«ԾԻԾԱՂԵԼԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

...

Բաղադրություն

  • Քրեական մեղադրանքի պիտակավորում
  • Իրավական հասկացության ոչ ռելեվանտ մեկնաբանում
  • Արհեստականորեն դիմացինին ապրումակից ներկայացնելու հնարք

 

 

Հունվարի 28-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Ռ. Քոչարյանին և այլոց առաջադրած մեղադրանքին՝ նշել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, ձեր համար էլ է երևի ծիծաղելի () Ո՞նց եք պատկերացնում, ասենք էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»։

Վիտալի Բալասանյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե  Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը այնքան աբսուրդային է, որ ծիծաղ է հարուցում։

Բալասանյանը չէր կարող չիմանալ, որ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների մեղսագրումը չի կարող լինել «ծիծաղելի» կամ «լուրջ», այն կարող է լինել «հիմնավոր» կամ «անհիմն»: Ընդ որում՝ մեղադրանքի «հիմնավոր» կամ «անհիմն» լինելը պարզվում է միմիայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այդուհանդերձ, Բալասանյանը Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որակում է էմոցիոնալ մեծ ծանրաբեռնվածություն ունեցող բառով՝ ծիծաղելի։ Սա, պիտակավորելու միջոցով, սեփական անձի համար անցանկալի երևույթը անլրջացնելուն ուղղված մանիպուլյացիոն հնարքի կիրառման վառ դրսևորում է:

Մեկ այլ մանիպուլյացիոն հնարք է Վ. Բալասանյանի կողմից լրագրողներին ուղղված և պատասխան չակնկալող դիմում-հարցը. «(…) ձեր համար էլ է երևի ծիծաղելի»: Դրա նպատակը դիմացինին, այս դեպքում՝ լրագրողներին անուղղակիրորեն ապրումակից, համախոհ դարձնելն է: Այն նաև խնդիր ունի կասկած առաջացնել հեռուստադիտողի մոտ՝ մեղադրանքի անհիմն լինելու վերաբերյալ, քանի որ լրագրողները, բնականաբար, չէին հակադարձելու այդ սադրիչ պնդմանը:

Հիմնվելով սահմանադրական կարգ հասկացության սխալ մեկնաբանության վրա՝ Վ. Բալասանյանը հռետորական հարցադրումներ է անում.  «() ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել են»։ «() Ո՞նց եք պատկերացնում, ասենք, էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի»։ Եվ ապա՝ այսպիսի եզրակացության է հանգում. «Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»։ Սրանով նա փորձում է  համոզել, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված «սահմանադրական կարգի տապալում» հանցակազմի սուբյեկտ  կարող են լինել  միայն կառավարող ուժին հակընդդեմ ուժերը՝ բացառապես իշխանություն ստանալու դրդապատճառով, իսկ գործող քաղաքական ուժերը, արդեն իսկ ունենալով իշխանություն՝ չունեն «սահմանադրական կարգը տապալելու» շարժառիթ։

ԴԵՏԵԿՏՈՐԸ նկատում է, որ Բալասանյանի վերոնշյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, խեղաթյուրում են «սահմանադրական կարգ», «սահմանադրական կարգի տապալում» հասկացությունները և  ապակողմնորոշում  հանրությանը:

«Սահմանադրական կարգն» ինչպես քաղաքագիտակական, այնպես էլ իրավական հասկացություն է: Բնականաբար, Մարտի 1-ի հետ կապված քրեական գործի հիմքում ընկած է այդ եզրույթի իրավական բնորոշումը: ՀՀ Սահմանադրության առաջին գլխում ամրագրված են սահմանադրական կարգի հիմունքները: Դրանք, ըստ էության, իրավական, դեմոկրատական պետության հիմքերն են: ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներով, օրինակ, ամրագրվում է պետության ձևը, իշխանության աղբյուրը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, մարդու իրավունքների գերակայությունը և այլն: ՀՀ քրեական օրենսգրքով նշված է նաև, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում: Վերոնշյալ օրենսգրքի 300.1 հոդվածում նշվում է, որ սահմանադրական կարգը տապալելը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ:

Այսինքն, մենք կարող ենք համարել, որ սահմանադրական կարգը տապալվել է, եթե, օրինակ, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսված՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են» նորմը փաստացի դադարել է գործել: Ակնհայտ է, որ այս նորմի գործողությունը կարող է չարակամորեն դադարեցնել հանրային իշխանությունը, որի պարտականությունն է՝ հարգել ու պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Եթե ստեղծվում է այնպիսի վիճակ, երբ հստակ կարելի է ասել, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն հարգվում հանրային իշխանությունների կողմից, դա կարող է նշանակել, որ վերջիններիս որևէ ներկայացուցիչ, փաստացի, վերացրել է այս նորմը, իմա՝ տապալել է սահմանադրական կարգը:

Ավտորիտար քաղաքական ռեժիմի պարագայում լիովին տրամաբանական է, որ պետական իշխանության որևէ սուբյեկտ, իր կառավարչական լծակները պահպանելու համար, մոտիվացիա ունենա վերացնել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի գործողությունը, նույնն է թե՝ սահմանադրական կարգը տապալելու մոտիվացիա ունենալ:

ԴԵՏԵԿՏՈՐԸ եզրակացնում է, որ Վ. Բալասանյանի՝ մանիպուլյացիաներով և հակաիրավական դրույթներով հագեցած խոսքերն ունեն ապակողմնորոշող բնույթ, հարիր չեն պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձին և չեն նպաստում մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտմանը:

 

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան և Էդգար Վարդանյան

13-02-2019