրիստոնեական բարոյագիտություն», «Հայոց եկեղեցու ծեսերը և բարեպաշտական սովորույթները» (էջ 28): 11-րդ դասարանի դասագիրքը ներկայացնում է Աշխարհայացք, Քրիստոնեական-ազգային արժեքների համակարգ, Հիմնարար արժեքներ (ազգ, հայրենիք, հայրենասիրություն, ազատություն և այլն) թեմաները (29): «7-րդ դասարանի համար նախատեսված դասագրքում ընդգրկված թեմաների մի մասը վերաբերում է Հայաստանի և նրա հարևանների հնագույն հավատալիքներին»: (Հնդկաստանի հնագույն հավատալիքներ, Բուդդիզմ և տոտեմիզմ (մեծամասամբ վեցերորդ դասարանի համար նախատեսված դասագրքում): (23-24) :

Ավելորդ չէ նաև նշել, որ փորձագետները ՀԵՊ դասագրքերում արձանագրել են բազմաթիվ քարոզչական և հակաքարոզչական դրվագներ ( 1`էջ 25, 32,  74; 2; 3), ինչը նրանց թույլ է տվել պնդել, որ առարկան ընդհանուր առմամբ հետապնդում է քարոզչական նպատակներ, հետևապես հակասում է հանրակրթական հաստատություններում կրոնների ուսուցման` Թոլեդոյի փաստաթղթի սկզբունքներին:

Վերոհիշյալ փորձագիտական կարծիքները հրապարակվել են ՀԵՊ առարկան հանրակրթական ծրագրերում ընդգրկելուց անմիջապես հետո և, մի շարք արձագանքներից, կարելի է դատել, որ ՀԱՍԵ-ի ներկայացուցիչները լավատեղյակ են դրանց մասին: Սակայն, անցած 10 և ավելի տարվա ընթացքում ՀԱՍԵ-ն և հանրակրթության պատասխանատուները որևէ էական քայլ չեն արել ՀԵՊ դասագրքերի բովանդակությունը դրանց անվանմանը համապատասխանեցնելու ուղղությամբ և այդ դասագրքերը՝ միևնույն բովանդակությամբ և որպես պարտադիր առարկայի մաս, շարունակել են դասավանդվել Հայաստանի հանրակրթական հաստատություններում: Ավելին, ՀԱՍԵ-ի հոգևորականները, ինչպես նրանց կարծիքը կիսող քաղաքացիները, պնդում են, որ ՀԵՊ-ը կարող է և պիտի սովորեցնի կրոնական խորհուրդներ, պիտի զբաղվի դաստիարակությամբ, նույնիսկ՝ քարոզչությամբ (1 /10:40 -10:50/; 2 /4:31-5:00/; 3 /2:35-3:04; 4:05-4:25/; 4 /1:40-2:08/; 5; 6; 7):

Սա ենթադրել է տալիս, որ ՀԱՍԵ-ն և հանրակրթության` ժամանակի պատասխանատուները իրենց անհողդոդ կեցվածքի հիմքում, ի թիվս այլ հաշվարկների, նկատի են ունեցել նաև հանրության շրջանում` «պատմություն» հասկացության վերաբերյալ ձևավորված որոշակի կարծրատիպային ընկալումները կամ, բեկոնյան ձևակերպմամբ, մտքի առասպելները, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է շահարկել: Նման ենթադրության համար հիմք են հանդիսանում նաև նախորդ իշխանությունների օրոք ընդունված առարկայական չափորոշիչների համար շարադրված պայմանները: Օրինակ՝ 2012թ ընդունված առարկայական չափորոշիչներում ՀԵՊ առարկայի նպատակի և պահանջների համար նախատեսված բաժնում որևէ տեղ անհնար է հանդիպել «պատմություն» հասկացության բացատրության, կամ տվյալ առարկայի առջև ծառացած գիտելիքի ստուգության (էջ 37) և գիտականության մասին պահանջների: Ավելին, այդպիսի բացատրություններ ու պահանջներ չկան նաև Հայ ժողովրդի պատմություն առարկայի պարագայում: «Պատմություն» հասկացությունը մասնակի բացատրվում է միայն «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշիչներում և նույն առարկայի 5-րդ դասարանի դասագրքի նախաբանում: Այստեղ նաև ներկայացված են փոխանցվող գիտելիքի օբյեկտիվության և պատմական մեթոդի վերաբերյալ մի քանի դիտարկումներ:  Ստացվում է, որ մի կողմից այդ չափանիշները չեն վերաբերում Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությանը, մյուս կողմից` հենց այդ իրողությունը էական դերակատարություն ունի «պատմության» մասին այն հանրային կարծրատիպերի ձևավորման և վերարտադրության մեջ, որոնք դիտարկվում են ստորև:

«Պատմությունը» համընդգրկուն է

Ամեն ինչ պատմություն ունի: Հետևապես, ամեն ինչ (հասարակական հաստատություններ, առարկաներ, գաղափարներ, արժեքներ, տոներ, իրադարձություններ և փոփոխություններ) կարելի է ներկայացնել «պատմություն» անվան տակ: Հենց այդպես էլ պատմության դասագրքերը ներակայանում են մեզ: Սակայն կա դրանք ներկայացնելու չափաբաժնի և տվյալ առարկային հատուկ մեթոդական գործիքների միջոցով այդ ամենը մեկնաբանելու խնդիր, ինչը հաշվի չի առնվում: Դրա պատճառներից մեկը նաև այն է, որ առարկայական չափորոշիչներում դրանք կամ հստակ չեն սահմանվում կամ առհասարակ բացակայում են: Վերջինիս հետևանքում «պատմություն» բառը անվան մեջ կրող ամբողջ դասագիրքը (ՀԵՊ 5-րդ դասարան) կարող է նվիրված լինել Աստվածաշնչի անքննական ներկայացմանը: Կամ երեք այլ դասագիրք (6-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններ) կարող է նվիրված լինել բարոյականությանը, հավատալիքներին, եկեղեցական խորհուրդներին ու ծեսերին, առանց դույզն ինչ բացատրելու, թե ինչ նախադրյալներ են պայմանավորել դրանց հանդես գալը կամ ինչ ազդեցություն են դրանք ունեցել հանրային կյանքի վրա և ինչպես են փոխել հանրային հարաբերությունների բնույթը:

«Պատմությունը» նշանակություն է վերագրում

Ներկայանալ «պատմություն» հասկացության միջոցով ենթադրում է դառնալ նշանավոր: Կարո՞ղ էին ՀԵՊ դասագրքերը ներկայանալ այլ անվանումներով: Օրինակ «Աստվածաշնչյան պատումներ», «Հայ առաքելական քրիստոնեական բարոյագիտություն», «Քրիստոնեական դավանանք», «Քրիստոնեական ծեսեր և տոներ»: Կամ ամբողջ առարկան կարո՞ղ էր ներկայանալ ասենք` «Հայ քրիստոնեական բարոյականության հիմունքներ» անվանումով: Ի դեպ, Ռւոսաստանի դաշնությունում ուղղափառ քրիստոնեությունը ուսուցանվում է «Ուղղափառ մշակույթի հիմունքներ» անվան տակ: Դանիայում և Նորվեգիայում`քրիստոնեական դավանանքը ներկայացվում է «Քրիստոնեության մասին գիտելիքներ» անվան տակ: Այդ անվանումները շատ համեստ ու կոնկրետ են և ավելորդ հուզականություն չեն առաջացնում: Սակայն, եթե դրանք անվանվեին օրինակ` «Քրիստոնեական եկեղեցու պատմություն», արդեն կընդգծվեր եկեղեցու պատմական նշանակությունը: Իսկ եթե ավելացվեր «Դանիացոց» բառը և ամբողջապես կոչվեր «Դանիացոց եկեղեցու պատմություն», ապա կընդգծվեր դանիացի ժողովրդի կյանքում եկեղեցու բացառիկ կարևորությունը:

«Պատմությունը» ունի պոզիտիվ ընկալում

Ոչ մի գիտության և կրթական առարկայի մասին չկան այդքան շատ ասույթներ և ասածվածքներ, որքան պատմության մասին:  Դրանց մեծ մասում պատմությունը ներկայացվում է որպես պոզիտիվ երևույթ. «պատմությունից պետք է դասեր քաղել», «պատմությունը ուսուցիչ է», «ով չգիտի իր պատմությունը, չգիտի իր ժողովրդին» … Այս հանգամանքը կարևոր խթան է կրթական առարկայի անվան մեջ «պատմություն» բառն ամրագրելու համար:

Պատմությանը վստահում են

Պատմության պոզիտիվ ընկալումը նպաստում է դրա նկատմամբ վստահությանը: Եթե ՀԵՊ դասագրքերը սկզբնապես անվանվեին «Հայ եկեղեցու դավանանքի հիմունքներ», կամ «Աստվածաշնչյան պատումներ», ապա նույնքան վստահություն չէին վայելի, որովհետև «պատմությունն» ավելի բարձր հեղինակություն ունի: Ավստրիացի գրող Մորից Սաֆիրն այդ տարբերություններն ընդգծելու համար գրում է. «Պատմությունը վեպ է, որին հավատում են, վեպը պատմություն է, որին չեն հավատում»:

Պատմությունը շարունակական ներկայություն է ապահովում

«Պատմություն» անվան տակ հանդես եկող առարկաները («Հայ ժողովրդի պատմություն», «Համաշխարհային պատմություն») հանրակրթական ծրագրերում յուրաքանչյուրն ունի 7-8 դասագիրք և ներառում է ողջ միջին և ավագ դպրոցը: «Պատմություն» անունը վերցնելով՝ հնարավորություն է ստեղծվում ամենամեծ լսարանն ունեցող համակարգում (հանրակրթական հաստատություններում) ներկայանալ շատ տարիներ և շատ դասագրքերով: ՀԵՊ պարագայում` 7 տարի` 7 դասագրքով:

«Պատմության» վերաբերյալ կարծրատիպերն էական դեր ունեն պատմության, ըստ էության, կամայական մեկնաբանության գործում: Կարծրատիպերի մի մասն ընդհանուր արմատներ ունի, իսկ մյուս մասի ձևավորման մեջ գործուն մասնակցություն են ունեցել հենց ՀԵՊ դասագրքերը և պատմական առարկաների համար հանրակրթական չափորոշիչներում հստակ ձևակերպումների և պահանջների բացակայությունը:

 Այսպիսով, վերնագրում «պատմություն» հասկացության կիրառման օգնությամբ պատմություն առարկայի հետ ուղղակիորեն չառնչվող ՀԵՊ դասագրքերի` հանրակրթական առարկայացանկում հայտնվելն, ըստ էության, հիշեցնում է «տրոյական ձիու» փոխաբերությունը, որն օգտագործվում է արտաքնապես վստահելի ներկայացող երևույթների տակ այլ նպատակներ թաքցնող շահարկման հնարքները բնութագրելու համար: Այդ հնարքի շնորհիվ ՀԵՊ-ի հեղինակներին հաջողվել է, ոչ միայն թափանցել աշխարհիկ հանրակրթության պարիսպներից ներս, այլև ամրակայել և լրացնել եղած կարծրատիպերը, որոնք շահարկելու միջոցով այսօր շարունակում են դիմակայել ՀԵՊ-ը առարկայացանկից բացառելու ԿԳՍՄՆ որոշմանը:



Նիկոլ Մարգարյան