ԵՐԲ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԵՎՈՐ

...

Բաղադրություն

  • Վարկաբեկող հակաքարոզչություն
  • Անհիմն մեղադրանքի հնչեցում
  • «Այլասերվածություն» հասկացության շահարկում

     Սույն թվականի մայիսի 4-ին և դրան հաջորդած երկու օրերին համացանցում և Ֆեյսբուք սոցիալական ցանցում առավել ակտիվ քննարկվող թեմաներից մեկը «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած միջադեպն էր: Գրախանութում նախատեսվում էր «Իմ մարմինը անձնական է» գրքույկի շնորհանդեսը, որը ենթադրում էր նաև ծանուցում՝ գրքույկի բովանդակության և առաքելության մասին: Սակայն մասնակիցների միջև ծագած բանավեճի արդյունքում շնորհանդեսը գրեթե սկզբից ընդհատվեց, իսկ այնուհետև, գրախանութում հայտնված՝ «ամոթ» գոռացող անձանց (այսուհետ՝ աջ ծայրահեղական ակտիվիստներ[i]) ջանքերով  վերջնականապես տապալվեց: Աջ ծայրահեղական ակտիվիստները մեղադրում էին գրքույկի հեղինակներին այլասերություն (նաև սրբապղծություն) տարածելու մեջ: Նույն մեղադրանքները նրանք հնչեցրին նաև միջադեպից հետո՝ տարբեր լրատվամիջոցներում ունեցած հարցազրույցներում (1, 2, 3, 4):

Դետեկտորը գտնում է, որ «Բուկինիստ» գրախանութում աջ ծայրահեղական ակտիվիստների կողմից հնչեցված կոչերը պարունակում են վարկաբեկող հակաքարոզչություն, անհիմն մեղադրանքի հնչեցում, «այլասերվածություն» հասկացություն շահարկում:

 

Հիմնավորումներ

    Գրքույկի հեղինակին և նրա աջակիցներին այլասերություն տարածելու մեջ մեղադրող ակտիվիստները դժվարանում են նշել, թե գրքույկի որ հատվածներին է վերաբերում «այլասերում» բնորոշումը: Դա պարզ երևում է շնորհանդեսի ժամանակ նրանց կողմից հնչեցվող հարցադրումներում: Ծանոթ չլինելով գրքի բովանդակությանը՝ նրանք մեղադրական հարցադրումներ են ներկայացնում շնորհանդեսի կազմակեպիչներին (տես 4:00 րոպեից): Հետևապես, կարելի է ենթադրել, որ մեղադրանքներ հնչեցնելու համար շնորհանդեսն ընդամենը առիթ էր: Բացի այդ, շնորհանդեսին վերաբերող,  ինչպես նաև այլ տեսանյութերից (1, 2, 3, 4, 5) պարզ է դառնում, որ աջ ծայրահեղական ակտիվիստները շնորհանդեսի կազմակերպիչներին ճանաչում են վաղուց և հին ախոյաններ են: Դա ակնհայտ է նաև շնորհանդեսի կազմակերպիչներից մեկի՝ Հայկ Այվազյանին ուղղված խնդրանքում. նստել իրենց կազմակերպությունում և հասկանալ, թե իրենք ինչով են զբաղվում (տես՝ 6:58-7:50 րոպեներ): Ուշագրավ է ևս մեկ դրվագ.  աջ ծայրահեղական ակտիվիստների մի մասը, Վահագն Չախալյանի գլխավորությամբ, ձվերով նախապես զինված՝ դրսում սպասում էր գրախանութի տարածք ներխուժելուն: Այսինքն՝ շնորհանդեսը պարզապես առիթ էր, որն աջ ծայրահեղական ակտիվիստներն օգտագործելու էին «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով:

   Գրքույկի բովանդակությանն աջ ծայրահեղական ակտիվիստները որևէ  կերպ չեն անդրադառնում, այլ  միանգամից պիտակում են այն որպես այլասերում տարածելու միջոց: Միակ փաստարկը, որ տեսանյութում հնչեցվում է Հայկ Այվազյանի կողմից այն է, որ գրքույկում հղում կա serakanutyun.org կայքին: Ավելի ուշ, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, նա  ապացույցներ է ներկայացնում` նշված կայքից, իբր, այլասերում տարածելու վերաբերյալ: Հետագա հարցազրույցներում (1, 2, 3) ակտիվիստներն այլասերական քարոզչության մեջ մեղադրելու հիմք են համարում այն, որ գրքույկը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար, որոնց, գքրույկի հեղինակներն իբրև թե  պատրաստվում են այլասերել: Հեռուստահարցազրույցներից մեկում Հ. Այվազյանի կողմից բերված փաստարկումների մեծ մասը վերաբերում է ոչ թե գրքույկին, այլ նրան՝ թե գրքույկի շնորհանդեսի հետ կապված տարբեր կազմակերպությունները ինչպիսի կապեր ունեն արտասահմանի հետ, ինչպիսի «համաշխարհային դավադրությունների և սկանդալների» մեջ են:

   Նախ պետք է ասել, որ գրքույկն ուղղակիորեն նախատեսված է ոչ թե 3-6 տարեկան երեխաների ընթերցանության համար, ինչն ըստ էության բացառված է՝ նրանց տառաճանաչ չլինելու պատճառով,  այլ նրանց տառաճանաչ ծնողների համար, որոնց  ընտրությամբ և վերահսկողությամբ երեխաները պետք է տեղեկացվեն սեռական բռնությունից պաշտպանվելու իրենց իրավունքների և միջոցների մասին: Հետագայում նաև՝ ծնողների որոշմամբ և վերահսկողությամբ  է, որ երեխաները կարող են ներկել գրքույկի համապատասխան հատվածները: Հղումը  serakanutyun.org կայքին ևս ծնողների համար է, որտեղ նրանք կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ իրենց երեխաների սեռական կրթության վերաբերյալ: Թե նշված կայքից  լրացուցիչ ինչ տեղեկություններ կստանան՝ ծնողների  ընտրությունն է: Կայքում կան նաև սեռական հարաբերությունների մասին նկարագրություններ, դրանք նույնպես վերաբերում են սեռական կրթությանը: Կայքի բովանդակության գերակշիռ մասը, այնուամենայնիվ, վերաբերում է սեռական բռնության, հիգիենայի և իրավունքների ու դրանց պաշտպանությանը վերաբերող խնդիրներին:

«Իմ մարմինը անձնական է» գրքույկի նպատակը, իրականում, 3-6 տարեկան երեխաներին սեռական բռնությունից  պաշտպանելուն որևէ կերպ օժանդակելն է, և դրա բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է նպատակին: Այլ խնդիր է, որ գրքույկի ներկայացման լեզուն ու շեշտադրումները բավարար չափով տեղայնացված չեն, և գրքույկում ներկայացվող կերպարները բացառապես կանայք են (մայր և աղջիկ): Սակայն, անվիճելի է նմանատիպ ուղեցույցների անհրաժեշտությունը Հայաստանում: Ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի՝ միայն 2018թ. ՀՀ-ում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 50 դեպք:
Այն, որ գրքույկում նշված տարիքային խումբը (3-6տ.)՝ սեռական կրթության տեսանկյունից վիճարկելի է, նույնպես թյուր կարծիք է: Հայաստանյան ԶԼՄ-ներում անչափահասների նկատմամբ իրականացված սեռական բռնություններին անդրադարձող առանձին հրապարակումներ վկայում են, որ զոհերի թվում նաև 2-6 տարեկան երեխաներ են եղել (
1, 2):

   Հիմքեր կան նաև ենթադրելու, որ իրականում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը Հայաստանում շատ ավելի մեծ թիվ են կազմում, և դրանց մի մասն է միայն, որ բաձրաձայնվում ու քրեական հետապնդման է արժանանում: Մայիսի 6-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանը նկատում է. «Հայկական ընտանիքներում սովորաբար չեն բարձրաձայնում ընտանիքում երեխայի հանդեպ կատարված սեռական բռնության մասին, քանի որ վախենում են հասարակական կարծիքից»: Այդուհետ. «Մայրերն անհանգստանում են երեխայի ամուսնանալու մասին, մտածում են, թե ինչպես է վաղը դպրոց գնալու, ինչ վերաբերմունք կունենան մյուս երեխաները իր երեխայի նկատմամբ»»: Վստահ եմ, որ այս ամենին լավատեղյակ են նաև աջ ծայրահեղական ակտիվիստները:

   Հայտնի է նաև, որ վերոհիշյալ հիմնախնդրի դեմ պայքարելու, դրա դրսևորումները կանխելու կարևոր միջոցներից մեկը ծնողների և երեխաների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է, որը հնարավոր է իրականացնել որոշակի կրթական ուղեցույցների և տեղեկատուների միջոցով: Սակայն, անհիմն մեղադրանքներ ներկայացնելով և «այլասերության տարածում» բառակապակցության բազմակի շահարկմամբ հակաքարոզչություն իրականացնելով՝ ակտիվիստների վերոհիշյալ խումբը, ըստ էության, խոչընդոտում է հիմնախնդրի լուծմանը: Ի հետևանս՝ տուժում  և շարունակելու են տուժել այն նույն  երեխաները, որոնց՝ այլասերումից պաշտպանելու մասին աղաղակում են աջ ծայրահեղական ակտիվիստները:

 

Հեղինակ՝ Նիկոլ Մարգարյան

15-05-2019

 


[i] «Ակտիվիստ» անունով է ներկայանում բանավեճին մասնակցած անձանից մեկը /տես 7:40-ից/: Ինչպես նաև նրանց այդպես են կոչել մի շարք լրատվամիջոցներ (1, 2): Սակայն, տարածված պրակտիկա է  այսպիսի գաղափարներով եւ օրակարգով հանդես եկողներին անվանել «աջ ծայրահեղական ակտիվիստներ», ինչին եւ մենք հետեւել ենք: Հաճախ հենց միայն «ակտիվիստ» բառով են բնութագրում իրավական, ժողովրդավարական գաղափարներ առաջ քաշող ակտիվիզմի մեջ ներգրավված անհատներին: