ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱՅՔԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՄՆ ԹԵԶԸ

...

Բաղադրություն

  • Անհիմն քննադատություն

 

ԴԵՏԵԿՏՈՐԸ արձանագրում է. վերջին շրջանում հաճախ են հնչում կարծիքներ, որ Հայաստանում հեղափոխությունից ի վեր որևէ բան չի փոխվել, և որ իրականում չկա կոռուպցիայի դեմ լուրջ պայքար: Օրինակ,  հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանը տարբեր լրատվամիջոցներին («hraparak.am», «Շանթ հեռուստաընկերություն», «Կենտրոն հեռուստաընկերություն») տված հարցազրույցներում հետևողականորեն պնդում է այն թեզը, որ հեղափոխությունից հետո որևէ «կոռուպցիոն» դեպք չի բացահայտվել: Իր պնդմամբ, «կոռուպցիան» չպետք է շփոթել «կաշառակերության» հետ, քանի որ առաջինը վերջինից տարբերվում է «բրգաձև» և համակարգային բնույթով: Ըստ նրա, քաղաքական իշխանության հայտարարությունները կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն բացահայտումների մասին, «չափազանցված» են ու «անհիմն»:

Դետեկտորը փաստում է, որ սույն թեզերը առաջ քաշող հանրային գործիչների  դատողություններում առկա է անհիմն քննադատություն:

 

Մեր հիմնավորումները

 

ՄԱԿ-ի՝ 2002թ. ստորագրած և ընդունած «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, որին միացել է նաև ՀՀ-ն, չի տրամադրում «կոռուպցիա» եզրույթի որևէ կոնկրետ սահմանում: Այնուամենայնիվ, կոնվենցիան որոշարկում է այն արարքների շրջանակը, որոնք ստորագրող պետությունները պետք է քրեականացնեն՝ որպես «կոռուպցիոն» բնույթի արարքներ: Դրանք են.

                       Հանրային ծառայողին կաշառք խոստանալը, առաջարկելը և տալը:

                       Հանրային ծառայողի կողմից շորթմամբ կամ առանց շորթման կաշառք ստանալը:

                       Օտարերկրյա հանրային ծառայողներին և միջազգային կազմակերպությունների հանրային ծառայողներին կաշառք խոստանալը, առաջարկելը և տալը, կամ վերջիններիս կողմից շորթմամբ կամ առանց  շորթման կաշառք ստանալը:

                       Հափշտակումը, ոչ իրավաչափ յուրացումը կամ հանրային սեփականության այլ կերպ օգտագործումը, քան նախատեսված է օրենքով:

                       Իրական կամ ենթադրյալ ազդեցության չարաշահումը (հանրային ծառայողի կամ կազմակերպության պատասխանատու անձի կողմից):

                       Պաշտոնական դիրքի չարաշահումը:

                       Ապօրինի հարստացումը:

                       Առևտրային կաշառքը (կազմակերպության պատասխանատու անձին կաշառք խոստանալը, առաջարկելը և տալը կամ վերջինիս կողմից  շորթմամբ կամ առանց շորթման կաշառք ստանալը):

                       Կազմակերպության սեփականության հափշատկությունը (կազմակերպության պատասխանատու անձի կողմից):

                       Հանցագործությամբ ձեռք բերված փողերի լվացումը:

                       Վերը նշված հանցավոր արարքների հետևանքով  ձեռք բերված ունեցվածքի պարտակումը կամ պահպանումը (կատարված անձի կողմից, ով չի կատարել նշված հանցանքները):

                       Արդարադատության իրականացմանը խոչընդոտելը:

Բոլոր այս արարքները քրեականացվել են ՀՀ օրենսդիրի կողմից: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը դիտարկում է դրանք  որպես քրեորեն պատժելի արարքներ, թեև,  չի բնութագրում  որպես կոռուպցիոն բնույթի հանցագործություններ:

Այդուհանդերձ, առկա է ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանը (լրամշակված՝ 2013 մարտի 19-ի թիվ 82 հրամանով), որը սահմանում է, թե ՀՀ քրեական օրենսգրքով որ հոդվածներով նախատեսված արարքներն են համարվում կոռուպցիոն բնույթի: Այդպիսի հանցագործություններից են, օրինակ՝ խարդախությունը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացումը, վատնումը, փողերի լվացումը, ապօրինի հակամրցակցային գործունեություն ծավալելը, առևտրային կաշառքը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, մաքսանենգությունը, պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, կաշառք տալն ու ստանալը, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, ապացույցները կեղծելը եւ այլն:

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նշված քրեորեն պատժելի արարքի(ների) առերևույթ կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումները տեղավորվում են կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում: Հենց այս  համատեքստում էլ պետք է դիտարկել  վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները:

Ուստի, հանրային գործիչները, որոնք «կոռուպցիան» որոշարկում են որպես անհրաժեշտաբար «բրագաձև» և «համակարգային» բնույթ ունեցող երևույթ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը՝ «բրագաձև» և «համակարգային» հատկանիշներ ունեցող քրեաիրավական երևույթի դեմ պայքար, աղճատված են պատկերացնում ու ներկայացնում հարցի էությունը՝  դրա իմաստավորումը մտցնելով մանիպուլյատիվ տիրույթ:

Հ.Գ. Ընթերցողին անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների կողմից  նախկին և ներկա տարբեր բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի (յուրացում), Վաչագան Ղազարյանի և իր տիկնոջ (ապօրինի հարստացում), Ալեքսանդր Սարգսյանի (ապօրինի հարստացում), Լևոն Սարգսյանի, նրա դստեր և որդու (ապօրինի հարստացում) և այլն,  վերագրելի են կոռուպցիայի դեմ պայքարին և անհրաժեշտաբար թելադրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար  քաղաքական կամքի դրսևորում:

 

Հեղինակ՝ Տիգրան Ղազարյան

08-11-2018